Լեո
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբախանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լեո (Առաքել Գրիգորի Բաբախանյան) (ապրիլի 26 (մայիսի 8), 1860, Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 14, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, գրող, գրականագետ, հրապարակախոս, ՀԽՍՀ գիտությունների և արվեստի ինստիտուտի իսկական անդամ, պրոֆեսոր։ Վերջինս իր Լեո կեղծանունը յուրացրել է դեռևս 18 տարեկանում և այդուհետ կոչվել գերմանացի գրող Ֆրիդրիխ Շպիլհագենի «Մեկը դաշտում զինվոր չէ» նշանավոր վեպի կերպարներից մեկի անունով։
Լեո | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26 (մայիսի 8), 1860 |
Ծննդավայր | Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 14, 1932 (72 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Գերեզման Լեոյի |
Մասնագիտություն | պատմաբան, գրող, գրականագետ, հրապարակախոս, խմբագիր, արձակագիր և համալսարանի դասախոս |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Շուշիի թեմական հոգևոր դպրոց (1878) |
Ուշագրավ աշխատանքներ | Անցյալից |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Լեո Վիքիքաղվածքում | |
Լեո Վիքիդարանում | |
Leo (historian) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1860 թվականի ապրիլի 26-ին Քարին տակ գյուղում, Արցախում, սովորել է քաղաքային դպրոցում։ 1878 թվականին ավարտել է Շուշիի քաղաքային վերակազմյալ դպրոցը։ Շուշիում և Բաքվում աշխատել է նոտարային գրագիր, հեռագրիչ, «Արոր» տպարանի կառավարիչ։ Պատանեկան տարիներից Լեոն աշխատակցել է «Մշակին», թողել է պատմագիտական, գրական և հրապարակախոսական մեծ ժառանգություն, հայոց պատմության մեծահատոր գործեր և բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ։ 1877 թվականից աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Արմենիա», «Մուրճ», «Հանդես ամսօրյա», «Տարազ», «Հորիզոն», «Համբավաբեր», «Աղբյուր» և այլ պարբերականների։ Մինչև պատմագիտական իր աշխատությունները, Լեոն իր գրական գործունեության առաջին տասնամյակում զբաղվել է գրական–հրապարակախոսական աշխատանքներով, գրել է վեպեր, պատմվածքներ, վիպակներ, նաև «Վարդանանք» պիեսը։ 1906–1907 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա տեղափոխվել է Թիֆլիս և նվիրվել գիտական աշխատանքի[1][2]։
1924 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով նա Թիֆլիսից եկել է Երևան և աշխատանքի անցել ԵՊՀ-ում, որտեղ կարդացել է հայոց պատմության դասընթաց։ Նրա դասախոսությունները տպագրվել են ձեռագրի իրավունքով և Հակոբ Մանանդյանի դասախոսությունների հետ միասին դարձել հայոց պատմության համալսարանական առաջին դասագրքերը։
ԵՊՀ-ում հայագիտական առարկաների դասավանդումը գիտական մակարդակի վրա դնելու գործում Հակոբ Մանանդյանի, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի և ուրիշների հետ միասին մեծ երախտիք ունի նաև Լեոն։ 1925 թվականին Լեոյին շնորհվել է պրոֆեսորի կոչում։ Նույն թվականին նա դարձել է ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի (1930 թվականից՝ ՀԽՍՀ գիտությունների ինստիտուտ) իսկական անդամ։
