Հատակ
Հատակ, շենքի (կառույցի) կոնստրուկցիայի տարր, որը կրում է մարդկանց տեղաշարժվելուց, բեռների տեղափոխումից. ինչպես նաև շենքում գտնվող կահույքից և սարքավորումներից փոխանցվող ներգործությունները։ Ժամանակակից շինարարության մեջ hատակի կոնստրուկցիան, որպես կանոն, բազմաշերտ է։ Այն կազմված է հատակի հիմքից (միջհարկային ծածկեր կամ գրունտ) և ծածկից (հատակի վերին շերտը)։ Հատակի ծածկը կարող է լինել միաձույլ կամ հոծ (ցեմենտե, ասֆալտ-բետոնե ), թերթային և գլանափաթեթային նյութերից (լինոլեում, սինթետիկ խավոտ ծածկեր են), հատային նյութերից (մանրահատակ, խեցե սալիկներ ևն)։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատակների վրա են ընթանում բազմապիսի գործընթացներ, այդ իսկ պատճառով պետք է ունենան հետևյալ հատկությունները.
- մեխանիկական բավարար ամրություն՝ ստատիկ և դինամիկ բեռնվածքների նկատմամբ
- փոքր մաշելիություն
- հարթ և ողորկ մակերես
- առաձգականություն
- չաղմկող
- ջերմակլանման փոքր գործակից
- անսայթաքելի
- հեշտ մաքրվող և վերականգնվող
- չհրկիզվող
- դիմացկուն և անջրաթափանց
- քիմիապես կայուն
- որոշ դեպքերում փոքր էլեկտրահաղորդունակ։
Հատակների տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական և արտադրական շենքերում կիրառում են 2 տեսակի հատակածածկույթ.
Ստորադիր շերտի համար օգտագործում են կոշտ շինանյութեր (բետոն, երկաթբետոն) և չկապակցված նյութեր (ավազ, կոպիճ, խիճ)։ Գերադասելի են չկապակցված նյութերից իրականացված ստորադիր շերտերը, քանի որ լավ խլացնում են հարվածները, ինչպես նաև համեմատաբար էժան են։ Դրանց հաստությունը լինում է 150-200 մմ։ Մետաղե հատակները թանկության պատճառով կիրառվում են խիստ անհրաժեշտության դեպքում։
Փայտե հատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճակատափայտի հատակ- պատրաստվում է սոճու ուղղանկյուն կամ վեցանկյուն հականեխված կոճղերից, բարձրությունը 60-100 մմ է, լայնությունը՝ 60-70 մմ, երկարությունը՝ 150-160 մմ, ստորադիր շերտը պատրաստվում է կավաբետոնից, խճից և սակավ ցեմենտաբետոնից
- տախտակե հատակ- կիրառվում են թաց և հրդեհավտանգ պրոցեսների բացակայության և փոքր բեռնվածքների դեպքում, գետնի վրա հատակ պատրաստելիս օգտագործում են 40 մմ հաստության և 80-140 մմ լայնության տախտակներ, որոնք դրվում են տափագերանների վրա։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1.Վ.Մ. Տեր-Ավագյան «Քաղաքացիական և արդյունաբերական շենքերի Ճարտարապետություն»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 271)։ |