Քաղաքացիական անհնազանդություն
Քաղաքացիական անհնազանդություն (լատին․՝ civili inobedientiae), ազնիվ և բացահայտ, առանց բռնի ուժի կիրառման հասարակության հրապարակային գործողություն, քաղաքացիական ակտիվության, զանգվածային բոյկոտի տեսակ, իշխող օրենքների, հարկերի, վարկերի, հրամանների նկատմամբ կարգազանց վարք, քաղաքացիական պարտականությունների կատարումից, նաև պետական ծառայություններից զանգվածային հրաժարում՝ խուսափելով իշխանությունների հետ բանակցությունների գնալուց։ Քաղաքացիական անհնազանդության նպատակն է հասարակական կարծիքը սևեռել առկա խնդիրների վրա և իշխանության աքիլլեսյան գարշապարի վրա անընդմեջ սեղմելով[1] օրենսդիր մարմիններին համոզել օրենքում փոփոխություններ կատարել կամ հասնել իշխանության պաշտոնանկության։ Ամենահզոր ձևերից է շրջափակումը։
Քաղաքացիական անհնազանդությունը քաղաքացիական հասարակության առկայության դեպքում է հնարավոր. չեն կարող իրականացնել առանձին քաղաքացիներ, պետք է լինեն հասարակության արդար պահանջի հետ համամիտ կառույցներ, որոնք իշխանությանը ետ կպահեն ուժային հանգուցալուծում տալու գայթակղությունից։ Սակայն քաղաքացիական անհնազանդությունը ոչ միշտ է ընթանում առանց բռնի ուժի կիրառման[2]։
Այս հասկացության ժամանակակաից առաջամարտիկներից են` Հենրի Թորոն (1849), Ռալֆ Էմերսոնը, Մարտին Լյութեր Քինգ կրտսերը։ Այն ընկած է կրոնաբարոյական հոսանքի՝ տոլստոյականության (1880 - 1900-ական թվականներ) հիմքում։ Առաջինը աշխարհաքաղաքական նշանակություն է ստացել Մահաթմա Գանդիի շնորհիվ, որը գործնականորեն կիրառել է Հարավային Աֆրիկայում, հետագայում՝ Հնդկաստանում[3]։
«Քաղաքացիական անհնազանդության հիմնավորումը» գրքի հրապարակումից ի վեր Ջոն Ռոլսի դատողությունները կենտրոնական տեղ են զբաղեցրել փիլիսոփայական դիսկուրսի մեջ։
Նպատակներ և միջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական անհնազանդության նպատակները կարող են տարբեր լինել՝ կոնկրետ ռեֆորմներից մինչև գործող կառավարության և անգամ քաղաքական համակարգի տապալումը։ Ակցիայի առանցքային տարրը հանդիսանում է մասնակիցների իրենց գործողությունների ցանկացած հետևանքներին դիմակայելու լիովին պատրաստակամության ձգտումը, ի նշան իրենց մտադրությունների լրջության։ Շատ կարևոր են մասնակցության մասսայականությունը և կազմակերպվածությունը։
Քաղաքացիական անհնազանդությունը պացիֆիզմ չէ, այն աչքի է ընկնում ակտիվ գործողություններով։ Այն նաև ապստամբություն չէ և միտված չէ գոյություն ունեցող հասարակական հարաբերությունների արմատական փոփոխություններին[4]։ - ՀՐԱՉԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ, Lragir.am
|
Մարտավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն սոցիալական բողոքի այլ դրսևորումների, որոնք կարող են ներառել ինչպես քարոզչական, այնպես էլ ուժային ազդեցություններ, քաղաքացիական անհնազանդությունը ձգտում է խաթարել կամ առնվազն կասկածի տակ դնել քաղաքացիների օրինապաշտությունը և իշխանությունների նկատմամբ ունեցած հավատարմությունը։ Անձի իրավունքների վրա շեշտադրում կատարելով՝ անհնազանդության կողմնակիցները մարդկանց համոզում են հրաժարվել ենթարկվել անբարո օրենքներին կամ «ապօրինի» իշխող վարչակարգին (ըստ անհնազանդության ակցիայի մասնակիցների)։ Այդ գործողությունների կողմնակիցները ելնում են իրավիճակի հնարավորություններից, երբ անհատը արդարացի է, իսկ իշխանությունը՝ ոչ։ Քաղաքացիական անհնազանդության պրակտիկայից հայտնի են ինչպես օրենքի ակտիվ խախտումներ, այնպես էլ պահանջների պասիվ անտեսում, ինչպես հակաօրինական գործողություններ, այնպես էլ ընդունված համընդհանուր չափանիշներին չենթարկվելու դեպքեր։
