Jump to content

Ձկան գնդիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձկան գնդիկներ
Ենթատեսակձկնային ուտեստ և minced food ball?
Առաջացման երկիր Չինաստան
 Fish balls Վիքիպահեստում

Ձկան գնդիկներ (չինարեն՝ 鱼丸), հայտնի է նաև ձկան կոլոլակներ անունով։ Ջրային տարածքներին մոտ գտնվող շրջանների բնակիչների համար համարվում են սովորական խորտիկներ։ Ձկան գնդիկները պատրաստվում են ձկան մսից և օսլայից, հիմնականում ունեն գնդաձև տեսք, բայց կարող են հանդիպել նաև խորհանարդաձև և օվալաձև։ Հոնկոնգում, Մակաոյում և Գուանդունում հայտնի են ձկան ձու անունով։

Ձկան գնդիկների պատրաստման եղանակը տարբեր վայրերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆու Ճոուի ձկան գնդիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձկան գնդիկները Ֆու Ճոույում համարվում են հայտնի նախուտեստներ, որոնք առաջացել են Ցին դինաստիայի ժամանակներում։ Ֆու Ճոույում ձկան գնդիկները նաև անվանում են «լցոնած ձկան գնդիկներ»։ Ուտեստի պատրաստման համար Ֆու Ճոուի բնակիչները դասական տարբերակ են համարում Օձաձկան և շնաձկան միսը։ Պատրաստման ավանդական եղանակը հետևյալն է. մաքրել ձկան միսը փշերից և շատ մանր մասերի բաժանել, այնուհետև ավելացնել կարտոֆիլի օսլա և խառնել այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված։ Ստացված զանգվածը դնել ձախ ձեռքի ափի մեջ, մեջտեղում դնել խոզի մսից պատրաստված միջուկը, այնուհետև ցուցամատի և բթամատի օգնությամբ ձևավորել գնդիկներ։ Գնդիկներն ապուրի մեջ եփվելու ընթացքում այս ու այն կողմ են շարժվում` նմանվելով երկնքում շողացող աստղերին, ուստի այն ստացել է նաև «Յոթ աստղանի ձկան գնդիկներ» անվանումը։ Ձկան գնդիկներից պատրաստված ապուրի մեջ ավելացնում են նաև սպիտակ բրնձի քացախ, կանաչ սոխ և պղպեղ։

Ֆու Ճոուի ձկան գնդիկները բնութագրվում են իրենց յուրահատուկ միջուկներով, որոնց շնորհիվ գնդիկներն էլ ավելի համեղ են ստացվում` տարբերվելով Մին Նանի առանց միջուկ ձկան գնդիկներից։ Նման տեսակի ձկան գնդիկներ կարելի է ուտել Թայվանում, Հարավարևելյան Ասիայի երկրներում, Ֆու Ծիենում և այլ վայրերում։ Հոնկոնգի Ցյուեն Վան շրջանում կան նաև այնպիսի արագ սննդի կետեր, որտեղ վաճառվում են Ֆու Ճոուի ձկան գնդիկներից, քանի որ այդ շրջանի բնակչության հիմնական մասը հենց Ֆու Ճոուից են։

Մա Ծուի ձկան գնդիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մա Ծուի տեղական մշակույթը ծագում է Ֆու Ճոու մշակույթից, հետևաբար այնտեղ ևս շատ են պատրաստում Ֆու Ճոուի ձկան գնդիկներից։ Դրանք հիմնականում պատրաստված են ձկից և լցված են խոզի միջուկներով։ Կան նաև չլցոնված ձկան գնդիկներ։ Այս երկու տեսակների հիմնական տարբերությունն այն է, որ լցոնովն ավելի մեծ է, իսկ առանց լցոնմանը՝ ավելի փոքր։

Վըն Ճոուի ձկան գնդիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վըն Ճոուի ձկան գնդիկներից պատրաստված լապշան

Տեղացիներն ուտեստն անվանում են ձկան գնդիկներ կամ ձկան կոլոլակներ (երկուսն էլ տեղական բարբառով նույն արտասանությունն ունեն)։ Ձկան գնդիկները Վըն Ճոույում համարվում են հայտնի նախուտեստներ։ Այն ձևով և գույնով տարբերվում է այլ վայրերում պատրաստված ձկան գնդիկներից։ Չունի կանոնավոր ձև և սպիտակ է ինչպես նեֆրիտը։

