CD
Սեղմասկավառակ | |
---|---|
Կրիչի տեսակը | Օպտիկական սկավառակ |
Անվանում | Սեղմասկավառակ |
Հապավում | ՍՍ (CD) |
Ընդհանուր տեղեկություններ | |
Մշակման տարեթիվ | 1982 |
Մշակողներ | Philips, Սոնի |
Չափերը | 120 × 1,2 մմ |
Տարողությունը | մինչև 900 ՄԲ (100 րոպե)։ Ձայնային տվյալների համար սովորաբար 700 ՄԲ (80 րոպե) |
Ընթերցման արագությունը | 176 ԿԲ/վ (Ձայնային ՍՍ) 150 ԿԲ/վ (1×) 10800 ԿԲ/վ (72×) |
Գրանցման արագությունը | 150 ԿԲ/վ (1×) 8400 ԿԲ/վ (56×) |
Ընթերցման ամենամեծ արագությունը | 72× (10,8 Մբ/վ) |
Պիտանության ժամկետը | 10—50 տարի |
Սեղմասկավառակը կամ Խտասկավառակ (կրճատ՝ ՍՍ կամ ԽՍ) (անգլ.՝ Compact Disc) օպտիկական թվային կրիչ է մեջտեղում անցք ունեցող պլաստիկ սկավառակի տեսքով, որում տվյալների գրանցումը և ընթերցումը կատարվում է լազերի միջոցով։ Սեղմասկավառակների հետագա զարգացումը հանդիսացավ թվային տեսասկավառակը։
Սկզբնապես սեղմասկավառակը ստեղծվել էր CD ձայնահետագծերը թվային տեսքով պահպանելու համար (հայտնի է որպես CD Audio), սակայն հետագայում սկսեց լայնորեն կիրառվել որպես կրիչ տարբեր տեսակի տվյալների (նշոցների) պահպանման համար՝ երկուական նշոցի ( CD-ROM (անգլ.՝ Compact Disc Read Only Memory, սեղմասկավառակ միայն ընթերցելու հնարավորությամբ) տեսքով։ Հետագայում ի հայտ եկան սեղմասկավառակներ ոչ միայն տվյալներն ընթերցելու հնարավորությամբ, այլ նաև դրանց գրանցման և վերագրանցման հնարավորությամբ (CD-R, CD-RW)։
CD-ROM-ում նշոցների ձևաչափը տարբերվում է ձայնային սեղմասկավառակների գրանցման ձևաչափից և այդ իսկ պատճառով սովորական ձայնային սեղմասկավառակների նվագարկիչը չի կարող վերծանել նրանում պահպանվող տվյալները, այդ պատճառով էլ պահանջվում է հատուկ սարքատար (սարք)՝ այդպիսի սկավառակներն ընթերցելու համար (այսօր դրանք առկա են բոլոր համակարգիչներում)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեղմասկավառակը մշակվել և ներկայացվել է 1980 թվականին «Philips» և «Sony» ընկերությունների կողմից։ Որպես ազդանշանի կոդավորման եղանակ օգտագործվել է իմպուլսա-կոդային մոդուլումը (ԻԿՄ, անգլ. Pulse Code Modulation, PCM), սեփական եղանակը, որը նախկինում կիրառվում էր մասնագիտացված թվային ձայնարկիչներում։ 1982 թվականին սկսվեց սեղմասկավառակների զանգվածային արտադրությունը Գերմանիայի Լանգենխագեն քաղաքի գործարանում՝ Հաննովերի մոտ։ Առաջին երաժշտական առևտրային ՍՍ-ն լույս է տեսել 1982 թվականի հունիսի 20-ին։ Պատմությունը փաստում է, որ նրանում ձայնագրված է եղել ABBA խմբի «The Visitors» ալբոմը[1]։ Երաժշտական խանութներում ի հայտ եկած առաջին սեղմասկավառակը եղել է 1978 թվականին Բիլի Ջոելի «52nd Street» ալբոմը։
«Philips»-ի տվյալներով, 25 տարվա ընթացքում աշխարհում վաճառվել է ավելի քան 200 միլիարդ ՍՍ։ Չնայած նրան, որ մարդիկ ավելի շատ նախընտրում են երաժշտական նշոցներ ձեռք բերել համացանցի միջոցով, IFPI-ի տվյալների համաձայն սեղմասկավառակների վաճառքը կազմում է ամբողջ երաժշտության վաճառքի մոտավորապես 70%։