Ըստ օրենքներին չենթարկվելու այս ձևի, եթե օրենքներն ու այլ իրավական ակտերը անբարո են, ապա քաղաքացիները պարտավոր չեն հնազանդվել նրանց։ Ընդ որում, այս հայեցակարգի կողմնակիցները վկայակոչում են «բարձրագույն» կամ «ներքին» ճշմարտությունը, որով օժտված է անձը և որը մերժում է «տեխնածին» օրենքները։ Այս ճշմարտությունը ենթադրաբար թույլ է տալիս մարդկանց չկատարել իշխանության որոշումները, որոնք մի օր` ապագայում, կարող են անօրինական ճանաչվել, բայց միաժամանակ ենթադրվում է ինչ-որ հասարակական կազմակերպության առկայություն, որը պատրաստ է բարոյական գնահատական տալ այն դեպքերում, երբ օրենքների խախտումն առավել բարձր արժեք է ներկայացնում, քան օրինապաշտությունը։
Քաղաքացիական անհնազանդության հայեցակարգը լայնորեն կիրառվել է միջազգային իրավունքում նացիստական ռազմական հանցագործների նկատմամբ Նյուրնբերգյան դատավարություններից հետո, որտեղ հռչակվեց անբարո օրենքներին չենթարկվելու գաղափարը։
Բացի այդ, քաղաքացիական անհնազանդությունը, որը հիմնված է անձնական բարոյական համոզմունքների վրա, պետք է լինի հրապարակային ակտ, որը պահանջում է հանրային ճանաչում և աջակցություն։ Նման գործողությունների կազմակերպիչները սովորաբար փորձում են դարձնել դրանք հանրային սեփականություն և շահել հասարակական կարծիքը ապօրինի գործողությունները արդարացնելու համար։ Քաղաքացիական անհնազանդությունը կարող է կոլեկտիվ գործողությունների բազմազան մարտավարություն ունենալ. զանգվածային ցույցեր, գործադուլներ, բոյկոտներ, որոնք կքայքայեն տիրող ռեժիմի կողմից բնակչության օրինապահությունը պահպանելու ընդունակությունները։ Այդ միջոցառումների հաջողության գրավականը մեծապես կախված է նրանից, թե կառավարությունը որքանով է պատրաստ բռնություն կիրառել կամ կոշտ դատական որոշումներ ընդունել՝ քաղաքացիական անհնազանդության բռնկումները կանխելու համար[5]։ Լենինի հեղափոխական իրադրությունը բնութագրող թևավոր դարձած խոսքերով ասած քաղաքացիական անհնազանդությունը արդյունավետ կլինի, երբ
....վերևներն այլևս չեն կարող, իսկ ներքևները չեն ուզում[6]։ |
Պատմական օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոնեական հանդուրժողականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական անհնազանդության բազմաթիվ օրինակներից է վաղ քրիստոնեական Հռոմեական կայսրությունում գործող օրենքները չկատարելու համար քրիստոնյաների կրած հալածանքները։ Քրիստոնյաներն իրենց օրինակով ապացուցեցին պետական օրենքների կատարումից ոչբռնությամբ հրաժարվելու սկզբումնքը։ Այս ուսմունքը նկարագրել է Օգոստինոս Երանելին՝ ապացուցելով, որ փրկության կարելի է հասնել բացառապես հետևելով Երկնային դատաստանի հավերժական պատվիրաններին, չվախենալով ընդդիմանալ երկրային դատաստանի անցողիկ օրենքներին։ Սակայն կրոնական հանդուրժողականությունը սփոփանք ունի՝ Աստծո դատաստանը։ Հակառակ դեպքում այն սոսկ ոչ մի տեղ տանող հնազանդության կոչ է։
Հենրի Թորո
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ այս գաղափարը ձևակերպել է Ամերիկայի Մասսաչուսեթս նահանգի բնակիչ Հենրի Թորոն «Ընդդիմություն քաղաքացիական իշխանությանը» էսսեում (անգլ.՝ Resistance to Civil Government, (1849)), որում պետական գործիչների ոչ արդարացի քաղաքականության դեմ որպես առանց բռնություն կիրառելու բողոքի արդյունավետ միջոցի օրինակ առաջադրել է հարկերը վճարելուց հրաժարվելը։ 1846 թվականին նա ձերբակալվել է ընտրական հարկ վճարելուց հրաժարվելու համար։ Թորոյի ակցիան գործնական նշանակություն չունեցավ, սակայն նա այդպիսով հանդես եկավ Ամերիկա-մեքսիկական պատերազմի (1846-1848) դեմ, որի նպատակը տարածքների գրավումն էր։
Ես հրաժարվում եմ ճանաչել որպես իմ իշխանություն այն քաղաքական կազմակերպությանը, որն իշխում է նաև ստրուկներին.... Պարտավորված եմ համարում մշտապես վարվել միայն այնպես ինչպես ինքս ճիշտ եմ համարում։ - Հենրի Թորո «Ընդդիմություն քաղաքացիական իշխանությանը»
|
Թորոն կարծում էր, որ մարդիկ ի վիճակի են «արգելակող ուժ ստեղծել, որը մեքենան կկանգնեցնի», և իրականացնել «խաղաղ հեղափոխություն»։
