Մկրտիչ Փորթուգալյան
Մկրտիչ Փորթուգալյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1848[1] |
Ծննդավայր | Գում Գափու, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 26, 1921 (72 տարեկան) |
Մահվան վայր | Մարսել, Բուշ-դյու-Ռոն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող, ուսուցիչ, թարգմանիչ, գրող և հրատարակիչ |
Աշխատավայր | Արմենիա, Ասիա, Մանզումեի էֆքյար և Մեղու Հայաստանի |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Կուսակցություն | Արմենական կուսակցություն |
Mekertich Portukalian Վիքիպահեստում |
Մկրտիչ Ռափայելի Փորթուգալյան (հոկտեմբերի 21, 1848[1], Գում Գափու, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 26, 1921, Մարսել, Բուշ-դյու-Ռոն), գաղափարախոս և հայ ազատագրական ակնառու գործիչ։ Եղել է հայկական առաջին կուսակցություններից մեկի՝ «Արմենականների» հիմնադիրներից, պոետ, հրապարակախոս։ Կողմնակից է եղել պարտիզանական շարժման։ Արևմտյան Հայաստանում գործել է Վան քաղաքում։
Կենսագրություն
Մկրտիչ Փորթուգալյանը 1863 թվականին ավարտել է Կ. Պոլսի Սահակյան-Նունյան վարժարանը։ 1873 թվականի հունվարին թուրքական կառավարությունը բանտարկել է Փորթուգալյանին և փակել նրա տնօրինության տակ գտնվող Եվդոկիայի Վարդուհյան վարժարանը։ Բանտից ազատվելուց հետո Փորթուգալյանը 1873-1875 թվականներին խմբագրել է «Ասիա»[2] (Կ. Պոլիս) լրագիրը։ Եղել է Արևմտյան Հայաստանի գավառներում լուսավորություն տարածելու նպատակով ստեղծված «Արարատյան ընկերություն Հայոց»-ի հիմնադիր անդամ և ատենապետը։ 1881 թվականին Վանում հիմնել է Հայկազյան կեդրոնական վարժարանը։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի, Սան Ստեֆանոյի բանակցությունների և Բեռլինի կոնգրեսի օրերին շրջել է Հայաստանի, Անդրկովկասի քաղաքներում, հայ ժողովրդին զինված պայքարի կոչել։ Փորթուգալյանի խորհրդով և մասնակցությամբ Վանում ստեղծվել է «Սև խաչ» ազատագրական կազմակերպությունը, 1885 թվականի հունվար-փետրվարին՝ «Հայրենասիրաց ընկերությունը։ Մարտի 15-ին թուրքական իշխանությունները Փորթուգալյանին արտաքսել են։ Նա անցել է Մարսել, այնտեղ հրատարակել «Արմենիա» պարբերականը[3]։ Ըստ Փորթուգալյանի՝ համազգային հեղափոխությամբ պետք է թոթափել օսմանյան լուծը և հռչակել Հայաստանի անկախությունը։ Նա գնահատել է հայ եկեղեցու դերը հայապահպանման, ազգային համախմբման գործում՝ չընդունելով սակայն հայ հոգևորականության ղեկավար դերը ազգային կյանքում։ Փորթուգալյանը մտածում էր, որ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին Անտանտի պետությունների օգնությամբ հայերը կարող են լուծել իրենց դատը, և կոչ է արել կամավորներով ու նվիրատվությամբ օգնել Անտանտին։ Նրա կարծիքով՝ արևմտահայերը կարող էին նաև փրկվել՝ Ռուսաստանի հովանավորության տակ անցնելով։ Սակայն կյանքի վերջում հասկացել է Ռուսաստանի իրական դերը Հայոց պատմության և քաղաքականության մեջ գրելով հետևյալ միտքը․
«Ակնկալել, թէ Ռուսիան պիտի ազատագրի Տաճկահայաստանը, մեծ միամտութիւն է։
Հայ մելիքների օգնութեամբ Կովկասը պարսիկներից գրաւելուց յետոյ, ռուսները փութով վերացրին նոյն հայ մելիքութիւնները, որ յանկարծ Հայոց մէջ նոր Դաւիթ Բէկ չծնուի… Ռուսիոյ ճանկերի մէջ միլիոնաւոր հայեր են խեղւում, եւ նա ինչպէ՞ս պիտի ազատագրի արեւմտահայութեանը։ Ռուսն ամէն գալով եւ Հայոց օգնութեամբ իւր հարցերը լուծելով, մեզ մի նուէր է թողել, այն է՝ մահմեդականների կատաղութիւնն Հայոց հանդէպ… Եւ եթէ այսօր թիւրքն ու քիւրտը Հայոց մարմինն են յօշոտում, ապա Ռուսիան խեղում է Հայոց միտքն ու հոգին։ Մի՞թէ պատմական այնչափ փորձերէ ու փորձանքներէ յետոյ, տակաւին կարելի է յոյս դնել Ռուսիայի վրայ»։ ՄԿՐՏԻՉ ՓՈՐԹՈՒԳԱԼԵԱՆ, 1895 թ․ |