Սեղմասկավառակների արդիականացմանը զգալի ներդրում են ունեցել «Microsoft» և «Apple Computer» ընկերությունները։ Ջոն Սկալլին՝ «Apple Computer»-ի նախկին գործադիր տնօրենը, 1987 թվականին ասաց, որ սեղմասկավառակներն անհատական համակարգիչների աշխարհում հեղաշրջում կկատարեն։ Սեղմասկավառակներ օգտագործող առաջին զանգվածային համակարգիչ/զվարճանքի կենտրոնը եղել է «Amiga CDTV»-ն (Commodore Dynamic Total Vision), հետագայում սեղմասկավառակները սկսեցին օգտագործվել «Panasonic 3DO» և «Amiga CD32»-ի խաղային բարձակներում։
Ջեյմս Ռասսելի վարկած
[խմբագրել | խմբագրել կոդը]Առկա է վարկած, որ սեղմասկավառակները ստեղծել են ոչ թե «Philips» և «Sony» ընկերությունները, այլ ամերիկացի ֆիզիկոս Ջեյմս Ռասսելը[2], աշխատելով «Optical Recording» ընկերությունում։ Արդեն 1971 թվականին նա ներկայացրեց տվյալների պահպանման համար նախատեսված իր գյուտը։ Ինքը դա արել էր իր «անձանական» նպատակների համար, ցանկանալով կանխել սեփական ձայնապնակները ձայնահանի ասեղների կողմից արվող ճանկռոտումից։ Ութ տարի անց նրանից «անկախ» նման սարք ստեղծեցին «Philips» և «Sony» ընկերությունները։
Բեթհովենի իններորդ սիմֆոնիան և սեղմասկավառակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեղմասկավառակի ձևաչափի վերաբերյալ բանակցությունների մասնակիցները և ականատեսները փաստում են, որ «Philips» և «Sony» ընկերություններում մինչև 1980 թվականի մայիսը չի եղել միակարծություն սկավառակի արտաքին տրամագծի վերաբերյալ։ «Sony» ընկերության ճարտարագետների տեսակետից բավարար էր 100 մմ տրամագիծը, քանի որ այն թույլ է տալի նվազեցնել դյուրակիր նվագարկիչի չափերը։ «Philips»-ի բարձրագույն ղեկավարությունն այն կարծիքի էր, որից ելնելով սկավառակը չպետք է ստանդարտ ձայներիզի, որը շուկայում մեծ հաջողություններ ուներ, անկյունագծային չափերից (115 մմ) ավելի մեծ լինի։ Բացի այդ, այդ դեպքում սկավառակը կհամապատասխաներ DIN համակարգի նորմալ գծային չափերին։
«Sony» ընկերության փոխնախագահ Նորիո Օգան[3], լինելով երաժիշտ[4], իր հերթին ենթադրում էր, որ սկավառակը պետք է ներառեր Բեթհովենի իններորդ սիմֆոնիան։ Այդ դեպքում, նրա կարծիքով, սկավառակների միջոցով կարելի կլիներ տարածել դասական երածշտության 95%[5][6]։ Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ, օրինակ՝ իններորդ սիմֆոնիան Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբի կատարմամբ՝ Հերբերտ ֆոն Կարայանի ղեկավարմամբ ունեցել է 66 րոպե տևողություն։ Առավել երկարատև կատարումը դարձավ Վիլհելմ Ֆուրտվենգլերի ղեկավարմամբ սիֆոնիայի կատարումը Բայրոյթի փառատոնի ժամանակ — 74 րոպե։ Հենց դա էլ հիմք հանդիսացավ սկավառակի տարողության որոշման հարցում[7][8]։
