Յուրմալա (Jūrmala), առողջարանային խոշոր քաղաք Լատվիայում։ Գտնվում է Ռիգայի ծոցի հարավային ափին, Ռիգայից արևմուտք։ 51 հզ․ բն․ (2023)։ Ընդգրկում է Լիելուպե, Բուլդուրի, Ձինտարի, Մայորիդ Դուբուլտի, Կեմերի և այլ բնակավայրերը։ Յուրմալյով են անցնում էլեկտրիֆիկացված Ռիգա–Տուկումս երկաթուղագիծն ու խճուղին։ Կան թաղանթանյութի–թղթի, սպորտային նավաշինական գործարաններ, «Տեխնոինֆորմ», գեղարվեստական գործվածքների և գալանտերիայի արտադրության ֆաբրիկաներ, տեխնիկում, թանգարաններ։ Կլիման մեղմ է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 17 °C, հունվարինը՝ –5 °C։ Բուժիչ միջոցներն են կլիմայաբուժությունը, ծովային լոգանքները (հունիսի կեսից մինչև օգոստոսի վերջը), Կեմերիում՝ հանքային ջրերը և ցեխաբուժությունը։ Բուժվում են սիրտ–անոթային, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի, թոքերի ոչ տուբերկուլոզային հիվանդություններով տառապողները և ռևմատիզմով հիվանդ երեխաները։ Գործում են մեծահասակների և երեխաների առողջարաններ, հանգստյան տներ, պանսիոնատներ և կուրորտային պոլիկլինիկաներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 137)։