Մեծ է Լեոյի վաստակը հայ հասարակական մտքի, հայ գրականության ու մշակույթի պատմության ուսումնասիրության բնագավառում։ Նա առաջինն էր, որ հանգամանորեն ուսումնասիրեց հայ հասարակական մտքի ականավոր ներկայացուցիչներ Ստեփանոս Նազարյանցի և Գրիգոր Արծրունու կյանքն ու գործունեությունը, փորձեց ցույց տալ նրանց տեղն ու դերը հասարակականքաղաքական և մտավոր զարգացման ասպարեզում[3]։
Վախճանվել է 1932 թվականի նոյեմբերի 14-ին Երևանում։
Լեոյի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց։ Լեոյի անվան փողոց կա Ստեփանակերտում։ Լեոյի բրոնզաձույլ կիսանդրին գտնվում է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում։
Գործունեություն
խմբագրելԼեոն առաջին պատմաբաններից էր, որ ձեռնամուխ եղավ հայ ժողովրդի նոր և նորագույն շրջանների պատմության ուսումնասիրությանը՝ հայ ազատագրական շարժումների, հայկական հարցի, Առաջին համաշխարհային պատերազմի և հայ ժողովրդի մեծ ողբերգության հետ կապված հարցերին։
Լեոն գրել է հարյուրավոր քննադատական հոդվածներ, պատմագիտական ու գրականագիտական ուսումնասիրություններ։ Հայոց պատմության հանգուցային շատ հարցեր լուսաբանել է նորովի։ Արժեքավոր են հատկապես «Հայկական տպագրություն» (2 հատոր, 1901-1902), «Հովսեփ կաթողիկոս Արղության» (1902), «Գրիգոր Արծրունի» (3 հատոր, 1902-1905), «Սուրբ Մեսրոպ» (1904), «Հայոց հարցը» (1906), «Հայ գրքի տոնը» (1912), «Վանի թագավորությունը» (1915), «Հայոց հարցի վավերագրերը» (1915), «Անի» (հրատարակվել է 1946 թվականին) աշխատությունները։
Լեոյի գիտական ժառանգության մեջ բացառիկ է «Հայոց պատմություն» եռահատոր մենագրությունը (1-ին հատորը լույս է տեսել 1917 թվականին, 2–3-րդը՝ 1946-1947 թվականներին), որտեղ ներկայացրել է հայոց պատմությունը նախապատմական ժամանակներից մինչև 18 դարի վերջը՝ բացի 12-15 դարերից։ Նրա աշխատությունները պարունակում են հայ և օտար պատմիչների, ժամանակագիրների մեծարժեք վկայություններ, հնագիտական, վիմագրական, լեզվագիտական, բանասիրական հարուստ նյութեր, ճանապարհորդական նոթեր ու հուշեր, գիտական ուսումնասիրություններ, վավերագրեր և այլն։
Մինչև 1920-ական թվականները հրատարակած երկերում Լեոն հասարակության զարգացման համար կարևորել է հոգևոր և աշխարհագրական գործոնները, մեծ տեղ հատկացրել անհատի դերին։ Հետագայում՝ «Անցյալից» (1925), «Հայոց պատմություն» (նորագույն շրջան, 1927), «Խոջայական կապիտալ» (1934), «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը» (2 հատոր, 1934) և այլ աշխատություններում վերանայել է իր սկզբունքները՝ փորձելով մոտենալ պատմության նոր ըմբռնմանը։ Հատկապես հայ ազգային-ազատագրական շարժումների, հայ-ռուսական հարաբերությունների, Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման գնահատման հարցերում առաջադրել է իր նախկին տեսակետներին հակառակ կարծիքներ ու դրույթներ, հայ առևտրական կապիտալը համարել է մեր ժողովրդի նոր պատմության հիմնական շարժիչ ուժը։
Լեոն գրել է նաև գեղարվեստական ու գրականագիտական երկեր։ Հայ ժողովրդի պայքարի առանձին դրվագներ գրողն արտացոլել է «Վահան Մամիկոնյան» (1888), «Սպանված հայրը» (1891), «Վերջին վերքեր» (1891), «Թաթախման գիշերը» (1892), «Լեռնցիները» (1896) պատմական զրույցներում, «Մելիքի աղջիկը» (1898) ավանդավեպում և «Վարդանանք» (1916) դրամայում։ Նման գաղափարներ են արտահայտված նաև «Ուխտավորի հիշատակարանը» (1885), «Իմ հիշատակարանը» (1890) գործերում։ Նրա երկերի ժողովածուն 10 հատորով հրատարակվել է 1966-1987 թվականներին։