Որպես հիմնական բաղադրիչ օգտագործվում է թարմ ձկան միսը։ Նախ անհրաժեշտ է հեռացնել բոլոր փշերը և կտրատել բարակ շերտերով, որից հետո որոշ ժամանակ ձկան միսը պետք է թողնել գինու և աղի մեջ։ Այնուհետև մսին ավելացնել սպիտակ օսլա, մանրացրած կոճապղպեղ, կանաչ սոխ և խառնել այնքան, որ ստացվի համասեռ զանգված։ Ստացված զանգվածը թողնել այնքան, մինչև ձկան միսը լիովին առաձգական դառնա։ Որոշ ժամանակ անց ձկան միսը պետք է լցնել նախապես եռացրած ջրի մեջ և եփել այնքան, մինչև ստանա սպիտակ երանգ։ Ձուկը եփելուց հետո ապուրի մեջ ավելացնել բրնձի քացախ, մանր կտրատած կանաչ սոխ և պղպեղ։ Ձկան գնդիկներով կարելի է պատրաստել ոչ միայն ապուր, այլ նաև լապշա։ 1998 թվականին Վըն Ճոուի ձկան գնդիկները ստացել են «Հանրահայտ չինական խորտիկներ» անվանումը։

Հան Ճոուի ձկան գնդիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղացիներն ուտեստը սովորաբար անվանում են ձկան կոլոլակներ։ Ձկան գնդիկների ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ պատրաստելիս օսլա չեն օգտագործում, ուստի ձկան գնդիկները գրեթե ամբողջությամբ ձկան միս են։ Գնդիկները հեշտությամբ հալվում են բերանում, փափուկ են ու հարթ` ինչպես տոֆուն։

Պատրաստման համար անհրաժեշտ է վերցնել քաղցրահամ ջրերի ձուկ, այնուհետև դանակի կամ գդալի օգնությամբ քերել ձկան միսը, խառնել այն սոխի և կոճապղպեղի թուրմի հետ (սառը ջրի մեջ լցնելով սոխը և կոճապղպեղը կարելի է ստանալ վերը նշված թուրմը), այնուհետև լավ խառնել։ Ստացված զանգվածն անհրաժեշտ է լավ քամել, փոքրիկ փշերից ազատվելու համար, որից հետո խյուսին ավելացնել աղ, ձվի սպիտակուց և սպիտակ գինի։ Խառնել այնքնան մինչև ստացվի կպչուն զանգված։ Այնուհետև գդալի օգնությամբ վերցնել ստացված զանգվածից մի փոքր և դնել այն եռացող ջրի մեջ` ձկան գնդիկներ պատրաստելու համար։ Բոլոր գնդիկները կաթսայի մեջ տեղափոխելուց հետո եփել մի քանի րոպե մինչև 95 °C ջերմաստիճանի ջրի մեջ։ Այնուհետև գնդիկները տեղափոխել ապուրի կաթսայի մեջ և եփել թույլ կրակի վրա ևս երկու-երեք րոպե[1][2][3]։

Խու Պեյի ձկան գնդիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խու Պեյի ձկան գնդիկներից պատրաստված ապուրը

Խու Պեյ նահանգում կան բազմաթիվ քաղցրահամ գետեր և լճեր, որոց մեջ աճեցվում են ձկներ, հետևաբար բնակիչները շատ հաճախ են պատրաստում ձկան գնդիկներ։ Տեղացիներն ուտեստը սովորաբար անվանում են ձկան կոլոլակներ[4]։ Ընդհանրապես,ձկան լավ գնդիկներ ստանալու համար օգտագործում են կատվաձուկ, բայց կարելի է օգտագործել նաև, տառեխ, լոքո, կարպ, սկումբրիա և այլ ձկնատեսակներ[5]։ Ձկան գնդիկներ պատրաստելու համար անհրաժեշտ է դանակով հեռացնել ձկան թեփուկները, միսը մանր կտրատել և խառնել օսլայի, ճարպի, ձվի սպիտակուցի, աղի, կանաչ սոխից և կոճապղպեղից ստացված թուրմի հետ և լավ խառնել։ Այնուհետև ստացված զանգվածով ձևավորել գնդիկներ, դնել սառը ջրով կաթսայի մեջ և եռացնել։ Խու Պեյում նմանատիպ ձևով պատրաստում են նաև «ձկան կարկանդակ», «ձկան լապշա» և այլ ուտեստներ[6]։

Ծիա Յու շրջանի «Ծիա Յու ձկան գնդիկներ»-ը գրանցվել է որպես «Խու Պեյ նահանգի աշխարհագրական նշումների պաշտպանությամբ արտադրանք»[7]։

Հոնկոնգի ձկան գնդիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարրի սոուսով պատրաստված ձկան գնդիկները Հոնկոնգի արագ սննդի կետում

