Jump to content

Դիսլեքսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիսլեքսիա
ՏեսակՍովորելու անընդունակություն, reading disability? և հիվանդության կարգ
ՊատճառԺառանգական հիվանդություններ
Հիվանդության ախտանշաններԸնթերցանության խանգարում
Բուժաքննությունfunctional magnetic resonance imaging?
Բժշկական մասնագիտությունՆյարդահոգեբանություն և մանկաբուժություն
 Dyslexia Վիքիպահեստում

Դիսլեքսիա, սովորելու դժվարություն, որը բնութագրվում է կարդալու դժվարությամբ՝ չնայած նրան, որ ինտելեկտի մակարդակն ընկած չէ[1][2]։ Այն հայտնի է նաև որպես կարդալու խանգարում կամ ալեքսիա։ Տարբեր անհատների մոտ տարբեր աստիճանի դժվարություններ են դիտվում[3]։ Խնդիրները կարող են ներառել բառերն արտաբերելու, ուղղագրության, արագ կարդալու, գրելու, բարձրաձայն կարդալիս ճիշտ արտաբերելու, կարդացածը հասկանալու դժվարություններ[3][4]։ Ամենից հաճախ այս խնդիրներն առաջին անգամ նկատվում են դպրոցում[5]։ Դժվարություններն առաջանում են ակամա, կապված չեն սովորելու ունակությունների հետ[3]։

Դիսլեքսիայի պատճառագիտության մեջ կարևորվում են ինչպես գենետիկ գործոնը, այնպես էլ շրջակա միջավայրի ազդեցությունը[5]։ Որոշ դեպքեր ընտանեկան են[3]։ Ավելի հաճախ է հանդիպում ուշադրության պակասի հիպերակտիվ համախտանիշ (ADHD) ունեցող երեխաների մոտ, ինչն ասոցացվում է նաև մաթեմատիկա առարկայից թուլության հետ։ Չափահասների մոտ այս խանգարումը կարող է առաջանալ գանգուղեղային վնասվածքից, գլխուղեղի կաթվածից, դեմենցիայից։ Հիմքում ընկած մեխանիզմն ընդգրկում է խնդիրներ լեզուն վերլուծելու գլխուղեղի ֆունկցիայի հետ։ Ախտորոշումը դրվում է անհատի հիշողությունը, ուղղագրությունը, տեսողական ֆունկցիան, կարդալու հմտություններն ստուգող թեստերի շարքով։ Դիսլեքսիան առանձնացնում են կարդալու դժվարություններից, որոնք կապված են թերի ուսուցման կամ տեսողական խնդիրների հետ[5]։

Բուժումը սովորաբար ընդգրկում է ուսուցման մեթոդների վերանայում, համապատասխանեցում անհատի պահանջներին[1]։ Չնայած նրան, որ դա չի բարելավում հիմքում ընկած խանգարումը, դժվարությունները կարող են բարելավվել[6]։ Տեսողության բարելավմանն ուղղված բուժումներն անարդյունավետ են։ Դիսլեքսիան ամենատարածված սովորելու դժվարությունն է, դիտվում է մարդկանց 3-7 տոկոսի մոտ[5]։ Չնայած նրան, որ ավելի հաճախ ախտորոշվում է արական սեռի անհատների մոտ, որոշ մասնագետներ կարծում են, որ իրականում արական և իգական սեռերի մոտ հանդիպում է հավասարաչափ։ Բնակչության ընդհուպ մինչև 20%-ի մոտ դիտվում են որոշ սիմպտոմներ[7]։ Դիսլեքսիան հանդիպում է աշխարհի բոլոր տարածաշրջաններում[8][9]։

Ենթադրվում է, որ դիսլեքսիան ունի երկու տեսակի պատճառներ. առաջինը՝ կապված լեզվի վերլուծության, երկրորդը՝ տեսողական վերլուծության հետ։ Հաստատված է որպես կոգնիտիվ (ճանաչողական) խագարում, այլ ոչ թե խնդիր ինտելեկտի հետ. հաճախ դիտվում են էմոցիոնալ խնդիրներ, որոնք առաջանում են դիսլեքսիայի պատճառով։ Կան շատ հրապարակված սահմանումներ, որոնք ունեն միայն նկարագրողական բնույթ։ Նյարդաբանական Խանգարումների և Գլխուղեղի Կաթվածի Ազգային Ինստիտուտի (The National Institute of Neurological Disorders and Stroke) բնորոշումը նկարագրում է դիսլեքսիան որպես «արտասանության (spelling), հնչյունաբանական վերլուծության (ձայների մանիպուլյացիա), կամ արագ տեսողական-վերբալ ռեակցիայի դժվարություն»։ Բնութագրվում է որպես «հնչյունաբանական ճանաչման, վերբալ հիշողության և վերբալ վերլուծության արագության խնդիրներ»[10]։