«Ինչպես դեպքերի մեծամասնությունում, գեղեցիկ պատմությունը ոչ մի առնչություն չունի իրական կյանքի հետ։ Այդ պատմությունը առաջացել է «Philips» ընկերության հանրային կապերի գործակալների գրչի տակից», — կարծում է «Philips»-ի գլխավոր ճարտարագետ Կեես Սխոուխամեր Իմմինկը։ Ըստ նրա, իրականությունն այլ է եղել։ Հաննովերի մոտ «Philips»-ն արդեն պատրաստել էր սեղմասկավառակների արտադական գիծը «PolyGram» գործարանում։ Նվազագույն ժամկետում հնարավոր էր արտադրել 115 մմ տրամագծով սկավառակներ։ 120 մմ չափերով սկավառակների արտադրությունը պահանջում էր ժամանակ և զգալի դրամական ծախսեր, քանի որ այն կապված էր հանդերձանքի փոխարինման հետ։ Իմմնիկի կարծիքով, «Sony»-ն չցանկացավ հարմարվել իրավիճակին, որ «Philips»-ը շուկա մուտք գործելու առավելություն կստանա[9]։
Այնուամենայնիվ, 1980 թվականի մայիսին ընկերությունների բարձրագույն ղեկավարությունների գրչով որոշվեց սկավառակի վերջնական չափը (120 մմ), տարողությունը (74 րոպե տևող ձայնագրություն) և ընդհատավորման հաճախությունը (44,1 ԿՀց)։ Մնացած բոլոր տեխնիկական չափանիշները հաշվարկվում էին՝ ելնելով համաձայնեցրած տվյալներից։
Պահպանվող տվյալների ծավալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեղմասկավառակներն ունեն 1 սմ տրամագիծ և սկզբնապես կարող էին պարունակել մինչև 650 մեգաբայթ տեղեկատվություն (կամ 74 րոպեանոց ձայնագրություն)։ Սակայն, սկսած 2000 թ.-ից, առավել լայն կիրառություն ստացան 700 Մբայթ ծավալով սկավառակները, որոնք թույլ էին տալիս ձայնագրել 80 րոպեանոց ձայնագրություն։ Հանդիպում են նաև 800 Մբայթ (90 րոպեանոց) և նույնիսկ ավելի մեծ հիշողության ծավալի սակավառակներ, սակայն դրանք կարող են չընթերցվել սեղմասկավառակների մի շարք սարքատարների կողմից։ Հանդիպում են նաև սինգլներ՝ 8.9 սմ տրամագծով (պետք չէ շփոթել մանրասկավառակների հետ՝ 8 սմ տրամագծով), որոնց վրա տեղավորվում են 140 կամ 210 Մբայթ տվյալներ կամ 21 րոպեանոց ձայնային տվյալներ, և սեղմասկավառակ, որը հիշեցնում է վարկային քարտ (այսպես կոչված սկավառակներ-այցեքարտեր)։
Պահպանվող տվյալների ծավալի մեծացումը հնարավոր եղավ շնորհիվ սկավառակների թույլատրելի թերաչափսերի ամբողջական օգտագործման։ Այսպես, օրինակ՝ ըստ ECMA-130-ի ստանդարտի՝ սկավառակի հետագծերի միջև տարածությունը կազմում է 1,6 ± 0,1 մանրաչափ, սկավառակի պտույտի գծային արագությունը կազմում է 1,2 կամ 1,4 մ/վ ± 0,01 մ/վ ՝ 4,3218 Մբիթ/վ թողունակությամբ։ 650 մեգաբայթ ծավալը համապատասխանում է 1,41 մ/վ արագության, իսկ հետագծերի միջև հեռավորությունը կազմում է 1,7 մանրաչափ։ 800 մեգաբայթ ծավալը համապատասխանում է 1,39 մ/վ արագության և հետագծերի միջև 1,5 մանրաչափի հեռավորության։
Տեսակը Տրամագիծը
(սմ)Հատվածների թիվը Տարողությունը տվյալների դեպքում
2048 բայթ/հատվածումձայնային նյութերի դեպքում
2352 բայթ/հատվածումՄԲ[10] ՄիԲ[11] ՄԲ ՄիԲ Րոպե Սկավառակ-այցեքարտ ՞ ՞ ≈ 20–110 ≈ 19–105 ՞ ՞ 5 Մանրասկավառակ 8 94.500 ≈ 194 ≈ 185 ≈ 222 ≈ 212 23 «540 ՄԲ» ՞ 283.500 ≈ 581 ≈ 554 ≈ 667 ≈ 636 63 Սովորական ՍՍ / «650 ՄԲ» 12 333.000 ≈ 682 ≈ 650 ≈ 783 ≈ 747 74 «700 ՄԲ» 12 360.000 ≈ 737 ≈ 703 ≈ 847 ≈ 807 80 «800 ՄԲ» 12 405.000 ≈ 829 ≈ 791 ≈ 953 ≈ 908 90 «900 ՄԲ» 12 445.500 ≈ 912 ≈ 870 ≈ 1.048 ≈ 999 99
