Լև Գումիլյով
Լև Նիկոլայի Գումիլյով (ռուս.՝ Лев Николаевич Гумилёв, հոկտեմբերի 1, 1912[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 15, 1992[2][3][4] կամ 1992[5], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[2]), խորհրդային ռուս պատմաբան-ազգագրագետ, հնագետ, արևելագետ, գրող, թարգմանիչ, պատմական և աշխարհագրական գիտությունների դոկտոր։ Առավել հայտնի է որպես էթնոգենեզի պասիոնարության տեսության հիմնադիր։
Կենսագրություն
խմբագրելՀայտնի բանաստեղծ Աննա Ախմատովայի և Նիկոլայ Գումիլյովի որդին էր։ 1930-1940-ականներին գիտակցելով իր հետաքրքրությունը դեպի պատմություն, սկսում է սեփական բանաստեղծություններ և արձակ գրել։ 1950-1960-ականներին պարսկերենից բանաստեղծություններ էր թարգմանում։ 1931 թվականից ակտիվ մասնակցում էր երկրաբանական և հնագիտական գիտարշավների (մինչև 1967 թ. մասնակցել է 21 գիտարշավային սեզոնի)։ 1934 թվականին ընդունվել է Լենինգրադի պետական համալսարանի նոր վերաբացված պատմության ֆակուլտետ։ Չորս անգամ ձերբակալվել է, ընդ որում առաջին անգամ՝ 1933 թվականի դեկտեմբերին, 9 օրից ազատ է արձակվել առանց մեղադրանքի առաջադրման։ 1935 թվականին երկրորդ անգամ է ձերբակալվել, սակայն գրականության բազմաթիվ գործիչների միջնորդության շնորհիվ կրկին ազատ է արձակվում և վերականգնվում համալսարանում։ 1938 թվականին երրորդ անգամ է ձերբակալվում և ստանում 5 տարի ազատազրկում ճամբարներում՝ պատիժը կատարել է Նորիլսկում։ 1944 թվականին սեփական ցանկությամբ մտել է Կարմիր բանակ, մասնակցել է Բեռլինի գործողության։ Զորացրումից հետո էքստերնով ավարտել է պատմության ֆակուլտետը, 1948 թվականին պաշտպանել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն։ 1949 թվականին կրկին ձերբակալվել է, իսկ մեղադրանքները կրկնօրինկվել էին 1935 թվականի քննչական գործից։ Դատապարտվել է 10 տարվա ճամբարներում՝ պատիժը կատարել է Ղազախստանում, Ալթայում և Սիբիրում։ 1956 թվականին ԽՄԿԿ XX-րդ նիստից հետո ազատ է արձակվել և ռեաբիլիտացվել, մի քանի տարի աշխատել է Էրմիտաժում, 1962 թվականից մինչև 1987 թվականին թոշակի գնալը եղել է Լենինգրադի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետին կից գիտահետազոտական ինստիտուտի հաստիքում։
Պասիոնարության տեսություն
խմբագրելԸստ Գումիլյովի տեսության, էթնոսը ոչ թե սոցիալական ֆենոմեն է, այլ մոլորակի կենսաօրգանիկ աշխարհի (Երկիր մոլորակի կենսոլորտի) տարր։ Նրա զարգացումը կախված է տիեզերական էներգիայի ներհոսքից։ Տիեզերական ճառագայթման ալիքի ազդեցության տակ տեղի է ունենում գենային մուտացիա (պասիոնար զարկ)։ Արդյունքում, մարդիկ սկսում են կլանել շատ ավելի էներգիա, քան նրանց պետք է բնականոն կենսագործունեության համար։ Ավելցուկային էներգիան վերածվում է մարդկային պասիոնարության։ Էքստրեմալ եռանդուն մարդկանց՝ պասիոնարների ազդեցության տակ տեղի է ունենում նոր տարածքների նվաճում և յուրացում, նոր կրոնների և գիտական տեսությունների ստեղծում։ Տվյալ տարածքում մեծ թվով պասիոնարների առկայությունը հանգեցնում է նոր էթնոսի կազմավորմանը։ Պասիոնար ծնողների էներգիան մասամբ փոխանցվում է իրենց զավակներին։ Բացի դրանից, պասիոնարները ձևավորում են վարքի յուրահատուկ կանոններ, որոնք գործում են երկար ժամանակ։
Զարգանալով՝ էթնոսն ըստ Գումիլյովի անցնում է վեց շրջան.
