Jump to content

Անպատճառ իշխանուհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անպատճառ իշխանուհի, Մուրացանի պատմվածքներից, գրել է 1886 թվականին[1]։

Անպատճառ իշխանուհի
Ժանրպատմվածք
Ձևարձակ
ՀեղինակՄուրացան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1886
Կերպարներօրիորդ Աննա Լազարյան, օրիորդ Վարդուհի Սամվելյան, Տիրան Մարության, Վասիլ Իվանովիչ, Մարիա Սերգեևնա, Իշխան Դմիտրի Սոլոմոնովիչ Շախ-Մելիքով
ՀրատարակչությունՀայաստան

Պատմվածքի դիպաշարը սկսվում է գլխավոր հերոսների նկարագրությամբ։ Աննան հարուստ ծնողների զավակ էր, 18 տարեկան, գեղեցիկ և գրագետ։ Վարդուհին Աննայի հեռավոր ազգականն էր ու մոտ ընկերուհին․ միջակ կարողության տեր՝ հայր չուներ, համեստ, գեղեցիկ ու բարեսիրտ աղջիկ էր։ Աննան և Վարդուհին զրուցում էին և զրույցի գլխավոր թեման ամուսնությունն էր։ Մինչ ընկերուհիներից յուրաքանչյուրն իր կարծիքն էր արտահայտում ընտանիք կազմելու մասին, այդ ժամանակ Լազարյանների տուն է այցելում Տիրան Մարությանը, ով հայերեն էր դասավանդում օրիորդ Աննային։ Վարդուհին Աննայի ականջին շշնջում է, որ նրանից լավ ամուսին չի կարող գտնել։ Մարությանը եկել էր Պետերբուրգից, լեզվագիտության թեկնածու էր, ուներ երկու հազարանոց պաշտոն, վայելչակազմ, գեղեցկադեմ, ճարտարախոս էր և այս բոլորից հետո՝ հայագետ։ Աննայի ու Մարությանի միջև զգացմունք է առաջանում։ Վարդուհին Մարությանի գալուց հետո ավելի հաճախ այցելել ընկերուհուն։ Շշուկներ են տարածվում, թե Լազարյանների տունը Մարությանի և Վարդուհու հանդիպման վայրն է։ Աննան, իմանալով այդ մասին, խնդրում է ընկերուհուն, որ որոշ ժամանակ չայցելի իրենց տուն։ Որոշ ժամանակ անց Մարությանը այցելում է Վարդուհուն։ Աղջիկը սպասում էր, որ ի վերջո Մարությանը կխոսի իր հանդեպ ունեցած զգացմունքների մասին, սակայն Մարությանը, կրկնակի ցավեցնելով աղջկան, հայտնում է, որ Աննայի հանդեպ զգացմունքներ ունի։ Այս ամենն իմանալուց հետո Վարդուհին ներքին մեծ ցավ ու հիասթափություն է ապրում, սակայն ազնիվ է գտնվում և Տիրանին հայտնում է, որ Աննան նույնպես զգացմունքներ ունի։ Թվում էր՝ Մարությանի և Աննայի միջև ամեն ինչ լավ էր, նրանք սիրում էին իրար։ Հայտնվում է իշխան Դմիտրին, ով մեծ կարողության տեր էր։ Աննան սկզբից չի համաձայվում դառնալ նրա կինը, սակայն ծնողները նրան համոզեցում են՝ իշխանի հետ ամուսնության նյութական առավելություններով։ Աննան գերվում է իշխանուհի դառնալու մտքից և ընդունում առաջարկը։ Իր ամուսնության մասին նամակով հայտնում է Մարությանին՝ նշելով ծնողների ցանկության և հայերենի պարապմունքների ավարտման մասին։ Մարությանի համար այս ամենը շատ ծանր հարված էր և, իմանալով Վարդուհու զգացմունքների մասին, իրեն անարժան համարեց նրա սիրուն, սակայն օրեր անց հանդիպումից հետո սերը հաղթեց։ Աննայի և Վարդուհու հարսանիքը նույն օրն է տեղի ունենում։ Ճոխ ու շքեղ հարսանեկան հանդեսից հետո պարզվում է, որ փեսան իր ճաղատ գլուխը ծածկում է կեղծամով, սպիտակ ատամները արհեստական են. խարխուլ մեջքը ամրացնում է սեղմիրանով /կորսետով/ և, փաստորեն, նաև առհասարակ տղամարդկությունից զուրկ «մի կատարյալ ավերակ է»։ Փողապաշտ ու փառասեր ծնողների մեղքով դժբախտանում է երիտասարդ աղջիկը։ Ի վերջո, գիտակցելով իր ճակատագրական սխալը, նա ինքնասպանություն է գործում։ Աննայի նամակից բացահայտված իրականությունը հասարակությանը պարզ է դարձնում, թե ինչ գնով հայ օրիորդը դարձավ անպատճառ իշխանուհի[2]։