Ջոն Ռոլս և Յուրգեն Հաբերմաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետևելով Թորոյին, ով քաղաքացիական անհնազանդությունը հիմնում էր արդարության անհատական զգացողության վրա, Ջոն Ռոլսը և Յուրգեն Հաբերմասը քաղաքացիական անհնազանդության գործողությունները նկարագրում են որպես սիմվոլիկ բնույթի կանոնների կանխամտածված խախտումներ, որոնք իրենց անօրինականությամբ նպատակ ունեն ցույց տալ ներկայացված խնդրի հրատապությունը։ Նպատակը մեծամասնությանն արթնացնելն է՝ դիմելով նրանց արդարության և խոհեմության զգացմանը[7]:33: Այսպիսով, քաղաքացիական անհնազանդությունը «հարգելի պատճառներով գտնվում է լեգիտիմութան և օրինականության միջև»[7]:51: Քաղաքացիական անհնազանդության արդյունք ունենալու համար խնդրո առարկա արարքը պետք է լինի բարոյապես արդարացված և ուղղված լինի հանրային բարօրությանը։ Հետևաբար, գործողությունները, որոնք ծառայում են կոնկրետ շահերին կամ նույնիսկ սեփական անհատական քաղաքական կամ տնտեսական շահերին, չեն որակվում որպես քաղաքացիական անհնազանդություն։ Ըստ Ռոլսի`
[...քաղաքացիական անհնազանդությունը] արտահայտում է օրենքին հավատարմության շրջանակներում անհնազանդություն, թեև գտնվում է դրա սահմանի վրա։ Օրենքը խախտված է, սակայն օրենքի նկատմամբ հավատարմությունը դրսևորվում է այս արարքի հրապարակային և ոչ բռնի բնույթով, սեփական վարքագծի իրավական հետևանքները ընդունելու պատրաստակամությամբ։ Օրենքի նկատմամբ այս հավատարմությունն օգնում է մեծամասնությանը փոխանցել, որ այս արարքն իսկապես քաղաքականապես իրազեկ է և անկեղծ, և որ դրա նպատակն է դիմել հասարակության արդարադատության զգացմանը[8]։ - Ջոն Ռոլս
|
Ըստ Հաբերմասի, քաղաքացիական անհնազանդությունը պետք է լինի նաև բարոյապես արդարացված և հրապարակային, որպեսզի բացառվի հասարակության անդամների կողմից անձնական շահի համար։ Դրան նպաստում է նաև այն, որ քաղաքացիական անհնազանդությունը ենթադրում է մեկ կամ մի քանի իրավական կանոնների խախտում, և այդ խախտումը պատժվում է որպես անօրինական։ Քաղաքացիական անհնազանդությունը կարող է դառնալ ultima ratio (ծայրահեղ միջոց), երբ ժողովրդավարական սահմանադրական երկրում նորմալ ընթացակարգերը ձախողվել են, և, հետևաբար, նորմալ քաղաքական ակտ չէ։
Որպես կանոն, պետք է սպառված լինեն հակադրվող որոշումներին ինստիտուցիոնալ հնարավորությունները, օրինակ՝ դատական գործընթացների միջոցով[7]:32: Սակայն կարող են լինել նաև դեպքեր, երբ սոցիալական ինստիտուտները պետք է անտեսվեն և ուղղակիորեն դիմեն քաղաքացիական անհնազանդության միջոցներին։ Ըստ Հաբերմասի, ինչպես Թորոն, քաղաքացիական անհնազանդությունը, որպես «հասուն քաղաքական մշակույթի տարր», պետության բարելավման գործիք է։
Տոլստոյականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թորոյի հայացքները օրինակ են ծառայել բազմաթիվ քաղաքական գործողությունների համար։ Նմանատիպ գաղափարներ է քարոզել ռուս հայտնի գրող Լև Տոլստոյը։ Նա մարդկանց կոչ էր անում հասարակական չարիքի մեջ իրենց անձնական մասնակցությունը գիտակցել և առանց բռնության հրաժարվել պետությանն աջակցելուց։ «Չարին բռնությամբ չդիմադրել» քրիստոնեական դրույթը հայտնի է տոլստոյականություն անվամբ։ Ծագել է 1880-ական թվականներին Լև Տոլստոյի կրոնա-փիլիսոփայական ուսմունքի հիման վրա։ Դրա վերաբերյալ են Տոլստոյի «Խոստովանություն», «Որն է իմ հավատքը» «Կյանքի մասին», «Քրիստոնեական վարդապետություն» և այլ գրքերը։ Ըստ Տոլստոյի պետության բռնության դեմ պետք է պայքարել ոչ թե բռնության վրա հենված հեղափոխության ճանապարհով, այլ՝ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է ինքնակամ բոյկոտի ցանկացած պետական պարտավորություն. հրաժարվի զինապարտությունից, հարկերի վճարումից և այլն։ Իր աշխատություններում Տոլստոյը հերքում է պետության և օրենքների գոյության անհրաժեշտությունը։ Քննադատելով պետությունը, իշխանությունը, շահագործումը և եկեղեցին, համակրելով անարխիստական գաղափարները (Պրուդոն (Պրուդոնիզմ), Բակունին (Բակունիզմ), Կրոպոտկին, Թորո), նա քարոզել է քրիստոնեական անարխիզմ։