Ձեռքբերովի դիսլեքսիան կամ ալեքսիան կարող է հարուցված լինել գլխուղեղի վնասվածքից՝ կաթվածի կամ ատրոֆիայի հետևանքով[11][12]։ Ալեքսիայի ձևերն են մաքուր ալեքսիան, մակերեսային դիսլեքսիան, սեմանտիկ դիսլեքսիան, հնչյունաբանական դիսլեքսիան և խորը դիսլեքսիան[13]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ մանկական հասակում ախտանիշները, որոնք հետագայում ախտորոշվող դիսլեքսիայի հետ են ասոցացվում, ընդգրկում են խոսքի ուշ սկիզբը, աջի ու ձախի դժվար տարբերակումը, կողմնորոշման դժվարությունները, ֆոնային աղմուկից հեշտ շեղվելը։ Չնայած նրան, որ այս ախտանիշներն առկա են դիսլեքսիայով անհատների մոտ, տառերի կամ բառերի հակառակ, հայելային գրելը որպես դիսլեքսիայի բնորոշում դիտարկելը, դրանց փոխկապակցվածությունը վիճելի է։ Դիսլեքսիան և հիպերակտիվության և ուշադրության պակասի դրսևորման համախտանիշը ոչ հազվադեպ հանդիպում են միաժամանակ։ Դիսլեքսիա ունեցող անձանց մոտ 15 տոկոսի մոտ առկա է նաև նշված համախտանիշը, և համախտանիշն ունեցողների 35 տոկոսն ունի նաև դիսլեքսիա։ Դպրոցական տարիքի դիսլեքսիկ երեխաները կարող են դրսևորել բառերի իդենտիֆիկացիայի, հանգավորվող բառերի մտաբերման դժվարության նշաններ, վանկերը հաշվելու անկարողություն։ Նրանք կարող են դրսևորել նաև դժվարություններ բառերը անկախ հնչյունների բաժանելիս, կարող են խառնել հնչյունները բառերն արտաբերելիս։ Բառի փնտրտուքի կամ առարկայի անվանման դժվարություններ նույնպես հանդիպում են։ Դիսլեքսիկներն ավելի հաճախ վատ ուղղագրություն ունեն, հատկություն, որ հաճախ անվանում են դիսօրթոգրաֆիա կամ դիսգրաֆիա, ինչը կախված է ուղղագրական ծածկագրումից (orthographic coding)։ Խնդիրները դիտվում են հասունացման և հասուն տարիքներում և կարող են ուղեկցվել պատմություններն ընդհանրացնելու, մտապահման, բարձրաձայն կարդալու, օտար լեզուներ սովորելու դժվարությունների հետ։ Չափահաս դիսլեքսիկները հաճախ կարողանում են կարդալ լավ հասկանալով, չնայած որ հակված են ոչ դիսլեքսիկների համեմատ ավելի դանդաղ կարդալու և ցույց են տալիս ավելի վատ արդյունքներ վանկարկելու կամ նշանակություն չունեցող բառեր կարդալու թեստերում։ Կա տարածված միֆ դիսլեքիսայի մասին, որ իբր հիվանդներն ունեն հակադարձ գրելու և կարդալու հատկություն։ Ամեն դեպքում սա ճիշտ է շատ երեխաների դեպքում, քանի որ նրանք սովորում են այդպես գրել և կարդալ։

Լեզվի ուղղագրական դժվարությունից կախված է, թե ինչքանով դժվար է լեզուն՝ կարդալ սովորելու համար։ Անգլերեն և ֆրանսերեն լեզուներն ունեն խորը ուղղագրություն լատինական այբուբենի գրական համակարգում, պարունակում են տարբեր մակարդակների հնչյունային կոնստրուկցիաներ՝ տառ-հնչյուն փոխհարաբերություններով, վանկերով, մորֆեմներով։ Այլ լեզուներ, ինչպիսիք են իսպաներենը, իտալերենը, ֆիններենը, ունեն այբբենական հնչողություն, տառ-հնչյուն համապատասխանություն, այսպես կոչված մակերեսային ուղղագրություն, ինչը դարձնում է դրանք ավելի հեշտ դիսլեքսիա ունեցող մարդկանց համար։ Լոգոգրաֆիկ գրական համակարգերը, ինչպիսին ունի օրինակ չինարենը, ունեն գրաֆեմներ, որոնք մասամբ անկախ են հնչողությունից, առաջացնում են խնդիրներ դիսլեքսիկների համար։