Երկեր
- Հնդկաստանի տնակը։ Սէն-Բիէր, Պէռնարտէն տը, Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Կ. Պոլիս, տպ. Մ. Էքսէրճեան, 1874։
- Սաղմոս Իսրայէլի։ Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Մարսէյլ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1886։
- Վարդապետարան Հայաստանի ազատութեան։ Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, 1848-1921, Մարսէյլ, Հայոց հայրենասիրական միութեան հրատարակչություն, 1889։
- Հայաստանի թշուառները։ Իրական վէպ, Թյությունճյան Մկրտիչ Սարգսի, Փորթուգալյան Մկրտիչ Ռափայել, Մարսէյլ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1889։
- Թիւրքիաի հայերն և իրենց դրացիներ։ Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Մարսէյլ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1890։
- «Արմէնիա»ի յուշարար։ Ա տարեկան (1885-1886), Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Մարսէյ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1890։
- Նմոյշներ Մ. Փորթուգալեանի գրած ոտանաւորներէն։ Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Մարսէյլ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1891։
- Գրացուցակ «Արմենիա»-ի խմբագրատան։ Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Արմենիա խմբագրատուն, Մարսէյլ, Ա. հ., 1891:
- Մի պուլկար հայրենասէր։ (Զաքարիա Սթոյանով), Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Մարսէյ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1894։
- Ժողովրդական ընթերցարան։ Յետ այբուբենն աւարտելուն, Պատկանյան գրական ընկերություն, Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Մարսէյլ, տպ. Մ. Փորթուգալեանի, Ա. թ։
- Հայ դյուցազնուհի մը։ Ոսկան Ս, Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Բ. տպագրություն, Մարսէյլ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1912։
- Մի գաղթէք։ Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Մարսէյլ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1913։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k9756279t/f163 (ֆր.)
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՍԻԱ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՐՄԷՆԻԱ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 642-643։
- ↑ Daily, A. Z. G. «ՄԿՐՏԻՉ ՓՈՐԹՈՒԳԱԼՅԱՆ (1848-1921)». AZG Daily. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
Գրականություն
- Թորոսյան Պ. Ռ., Ո՞վ է Մկրտիչ Փորթուգալեանը։ Նյու Յորք, 1912։
- Քառասուն տարուան աշխատաւորը, Մկրտիչ Փորթուգալեան, ԿՊ, 1914։
- Հոկտեմբերի 21 ծնունդներ
- 1848 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 26 մահեր
- 1921 մահեր
- Մարսել քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրքահայ հասարակական գործիչներ
- Թուրքահայ քաղաքական գործիչներ
- Թուրքահայ լրագրողներ
- Հայ ազատագրական շարժում
- Ֆրանսահայ հասարակական գործիչներ
- Ֆրանսահայ քաղաքական գործիչներ
- Թուրքահայ մանկավարժներ