Այնպես ինչպես կոտլետն ուտելիս մարդը պետք է գիտակցի, որ դա սպանված գառան մարմին է, այդպես էլ զինագործական գործարանում աշխատելու կամ սպայական ծառայության, կամ հարկահավաքության համար աշխատավարձը ստանալիս նա պետք է գիտենա, որ իրեն վճարում են այն բանի համար, որ մասնակցում է սպանության նախապատրաստական աշխատանքին կամ աղքատների աշխատածը խլելուն[9]։ - Լև Տոլստոյ Պետության սնահավատություն
|
Տոլստոյը անարխիզմի կողմնակից էր, ասելով, որ անարխիզմի շնորհիվ ավելի ու ավելի շատ մարդիկ կլինեն, որոնք չեն տեսնում պետության իշխանության կարիք, հետևաբար ավելի ու ավելի շատ մարդիկ կամաչեն իշխել։ Մարդիկ պետք է չընդդիմանան չարին, այլ անցնեն ինքնապահովման և պետական իշխանության կարիք չի լինի։ Այդպիսով պետական իշխանությունը կդառնա կեղծ գիտություն։
Լև Տոլստոյը նամակագրական կապի մեջ է եղել Մահաթմա Գանդիի հետ[10]։ Բռնությանը չհակադրվելու Տոլստոյի գաղափարները էականորեն ազդել են Մահաթմա Գանդիի, Մարտին Լյութեր Քինգի, և այլ ոչբռնի դիմադրության քաղաքացիական շարժումների վրա[11][12]։
Ռուսական առաջին հեղափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1905 թվականին Ռուսական կայսրությունը ցնցած համընդհանուր գործադուլն ի ցույց դրեց «անմասնակից» լինելու ուժը։ Այդ խաղաղ ցույցը ծնեց Արյունոտ կիրակին, Ռուսական առաջին հեղափոխությունը։
Սուֆրաժիստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբին Մեծ Բրիտանիայում սուֆրաժիստական շարժումը քաղաքացիական անհնազանդություն էր կանանց ընտրական իրավունքները պաշտպանելու համար։
Գանդիականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահաթմա Գանդին քաղաքացիական անհնազանդության գաղափարը գործնականորեն հաջողությամբ կիրառել է սկզբում Հարավային Աֆրիկայում (Տրանսավաալ, 1906), հետագայում՝ Հնդկաստանի ազգային ազատագրական պայքարում[13]։
Հնդկաստանի ժողովուրդը Անգլիական գաղութարարների վարած խտրական քաղաքականության դեմ պայքարել է քաղաքացիական անհնազանդությամբ (1915). հետևելով Գանդիի օրինակին ժողովուրդն անցավ ինքնաապահովման, հրաժարվելով անգլիական ապրանքներ գնել, այդ թվում նաև թանկարժեք կտորեղեն։ Գանդիի հետևորդների համար անարդարացի օրենքների դեմ ճշմարտության պնդման (սատյագրահա - ճշմարտության ուժ) խորհրդանիշ դարձավ չարխան՝ հնդկական ավանդական ճախարակը[14]։ Իր կարիքները հոգալու համար Մահաթման ճախարակով թել էր մանում, հագուստ և կոշիկներ կարում։ Հնդիկները հետևում էին նրա օրինակին. օրենքներ չէին խախտում, պարզապես չէի համագործակցում իշխանության հետ։ Նրանք, բոյկոտելով ամեն անգլիական բան, գնում էին միայն հնդկական ապրանքներ (անտեսելով, որ դրանք ավելի ցածրորակ են), այրում էին երբեմնի գնած անգլիական կտորեղենը։
Գանդին ապացուցեց, որ անհնազանդության ակցիաների միջոցով հնարավոր է բուժել սոցիալական «խոցերը», մարդկամց խիղճն արթնացնել, բարոյական ինքնագիտակցությունը բարձրացնել և քաղաքական պայքարի լայն շրջանակներում որոշակի խնդիրների վրա կենտրոնանալ։ Քաղաքացիական անհնազանդության շնորհիվ հնդիկ ժողովուրդը հոգևոր վերելք ապրեց, ներքին բացահայտում կատարելով։ Պարզվեց, որ քաղաքական և տնտեսական կախվածությունը գաղութարարների հետ համագործակցության արդյունք է եղել։
Անգլիացիները սկզբում ծաղրում էին Գանդիին, սակայն շուտով շոկ ապրեցին, քանի որ հասկացան, որ հնդիկ ժողովրդի կողմից անտեսված են, իրենց ավանդույթները չեն հարգվում, իրենց առևտրական կազմակերպությունները հսկայական կորուստներ են կրում։ Մինչև անգամ հնդիկները չեն նկատում Հնդկաստան այցելած արքայազն Ուելսկու թագաժառանգին. քաղաքների փողոցները ամայանում են, երբ հայտնվում է մեծարգո հյուրը՝ արքայական իշխանության մարմնավորումը։
Աղի երթ
[խմբագրել | խմբագրել կոդը]1930 թվականի մարտի 12-ին Մահաթմա Գանդին Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքից սկսում է «Աղի երթ», ապրիլի 6-ին գրավելով աղի պաշարները որպես աղի հարկերի դեմ բողոքի ակցիա։
Շատ բաներ կան, որոնց համար ես պատրաստ եմ զոհվել, սակայն չկա ոչ մի այնպիսի բան հանուն որի ես պատրաստ կլինեի սպանել[15]։ - Մահաթմա Գանդի Ճշմարտության իմ փորձերի պատմությունը (1927)
|