Պատմվածքի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրացանը «Անպատճառ իշխանուհի» պատմվածքը գրել է 1886 թվականին։ «Անպատճառ իշխանուհի» պատմվածքի գեղարվեստական պլանը հենց սկզբից դրվում է երկու բնավորությունների հակադիր գծերի վրա՝ «փողի արիստոկրատիայի» դուստրը՝ Աննան և միջին դասի առաքինության տիպարը՝ Վարդուհին։ Երկու մտերիմ ընկերուհիներ, սակայն, տարբեր՝ իրենց սոցիալական դրությամբ, ուրեմն և դաստիարակությամբ ու բարոյական ըմբռնումներով։ Նախապես, կարծես, որևէ օտարոտի բան չկա երկու ընկերուհիների վարքի մեջ։ Կրթված ու խելացի Աննան իր առաջին դատողություններն է անում կյանքի մասին, փորձում խոհամիտ լինել և անձնական երջանկության իդեալներ փայփայել, որը նրան տրամադրում էր համակրելի, գրագետ Մարությանի հանդեպ ունեցած սերը։ Բայց ճակատագրի շեղումը նախապես էր տրված. ուստի նա հեշտությամբ պիտի բարոյաբանական ռոմանտիկան զոհաբերեր ազնվականական փառամոլությանը և մերժեր անտիտղոս Մարությանի սերը, իշխան Շախ-Մելիքովի համար։ Սակայն Աննայի հույսերը փշրվում են, և նրան մնում էր կյանքին վերջ դնել, իսկ Վարդուհին՝ համեստ ու չափավոր կեցությամբ, վայելում է իր երջանիկ ամուսնությունը[3]։

Գաղափարական բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անպատճառ իշխանուհի» պատմվածքում Մուրացանը ռոմանտիկական հեգնանքի դատափետումների է ենթարկում հայ ապազգայնացող վերնախավերին, ամենասուր տագնապներով վերապրում բարքերի այլափոխությունն ու բարոյական արժեքների կորուստը[4]։ «Փողի արիստոկրատիան» ապականում էր ազգային բարքերը, բայց «արյան արիստոկրատիան» էլ իր մոլորությունն ուներ, որը նույնպես տանում էր դեպի ազգային օտարումը։ Իսկ այնտեղ, ուր մոլորությունը մեղանչում է գերագույն առաքինության դեմ՝ հատուցում է սահմանվում պատրանքների խորտակումը։ Այսպես է Մուրացանը լուծում «Անպատճառ իշխանուհի» պատմվածքի գաղափարական հանգույցը[3]։

Օրիորդ Աննա Լազարյան, oրիորդ Վարդուհի Սամվելյան, Տիրան Մարության, Վասիլ Իվանովիչ, Մարիա Սերգեևնա, Իշխան Դմիտրի Սոլոմոնովիչ Շախ-Մելիքով[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մուրացան».
  2. 2,0 2,1 Մուրացան (1975). Երկերի ժողովածու, հատոր առաջին. Երևան: ՀԱՅԱՍՏԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ. էջեր 383–431. ISBN 006370. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  3. 3,0 3,1 Հայ նոր գրականության պատմություն. Երևան: ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԱ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ. 1972. էջ 127.
  4. «Անպատճառ իշխանուհի».