Խրիմյան Հայրիկ
Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմեան Հայրիկ, ապրիլի 4, 1820[1], Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1] - հոկտեմբերի 29, 1907[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոսը, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող։
Խրիմյան Հայրիկ | |
---|---|
Կառավարում | |
Տիտղոս | Կոստանդնուպոլսի Պատրիարք (72-րդ) Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (125-րդ) |
Ժամանակամիջոց | Նոյեմբերի 4, 1869 թ-1873 թ-ի օգոստոս որպես Կոստանդնուպոլսի Պատրիարք 1893 թ-ի Սեպտեմբերի 26-Հոկտեմբերի 29, 1907 թ. որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Անձնական տվյալներ | |
Կրթություն | Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներ |
Գործունեություն | Հասարակական-քաղաքական գործիչ Հոգևոր-մշակութային գործիչ Մտավորական Գրող |
Ծնվել է | Ապրիլի 4, 1820 թ. |
Մահացել է | Հոկտեմբերի 29, 1907 |
Մահվան վայր | Էջմիածնի Մայր Տաճար, Արևելյան Հայաստան |
Թաղված է | Էջմիածնի Մայր Տաճար, Արևելյան Հայաստան |
Ձեռնադրում | 1854 |
← Մակար Ա Մատթևոս Բ → |
Հաջորդել է Մակար Ա Թեղուտցուն։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1820 թվականին Վանում, սովորել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում։
1842 թվականին հաստատվել է Կ. Պոլսում, որտեղ 1848-1850 թվականներին ուսուցչություն է արել Խասգյուղ թաղամասի իգական դպրոցում։ 1851 թվականին Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ մեկնել է Կիլիկիա՝ կրթական գործի զարգացմանը նպաստելու և տեղի հայության կյանքն ուսումնասիրելու նպատակով։ 1854 թվականին ձեռնադրվել է վարդապետ։
1855 թվականի հունիսից մինչև 1856 թվականի հունիս Խրիմյանը Կ. Պոլսում հրատարակել է «Արծվի Վասպուրական» ամսագիրը[2]։ 1856 թվականի հունիսին վերադառնալով Վան՝ սուլթանի ֆերմանով և Կ. Պոլսի հայոց պատրիարքի կոնդակով ստանձնել է Վարագավանքի վանահայրությունը։ 1857 թվականին վանքում հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց վարժարան, իսկ 1858 թվականին վերսկսել «Արծվի Վասպուրական»-ի հրատարակությունը։ 1860 թվականին մեկնել է Արևելյան Հայաստան, եղել Երևանում, Էջմիածնում, Սյունյաց աշխարհում, Արցախում, Թիֆլիսում։
1862 թվականին Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը Խրիմյանին է հանձնել Տարոնի հոգևոր առաջնորդի պաշտոնը և Ս. Կարապետ վանքի վանահայրությունը։ Տարոնում հիմնադրել է նոր հոգևոր ժառանգավորաց վարժարան և հրատարակել (1863-1865) «Արծվիկ Տարոնո» երկշաբաթաթերթը՝ Գարեգին Սրվանձտյանի խմբագրությամբ։
Խրիմյանը ծավալել է եռանդուն գործունեություն հայ գյուղացու ծանր վիճակը թեթևացնելու, թուրք և քուրդ աղաների, պետական պաշտոնյաների հարստահարությունները սահմանափակելու ուղղությամբ։ Ժողովուրդը Մկրտիչ Խրիմյանին մեծարել է «Հայրիկ» պատվանունով։ Ժողովրդանվեր գործունեության համար թուրքական կառավարությունը նրան համարել է քաղաքականապես անբարեհույս հոգևորական և փակել դպրոցն ու տպարանը։
1868 թվականին Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, 1869 թվականին Կ. Պոլսի Ազգային ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք։
Իբրև պատրիարք Ազգային ժողովի քննարկմանն է դրել Ազգային սահմանադրության վերանայման, գավառի հայության հարստահարությունների, հոգևոր առաջնորդների ընտրության հարցերը։ Պայքարել է ողջ արևմտահայության շահերը Ազգային ժողովում ներկայացնելու, գավառական երեսփոխանների թիվը ավելացնելու համար։
Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է գավառի հայության հարստահարությունները քննող հանձնաժողով, որի կազմած տեղեկագիրը Ազգային ժողովը 1872 թվականին ներկայացրել է Բ. Դռանը։ Այդ գործունեությունը հարուցել է թուրքական կառավարության և Կ. Պոլսի հայ մեծահարուստների դժգոհությունը, որոնց գործադրած սադրանքների պատճառով Խրիմյանը 1873 թվականի օգոստոսին հրաժարվել է պատրիարքությունից։
Իբրև 1878 թվականի Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար նախապես այցելել է եվրոպական մեծ տերությունների (Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա) պետական պաշտոնյաներին, պատրիարքարանի կազմած տեղեկագիրը ներկայացրել Բեռլինի վեհաժողովին՝ հույս ունենալով դիվանագիտական ճանապարհով լուծել Հայկական հարցը։
Հիասթափված նրա արդյունքներից՝ շրջադարձ է կատարել դեպի ազգային-ազատագրական պայքարը։
1879 թվականին ընտրվել է Վասպուրականի հոգևոր առաջնորդ, եռանդուն գործունեություն ծավալել այդ նահանգում, օժանդակել Վանի «Սև խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը։ Նրա անվան հետ կապելով արևմտահայ գավառների ժողովրդական հուզումները՝ 1885-ին Բ. Դուռը նրան կանչել է Կ. Պոլիս։
Չնայած խիստ հսկողությանը, Խրիմյան Հայրիկը այդտեղ ևս ծավալել է հասարակական գործունեություն։
Կրոնական ժողովի ատենապետ Մկրտիչ Խրիմյանը Համագումար ժողովի անունից բողոքագիր է ներկայացրել Բ. Դռանը։ 1890 թվականի Կ. Պոլսի Գում գափուի ցույցից հետո թուրքական կառավարությունը նրան աքսորել է Երուսաղեմ։
1892-ի մայիսին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն սուլթանը չի համաձայնել նրան թուրքահպատակությունից ազատել, և միայն 13 ամիս անց ռուսական ցարի միջնորդությամբ նրան թույլատրվել է ժամանել Էջմիածին։
1893-ի սեպտեմբերի 26-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս։ Հայկական հարցը ռուսական արքունիքում ներկայացնելու նպատակով Մկրտիչ Ա Վանեցին 1895 թվականին մեկնել է Պետերբուրգ։ Բողոքել է 1894-1896 թվականների համիդյան ջարդերի դեմ, ցարական արքունիքին հղած տարբեր խնդրագրերով ապահովել հանգանակությունների իրականացումը ռուսական կայսրության հայաբնակ տարածքներում։
Նա մեծ ջանքեր է ներդրել կոտորածներից մազապուրծ գաղթականության ֆիզիկական գոյությունն ապահովելու և վերստին երկիր վերադարձնելու համար։ Եռանդուն պայքար է մղել հայ եկեղեցապատկան կալվածքները բռնագրավելու մասին ցարական կառավարության 1903 թվականի հունիսի 12-ի օրենքի կենսագործման դեմ, հրամայել հոգևոր թեմակալ առաջնորդներին՝ չենթարկվել այդ որոշմանը և խոչընդոտել նրա կիրառությանը։
Մկրտիչ Ա Վանեցին ի պաշտոնե ձեռնամուխ է եղել հայ հոգևորականության դաստիարակության, կրթված հոգևորականների նոր սերունդ ստեղծելու խնդրին։ Նրա օրոք Էջմիածնում կառուցվել են նոր հյուրանոց, Սինոդի նոր շենք, թանգարան, նոր մատենադարան։ Նորացել և հարդարվել են Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիները։
Կաթողիկոսական գահին Մկրտիչ Ա Վանեցուն հաջորդել է Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցին։
Աշխատություններ
խմբագրելԽրիմյան Հայրիկը գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնց մեջ առանձնակի տեղ են գրավում հոգևոր-կրոնական ստեղծագործությունները՝
- Մկրտիչ Խրիմեան, Հրաւիրակ Արարատեան յօրինեալ ի չափս հայկականս, 1851 թ.։
- Մկրտիչ Խրիմեան, Մարգարիտ արքայութեան երկնից, 1866 թ.։
- Մկրտիչ Խրիմեան, Յիսուսի վերջին շաբաթ. խաչի ճառը ..., 1876 թ.։
- Մկրտիչ Խրիմեան, Դրախտի ընտանիք, 1876 թ.։
- Մկրտիչ Խրիմեան, Սիրաք եւ Սամուէլ, 1878 թ.։
- Մկրտիչ Խրիմեան, Պապիկ եւ թոռնիկ, 1894 թ.։
- Մկրտիչ Խրիմեան, Թագաւորաց ժողով։
- Մկրտիչ Խրիմեան, Ժամանակ եւ խորհուրդ իւր։
- Մկրտիչ Խրիմեան, Հայգոյժ աշխարանք Հայոց Աշխարհին։
- Մկրտիչ Խրիմեան, Վանգոյժ։
Երկերի մատենագիտություն
խմբագրել- Հրաւիրակ Արարատեան, Կ. Պոլիս, 1850, 96 էջ։
- Հրաւիրակ երկրին աւետեաց, Կ. Պոլիս, 1851, 144 էջ։
- Արծուի Վասպուրական, Վարագ, 1858, 332 էջ։
- Մարգարիտ արքայութեանց երկնից, Կ. Պոլիս, 1866, 128 էջ։
- Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Կ. Պոլիս, 1876, 248 էջ։
- Հրաւիրակ Արարատեան, Կ. Պոլիս, 1876, 136 էջ։
- Մարգարիտ արքայութեանց երկնից։ Յիսուսի վարդապետութեան համառօտ դասեր, Կ. Պոլիս, 1876, 144 էջ։
- Յիսուսի վերջին շաբաթ։ Խաչի ճառ և կորուսելոց յիմարութիւն, Կ. Պոլիս, 1876, 140 էջ։
- Սիրաք և Սամուէլ, Կ. Պոլիս, 1878, 224 էջ։
- Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Կ. Պոլիս, 1887, 216 էջ։
- Մարգարիտ արքայութեանց երկնից։ Յիսուսի վարդապետութեան համառօտ դասեր, Կ. Պոլիս, 1887, 124 էջ։
- Յիսուսի վերջին շաբաթ։ Խաչի ճառ և կորուսելոց յիմարութիւն, Կ. Պոլիս, 1887, 141 էջ։
- Սիրաք և Սամուել, Կ. Պոլիս, 1887, 181 էջ։
- Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Թիֆլիս, 1892, 252 էջ։
- Հրաւիրակ երկրին աւետեաց, Երուսաղէմ, 1892, 160 էջ։
- Սիրաք և Սամուէլ, Թիֆլիս, 1892, 216 էջ։
- Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Թիֆլիս, 1893, 247 էջ։
- Սիրաք և Սամուէլ, Թիֆլիս, 1893, 209 էջ։
- Մարգարիտ արքայութեանց երկնից։ Յիսուսի վարդապետութեան համառօտ դասեր, Էջմիածին, 1894, 154 էջ։
- Յիսուսի վերջին շաբաթ։ Խաչի ճառ և կորուսելոց յիմարութիւն, Վաղարշապատ, 1894, 185 էջ։
- Պապիկ և թոռնիկ, Էջմիածին, 1894, 214 էջ։
- Ժամանակ և խորհուրդ իւր, Թիֆլիս, 1895, 46 էջ։
- Վերջալոյսի ձայներ, Գահիրէ, 1901, 80 էջ։
- Օրացոյց 1901 թուականին Քրիստոսի, Վաղարշապատ, 1901, 256 էջ։
- Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Թիֆլիս, 1902, 247 էջ։
- Սիրաք և Սամուէլ, Վաղարշապատ, 1902, 240 էջ։
- Օրացոյց 1902 թուականին Քրիստոսի, Վաղարշապատ, 1902, 256 էջ։
- Օրացոյց 1903 թուականին Քրիստոսի, Վաղարշապատ, 1903, 256 էջ։
- Օրացոյց 1906 թուականին Քրիստոսի, Վաղարշապատ, 1905, 256 էջ։
- Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Կ. Պոլիս, 1911, 176 էջ։
- Ամբողջական երկեր, Նիւ Եորք, 1929, 872 էջ։
- Պապիկ և թոռնիկ, Պէյրութ, 1957, 184 էջ։
- Յիսուսի վերջին շաբաթ և Խաչի ճառ, Անթիլիաս, 1983, 120 էջ։
- Երկեր, Անթիլիաս, 1989, 356 էջ։
- Երկեր, Երևան, 1992, 448 էջ։
- Յիսուսի վերջին շաբաթ։ Խաչի ճառ և կորուսելոց յիմարութիւն, ա. տ., 2000, 69 էջ։
- Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Թեհրան, 2004, 156 էջ։
- Դրախտի ընտանիք, Էջմիածին, 2009, 248 էջ։
- Պապիկ և թոռնիկ, Էջմիածին, 2009, 336 էջ։
- Սիրաք և Սամուէլ, Էջմիածին, 2009, 224 էջ։
- Դրախտի ընտանիք, Էջմիածին, 2011, 248 էջ։
- Պապիկ և թոռնիկ, Պէյրութ, 2011, 223 էջ։
- Պապիկ և թոռնիկ, Նոր Ջուղա, 2014, 146 էջ։
Գրականություն
խմբագրել- Համբարձում Առաքելեան, Խրիմեան Հայրիկի կաթողիկոսական ընտրութիւնը, Թիֆլիս, Մ.Դ. Ռօտինեանց, 1893, 80 էջ։
- Մուշեղ Իշխան, Արդի Հայ Գրականութիւն, Զարթօնքի շրջան, 1850 - 1885, Պէյրութ, 1980
- Աշճեան Մեսրոպ Արք., Էջեր Հայ եկեղեցւոյ Պատմութենէն, Նիւ Եորք, 1994
- Lynch H.F.G., Armenia Travels and Studies, Vol. II, London, 1901.
- Օրմանեան Մաղաքիա Արք., Ազգապատում, հտ. Գ, Պէյրութ, 1961
- Hovannisian Richard G., Armenian Van/Vaspurakan, Costa Mesa, CA., 2000.
- Tootikian Vahan H. Rev. Dr., Highlights of Armenian Christendom, Southfield, MI., 2002
- Կոստանդյան Է. Ա., Մկրտիչ Խրիմյան (մահվան 90-ամյա տարելիցի առթիվ).- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1997, № 3, էջ 33-44։
- Կոստանդյան Է. Ա., Տարոնի հոգևոր առաջնորդը.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1999, № 1, էջ 66-76։
- Կոստանդյան էմմա, Մկրտիչ Խրիմյան, ՀՀ ԳԱ հրատ, Երևան, 2000, 440 էջ։
- Հովհաննես Հովհաննիսյան, Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգության հիմնահարցը 1901-1906 թթ., Երևան, 2012։
- Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 7, Երևան, 1981, էջ 641-642։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 3, էջ 678(չաշխատող հղում)
- Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, էջ 745
- «Խրիմյան Հայրիկ։ Մահվան 100-ամյակի առթիվ», Խաչիկ Բադիկյան(չաշխատող հղում)
- Կենսագրություն
- «Խրիմյան Հայրիկի օրերից մինը» Հ. Թումանյան
- «Երկու հայր» Հ. Թումանյան
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրիմյան Հայրիկ» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրիմյան Հայրիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրիմյան Հայրիկ» հոդվածին։ |
Նախորդող՝ Մակար Ա Թեղուտցի |
Կաթողիկոս 1893-1907 |
Հաջորդող՝ Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի (Իզմիրլյան) |