Մեծ Բրիտանիայի դեմ ոչբռնի մեթոդներով պայքարի արդյունքում Հնդկաստանն անկախություն ստացավ (1947)։ Գանդին և Հնդկաստանի ժողովուրդը մեծ զրկանքներ կրեցին, 1942-1943 թվականներին 5,5 միլիոն մարդ մահացավ սովից[16], սակայն հնդիկ ժողովրդի անկոտրում կամքի շնորհիվ քաղաքացիական անհնազանդությունն առաջին անգամ աշխարհաքաղաքական մասշտաբներ ստացավ՝ ամբողջ աշխարհում նմանատիպ շարժումների տարածման սկիզբը դնելով[17]։
Ոչբռնության միջազգային օր
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 2007 թ հունիսի 27 -ի որոշմամբ (№ A/RES/61/271[18]) 2007 թվականի հոկտեմբերի 2-ը, Մահաթմա Գանդիի ծննդյան օրը հայտարարված է Ոչբռնության միջազգային օր (International Day of Non-Violence), որը հետապնդում է խաղաղության, հանդուրժողականության, ըմբռնողականության և ոչբռնության մշակույթ հաստատելու ցանկություն[19]։
Աֆրիկայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գանդիի գաղափարները տարածում ստացան Աֆրիկայում, որտեղ նոր սերնդի քաղաքական գործիչներ Քվոմե Նքրուման Գանայում, Ջոմո Քենյաթան Քենիայում և հարավաֆրիյան գործիչները (Ուոլտեր Սիսուլու, Նելսոն Մանդելա, Օլիվեր Տամբո) 1940-ական թվականների վերջերին ելույթ էին ունենում քաղաքացիական անհնազանդության գաղափարներով՝ ի պաշտպանություն խաղաղ բնակչության իրավունքների։ Սակայն հետագայում Աֆրիկայի ազգային կոնգրեսը (ՀԱՀ) ապարտհեյդի դեմ ընտրեց պայքարի զինված միջոցները։
ԱՄՆ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական անհնազանդության ճանաչված օրինակ է 1950–1960-ական թվականների հանուն քաղաքացիական իրավունքների շարժումը, որի մասնակիցները ընդօրինակեցին ռասայական սեգրեգացիայի և խտրականության դեմ ուղղված Գանդիի մեթոդները։ Ի տարբերություն Հարավային Աֆրիկայի և աֆրիկյան այլ գաղութների շարժումների, որոնք հետապնդում էին քաղաքական անկախություն, ԱՄՆ քաղաքացիական անհնազանդության շարժումը հենվել է Սահմանադրությանը, մասնավորապես Քաղաքացիների իրավահավասարության երաշխավորումը և նահանգի կողմից խտրական օրենքների ընդունման արգելքի օրինագծի (Bill) վրա, որում բոլոր քաղաքացիներին հավասար իրավունքներ էր երաշխավորվում։
Մարտին Լյութեր Քինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգևորական Մարտին Լյութեր Քինգը համարվում է «Ամերիկայի խղճի ձայն»։ 1955 թվականին Ալաբամայի մայրաքաղաք Մոնտգոմերիում 26-ամյա Քինգը ղեկավարեց քաղաքային ավտոբուսների բոյկոտը, որի նպատակն էր տրանսպորտում ռասայական խտրականության վերացումը։ Նա քաղաքային տրանսպորտում չզիջեց իր տեղը սպիտակամորթ ամերիկացուն, որի համար նրան կալանավորեցին։ Հետագայում նմանատիպ միջոցառումներ իրականացրեց Ամերիկայի հարավով մեկ և Բիրմինգհեմում ձերբակալվեց։ Այդտեղից նա հակասեգրեգացիոն ելույթները դատապարտող սպիտակամորթ հոգևորականին պատասխանեց իր հանրաճանաչ դարձած «Բիրմինգհեմյան բանտից գրած նամակով[20]» (1963):
Այնպես, ինչպես Սոկրատեսն անհրաժեշտ էր համարում մարդկանց ուղեղները լարելը, որպեսզի կարողանան վեր բարձրանալ իրենց կաշկանդող սնոտիապաշտությունից և կիսաճշմարտություններից և ազատորեն հասնեն ստեղծագործական վերլուծության և իրատեսական գնահատականների բարձր մակարդակի, այդպես էլ մենք կարիք ունենք զգալու ոչբռնության այրող փշերի, որոնք մեր հասարակության մեջ լարվածության մթնոլորտ կստեղծեն, որով մարդուն կօգնեն նախապաշարմունքների և ռասիզմի մռայլ խորքերից դուրս գալ, հասնել ըմբռնման և եղբայրության վեհագույն բարձունքներին։ Այսպիսով, ուղիղ գործողությունների նպատակն է այնպիսի ճգնաժամային իրավիճակ ստեղծել, որն անխուսափելիորեն կհանգեցնի բանակցությունների[20]։ |
Քինգն իր կողմնակիցներին կոչ էր անում «չենթարկվել սեգրեգացիայի օրենքներին, քանի որ դրանք անբարոյական են», միաժամանակ նա դեմ էր հակահասարակական վարքին, որն ի վիճակի էր հանգեցնել անարխիայի։ Նա կարծում էր, որ քաղաքացիական անհնազանդության գործողությունները պետք է ցուցաբերեն «խորին հարգանք օրենքի նկատմամբ» և հակակշիռ հանդիսանան ատելությունից և հուսահատությունց ծնված բռնությանը։