Լեոն անդրադարձել է Սայաթ-Նովայի, Միքայել Նալբանդյանի, Մատթեոս Մամուրյանի, Ստեփան Ոսկանի, Սրբուհի Տյուսաբի, Մկրտիչ Խրիմյանի, Րաֆֆու, Ղազարոս Աղայանի և ուրիշների դիմանկարներին։ Հայ, ռուս և համաշխարհային գեղարվեստական երևույթներին վերաբերող տեսական հոդվածներում, «Ռուսահայոց գրականությունն սկզբից մինչև մեր օրերը» (1904) և այլ ուսումնասիրություններում մեկնաբանել է գրական հարստությունները՝ հնագույն շրջանից մինչև XX դարի սկիզբը[4]։
Ավետիք Իսահակյանը Լեոյի մասին գրել է՝
«Որպես գեղարվեստական գրող, Լեոյին անշուշտ չի կարելի դասել ռուսահայ գրականության արձակագիր կլասիկների շարքին` Րաֆֆիի, Պ. Պռոշյանի, Մուրացանի, Շիրվանզադեի, Նար-Դոսի… սակայն իր պատվավոր տեղն ունի։ Նրա վիպակները, օրինակի համար «Կորածները», «Պանդուխտը», «Այծարած Եղոն», «Թաթախման գիշերը» գեղեցիկ իրականացումներ են… միշտ հաճույքով կկարդացվեն։ Այստեղ նրա ոճը կտրուկ է, աշխույժ և պատկերավոր, և ժողովրդական դարձվածքներով հարուստ»[5]։
Աշխատություններ
խմբագրելԼեոի հայտնի աշխատությունները՝
- «Հայոց պատմություն»
- «Անցյալից»
- «Թուրքահայ հեղափոխության գաղափարախոսությունը»
- «Հայկական տպագրություն»
- «Գրիգոր Արծրունի»
- «Ստեփանոս Նազարյան»
- «Ս. Մեսրոպ»
- Ղազարոս Աղայան
- «Խոջայական կապիտալ»
- «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցի»
- «Վանի թագավորությունը»
- «Հայոց հարցի վավերագրերը»
Լեոյի գեղարվեստական գործերից են՝ «Ոսկու ժխորի մեջ» վիպակը և «Մելիքի աղջիկը» պատմավեպը, որը առաջին անգամ տպագրվել է «Մշակ» լրագրում։
Գեղարվեստական ստեղծագործություններ
խմբագրել- «Սնապաշտության քուրմ», 1884 (պատմվածք)
- Դարտամահ», 1890 (պատմվածք)
- «Արնագին», 1890 (պատմվածք)
- «Այծարածը», 1904 (պատմվածք)
- «Մի բուռը մոխիր», 1904 (պատմվածք)
- «Պանդուխտ», 1888 (պատմվածք)
- «Կորածները», 1889 (պատմվածք)
- «Ոսկու ժխորի մեջ», 1901 (պատմվածք)
- «Վահան Մամիկոնյան», 1888 (պատմական զրույց)
- «Սպանված հայրը», 1891 (պատմական զրույց)
- «Վերջին վերքեր», 1891 (պատմական զրույց)
- «Թաթախման գիշեր», 1892 (պատմական զրույց)
- «Լեռնցիները», 1896 (պատմական զրույց)
- «Մելիքի աղջիկը», 1898 (պատմա-ավանդական վեպ)
- «Վարդանանք», 1916 (դրամա)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄՇԱԿ». Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան».
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Լեո». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Պետրոսյան, Հ., Հայ գիտնականներ, հրապարակախոսներ, ժուռնալիստներ, Երևան, 1960, էջ 319-324։
Արտաքին հղումներ
խմբագրել- Նորայր Սարուխանյան, Հայոց պատմության երախտավորը Արխիվացված 2016-03-06 Wayback Machine
- Լեո՝ մեծ հայրենասերը և քաղաքացին Արխիվացված 2010-11-16 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեո» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեո» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 566)։ |