Զուգակցվող խանգարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ սովորելու անընդունակություններ հաճախ հանդիպում են դիսլեքսիայի հետ զուգակցված, բայց նրանց հստակ կապը դիսլեքսիայի հետ հաստատված չէ։ Այդ խանգարումներից են

  • Դիսգրաֆիա։ խանգարում է, որը դրսևորվում է գրելիս կամ մեքենագրելիս, չնայած որոշ դեպքերում կարող է վնասել նաև աչք-ձեռք կոորդինացիան, օրիենտացիայով կամ հաջորդականությամբ կարգավորվող գործողությունները, ինչպիսիք են կոշիկները կապելը, առաջարկվող գործողությունը կրկնելը։ Դիսլեքսիայի առկայության դեպքում դիսգրաֆիան հաճախ բազմագործոնային է՝ պայմանավորված վատթարացած գրելու ավտոմատիզմով, մատների դժվար հաջորդական շարժումների իրականացմամբ, կազմակերպման ու պարզաբանման դժվարություներով, բառաձևերի վատ մտաբերմամբ, որոնք բառի ուղղագրությունը պատկերացնելուն կարող են օգնել։
  • Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ։ Հետազոտությունները ցույց են տվել դիսլեքսիայի և ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի նշանակալի միաժամանակյա առկայություն հիվանդների մոտ։ Համախտանիշը հանդիպում է դիսլեքսիայով հիվանդների 12-24 տոկոսի մոտ։
  • Լսողական վերլուծության խանգարում։ Խանգարում, որի դեպքում վատանում է լսողական ինֆորմացիայի վերլուծությունը։ Դա կարող է բերել լսողական հիշողության խնդիրների և լսողության մեխանիկականացման։ Շատ անհատներ, որոնք ունեն դիսլեքսիա, ունեն նաև ձայնային ինֆորմացիայի ընկալման ու հետագա վերլուծության խնդիրներ, որոնք կարող են զարգացնել սեփական լոգոգրաֆիկ նշանները, որոնք ինչ-որ չափով կարող են կոմպեսնացնել այս տեսակի դեֆիցիտը։ Հետազոտությունները կարող են ցույց տալ, որ լսողական հմտությունները կարող են առաջնային գործոն լինել դիսլեքսիայի համար։
  • Զարգացման կոորդինացիոն խանգարում։ Նյարդաբանական խանգարում, որը բնութագրվում է որոշ դժվարությամբ հավասարակշռություն պահանջող տարրական առաջադրանքների իրագործման, կինեսթետիկ կոորդինացիայի, խոսակցական հնչյունների արտաբերման ժամանակ, կարճատև հիշողության և մտածողության վատացմամբ։
Ստորին գագաթային մաս - Inferior parietal lobule (տեսք վերևից): Որոշ դիսլեքսիկաների դեպքում այս մասի էլեկտրական ակտիվացումն ավելի թույլ է

Հետազոտողները երկար ժամանակ փորձել են պարզել դիսլեքսիայի նյարդաբանական հիմքը։ Դիսլեքսիկների խնդիրների վառ օրինակ է տառերը տեսնելու դժվարոթյունը, ինչը կարող է նրանց տեսողական նեյրոնների ոչ նորմալ զարգացվածության հետևանք լինել։

Նյարդաանատոմիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիսլեքսիայի նյարդաբանական հիմքը փնտրելիս ներկայումս կարող են օգտագործվել այնպիսի նեյրովիզուալիզացիոն տեխնոլոգիաներ, ինչպիսիք են ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (MRI) և պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիան (PET)։ Այս հետազոտությունները ցույց են տալիս դիսլեքսիա ունեցող և առողջ երեխաների գլխուղեղների միջև ֆունկցիոնալ և կառուցվածքային որոշ տարբերություններ։ Դիսլեքսիայով անհատների մոտ նկարագրվում է ավելի ցածր էլեկտրական ակտիվություն գլխուղեղի ձախ կիսագնդի այն հատվածներում, որոնք պատասխանատու են կարդալու համար։ Դրանք են ստորին առաջճակատային գալարը, ստորին գագաթային բլթակը և միջին և հետին քունքային կեղևը։ Ուղեղի ակտիվացման հետազոտությունները PET-ի միջոցով լեզուներ սովորելիս վերջին տասնամյակում մեծ առաջընթաց են արձանագրել։ Տեսողական բառապաշարի և լսողական-վերբալ կարճատև հիշողության տարրերի նյարդաբանական հիմքի հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ դիսլեքիսան ավելի շատ ֆունկցիոնալ, քան կառուցվածքային խանգարում է, ինչն ապացուցվում է՝ հետազոտելով նյարդաբանական մանիֆեստացիան առաջադրանքի կատարման ժամանակ դիսլեքսիկ անհատների մոտ։ MRI-ը դիսլեքսիկների մոտ ցույց է տվել նաև ուղեղիկի և ուղեղիկային կեղևի դերը մնացած գլխուղեղային կառուցվածքների հետ միասին։

