Յոհաննես Լեփսիուս
Յոհաննես Լեփսիուս (դեկտեմբերի 15, 1858[1], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[2] - փետրվարի 3, 1926[1], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[2]), գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական, արևելագետ, մարդասեր, ով փորձում էր կանխել Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։
Յոհաննես Լեփսիուս Johannes Lepsius | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1858[1] |
Ծննդավայր | Բեռլին, Պրուսիայի թագավորություն[2] |
Մահացել է | փետրվարի 3, 1926[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[2] |
Գերեզման | Grave of Johannes Lepsius և protestant cemetery of Meran |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրոն | լյութերականություն |
Կրթություն | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան[3] և Friedrich-Wilhelms-Gymnasium? |
Մասնագիտություն | բարեգործ և աստվածաբան |
Ծնողներ | հայր՝ Կարլ Ռիխարդ Լեփսիուս |
Johannes Lepsius Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՅոհաննես Լեփսիուսը ծնվել է 1858 թ., գերմանական Պոտսդամ քաղաքում՝ բողոքական հոգևորականի ընտանիքում։ Մյունիխում ուսանել է մաթեմատիկա և փիլիսոփայություն, 1880 ստացել է դոկտորի կոչում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հրատարակել է իր "Bericht über die Lage des armenischen Volkes in der Türkei" («Տեղեկագիր հայ ժողովրդի կացության մասին Թուրքիայում») աշխատությունը, որտեղ նա մանրամասնորեն փաստավավերագրում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։ Երկրորդ հրատարակությունը կոչվում է "Der Todesgang des armenischen Volkes" («Հայ ժողովրդի ջարդերը»), որում ներառված էր հարցազրույց Էնվեր Փաշայի հետ։ Լեփսիուսը ստիպված էր այն գաղտնի հրատարակել, քանի որ Թուրքիան Գերմանիայի դաշնակիցն էր։ Լեփսիուսը կարողացավ տարածել զեկույցի 20 000 օրինակ։ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում Ֆրանց Վերֆելը Լեփսիուսին պատկերել է որպես հայերի պահապան հրեշտակ։
Յոհաննես Լիփսիուսի մտավոր ժառանգությունը գտնվում է «Յոհաննես Լիփսիուս արխիվում», որը հիմնել է պատմաբան Հերման Գոլցը։
Յոհաննես Լեփսիուսը և հայոց ցեղասպանությունը
խմբագրելԳերմանացի հասարակական գործիչ, հոգևորական (աստվածաբանության դոկտոր), արևելագետ Յոհաննես Լեփսիուսը, դատապարտելով թուրքական իշխանությունների հայաջինջ գործողությունները, իր երկրի կառավարությունից պահանջել է ազդու միջոցներով դադարեցնել հայերի կոտորածները։ Նրա երկերը և դիվանը (պատմական փաստաթղթերի ժողովածու) ապացուցում են, որ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում Առաջին աշխարհամարտի (1914-1918 թթ.) ժամանակ կատարվել է Հայոց ցեղասպանություն։
Յոհաննես Լեփսիուսը երկար տարիներ զբաղվել է Հայկական հարցով։ 1896 թ. գարնանը՝ աբդուլհամիդյան կոտորածների ժամանակ, Գերմանիայի հասարակական գործիչ, հայազգի Ջեյմս Գրինֆիլդի հետ շրջել է Փոքր Ասիայում՝ ականատեսների վկայություններ հավաքելու և հայերին հնարավոր օգնություն ցույց տալու նպատակով։ Նույն թվականի օգոստոսից Լեփսիուսը գերմանական մամուլում հրապարակել է «Ճշմարտությունը Հայաստանի մասին» հոդվածաշարը (18 հոդված), որը դարձել է «Հայաստանը և Եվրոպան...» (1896 թ.) աշխատության հիմքը։ Վերջինս 2 տարում հրատարակվել է 7 անգամ և թարգմանվել անգլերեն ու ֆրանսերեն։ Լեփսիուսը մասնակցել է հայերի սպանդի դեմ բողոքի ցույցերի կազմակերպմանը, իր ելույթներում ընդգծել, որ այդ հանցագործությունը կատարել է թուրքական կառավարությունը՝ սուլթանի գլխավորությամբ։ Սակայն նրա հայապաշտպան գործունեությունը հանդիպել է Թուրքիայի հետ մերձեցման ձգտող Գերմանիայի պաշտոնական շրջանակների հակազդեցությանը։
19-րդ դարի վերջին Լեփսիուսը միջոցներ է հավաքել Փոքր Ասիայի հայ բնակչության և տարբեր երկրներում ապաստանած հայ փախստականների համար որբանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, արդյունաբերական ձեռնարկություններ կառուցելու համար։ Հայերին օգնելու նպատակով 1914 թ-ի հունիսին նրա նախաձեռնությամբ ստեղծվել է «Գերմանա-հայկական ընկերություն» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն էր մինչև մահը։ Առաջին աշխարհամարտի նախօրեին եվրոպական երկրներում գործունեություն է ծավալել Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ կատարելու համար, համագործակցել է Կոստանդնուպոլսի հայերի, Պողոս Նուբարի (Պողոս փաշա Նուբարյան) հետ։
1915 թ. հուլիսին՝ հայերի շարունակվող տեղահանության և կոտորածների շրջանում, Լեփսիուսը հանդիպել է երիտթուրքական եռապետության պարագլուխներից և Հայոց ցեղասպանության գլխավոր հանցագործներից Էնվերին, պահանջել դադարեցնել ոճրագործությունը, սակայն ապարդյուն։ 1915 թ-ի սեպտեմբերին շվեյցարական թերթում հրապարակել է «Մի ամբողջ ժողովրդի ոչնչացումը» հոդվածը՝ սկզբնավորելով հայապաշտպան մեծ արշավը։ 1916 թվականին հրատարակել է «Տեղեկագիր հայ ժողովրդի կացության մասին Թուրքիայում» երկը, որը բաժանել է Գերմանիայի քաղաքական և եկեղեցական գործիչներին։ 1919 թ. այդ գիրքը վերահրատարակել է լրացումներով՝ «Հայ ժողովրդի մահը» վերնագրով (հայերեն՝ «Հայաստանի ջարդերը», 1919 թ.)։
«Տեղեկագիրը...» հրատարակելուց հետո Լեփսիուսը տարագրվել է չեզոք երկիր՝ Հոլանդիա, որտեղ շարունակել է հայանպաստ գործունեությունը, կապեր հաստատել հայկական շրջանակների, գրագրություն՝ անգլիացի պետական գործիչ Ջեյմս Բրայսի հետ։ Մշակել է ի պաշտպանություն հայերի ստեղծվելիք միջազգային լիգայի մանրամասն ծրագիրը։
Առաջին աշխարհամարտից հետո Լեփսիուսը հրապարակել է բազմաթիվ կարևոր փաստաթղթեր Հայաստանի վերաբերյալ («Գերմանիան և Հայաստանը 1914–18 թթ-ին», 1919 թ.)։ Այդ ժողովածուն Ավետիք Իսահակյանի միջոցով ուղարկել է Վերսալյան հաշտության խորհրդաժողովին մասնակցող հայկական պատվիրակությանը։ Ժողովածուում ընդգրկված նյութերը՝ Գերմանիայի և Թուրքիայի դեսպանների, հյուպատոսների և պաշտոնական այլ անձանց գաղտնի զեկուցագրերը, ականատեսների վկայությունները, հաստատում են, որ երիտթուրքերի կազմակերպած հայերի տեղահանությունն ու կոտորածները նպատակ ունեին ոչնչացնելու հայ ժողովրդին, և այդ հանցագործության մեջ մեղքի իր բաժինն ունի նաև Գերմանիան։
1921 թ. Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ հանդես է եկել որպես վկա և մերկացրել երիտթուրք ոճրագործ Թալեաթ փաշային։ Շարունակել է նյութական օգնություն ցույց տալ հայ որբերին ու փախստականներին, Խորհրդային Հայաստան է ուղարկել Գերմանա-հայկական ընկերության հայթայթած դեղորայքը։
Գրականություն
խմբագրել- Troeger, Brigitte, Brennende Augen, Brunnen-Verlag, (2008), ISBN 3-7655-1904-9
- Edition of the Documents and Periodicals of the Johannes Lepsius Archive It is made up of three parts – 1) Catalogue, 2) Microfiche edition, 3) Thematical lexicon
- Part 1։ Katalog. Dokumente und Zeitschriften aus dem Dr. Johannes-Lepsius-Archiv – Zusammengestellt und bearbeitet von Hermann Goltz und Axel Meissner. – XXVIII, 622 Seiten – K. G. Saur Verlag München – ISBN 3-598-34407-4
- Part 2։ Mikrofiche-Edition of the Documents and Periodicals of the Johannes Lepsius Archive. Bearb. von Hermann Goltz und Axel Meissner. Unter Mitarbeit von Ute Blaar and others. – 317 Silberfiches inkl. Begleitheft. Lesefaktor 24 X. – K. G. Saur Verlag München – ISBN 3-598-34408-2
- Part 3։ Thematisches Lexikon zu Personen, Institutionen, Orten, Ereignissen – Zusammengestellt und verfasst von Hermann Goltz und Axel Meissner. XIII, 605 Seiten. – K. G. Saur Verlag München – ISBN 3-598-34409-0
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #11694580X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Ցեղասպանության 100-ամյակը (Յոհաննես Լեփսիուս)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննես Լեփսիուս» հոդվածին։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 594)։ |