- Վերելքի շրջան, բնութագրվում է պասիոնարների թվի կտրուկ աճով (տևողությունը մոտ 300 տարի)
- Ակմատիկ շրջան, պասիոնար լարումը իր բարձրակետին է, պասիոնարները ձգտում են առավելագույն ինքնադրսևորման (տևողությունը՝ շուրջ 300 տարի)
- Ճեղքում, պասիոնարների թիվը կտրուկ նվազում է, և միաժամանակ՝ բնակչության պասիվ զանգվածի (ենթապասիոնարների) թիվն ավելանում է (շրջանի տևողությունը շուրջ 200 տարի է)
- Իներցիոն շրջան, լարումը շարունակում է ընկնել, սակայն արդեն ոչ թե ցատկերով, այլ սահուն կերպով, էթնոսը ապրում է խաղաղ զարգացման շրջան, տեղի է ունենում պետական իշխանության և սոցիալական ինստիտուտների ամրապնդում (տևողությունը՝ շուրջ 300 տարի)
- Օբսկուրացիա, պասիոնար լարումը վերադառնում է նախնական մակարդակի վրա, էթնոսում գերակշռում են ենթապասիոնարները, օրինականացվում է կոռուպցիան, տարածվում է հանցավորությունը, բանակը կորցնում է ռազմունակությունը (տևողությունը՝ շուրջ 300 տարի)
- Հուշային շրջան, նախկին մեծությունից մնում են միայն հիշողությունները, այնուհետև տեղի է ունենում անցյալի ավանդույթների լիակատար մոռացում, էթնոսի զարգացման շրջափուլն ավարտվում է (տևողությունը՝ շուրջ 300 տարի)։
Հիմնական աշխատությունները
խմբագրել- Էթնոգենեզը և Երկիր մոլորակի կենսաոլորտը («Этногенез и биосфера Земли»)
- Վերջ և նորից սկիզբ («Конец и вновь начало»)
- Հնարված թագավորության որոնումներում («В поисках вымышленного царства»)
- Հին Ռուսիան և Մեծ տափաստանը («Древняя Русь и Великая степь»)
- Հին թյուրքերը (Древние тюрки)
- Հուննու ժողովրդի պատմությունը («История народа хунну»)
- Հազարամյակ Կասպից ծովի շուրջ («Тысячелетие вокруг Каспия»)
- Սև առասպել (Черная легенда)
- Հին Տիբեթ («Древний Тибет»)
- Խազարիայի բացահայտումը («Открытие Хазарии»)
- Հուննու։ Եռապետությունը Չինաստանում։ Հոները Չինաստանում (Хунну. Троецарствие в Китае. Хунны в Китае)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 4,0 4,1 4,2 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- ↑ 5,0 5,1 5,2 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.) — СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
Արտաքին հղումներ
խմբագրել- ««Լև Գումիլյովի կենտրոն» տեղեկատվական-վերլուծաբանական պորտալ».
- «Լև Գումիլյով (1912—1992)». Ռեպրեսիայի ենթարկված արևելագետների մատենագրական բառարան «Մարդիկ և ճակատագրեր».
- «Լև Գումիլյովի տուն-թանգարանի վիրտուալ էքսկուրսիա». «Gumilevica» պորտալ.
- «Լև Գումիլյովի հոդվածները». «Gumilevica» պորտալ.
- «Լև Գումիլյով։ Քաոսի հաղթահարումа» Արխիվացված 2014-09-06 Wayback Machine. Վավերագրական ֆիլմ, 2007 թ.։ Հեղինակ և ռեժիսորи՝ Վիկտոր Պրավդյուկ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Գումիլյով» հոդվածին։ |