Դիսլեքսիայի ուղեղիկային տեսությունը հիմնված է դիսլեքսիայի՝ հավասարակշռության, կողմնորոշման և ժամանակի ընկալման հետ ասոցացված լինելու վրա։ Հետազոտությունը ցույց է տվել ուղեղիկի երկու կողմերում վատացում, արյունահոսքի դանդաղում ակտիվ հատվածներում։ Բացի այդ, մարդու զարգացման վաղ շրջաններում կարող են ուշացած զարգանալ սողալու, ապա քայլելու կարողությունները։ Պետք է նշել, որ հաստատված կապ ուղեղիկի ախտահարումների և դիսլեքսիայի միջև չի նշվում։

Դիսլեքսիայի գենետիկական հիմքի, ժառանգականության ուսումնասիրությունն իր արմատներն ունի աուտոպսիայից հետո դիսլեքսիա ունեցած անհատների գլխուղեղների ուսումնասիրության գործում։ Երբ դիտվում էին անատոմիական տարբերություններ դիսլեքսիա ունեցած և առողջ մարդկանց գլխուղեղների լեզվի կենտրոնների միջև, ցույց են տրվել միկրոսկոպիկ կեղևային մալֆորմացիաներ, հայտնի որպես էկտոպիաներ, և ավելի հազվադեպ անոթային միկրո-մալֆորմացիաներ, և որոշ առանձին դեպքերում այս կեղևային մալֆորմացիաները հանդիսացել են միկրոգալարներ։ Այս հետազոտությունները, ուրիշնեի հետ միասին, ցույց են տվել ոչ նորմալ կեղևային զարգացում, ինչը ենթադրաբար առաջացել է մինչև պտղի գլխուղեղի զարգացման 6-րդ ամիսը։ Ոչ նորմալ բջջային կառուցվածքներ դիսլեքսիկների մոտ հայտնաբերվել են նաև այլ կենտրոններում։ Որոշ գեներ ասոցացված են դիսլեքսիայի հետ, այդ թվոմ՝ DCDC2 և KIAA0319 6-րդ քրոմոսոմում, և DYX1C1 15-րդ քրոմոսոմում։

Գեն-շրջակա միջավայր փոխազդեցությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունը քննել է գեն-միջավայր փոխազդեցությունները կարդալու անընդունակության դեպքում զույգ հետազոտությունների միջոցով, որոնց նպատակն էր գնահատել ժառանգականության և միջավայրի ազդեցությունների հետ կապվածությունների համամասնությունները։ Հետազոտությունները քննում էին արտաքին միջավայրի այնպիսի պայմաններ, ինչպիսիք են ուսուցիչների որակը, ծնողների կրթվածության մակարդակը։ Ցույց տրվեց, որ գենետիկական գործոններն ունեն ավելի մեծ ներդրում ունեն անբարենպաստ միջավայրի պայմաններում։ Սա կարող է թույլ տալ այս գենետիկական ռիսկի գործոնները գնահատել որպես մեծ վարիացիայի հնարավորություն տվող գործոններ, քանի որ միջավայրի գործոնները հասցված են նվազագույնի։ Այն դեպքում, երբ միջավայրը մեծ ազդեցություն ունի սովորելու և հիշողության վրա, էպիգենետիկ գործոններն ունեն մեծ ազդեցություն կարդալու կարողության վրա։ Կենդանիների վրա կատարված փորձերը և գենի էքսպրեսիայի ու մեթիլացման աստիճանի չափումները մարդկանց մոտ օգտագործվում են էպիգենետիկ պրոցեսներն ուսումնասիրելու համար, և երկուսն էլ ունեն շատ սահմանափակումներ՝ մարդկային գլխուղեղի հետ համեմատության մեջ դրվելու համար։