1963 թվականի մարտին ավելի քան 200 հազար մարդ, մեծ մասամբ աֆրոամերիկացիներ, երթով հասան Վաշինգտոն։ Միտինգի ժամանակ Քինգը հանդես եկավ Ես երազանք ունեմ հայտնի դարձած ելույթով։ 1964 թվականին Կոնգրեսն ընդունեց քաղաքացիական իրավունքների մասին օրենք։ 1964 թվականի հոկտեմբերին Քինգն արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի ոչ բռնի դիմադրութան մեթոդներով ռասայական հավասարություն հաստատելու իր սկզբունքների համար[21]։
Հաշմանդամների իրավունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին «Ամերիկյան հաշմանդամները հասարակական տրանսպորտի մատչելիության համար» նախաձեռնող խմբի ղեկավարությամբ ԱՄՆ-ում իրականացվեց ակցիա, որի մասնակիցները հաշմանդամի սայլակներով մագլցում էին Կապիտոլիումի աստիճաններով։ Հաջորդ օրը 100 -ից ավելի հաշմանդամներ իրենց սայլակները իրար շղթայեցին Կապիտոլիումի ռոտոնդայի տակ։ 1990 թվականի հուլիսի 26 -ին ԱՄՆ Կոնգրեսն օրենք ընդունեց, որով երաշխավորվեց հասարակական տրանսպորտ և շինություններ մտնելու հաշմանդամների հարմարավետությունը։
Բռնատիրական ռեժիմների դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես կանոն բռնատիրական ռեժիմների դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաները հազվադեպ են հաջողությամբ պսակվում, եթե իշխանությունները վճռական տրամադրված են ուժի կիրառմամբ ճնշել դրանք։
Սուդանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականի ապրիլին Սուդանում գործադուլի հետ միաժամանակ խռովություն բռնկվեց նախագահ Ջաֆար Նիմեյրիի ռեժիմը տապալելու նպատակով։ Միջոցառումը սկսեցին ծառայողների կազմակերպված խմբերը։ Ընդ որում որոշ ոստիկանական պաշտոնյաներ հայտարարեցին, որ չեն կատարելու ցուցարարներին ցրելու հրամանները։ Մեկ շաբաթ տևած քաղաքացիական անհնազանդության արդյունքում Սուդանը լիակատար իսլամացնել ձգտող նախագահը գահընկեց արվեց։ Այդ օրերին նա գտնվում էր ԱՄՆ-ում պաշտոնական այցելության։ Անարյուն հեղափոխությունը իրականացրեցին Ազգային թևում առկա քաղաքական հակառակորդները, որոնք չէին խրախուսում Սուդանի լիակատար իսլամացումը։
Նիգերիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականին Նիգերիայում քաղաքացիական անհնազանդության խոշոր միջոցառումների ընթացքում միլիոնավոր մարդիկ գործադուլ արեցին, սակայն այն հաջողությամբ չպսակվեց, քանի որ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվեցին։
Հայիթիում
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականի Հայիթիում անհնազանդության երկարատև զանգվածային ակցիաների հաջողությունը, որն ավարտվեց «Բեյբի Դոկ» Դյուվալյեի արտաքսմամբ (1986 թվականի փետրվարի 7), լիովին ի չիք դարձավ ռազմական դիկտատուրայով, որը իշխեց երկրում մինչև 1994 թվականը, երբ համաժողովրդական ընտրված նախագահ Ժան Բերտրան Արիստիդը կարողացավ վերադառնալ իշխանության գլուխ։
Չինաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականի հունիսի 4 -ին Պեկինի Տյանյանմեն հրապարակում[22] գրեթե մեկ ամիս տևած գլխավորապես չինացի ուսանողների մասսայական նստացույցերը, որոնց հիմնական պահանջներն էին՝ պետության դեմոկրատացում, կոռուպցիայի վերացում, կուսակցական իշխանության իրավունքների սահմանափակում, դաժանորեն ճնշվեցին իշխանությունների կողմից։ Հրապարակ մտած տանկերով ու գնդացիրներով նստացույցի մասնակիցների վրա կրակ բացվեց՝ առանց զգուշացման և անխտիր[23][24]։
Մյանմայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին Մյանմայում քաղաքական ակտիվիստ, հետագայում Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1991) Աուն Սան Սու Չժին տնային կալանքի ենթարկվեց (1988-2010), քանի որ հանդես էր գալիս ռազմական ռեժիմի դեմ դիմադրության կոչերով, միտինգներ ու ցույցեր էր կազմակերպում՝ օգտվելով իր միջազգային ճանաչվածությունից[25]։