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկավառակի երկրաչափություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեղմասկավառակն իրենից ներկայացնում է պոլիկարբոնատային տակդիր 1.2 մմ հաստությամբ և 120 մմ տրամագծով՝ պատված մետաղի բարակ շերտով (ալյումին, ոսկի, արծաթ և այլն), պաշտպանված է լաքի շերտով, որի վրա սովորաբար տեղադրվում է սկավառակի պարունակության գրաֆիկական ներկայացումը։ Շերտից ընթերցելու սկզբունքը հնարավորություն է տալիս պարզ և արդյունավետ կերպով իրականացնել տեղեկատվության կառուցվածքի պաշտպանությունը և հեռացնել այն սկավառակի արտաքին մակերևույթից։ Արտաքին մակերևույթին առկա է 0,2 մմ բարձրությամբ շրջանաձև ելուստ, ինչը թույլ է տալիս հարթ մակերևութին դրված սկավառակին չդիպչել այդ մակերևույթին։ Կենտրոնում գտնվում է 15 մմ տրամագծով անցք։ Սկավառակի քաշը առանց տուփի կազմում է ~15,7 գրամ։
Տվյալների կոդավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկավառակի վրա տվյալների պահպանման ձևաչափը, որը հայտնի է որպես ձայնային սեղմասկավառակ, մշակվել է «Sony» ընկերության կողմից։ Դրան համապատասխան սեղմասկավառակի վրա ձայնը կարելի է գրել 2 ալիքներով՝ 16-բիթային իմպուլսա-կոդային մոդուլմամբ և 44,1 կՀց ընդհատավորման հաճախությամբ։ Շնորհիվ Ռիդ — Սոլոմոնի ծածկագրի սխալների ուղղման միջոցով, թեթև շառավղային վնասվածքները չեն ազդում սկավառակի ընթերցելիության վրա։ «Philips»-ը նաև հանդիսանում է «Compact disc digital audio» ապրանքանիշի սեփականատերը (ձայնային սեղմասկավառակների ապրանքանիշ)։
Տվյալների կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկավառակի վրա տվյալները գրվում են պարուրաձև հետագծերի փոսերի տեսքով, որոնք դրոշմված են պոլիկարբոնատային հիմքի վրա։ Յուրաքանչյուր փոս ունի մոտ 100 նմ խորություն և 500 նմ լայնություն։ Փոսի երկարությունը տատանվում է 850 նմ-ից մինչև 3,5 մանրաչափ։ Փոսերի միջև կա տարածություն։ Պարույրներում հետագծերի քայլերը կազմում են 1,6 մանրաչափ։ Փոսերը ցրում կամ կլանում են իրենց վրա ընկնող լույսը, իսկ պոլիկարբոնատային տակդիրը՝ անդրադարձնում։ Ուստի գրված սեղմասկավառակը անդրադարձիչ դիֆրակցիոն ցանցի օրինակն է՝ 1,6 մանրաչափ պարբերությամբ։
Տարբերում են միայն ընթերցելու համար սկավառակներ («ալյումինային»), CD-R` մեկանգամյա գրելու հնարավորությամբ և CD-RW` բազմակի գրելու հնարավորությամբ։ Վերջին երկու տեսակի սկավառակները նախատեսված են հատուկ գրող սարքատարների վրա գրելու համար։ Մի շարք ՍՍ-նվագարկիչներում և երաժշտական կենտրոններում այդպիսի սկավառակները կարող են չընթերցվել (վերջին ժամանակներս կենցաղային տեխնիկա արտադրող կազմակերպություններն ապահովում են CD-R/RW ընթերցելու հնարավորությունը)։
Տվյալների ընթերցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալները սկավառակից ընթերցվում են 780 նմ ալիքի երկարությամբ լազերային ճառագայթի միջոցով, որը ճառագայթում է կիսահախորդչային լազերով։ Տվյալները՝ բոլոր տեսակի կրիչների համար՝ լազերով ընթերցելու սկզբունքը կայանում է անդրադարձվող լույսի ինտենսիվության փոփոխության գրանցման մեջ։ Լազերային ճառագայթը կիզակետվում է տվյալների շերտի վրա՝ ~1,2 մանրաչափ տրամագիծ ունեցող բծով։ Եթե լույսը կիզակետվել է փոսերի միջև (տարածության վրա), ապա ընդունիչ լուսադիոդը գրանցում է առավելագույն ազդանշան։ Եթե լույսը ընկնում է փոսի վրա, լուսադիոդը գրանցում է լույսի նվազ ինտեսիվություն։
Միայն ընթերցելու համար ՍՍ և մեկանգամյա գրանցելի (CD-R) ու վերագրանցելի (CD-RW) սկավառակների միջև տարբերությունը կայանում է փոսերի ձևավորման եղանակի մեջ։ Միայն ընթերցելու համար սկավառակների փոսերն իրենցից ներկայացնում են որոշակի ռելիեֆային կառուցվածք (ֆազային դիֆրակցիոն ցանց), ընդ որում յուրաքանչյուր փոսի օպտիկական խորությունը մեկ քառորդ փոքր է լազերի լույսի ալիքի երկարությունից, ինչը հանգեցնում է փոսից անդրադարձված լույսի և տարածությունից անդրադարձված լույսի միջև ֆազերի տարբերությանը, որը հավասար է այդ լույսի ալիքի երկարության կեսին։ Արդյունքում լուսընդունիչի հարթությունում դիտարկվում է կազմալուծման ինտերֆերենցիայի էֆեկտ և գրանցվում է ազդանշանի մակարդակի իջեցում։ CD-R/RW-ի դեպքում փոսնը իրենից ներկայացնում է ավելի շատ լույս կլանող տարածք, քան փոսերի միջև եղած տարածությունը (ամպլիտուդային դիֆրակցիոն ցանց)։ Արդյունքում լուսադիոդը նաև գրանցում է սկավառակից անդրադարձվող լույսի ինտենսիվության իջեցում։ Փոսի երկարությունը փոխում է ոչ միայն ամպլիտուդը, այլ նաև գրանցվող ազդանշանի երկարությունը։
ՍՍ-ի գրանցման/ընթերցման արագությունը նշվում է 150 Կբ/վ-ին (այսինքն 153 600 բիթ/վ) բազմապատիկ։ Օրինակ՝ 48-արագությամբ սարքատարն ապահովում է ՍՍ ընթերցման կամ գրանցման առավելագույն արագությունը, որը հավասար է 48 × 150 = 7200 Կբ/վ (7,03 Մբ/վ)։
Պաշտպանությունը պատճենումից
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեղմասկավառակների մասնագիրը չի նախատեսում պատճենումից պաշտպանության որևէ մեխանիզմ. սկավառակները կարելի է ազատորեն պատճենել և տարածել։ Սակայն սկսած 2002 թվականից, տարբեր արևմտյան ձայնագրման կազմակերպությունները սկսեցին փորձեր ձեռնարկել ստեղծելու սեղմասկավառակներ, որոնք պաշտպանված կլինեն պատճենումից։ Գրեթե բոլոր եղանակների հիմքում դրված է սկավառակներում գրանցվող տվյալների մեջ դիտավորյալ կերպով սխալներ ներառելը, այնպես որ ՍՍ-նվագարկիչների կամ երաժշտական կենտրոնների վրա սկավառակն ընթերցվի, իսկ համակարգչում՝ ոչ։ Արդյունքում այդպիսի սկավառակներն ընթերցվում են ոչ բոլոր նվագարկիչներում, իսկ որոշ համակարգիչներում՝ ընթերցվում են։ Ստեղծվում են ծրագրեր, որոնք թույլ են տալիս պատճենել նույնիսկ պաշտպանված սկավառակները և այլն։ Ձայնագրող արդյունաբերությունը, սակայն, հույսը չի կորցնում և շարունակում է ձեռնարկել նորանոր եղանակներ։
«Philips»-ը հայտարարել է, որ այդպիսի սկավառակների վրա, որոնք չեն համապատասխանում ձայնային սեղմասկավառակի մասնագրին, արգելվում է նշել «Compact disc digital audio» տարբերանշանը։
Տվյալներ կրող սկավառակների համար կան պատճենումից պաշտպանող զանազան եղանակներ, օրինակ՝ տվյալների դիրքի չափում, StarForce, SecurDisc և այլն։
Ձայնային սեղմասկավառակների ձևաչափը (մինչև cd-զավթիչ (grabber) ծրագրերի ստեղծումը) հանդիսանում էր հեղինակային իրավունքների յուրահատուկ պաշտպանություն և չէր թույլատրում ձայնային նշոցների դուրս հանումը սկավառակից, օրինակ՝ «Windows Նիշքախույզ» ծրագրի միջոցով։
Սեղմասկավառակների արտադրության փուլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաստերինգ. տվյալների մշակման գործընթացը՝ արտադրությունը թողարկելու համար։
- Լուսավիմագրություն. սկավառակի դրոշմոցի պատրաստման գործընթաց։ Ապակյա սկավառակը պատվում է լուսառեզիստի շերտով, որի վրա կատարվում է տվյալների գրանցումը։ Լուսառեզիստը պոլիմերային լուսազգայուն նյութ է, որը լույսի ազդեցության տակ փոխում է իր ֆիզիկա-քիմիական հատկությունները։
- Տվյալների գրանցում։ Գրանցումը կատարվում է լազերի ճառագայթով, որի հզորությունը մոդուլացվում է գրանցվող տեղեկատվությամբ։ Փոսի ստեղծման համար լազերի հզորությունը ուժգնացվում է, ինչը հանգեցնում է լուսառեզիստի մոլեկուլների քիմիական կապերի քայքայման։
- Լուսառեզիստի երևակում։ Լուսառեզիստի մակերևույթը ենթարկվում է խածատման (թթվածնային, ալկալիական, պլազմային), ինչի արդյունքում հեռացվում են լուսառեզիստի այն հատվածները, որոնք չեն լուսակայվել լազերային ճառագայթով։
- Գալվանապլաստիկա։ Բազմացման համար նախատեսված երևակված ապակյա սկավառակը զետեղվում է գալվանական գուռի մեջ, որտեղ նրա մակերևույթը ենթարկվում է նիկելի բարակ շերտի էլեկտրոլիտային նստեցման։
- Սկավառկների դրոշմում ճնշաձուլման եղանակով՝ ստացված դրոշմոցի կիրառմամբ։
- Հայելային մետաղյա (ալյումին, ոսկի, արծաթ) շերտի փոշեպատում տեղեկատվական շերտի վրա։
- Պատում պաշտպանիչ լաքի շերտով։
- Ապրանքանիշի պատկերի տեղադրում։
Գրանցումը սեղմասկավառների վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն նաև տնային պայմաններում գրանցելու հնարավորություն ունեցող սկավառակներ՝ մեկ անգամ գրանցելի սեղմասկավառակներ (CD-R (Compact Disc Recordable)) և վերագրանցելի սեղմասկավառակներ (CD-RW (Compact Disc ReWritable))։ Այդպիսի սկավառակներում կիրառվում է հատուկ ակտիվ նյութ, որը թույլ է տալիս կատարել տվյալների գրանցում/վերագրանցում։ Տարբերում են օրգանական (հիմնականում CD-R տեսակի սկավառակներ) և ոչ օրգանական (հիմնականում CD-RW սկավառակներ) ակտիվ նյութով սկավառակներ։
Օրգանական ակտիվ նյութի օգտագործման դեպքում գրանցումը կատարվում է նյութի քիմիական կապերի քայքայման ճանապարհով, ինչը հանգեցնում է նրա մգեցման (նյութի անդրադարձման գործակցի փոփոխության)։ Ոչ օրգանական ակտիվ նյութի օգտագործման դեպքում գրանցումը կատարվում է նյութի անդրադարձման գործակցի փոփոխությամբ, ինչի արդյունքում տեղի է ունենում անցում ամորֆ ագրեգատային վիճակից բյուրեղային, և ընդհակառակը։ Այս երկու դեպքերում գրանցումը կատարվում է լազերի հզորության մոդուլման միջոցով։