Մեխանիզմները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարդալու կրկնակի մեխանիզմի տեսությունը առաջին անգամ նկարագրվել է 1970-ականներին։ Ըստ այս տեսության՝ երկու առանձին մտավոր մեխանիզմներ, կամ կոգնիտիվ օղակներ, ներառված են բարձրաձայն կարդալու մեջ, և երկու մեխանիզմների շնորհիվ է իրականանում գրված ազդակների արտասանությունը։ Մի մեխանիզմը լեքսիկալ (բառային) օղակն է, որը կարգավորում է հմուտ կարդացողների հատկությունը՝ բառերը կարծես բառարանի մեջ նայելու մեխանիզմով ճանաչելը։ Մյուսը դա ոչ լեքսիկալ կամ սուբլեքսիկալ օղակն է, որը կարգավորում է գրված բառն արտաբերելու ունակությունը։ Սա կատարվել է բառը կազմող մասերի (տառեր, ֆոնեմներ, գրաֆեմներ) իդենտիֆիկացիայի միջոցով, և կիրառելով այս մասերի՝ միմյանց հետ ունեցած ասոցիացիաների իմացությունը, օրինակ՝ թե ինչպես են հարևան տառերի մասնիկները կապվում։ Կարդալու կրկնակի մեխանիզմը կարող է բացատրել տարբեր լեզուներում առաջացող դիսպրաքսիաների առանձնահատկությունները (օրինակ՝ թե ինչու են իսպաներեն խոսացող երեխաները ցույց տալիս ավելի լավ արդյունքներ առանց բառ կարդալիս, ի համեմատություն անգլերեն խոսացողների)։

Կան թեստեր, որոնք կարող են մեծ հավանականությամբ ցույց տալ, որ անհատը դիսլեքսիկ է։ Դրան սովորաբար հետևում է ամբողջական դիագնոստիկ գնահատականը, որը պետք է սահմանի խանգարման աստիճանն ու տեսակը։ Թեստերը կարող են տրվել ուսուցչի կողմից կամ համակարգչի միջոցով։

Կենտրոնական դիսլեքսիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական դիսլեքսիաներն ընդգրկում են մակերեսային դիսլեքսիան, սեմանտիկ դիսլեքսիան, ֆոնոլոգիկ դիսլեքսիան և խորը դիսլեքսիան։ ICD-10 վերադասակարգել է այս պաթոլոգիան, ներկայումս դիսլեքսիան (315.02 ICD-9-ում) և ալեքսիան (315.01 ICD-9-ում) մեկ դասակարգման մեջ որպես R48.0։ Զարգացման դիսլեքսիա և ժառանգական դիսլեքսիա տերմինները զարգացմա աֆազիա և ժառանգական ալեքսիայի հետ ներկայումս համարվում են հոմանիշներ։

Մակերեսային դիսլեքսիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերեսային դիսլեքսիայի դեպքում բառերը, որոնց արտասանությունը «սովորական» է (համապատասխանում են ուղղագրությանը), ավելի հեշտ են կարդացվում, քան անհամապատասխանները։ Դժվարություն հայտնաբերող հոմոֆոնները ախտորոշիչ են մակերեսային դիսլեքսիայի որոշ ձևերի համար։ Այս խանգարումը սովորաբար ուղեկցվում է մակերեսային ագրաֆիայով և մեղմ աֆազիայով։ Ձեռքբերովի մակերեսային դիսլեքսիան աճում է գլխուեղի վնասվածքների դեպքում նախկինում գրագետ անձանց մոտ և բերում է ուղղագրական սխալների, ինչը ցույց է տալիս լեքսիկալ օղակի վատացում։

Ֆոնոլոգիկ (հնչյունաբանական) դիսլեքսիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս դեպքում հիվանդը կարող է կարդալ ծանոթ բառերը, բայց կունենա դժվարություն անծանոթ բառեր կարդալիս (ինչպիսիք են հորինված պսևդո-բառերը)։ Կարծում են, որ նրանք կարողանում են ճանաչել բառերը բառային հիշողության միջոցով, բայց չեն կարողանում արտաբերել նոր բառեր։ Ֆոնոլոգիկ դիսլեքսիան կապված է տարբեր տեղակայման վնասվածքների հետ, որոնք համընկնում են միջին գլխուղեղային զարկերակի անոթավորման դաշտին։ Վերին քունքային բիլթը հաճախ նույնպես ընդգրկվում է։ Դիսլեքսիկ վիճակը կոմպենսացվում է ճակատային բլթի Բրոկայի դաշտ կոչվող հատվածի գերօգտագործմամբ, որը կապված է լեզվի և խոսքի ֆունկցիաների հետ։ Հետազոտությունները պնդում են, որ ֆոնոլոգիկ դիսլեքսիան խորը դիսլեքսիայի զարգացման արդյունք է։ Բուժումը Լինդամուդի ֆոնեմ առանձնացնող ծրագիրն է (Lindamood Phoneme Sequencing Program)։ Այս ծրագիրը հիմնված է երեք ճանապարհով զգայական պատասխան առաջացնելուն։ Սուբյեկտն օգտագործում է իր լսողական, տեսողական և օրալ հմտությունները՝ բառերը և բառերի կաղապարները ճանաչելու համար։ Սա իրականացվում է տառ-տառ կարդալու միջոցով՝ բառերը գլխիվայր շրջած վիճակում։ Դեպքերի հետազոտություններում բոլոր երեք հիվանդներն էլ նշանակալի լավացում են գրանցել այս ծրագրի միջոցով։

