Թռչում են կռունկները
Թռչում են կռունկները (ռուս.՝ Летят журавли), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1957 թվականին՝ Միխայիլ Կալատոզովի կողմից, Վիկտոր Ռոզովի «Հավերժ ողջերը» պիեսի հիման վրա: 1958 թվականին ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակին:
Սյուժեն
Ֆիլմի գործողություններն ընթանում են Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին և դրանից առաջ:
Բորիսն ու Վերոնիկան սիրում են միմյանց և պատրաստվում են ամուսնանալ: Նրանք երեկոյան զբոսնում են Մոսկվայում և նկատում են թե ինչպես է քաղաքի վրայով թռչում կռունկների երամը: Այդ նույն առավոտ սկսվում է պատերազմը: Որպես կամավոր, Բորիսը մեկնում է ռազմաճակատ և Վերոնիկային նվեր է թողնում խաղալիք՝ ոսկե ընկույզներով լի զամբյուղով սկյուռ, իսկ ընկույզների տակ նա երկտող է թողնում: Բորիսին ճանապարհում են ռազմաճակատ, սակայն Վերոնիկան չի հասցնում նրան հրաժեշտ տալ:
Մոսկվայում ռմբակոծություններ են սկսվում: Օդային տագնապի ժամանակ Վերոնիկան մոր հետ շտապում է տուն, որտեղ հայրը հրաժարվում է նրանց հետ պատսպարվելու համար գնալ մետրո: Մայրը մնում է տանը՝ հոր հետ, իսկ Վերոնիկային ուղարկում են մետրո: Նա միայն կարողանում է իր հետ վերցնել Բորիսի նվիրած սկյուռը: Տագնապից հետո Վերոնիկան վերադառնում է տուն և տեսնում, որ իրենց տունը ռմբակոծությունից փլուզվել է, իսկ ծնողները զոհվել են:
Բորիսի հայրը՝ Ֆեոդոր Իվանովիչ Բորոզդինը, ով բժիշկ էր, Վերոնիկային առաջարկում է գալ իրենց մոտ: Այնտեղ Վերոնիկան հանդիպում է Մարկին՝ Բորիսի հորեղբորորդուն: Մարկը տաղանդավոր դաշնակահար էր և վաղուց էր սիրահարված Վերոնիկային: Նա սկսում է սիրահետել Վերոնիկային և վերջապես տեղի տալով Մարկի համառությանը, Վերոնիկան ամուսնանում է նրա հետ: Այդ հանգամանքը ծանր է տանում Բորոզդինների ողջ ընտանիքը:
Բորիսի և նրա ընկեր Ստեփանի զորամասը դժվարությամբ դուրս է գալիս շրջափակումից: Զինվորներից մեկը վատ է արտահայտվում Վերոնիկայի հասցեին: Բորիսը հարվածում է նրա դեմքին և երկուսին, որպես պատիժ, ուղարկում են հետախուզության: Գնդակների և արկերի պայթյունի ներքո Բորիսը մի կերպ քարշ է տալիս իր վիրավոր ընկերոջը: Այդ ժամանակ նա խոցվում է թշնամու արձակած գնդակից:
Բորոզդինների ընտանիքին տարհանում են Ուրալից այն կողմ: Վերոնիկան հոսպիտալում բուժքույր է, իսկ Բորիսի հայրը նույն հոսպիտալի գլխավոր բժիշկն է: Վերոնիկան դժբախտ է, քանի որ իր կարծիքով, ամուսնանալով Մարկի հետ, նա դավաճանել է Բորիսին: Վերջինիս զոհվելու մասին նա տեղեկություն չուներ:
Մի անգամ հոսպիտալում, վիրավորներից մեկն իմանալով, որ իր հարսնացուն ամուսնացել է ուրիշի հետ, նյարդային ցնցման մեջ է ընկնում: Ֆեոդոր Բորոզդինը փորձում է հանգստացնել զինվորին, ասելով, որ իր երջանկությունը կորցրել է ոչ թե նա, այլ նրա հարսնացուն: Ողջ հոսպիտալը աջակցում է զինվորին և Վերոնիկան, տեսնելով, թե ինչպես են բոլորը վատաբանում անհավատարիմ հարսնացուներին, դուրս է փախչում հոսպիտալից և ցանկանում ինքնասպան լինել: Նա բարձրանում է կամրջի վրա, որպեսզի ցած թռչի մոտեցող գնացքի տակ, սակայն վերջին պահին նկատում է ճանապարհի վրա խաղացող տղային: Նա փրկում է երեխային բեռնատարի անիվների տակից և պարզում, որ տղան մոլորվել է, իսկ նրա անունը Բորիս է: Տղայի հետ նա վերադառնում է տուն և ցանկանում է նրան տալ խաղալիք սկյուռը, բայց պարզվում է, որ այն տարել էր Մարկը: Ինչպես պարզվում է, վերջինս հանդիպում էր այլ կնոջ հետ:
Մարկը զվարճացնում է ամբոխին՝ դաշնամուր նվագելով: Սեղանի վրա, կերակուրների կողքին դրված է խաղալիք սկյուռը, որը Մարկը նվիրել էր սիրուհուն: Կանանցից մեկը վերցնում է սկյուռը և գտնում Բորիսի երկտողը: Այդ պահին ներս է մտնում Վերոնիկան, խլում երկտողը, ապտակում Մարկին և հեռանում: Շուտով ընտանիքի հայրը Մարկին հեռացնում է տանից:
Մի օր, երբ Վերոնիկան սպիտակեղեն էր լվանում, գալիս է այն զինվորը, ում Բորիսը փրկել էր ռազմի դաշտում: Նա պատմում է, որ Բորիսը զոհվել է, սակայն Վերոնիկան նրան չի հավատում, քանի որ զինվորը տեսել էր միայն Բորիսի վիրավորվելը, բայց մահանալը չէր տեսել:
Պատերազմը ավարտվում է: Վերոնիկան Բորիսին չէր մոռացել և հույսով սպասում էր նրան: Ժամանում է վերադարձող զինվորներով լի գնացքը: Նրանց դիմավորում են արցունքոտ աչքերով ու ծաղկեփնջերով: Վերոնիկան վազում է ամբոխի միջով՝ փնտրելով Բորիսին: Վերջապես նա հանդիպում է Ստեփանին: Վերջինս Վերոնիկային է հանձնում լուսանկարը, որը ժամանակին նա տվել էր Բորիսին: Վերոնիկան հասկանում է, որ Բորիսը զոհվել է: Արտասվելով նա քայլում է ամբոխի միջով: Շոգեքարշի վրայից Ստեփանը խոսում է, ասելով, որ հաղթանակի ուրախությունն հսկայական է, իսկ կորուստների վիշտը անչափելի և հիմա մարդիկ ամեն-ինչ կանեն, որ այսպիսի պատերազմ այլևս չլինի: Վերոնիկան քայլելով ամբոխի մեջ, ծաղիկներ է բաժանում բոլորին: Այդ պահին բոլորը տեսնում են, թե ինչպես է երկնքում ճախրում կռունկների երամը:
Դերասանական կազմ
Դերակատար | Կերպար |
---|---|
Տատյանա Սամոյլովա | Վերոնիկա |
Ալեքսեյ Բատալով | Բորիս |
Ալեքսանդր Շվորին | Մարկ |
Վասիլի Մերկուրև | Ֆեոդոր Իվանովիչ |
Անտոնինա Բոգդանովա | Բորիսի տատը |
Վալենտին Զուբկով | Ստեփան |
Նկարահանող խումբ
Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Վիկտոր Ռոզով | սցենարիստ |
Միխայիլ Կալատոզով | ռեժիսոր |
Սերգեյ Ուրուսևսկի | օպերատոր |
Մոիսեյ Վայնբերգ | կոմպոզիտոր |
Հետաքրքիր փաստեր
- ԽՍՀՄ կինոթատրոններում ֆիլմը դիտել է 28,3 միլիոն հանդիսատես[1]:
- Նիկիտա Խրուշչովը ֆիլմը դիտելուց հետո, գլխավոր հերոսուհուն անվանել է «պոռնիկ»[2]:
- Նկարահանումների ժամանակ Տատյանա Սամոյլովան տառապում էր տուբերկուլոզով[3]:
- 1958 թվականին, Կաննի կինոփառատոնում ֆիլմի հաղթական երթի մասին ԽՍՀՄ-ում հաղորդել են վերապահումով, չնշելով ոչ ռեժիսորի և ոչ էլ սցենարի հեղինակի անունները[4]:
- Կինոնկարը միակ խորհրդային լիամետրաժ ֆիլմն է, որն ստացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը:
Ծանոթագրություններ
- ↑ Федор Раззаков. Наши любимые актрисы. ЭКСМО-Пресс, 2000. С. 114.
- ↑ Актриса, которая повергла Софи Лорен // interfax.ru Կաղապար:Проверено
- ↑ Занимательные факты о Татьяне Евгеньевне Самойлове
- ↑ Летят журавли и спутник Известия. 18.05.2010
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թռչում են կռունկները» հոդվածին։ |