Տեխնոլոգիա HD-BURN
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձր խտությամբ գրանցման տեխնոլոգիայի հիմքում ընկած է երկու նոր սկզբունքների կիրառումը, որոնք թույլ են տալիս սովորական կրիչի — CD-R սկավառակի վրա երկու անգամ ավելի շատ տվյալներ գրել[12]։
- Սկավառակի վրա փոսի երկարությունը նվազեցվում է մինչև 0,62 մանրաչափ։ Սովորական սեղմասկավառակի փոսի երկարությունը կազմում է 0,83 մանրաչափ։ Դա նշանակում է, որ HD-BURN-ը մեծացնում է սկավառակի տարողությունը 1,35 անգամ։ 0,62 մանրաչափ փոսի երկարությունն ընտրվել է նրա համար, որ առկա DVD տեսանվագարկիչները և DVD-ROM սարքատարները կարողանան ընթերցել HD-BURN սկավառակները աննշան արդիականացումից հետո։
- Կիրառվում է սխալների ուղղման այլ համակարգ. CIRC-ի (Cross Interleaved Reed Solomon Code — Ռիդ-Սոլոմոնի միջարկված ծածկագրի) փոխարեն կիրառվում է RS-PC-ն (RS-PRODUCT Code)՝ 8-16 մոդուլմամբ։ Դա հնարավորություն է տալիս մեցացնել տարողությունը ևս 1,49 անգամ։ Ինչպես հայտնում է «Sanyo»-ն, սխալների ուղղման նոր RS-PC համակարգը ոչ միայն ավելի սեղմ է, այլ նաև ավելի արդյունավետ է, քան CIRC-ն։
Արդյունքում մեկ սեղմասկավառակի տարողությունը, որը գրվում է HD-BURN աշխատակերպում, երկու անգամ գերազանցում է սովորական աշխատակերպում գրվող սեղմասկավառակի տարողությանը։
Ձևավոր սեղմասկավառակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձևավոր սեղմասկավառակը (անգլ.՝ Shaped Compact Disc) միայն ընթերցելու համար սեղմասկավառակ է (CD-ROM), բայց ոչ թե խիստ կլոր, այլ կամայական ձևի. արտաքին եզրագծի պատկերը տարբեր առարկաների տեսք ունի, օրինակ՝ ստվերանկարների, մեքենաների, ինքնաթիռների, սրտիկների, աստղիկների, ձվածիրերի, վարկային քարտերի և այլն։ Սովորաբար դրանք օգտագործվում են շոուբիզնեսում որպես ձայնային տվյալների և տեսանյութերի կիչներ։ Արտոնագրված է Գերմանիայում ձայնագրող պրոդյուսեր Մարիո Կոսսի կողմից (1995)։
Սովորաբար կլորաձև սկավառակներից տարբերվող սկավառակները խորհուրդ չի տրվում օգտագործել CD-ROM սարքատարներում, քանի որ բարձ արագությամբ պտտվելիս սկավառակը կարող է տրաքվել և սարքատարը շարքից դուրս բերել։ Սյդ պատճառով ձևավոր սեղմասկավառակ սարքատարի մեջ դնելիս անհրաժեշտ է հատուկ ծրագրերի միջոցով ստիպողաբար սահմանափակել սկավառակի պտտման արագությունը։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս եղանակը չի երաշխավորում սարքատարի ավտանգությունը։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«CD-սկավառակ» բառակապակցության օգտագործումը հանդիսանում է նույնաբանություն, քանի որ CD հապավումը (անգլ.՝ Compact Disc) արդեն ներառում է «սկավառակ» բառը՝ արդյունքում ստացվում է «սեղմասկավառակ-սկավառակ»։ Նույնապես DVD-սկավառակ (անգլ.՝ Digital Versatile Disc)՝ «Թվային տեսասկավառակ»։
Սեղմասկավառակ ձևաչափով առաջին երաժշտական ալբոմը Բիլի Ջոելիի «52nd Street» էր[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սեղմասկավառակն արդեն 25 տարեկան է | «Համակարգչային տեսություն» ամսագրի կայքը (չաշխատող հղում)
- ↑ «MEMBRANA | Սեղմասկավառակի ստեղծողը դրանից ոչ մի ցենտ չի վաստակել։». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Առկա են բազմաթիվ առասպելներ, որտեղ որպես գործող անձինք հանդես են գալիս նվազագույնը 4 հոգի կամ նրանցից խումբ՝ Նորիո Օգան, նրա կինը, «Sony» ընկերության նախագահների խորհրդի ներկայացուցիչի կինը՝ Ակիո Մորիտան և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանը, որը գրում էր երաժշտությունը «Philips»-ի դուստր ձայնագրման ընկերության «Polygram»-ի հետ կնքած պայմանագրով։
- ↑ Sony Chairman Norio Ohga Receives Honorary Doctorate from McGill University in Canada(անգլ.)
- ↑ Sony History Արխիվացված 2008-12-23 Wayback Machine(անգլ.)
- ↑ Optical Recording: Beethoven’s Ninth Symphony of greater importance than technology(անգլ.)
- ↑ Beethoven’s Birth in Bonn Leads to Longer CDs(անգլ.)
- ↑ The CD story(անգլ.)
- ↑ Shannon, Beethoven, and the Compact Disc Արխիվացված 2015-03-18 Wayback Machine(անգլ.)
- ↑ Տասնորդական նախածանց (1 ԿԲ = 1.000 Բայթ)
- ↑ Տասնորդական նախածանց (1 ԿիԲ = 1.024 Բայթ)
- ↑ «HD-BURN. գրանցելի սեղմասկավառակների գրանցման նոր տեխնոլոգիա». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ 1000 և 1 փաստ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բոուհյուզ Գ., Բրաատ Ջ., Հեյսեր Ա. և այլն։, Օպտիկական սկավառակային համակարգեր (Principles of Optical Disc Systems), Մոսկվա, «Ռադիո և կապ», էջ 280, ISBN 5-256-00378-X։
- Մարկ Լ. Չեմբերս., Սեղմասկավառակների և տեսասկավառակների գրանցումը անտեղյակների համար (CD & DVD Recording For Dummies) (2-րդ հրտ), Մոսկվա, «Դիալեկտիկա», էջ 304, ISBN 0-7645-5956-7։
- Է. Տանենբաում, Արդի օպերացիոն համակարգեր (Modern operating systems) (2-րդ հրտ), «Պիտեր», էջ 1037, ISBN 0-13-031358-0։
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Статья:Оптические носители устаревают? Արխիվացված 2011-11-15 Wayback Machine
- Архив конференции RU.CD.RECORD (вопросы записи CD-дисков) Արխիվացված 2007-09-28 Wayback Machine
- История компакт-диска Արխիվացված 2008-03-06 Wayback Machine(անգլ.) (PDF, 160 Кб)
- ECMA-стандарт (аналог ISO) на диски CD-ROM(անգլ.)
- ГОСТ 28376-89 Компакт-диск. Параметры и размеры
- Принципы работы устройств воспроизведения оптических дисков Արխիվացված 2008-09-24 Wayback Machine
- Структура информационной дорожки CD-диска Արխիվացված 2009-02-25 Wayback Machine
- Альтернативная версия разработки компакт-дисков Արխիվացված 2008-01-16 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «CD» հոդվածին։ |
|