Խորը դիսլեքսիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորը դիսլեքսիայով հիվանդները ցույց են տալիս սեմանտիկ պարալեքսիա (պարա- դիսլեքսիա) և ֆոնոլոգիական դիսլեքսիա, ինչև պատահում է, երբ հիվանդը կարդում է մի բառ, և ասում է դրա հետ կապված իմաստ՝ ուղիղ իմաստի փոխարեն։ Խորն ալեքսիան ասոցացված է ֆոնոլոգիկ վերլուծության լրիվ անկարողության հետ։ Խորը դիսլեքսիան հարուցվում է ավելի հաճախ տարածուն վնասումներից, որոնք ընդգրկում են ձախ ճակատային բլթի մեծ մասը, հատկապես, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, ձախ հարսիլվյան շրջանում։

Ծայրամասային դիսլեքսիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծայրամասային դիսլեքսիաները նկարագրվել են որպես ձեռքբերովի դիսլեքսիայի տեսակ, ինչը նշվում է որպես տեսողական ազդակների ճանաչման խնդիր և, ի տարբերություն այլ դիսլեքսիաների, բնորոշվում է տեսողական անալիզի ընկճմամբ։ Հեմիանօփսիան ասոցացված է այս խանգարման հետ և հանդիսանում է ուղղահայաց առանցքի նկատմամբ տեսադաշտի աջ կամ ձախ կեսի կորուստ։

Մաքուր դիսլեքսիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքուր դիսլեքսիան (ֆոնոլոգիայով պայմանավորված), հայտնի նաև որպես ագնոստիկ դիսլեքսիա, դիսլեքսիա առանց ագրաֆիայի, և մաքուր բառային կուրություն, դիսլեքսիա է՝ պայմանավորված տառերով գրված հատվածները ճանաչելու դժվարությամբ, ինչպիսիք են բառերը, երբեմն՝ անգամ տառերը։ Դա «մաքուր» է, որովհետև չի զուգակցվում այլ նշանակալի լեզվի հետ կապված խնդիրների հետ։ Մաքուր դիսլեքսիան չի ընդգրկում խոսքը, գրելաոճը, լեզուն կամ խոսքը հասկանալը։ Մաքուր դիսլեքսիան հարուցվում է տեսողական բառային տեսքի գոտու վնասումներով։ Այս գոտին ձախ կողմնային ծոծրակային ակոսում է գտնվում, ակտիվանում է կարդալու ընթացքում։ Վնասումն այս գոտում կանգնեցնում է տեսողական կեղևի և ձախ անկյունային գալարի միջև հաղորդակցությունը։ Սա կարող է հարուցվել նաև վնասմամբ, որն ընդգրկում է ձախ ծոծրակային բիլթը և բրթամարմնի որդը (splenium of corpus callosum)։ Սովորաբար ասոցացված է տեսադաշտի աջ կեսի հոմոնիմ հեմիանոփսիայի հետ։ Բազմակի կրկնակի ընթերցումները մաքուր դիսլեքսիայի բուժումն են։ Հիվանդները կարդում են նույն տեքստն այնքան ժամանակ, մինչև նախօրոք որոշված արագության են կարողանում հասնել։

Հեմիանոպիկ դիսլեքսիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար առաջանում է տեսողական կեղևի առաջնային վնասման հետևանքով տեսադաշտի կորստի պատճառով։ Հիվանդները կարող են բողոքել դանդաղ կարդալուց, բայց կարող են կարդալ առանձին բառերն առանց սխալների։ Սա ամենատարածված ծայրամասային դիսլեքսիայի ձևն է, և ամենալավն է ենթարկվում բուժման։

Անփութությամբ պայմանավորված դիսլեքսիա (Neglect dyslexia)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս դեպքում որոշ դառեր անփութորեն բաց են թողնվում կարդալիս, ավելի հաճախ՝ բառասկզբի կամ բառի ձախ մասի տառերը։ Այս ալեքսիան ասոցացված է աջ գագաթային վնասումների հետ։ Բուժման մեջ պրիզմային ակնոցների կիրառության օգտակարությունն ապացուցված է։