Գունավոր հեղափոխություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական անհնազանդությունը լայնորեն կիրառվում է գունավոր հեղափոխություններ իրականացնելիս։ Այդպիսի օրինակներից են հետխորհրդային պետություններում պայքարի այն դեպքերը, որոնք հանգեցրեցին իշխանափոխության։ Ընդ որում քաղաքական տեսաբանները (տես՝ Ջին Շարփ) ձգտում են քաղաքացիական անհնազանդության գաղափարը պաշտպանել հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկելու քննադատություններից, հայտարարելով, որ ոչբռնությամբ օրենքների խախտումն իրականացվում է հանուն դեմոկրատական արժեքների և հասարակության համախմբման։ Ըստ նրանց, քաղաքացիական անհնազանդությյունը հասարակության հասունության վկայությունն է, այն ծնում է պլյուրալիզմ։ Որոշ գիտնականներ Խաննա Արենդտի քաղաքագիտության վրա հենվելով բռնության և իշխանության դիխոտոմիայի (երկատվածություն) գաղափարին են հանգում, որտեղ առաջինը ճնշում գործադրելու համար կոշտ գործիք է հանդիսանում, իսկ երկրորդը ցույց է տալիս հանուն խմբային նպատակների մարդկանց համաձայնեցված գործելու ընդունակությունը։ Այդ տեսակետից անհնազանդությունը, որը պահպանում է քաղաքացիական պաթոսը, սոցիալապես ընդունելի է համարվում, այն դեպքում, երբ հասարակական կյանքի հիմքերը խարխլելու փորձերը պետք է մերժվեն։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական տրանսպորտի ուղեվարձի թանկացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հուլիսին Երևան քաղաքում անցկացվեցին «Չենք վճարում 150 դրամ» բողոքի ակցիաներ, իրազեկման աշխատանքներ, freecar ակցիա։ Քաղաքացիական անհնազանդության դրսևորման արդյունքում կառավարությունը հրաժարվեց տրանսպորտի ուղեվարձը 100 դրամից 150 դրամ դարձնելու որոշումից[26]։
100-ամյակն առանց ռեժիմի
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունվարի 31-ին դեպի ԼՂՀ «Հիմնադիր խորհրդարանի» ակտիվիստների ավտոերթը Հայաստանի իշխանությունների պետական կառավարման լծակների կողմից ամեն գնով, այդ թվում՝ բռնության միջոցով խոչընդոտելու գործողություններից հետո[27] 100-ամյակն առանց ռեժիմի նախաձեռնող խումբը հանդես եկավ 2015 թ. ապրիլի 24-ին քաղաքացիական անհնազանդության գործողություններով ռեժիմի դեմ պայքարելու կոչերով[28]։
«Սասնա ծռեր»
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հուլիսի 17-ին «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամների կողմից Երևանի Էրեբունու ՊՊԾ գնդի ոստիկանության գումարտակի գրավումը[29][30] հասարակության կողմից լայն աջակցության արժանանալով, հնչեցին քաղաքացիական անհնազանդության կոչեր[31][32]։
Տեսանյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թեմա 14. Քաղաքացիական անհնազանդություն. Արշակ Բալայան Արխիվացված 2016-11-19 Wayback Machine 13th May 2015, Բուն TV, Բարոյագիտություն (Էթիկա)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բողոքի ցույցեր ընդդեմ Սերժ Սարգսյանի
- Բռնապետությունից ժողովրդավարություն
- Գունավոր հեղափոխություն
- Ոչ բռնի դիմադրություն
- Սատյագրահա
- Ոչբռնություն
- Մահաթմա Գանդի
- 100-ամյակն առանց ռեժիմի
- Զինված ապստամբություն Երևանում (2016)
- Աղի երթ
- Հայիթիի հանրապետության պատմություն
- Այրոմ Չանու Շարմիլա
- Տյանյանմեն հրապարակ
- Սև կոն
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Freedom Through Disobedience by Chitta Ranjan Das
- Մանվել Սարգսյան, Քաղաքացիական անհնազանդություն, քաղաքական պատասխանատվության ինստիտուտ, 2014 թ. հունվարի 20
- Лекция Тамары Эйдельман «История гражданского неповиновения от Сократа до Мартина Лютера Кинга», которую она прочла 12 мая 2012 г. перед собравшимися на Чистых прудах у памятника Абаю Кунанбаеву
- Քաղաքացիական անհնազանդություն. սոցիալական հոլովակ, որ համացանցային հիթ է դարձել (տեսանյութ) Առաջին լրատվական, 2013-07-25
- И. Ю. Сундиев, А. А. Смирнов. Теория и технологии социальной деструкции. - М., 2016. - 433 с. - 1000 экз. - ISBN 978-5-93618-235-8.
- Толстой 2002 - Толстой Л. Н. Закон насилия и закон любви // Закон насилия и закон любви.
Екатеринбург: Изд-во Уральского ун-та, 2002.
