Խաչիկ վարդապետ

հայ բանասեր

Խաչիկ վարդապետ, Խաչիկ վարդապետ Դադյան (Վահան Դադյան-Տեր-Գրիգորյան (սեպտեմբերի 6, 1863(1863-09-06), Թաղավարդ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 10, 1936(1936-10-10)[2], Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), հայ բանահավաք-բանասեր, հնագետ։

Խաչիկ վարդապետ
Ծնվել էսեպտեմբերի 6, 1863(1863-09-06)
ԾննդավայրԹաղավարդ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 10, 1936(1936-10-10)[2] (73 տարեկան)
Մահվան վայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՇուշիի թեմական հոգևոր դպրոց (1881)[1]
Մասնագիտությունբանասեր, բանահավաք և քահանա

Կենսագրություն

խմբագրել

1881 թվականին Շուշիի թեմական դպրոցն ավարտելուց հետո ուսուցչավարել է Շուշիում ու Ստեփանակերտում։ 1888 թվականին կուսակրոն ձեռնադրվելով՝ հոգևոր ծառայություն է կատարել Ամարասի Ս. Գրիգորիս և Մեծառանք գավառի եպիսկոպոսանիստ Մ. Հակոբի վանքերում։ Այդ ընթացքում պեղել է Առաջաձոր ու Քոլատակ գյուղերի մոտակայքում եղած դամբարանաբլուրները և հետազոտել Կաչաղակաբերդը։ Միաժամանակ հավաքել է Լեռնային Ղարաբաղի ու հարևան մյուս հայկական շրջանների հոգևոր կենտրոններում ու մասնավոր անձանց մոտ գտնվող հնություններ, ձեռագրեր ու պատառիկներ, ընդօրինակել վիմական արձանագրություններ։ 1894 թվականին դառնալով Էջմիածնի վանքի վարդապետ՝ դրանք հանձնել է նրա մատենադարանին։ 1898 թվականին նշանակվելով պարսկահայության հոգևոր առաջնորդի փոխանորդը Սալմաստում՝ շրջագայել է Պարսկաստանի հայաբնակ վայրերը, հավաքել և Էջմիածնի տնօրինությանը հանձնել հայերեն և այլալեզու բազմաթիվ ձեռագրեր, վավերագրեր, հնագիտական նյութեր ու այլազան արժեքներ (պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, Հայաստանի պատմության թանգարանում, Հայաստանի ազգային արխիվ ում և այլն)։

Ռուս. կայսերական հնագիտական հանձնաժողովի թույլտվությամբ և Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) հովանավորությամբ 1900-1904 թվականներին պեղել է Զվարթնոցը (այս գործում Խաչիկ վարդապետին մեծապես օգնել է պեղումների վերակացու Ե. Ղ. Հարությունյանը)։ Հողի երես հանելով հայ ճարտարապետության այդ անկրկնելի կոթողի բեկորները՝ փաստորեն դրել է հուշարձանի ուսումնասիրման հիմքը։ Պեղումներ է կատարել նաև Դվինում և Արմավիրում (վերջինում հայտնաբերել է 28-տողանի ուրարտական արձանագրություն)։ Զբաղվել է նաև հայ բանահյուսության նմուշների հավաքմամբ ու հետազոտմամբ, պատմական հուշարձանների նկարագրությամբ, մատենագրական երկերի, պատմական փաստերի ու երևույթների աղբյուրագիտական քննությամբ։ Հետազոտությունների արդյունքների մի մասը հրապարակել է ժամանակի պարբերականներում (մնացածներն անտիպ վիճակում պահվում են Երևանի Մատենադարանում և այլուր)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=4196
  3. «Խաչիկ վարդապետի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 27