Հավասարակշռության օրգաններ
Հավասարակշռության օրգաններ, մարդու և կենդանիների հատուկ օրգաններ, որոնք ընկալում են տարածության մեջ մարմնի դիրքի փոփոխությունները, ինչպես նաև օրգանիզմի վրա արագացումների և ձգողության ուժերի ազդեցությունը։ Անողնաշարավոր կենդանիների հավասարակշռության օրգաններ ստատոցիստներն են կամ ձայնային բշտիկները, որոնց ներսում կան կոշտ գոյացումներ՝ ստատոլիտներ (ականջաքարեր)։ Առավել բարդ են գլխոտանի փափկամարմինների հավասարակշռության օրգանները, որոնք փակ բշտիկների ձևով տեղադրված են գլխային կռճիկի պատյանում։ Ողնաշարավոր կենդանիների (ներառյալ մարդու) հավասարակշռության օրգանը անդաստակային (վեստիբուլյար) ապարատն է, որը գտնվում է ներքին ականջում։ Վերջինիս կիսաշրջանաձև խողովակները մասնակցում են հավասարակշռության և տարածության մեջ մարմնի դիրքի կարգավորմանը։ Խողովակների թելանման բջիջների գրգռումից առաջացած ազդակները անդաստակային նյարդով հաղորդվում են գլխուղեղ։ Կենտրոնական անդաստակային մեխանիզմների բարդ կառուցվածքը, ուղեղիկի և ցանցանման գոյացության հետ եղած բազմաթիվ կապերը ապահովում են փոխներգործությունը մյուս անալիզատորների հետ և պայմանավորում մկանների լարվածության (տոնուսի) նուրբ կարգավորումը։ Ականջի լաբիրինթոսներից, աչքերից, մկանային, հոդային և մաշկային ընկալիչներից եկող զգայական ազդակների ամբողջությունն առաջացնում է ստատոկինետիկական ռեֆլեքսներ, որոնց շնորհիվ կենդանին կարողանում է կողմնորոշվել ծանրության ուժի ուղղության նկատմամբ և հակազդել արագացումներին։ Այս ռեֆլեքսային ռեակցիաներին մասնակցում են ողնուղեղը և գլխուղեղի ստորին բաժինները։ Հավասարակշռության պահպանման գործում կարևոր դեր ունեն նաև մաշկային, մկանահոդային զգացողությունը և տեսողությունը։ Մարդու հավասարակշռության խանգարումները դիտվում են նյարդային համակարգի որոշ հիվանդությունների (ատաքսիա), ինչպես նաև անդաստակային ապարատի գրգռման ժամանակ։
Տես նաև
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 261)։ |