- ГРАЖДАНСКОЕ НЕПОВИНОВЕНИЕ Энциклопедия Кругосвет
- Մարտին Լյութեր Քինգ Шаг к свободе (Stride Toward Freedom, 1958)
- Մարտին Լյութեր Քինգ В каком направлении мы пойдем – к хаосу или сообществу? (Where Do We Go from Here: Chaos or Community? 1967)
- Кинг М.Л. Есть у меня мечта. Избранные труды и выступления. М., 1970
- Кондрашов С.Н. Жизнь и смерть Мартина Лютера Кинга. М., 1970
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ջին Շարփ Ոչբռնի գործողությունների 198 մեթոդներ Արխիվացված 2014-03-15 Wayback Machine (ռուս.) թարգմանություն (անգլ.՝ 198 Methods of Nonviolent Action)
- ↑ Piero Moraro Violent Civil Disobedience and Willingness to Accept Punishment Արխիվացված 2010-06-13 Wayback Machine 8 (2), Essays in Philosophy, June 2007
- ↑ И. Ю. Сундиев, А. А. Смирнов. Теория и технологии социальной деструкции. - М., 2016. - 433 с. - 1000 экз. - ISBN 978-5-93618-235-8.
- ↑ Քաղաքացիական անհնազանդության մասին Արխիվացված 2015-07-18 Wayback Machine Lragir.am Հասարակություն - 01 Մայիսի 2015
- ↑ ГРАЖДАНСКОЕ НЕПОВИНОВЕНИЕ Энциклопедия Кругосвет
- ↑ Маевка революционного пролетариата, 1913 թվական
- ↑ 7,0 7,1 7,2 Habermas, Jürgen: Ziviler Ungehorsam – Testfall für den demokratischen Rechtsstaat // Ziviler Ungehorsam im Rechtsstaat / Peter Glotz. — Frankfurt am Main: Suhrkamp, 1983. — 149 с. — ISBN 978-3-518-11214-4
- ↑ Дж. Ролз Теория справедливости. — М.: Издательство ЛКИ, 2010. — С. 322. — 536 с. — ISBN 978-5-382-01051-9
- ↑ Лев ТОЛСТОЙ Суеверие государства. III. Государство основано на насилии Источник -- репринтное издание СП "Интербук", Таллинн, 1990 г.
- ↑ GANDHI LETTERS From Recollections & Essays by Leo Tolstoy. Oxford University Press: London, New York, Toronto, 1937. (pp. 433-439)
- ↑ Martin E. Hellman. Resist Not Evil (անգլ.) (2 October 1994)
- ↑ Лев Николаевич ТОЛСТОЙ Արխիվացված 2016-08-26 Wayback Machine Публицистические произведения
- ↑ Махатма Ганди. Моя жизнь. - Санкт-Петербург: АЗБУКА, 2013. - 480 с. - 3000 экз. - ISBN 978-5-389-01656-9.
- ↑ Сухарев Алексей. Мир без насилия Махатмы Ганди. Журнал «Человек без границ».
- ↑ The Story of My Experiments with Truth
- ↑ Гхош К. Ч. Голод в Бенгалии. - М., 1951
- ↑ Полонская Л.Р.Махатма Ганди: смысл жизни // Новая и новейшая история : журнал. - М., 1991. - № 4.
- ↑ Resolución aprobada por la Asamblea General el 15 de junio de 2007
- ↑ International Day of Non-Violence: 2 October
- ↑ 20,0 20,1 Մարտին Լյութեր Քինգ Letter from a Birmingham Jail
- ↑ The Nobel Peace Prize 1964, Նոբելյան հիմնադրամ
- ↑ Չինարեն 天安門廣場, բառացի նշանակում է երկնային հանդարտության դարպասներ
- ↑ Andrew G. Walder, Gong Xiaoxia WORKERS IN THE TIANANMEN PROTESTS: THE POLITICS OF THE BEIJING WORKERS' AUTONOMOUS FEDERATION
- ↑ Артур Александров События на площади Тяньаньмэнь в Пекине весной 1989 года. РИА Новости.
- ↑ Burma's Aung San Suu Kyi makes landmark campaign speech BBC News (14 March 2012).
- ↑ Քաղաքացիական անհնազանդություն. սոցիալական հոլովակ, որ համացանցային հիթ է դարձել (տեսանյութ) Առաջին լրատվական, 2013-07-25
- ↑ Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ Բերձորի ջարդի ականատեսի պատմածը. «Կարծես հրաման էին ստացել՝ ոչ մեկին անվնաս չթողնել» 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից
- ↑ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հայտարարությունը Վաղինակ Շուշանյանին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից
- ↑ Երևանում ապստամբություն է սկսվել. «Սասնա Ծռեր» խմբավորումը հայտարարություն է տարածել Արխիվացված 2016-07-20 Wayback Machine (տեսանյութ) NEWSLine.am Ներքաղաքական 17.07.2016
- ↑ Զինված միջադեպ Երևանում 17 հուլիս, 2016 | Սիվիլնեթ
- ↑ Գարեգին Չուգասզյան. «Առաջ դեպի քաղաքացիական անհնազանդություն» 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից
- ↑ «Սասնա ծռերը» քաղաքացիական անհնազանդության շարժում է սկսում Արխիվացված 2022-02-11 Wayback Machine, Թերթ.am 25.07.16
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |