Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն
Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն[1], Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը, Թուրքիայի հայ համայնքի հոգևոր կառույցը։ Աթոռանիստը՝ Ստամբուլ քաղաք, Գումգափուի սուրբ Աստվածածին մայր եկեղեցի։
Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն | |
---|---|
Տեսակ | պատրիարքություն |
Մասն է | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնադրման թվական | 1461 |
Երկիր | Թուրքիա, Ստամբուլ |
Ղեկավարություն | Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք |
Ղեկավար | Սահակ Մաշալյան |
Տաճար | Սուրբ Աստվածածին մայր տաճար |
Գլխամաս | Սուրբ Աստվածածին մայր տաճար, Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Թուրքիա |
Կայք | turkiyeermenileripatrikligi.org |
Armenian Patriarchate of Constantinople Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է օսմանցի թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումից քիչ անց՝ 1461 թ. սուլթան Մեհմեթ Բ-ն նախաձեռնությամբ (հայ եկեղեցական համայնքը Կ.Պոլսում կազմակերպվել է 572 թվականին)։ Հանդիսանալով հայերի բարձրագույն հոգևոր մարմինը, ունենալով որոշակի առանձնաշնորհումներ հոգևոր ոլորտում՝ Օսմանյան կայսրությունում կատարել է խոշոր դեր հայերի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում, պաշտպանել հայերի շահերը թուրքական կառավարության մոտ։
Պատրիարքություն Հայոց Թուրքիոյի դերը և նշանակությունը պահպանվել է նաև Ազգային սահմանադրության (1860 թ.) ընդունումից հետո։ Նորաստեղծ պատրիարքության առաջին հայրապետը դառնում է Բուրսայից հրավիրված Հովակիմ եպիսկոպոսը։ 1543 թվականին Աստվածատուր Ա-ից սկսած կիրառվում Հայոց պատրիարք տիտղոսը։ Մինչև օրս Պոլսո Հայոց պատրիարքությունն ունեցել է 84 գահակալ։
Արդեն 17-րդ դարի սկզբին Պոլսո պատրիարքությանն է փոխանցվում Օսմանյան կայսրության տարածքում գոյություն ունեցող բոլոր հայ առաքելական եկեղեցիները։ 1900-ական թվականների սկզբին պատրիարքությունն ունեցել է 1181 եկեղեցի և 132 վանք։ Այսօր Պոլսո պատրիարքության իրավասության տակ են գտնվում ընդհանուր առմամբ 45 եկեղեցի, որոնցից 44-ը՝ Թուրքիայում, իսկ մեկը՝ Կրետե կղզում։ Թուրքիայի հայկական եկեղեցիներից վեցը գտնվում են Ստամբուլից դուրս՝ Կեսարիայում (սուրբ Գրիգոր Լուսավորիչ), Դիարբեքիրում (սուրբ Կիրակոս), Դերիկում (սուրբ Գևորգ), Իսքենդերունում (սրբոց Քառասնից Մանկանց), Քըրըքհանում (սուրբ Գրիգոր Լուսավորիչ) և Վաքըֆլը (սուրբ Աստվածածին) գյուղում։ Պատրիարքության ուղղակի կամ անուղղակի տնօրինության տակ են նաև բազմաթիվ այլ հաստատություններ։
Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքի շրջանում, չնայած չափավոր դիրքորոշմանը՝ չգրգռել իսլամական մոլեռանդությունը, այնուամենայնիվ, Պատրիարքություն Հայոց Թուրքիոյի նախաձեռնությամբ Սան Ստեֆանոյի պայմանագրի (1878 թ.) մեջ մտավ արևմտահայերի դրության համեմատական բարելավման մասին կետը։ Դրանով սկիզբ դրվեց Հայկական հարցի միջազգայնացմանը։ Քանի որ Սան Ստեֆանոյի պայմանագրի պայմանները չբավարարեցին հայկական հասարակական, քաղաքական շրջանակներին, Պատրիարքություն Հայոց Թուրքիոն որոշում ընդունեց պատվիրակություն ուղարկել եվրոպական տերությունների կողմից 1879 թ-ին գումարվող Բեռլինի կոնգրես։ Կոնգրեսի որոշումները չարդարացրին հայերի հույսերը։ Պատրիարքություն Հայոց Թուրքիոն բազմիցս փորձել է ներազդել թուրքական կառավարության վրա և ստիպել կատարել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի պայմանները Արևմտյան Հայաստանում բարեփոխումներն իրականացնելու վերաբերյալ։ Պատրիարքություն Հայոց Թուրքիոյի երբեմն վախվորած, անվճռական դիրքորոշումը վճռաբար դատապարտվեց հայ բնակչության, ինչպես նաև հայ քաղաքական կուսակցությունների կողմից (Գում Գափուի ցույց, 1890 թ.). 1894 թ-ի հայկական կոտորածների և Առաջին համաշխարհային պատերազմում հայերի ցեղասպանության ժամանակ Պատրիարքություն Հայոց Թուրքիոն զրկվեց Օսմանյան կայսրությունում հայ բնակչությանը որևէ օգնություն ցույց տալու հնարավորությունից։ Կ.Պոլսի, Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերի հոգևորականության բազմաթիվ ներկայացուցիչներ դարձան զանգվածային կոտորածների և տեղահանութան զոհեր։ Շատ հայ հոգևորականներ զենքը ձեռքին մասնակցեցին հայերի հերոսական ինքնապաշտպանական մարտերին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մի շարք հայաբնակ շրջաններում ու զոհվեցին։ 1915 թ-ի Մեծ եղեռնից հետո Պատրիարքություն Հայոց Թուրքիոն զգալիորեն կորցրեց իր նախկին նշանակությունն ու դերը։ Ներկայումս այն Թուրքիայի հայ համայնքի հոգևոր ներկայացուցչությունն է և ենթարկվում է Ամենայն հայոց կաթողիկոսությանը (էջմիածին)։
Աղբյուրներ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
Արտաքին հղումներ
խմբագրելՊոլսո Պատրիարքության պաշտոնական կայքը Արխիվացված 2013-12-20 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 619)։ |