Ուշադրության դիսլեքսիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ, ում մոտ կա ուշադրության դիսլեքսիա, գանգատվում են տառերի տեղաշարժվելուց ու անկայունությունից, երբեմն երկու բառերի տարրերը խառնում են իրար։ Հիվանդները ցույց են տալիս ավելի լավ արդյունքներ առանձին բառեր կարդալիս, քան ամբողջական տեքստեր։ Մեծացնող ակնոցներ կարող են կիրառվել՝ բառերը միմյանցից հեռացնելու համար։ Ավելի արդյունավետ բուժման մեթոդներ նկարագրված չեն։

Կոմպենսացիաների ստրատեգիաների օգտագործումը, բուժումը, կրթական աջակցությունը դիսլեքսիկ անհատներին օգնում է սովորել գրել և կարդալ։ Կան տեխնիկաներ և տեխնիկական միջոցներ, որոնք օգնում են վերացնել կամ թուլացնել ախտանիշների արտահայտվածությունը։ Սթրեսի և տագնապի վերացումը նույնպես կարող է բերել տեքստի ըմբռնման բարելավման։ Այբբենական գրական համակարգերով լեզուներում պետք է հիմնական նպատակ լինի երեխայի կողմից տառերի և հնչյունների փոխկապակցվածության ըմբռնումը զարգացնելը, հետագայում գրված բառերն արտասանելիս դրա կիրառությունը։ Ապացուցված է, որ ուժեղացված բազմակողմանի մարզումը, որն ուղղված է տեսողական ընկալման և ուղղագրության բարելավմանը, տալիս է ավելի երկարատև և լավ արդյունքներ, քան միայն օրալ հնչյունաբանական վարժանքները։ Վաղ միջամտությունը, երբ գլխուղեղի լեզվական գոտիները դեռ զարգանում են, ամենահաջողն են երկարատև դիսլեքսիան կանխելու գործում։ Կան դեպքեր, երբ հատուկ մշակված ֆոնտերի օգտագործումն օգտակար է եղել։ Այդ ֆոնտերից են Dyslexie, OpenDyslexic և Lexia Readable, որոնք ստեղծվել են՝ հաշվի առնելով, որ լատինական այբուբենի շատ տառեր նման են միմյանց, և կարող են շփոթեցնել դիսլեքսիա ունեցող անհատներին։ Dyslexie-ն, այնպես, ինչպես OpenDislexic-ը, շեշտը դնում է ամեն տառի ավելի յուրօրինակ ներկայացման վրա։ Ֆոնտի դիզայնն ազդեցություն ունի ցանկացած անձի կարդալու արագության, որակի, կարդացած նյութի մտապահման հատկանիշների վրա։

Կատարվել են շատ հետազոտություններ՝ միջամտությունները բնութագրելու համար, և որպես արդյունք մի մետա-անալիզ ցույց է տվել, որ եղել է ֆունկցիոնալ ակտիվացում։ Որոշ թեստերի արդյունքներ ցույց են տալիս, թե ուսուցման ինչ ստրատեգիաներ ընտրել։

Վաղ հասակում երեխաների հիվանդության կանխատեսումը կախված է նրանց ընտանիքի, ընկերների աջակցությունից։ Վաղ հասակում ախտորոշված դիսլեքսիաներն ավելի լավ են ենթարկվում կոռեկցիայի։ Ցանկացած դեպքում կան ֆոնտեր, որոնք կարող են օգնել երեխային դպրոցական նյութը լիարժեք յուրացնելու, կարդալու ունակությունը զարգացնելու գործում։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիսլեքսիայի տարածվածությունը հայտնի չէ, բայց գնահատվում է բնակչության 1-33 տոկոսի սահմաններում։ Միջին ցուցանիշը հետազոտված բնակչության 3-4 տոկոսն է։ Կան դիսլեքսիայի միջազգային տարբեր բնորոշումներ, բայց, չնայած գրական համակարգերի տարբերություններին, տարբեր պոպուլյացիաներ նույն չափով են դիսլեքսիայից տառապում։ Դիսլեքսիան չի սահմանափակվում միայն տառերի՝ հնչյունների փոխակերպման դժվարություններով։ Չինացի դիսլեքսիկները չեն կարողանում հիերոգլիֆները բառերի փոխակերպել։

1881 թվականին Օ. Բերկհանը (Oswald Berkhan) տվել է դիսլեքսիայի բնութագիրը, բայց դիսլեքսիա տերմինն առաջին անգամ օգտագործվել է 1887 թվականին շտուտգարտցի օֆթալմոլոգ Ռուդոլֆ Բեռլինի (Rudolf Berlin) կողմից։ Նա նկարագրել է մի տղայի, ով ուներ դժվարություններ գրել և կարդալ սովորելիս, բայց ցույց էր տալիս մտավոր լավ ունակություններ այլ ասպեկտներում և նորմալ հոգեբանական վիճակում էր։ 1896 թվականին բրիտանացի բժիշկ Վ. Փրինգլ Մորգանը (W. Pringle Morgan) British Medical Journal-ում հրապարակեց «Բնածին բառային կուրություն» (Congential Word Blindness) վերնագրով հոդված։ Ֆոնոլոգիկ և մակերեսային դիսլեքսիաների միջև տարբերակումը միայն նկարագրողական է, և չի ներառում հիմքում ընկած մեխանիզմերի առանձնահատկությունները։ Ամեն դեպքում՝ հետազոտողները չեն բացառում պոտենցիալ տարբերությունները՝ դրսևորման տարբեր տեսակների հետ կապված։

Հետազոտություն և հասարակության վերաբերմունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս հասանելի դիսլեքսիայի հետազոտությունների մեծ մասը վերաբերվում են այբբենական գրական համակարգերին, և հատկապես՝ եվրոպական լեզուներին։ Ամեն դեպքում՝ հնարավոր է նաև ուսումնասիրել դիսլեքսիան արաբերեն, չինարեն, եբրայերեն և այլ լեզուներով խոսող պոպուլյացիաներում։

Ինչպես ցանկացած այլ խանգարման դեպքում, հասարակությունը հաճախ եզրակացությունների է հանգում՝ հիմնվելով ոչ ամբողջական ինֆորմացիայի վրա։ Մինչև 20-րդ դարի վերջը (1980-ականներ) դիսլեքսիան ընկալվում էր որպես կրթության թերություն, ոչ որպես հիմնավոր անընդունակություն։ Որպես արդյունք, հասարակությունը հաճախ թերագնահատում է այս խնդիրն ունեցող անհատներին։ Որոշ դեպքերում դիսլեքսիա ունեցողներին աշխատանքային միջավայրում բավարար դրական վերաբերմունք չի ցուցաբերվում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Dyslexia Information Page». National Institute of Neurological Disorders and Stroke. 2018 թ․ նոյեմբերի 2.
  2. Siegel LS (2006 թ․ նոյեմբեր). «Perspectives on dyslexia». Paediatrics & Child Health. 11 (9): 581–7. doi:10.1093/pch/11.9.581. PMC 2528651. PMID 19030329.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «What are reading disorders?». National Institutes of Health. 2016 թ․ դեկտեմբերի 1.
  4. «What are the symptoms of reading disorders?». National Institutes of Health. 2016 թ․ դեկտեմբերի 1.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Peterson RL, Pennington BF (2012 թ․ մայիս). «Developmental dyslexia». Lancet. 379 (9830): 1997–2007. doi:10.1016/s0140-6736(12)60198-6. PMC 3465717. PMID 22513218.
  6. «What are common treatments for reading disorders?». National Institutes of Health. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
  7. «How many people are affected by/at risk for reading disorders?». National Institutes of Health. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
  8. Venton, Danielle (2011 թ․ սեպտեմբեր). «The Unappreciated Benefits of Dyslexia». Wired. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  9. Mathew, Schneps (2014 թ․ օգոստոս). «The Advantages of Dyslexia». ScientificAmerican.com. Scientific American. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  10. Phillips S, Kelly K, Symes L (2013). Assessment of Learners with Dyslexic-Type Difficulties. SAGE. էջ 7. ISBN 978-1-4462-8704-0. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին.
  11. Woollams AM (2013). «Connectionist neuropsychology: uncovering ultimate causes of acquired dyslexia». Philosophical Transactions of the Royal Society of London. Series B, Biological Sciences. 369 (1634): 20120398. doi:10.1098/rstb.2012.0398. PMC 3866427. PMID 24324241.
  12. Heilman KM, Valenstein E (2011). Clinical Neuropsychology. Oxford University Press. էջեր 115–116. ISBN 978-0-19-538487-1.
  13. Spivey M, Joanisse M, McRae K (2012). The Cambridge Handbook of Psycholinguistics. Cambridge University Press. էջեր 219–220. ISBN 978-0-521-67792-9. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիսլեքսիա» հոդվածին։