Հոնկոնգում սովորաբար հանդիպում են ձկան գնդիկների երկու հիմնական տեսակներ։ Մեկը սպիտակ է և ոչ տապակած, իսկ մյուսը տապակած է, ուստի մակերեսը ոսկե դարչնագույն է։ Առաջինը հաճախ օգտագործվում է որպես լապշայի բաղադրիչ, մինչդեռ երկրորդը սովորաբար հանդիպում է Հոնկոնգի արագ սննդի կետերում։ Ձկան գնդիկները պատրաստելու համար օգտագործվող ձկան մսի մեծ մասը ստացվում է համեմատաբար էժան ձկներից, օրինակ` շնաձկից։ Նյութական ծախսերը նվազեցնելու համար որոշ խանութներ ձկան մսին ավելացնում են նաև ալյուր[8]։ Հոնկոնգի արագ սննդի կետերը սովորաբար առաջարկում են երկու տարբերակ` սովորական և կծու գնդիկներ։ Սովորական ձկան գնդիկները թրջում են ապուրի մեջ և տաքացնում, մինչդեռ կծու ձկան գնդիկները թրջում են կարրի կամ սաթայ սոուսներով և տաքացնում։ Հաճախ ուտում են քաղցր սոուսով իամ չիլի սոուսով։ Հոնկոնգի արագ սննդի կետերում ձկան գնդիկները սովորաբար վաճառում են բամբուկե շամփուրների վրա կամ թղթե բաժակների մեջ։ Ձկան գնդիկները համեմատած այլ խորտիկների էժան են, ինչն էլ դրանք դարձնում է Հոնկոնգում շատ հայտնի խորտիկ։ Հոնկոնգի արագ սննդի կետերում վաճառում են նաև խոզի մսով և բողկով լցոնած ձկան գնդիկներ։ Բացի այդ, ձկան գնդիկները նաև տարբեր լապշաների և ապուրների բաղադրիչ են համարվում։

Հոնկոնգի բազմաթիվ ձկան գնդիկներից ամենահայտնին են «կարրի սոուսով ձկան գնդիկները»[9]։ Կարրիի սոուսով պատրաստված ձկան գնդիկները շատ տարածված են Հոնկոնգի և Մակաոյի փողոցներում։ Յուրաքանչյուր խանութ ունի կարրի սոուսի պատրաստման իր բաղադրատոմսը։ Թեթևակի կծու կարրին ունի կոկոսի բույր, և ձկան գնդիկները պատրաստում են բամբուկե շամփուրների վրա[10]։ Այս տեսակի ձկան գնդիկներն առաջին անգամ վաճառվել են եփած սննդի շարժական վաճառողների կողմից Հոնկոնգի փողոցներում[11]։ Լիցենզավորման և հիգիենայի նկատառումներից ելնելով, այս վաճառողները, ովքեր եփած սնունդ են վաճառում սայլերի վրա, այժմ արգելվել են և տեղափոխվել արագ սննդի շուկաներ[12]։ Կարրի սոուսով պատրաստված ձկան գնդիկները վաճառվում են Հոնկոնգի արագ սննդի կետերում և որոշ դպրոցական կրպակներում։ Ամեն տարի Վիկտորիա զբոսայգու ամանորյա շուկայում վաճառողները խաղադրույքներ են կատարում պատրաստի սննդի վաճառասեղանների վրա, որտեղ կարրիով ձկան գնդիկներ են վաճառվում բարձր գներով[13]։ 2002 թվականի վիճակագրության համաձայն՝ Հոնկոնգի բնակիչներն ամեն օր օգտագործում են մոտ 3,75 միլիոն ձկան գնդիկ, ինչը համարժեք է ավելի քան 1,3 միլիարդ ձկան գնդիկի ամեն տարի։ Յուրաքանչյուր հոնկոնգցի տարեկան միջինը 196 ձկան գնդիկ է ուտում[14]։

Սովորական ձկան գնդիկներից բացի, Հոնկոնգն ունի նաև «խոշոր ձկան գնդիկներ», որոնք հիմնականում տարբերվում են մեծ չափերով։ Մեծ ձկան գնդիկները սովորաբար համարվում են Ճան Ճոուի առանձնահատկությունը։

Չաո Ճոուի ձկան գնդիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուանդուն նահանգի` Չան Ճոու շրջանի, ձկան գնդիկները համեմատ մյուս շրջաններում պատրաստված գնդիկներից ավելի մեծ են, սպիտակ և պատրաստման համար օգտագործում են ավելի թանկ ձկնեղեն։ Հոնկոնգում և Ճը Ճոնում պատրաստված ձկան գնդիկներն ամենահայտնիներն են։ Սովորաբար ձկան գնդիկներ կարելի է գտնել Չաո Ճոուի արագ սննդի կետերում կամ թեայրաններում, որոնք մատուցվում են տաք ապուրի, լապշայի կամ բրնձի հետ (գինը տատանվում է 20-45 հոնկոնգյան դոլարի սահմաններում)։ Բացի այդ, ձկան գնդիկներ կարելի է գտնել նաև փողոցային շուկաներում և սուպերմարկետներում։

Թայվանական ձկան գնդիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծյո Ֆընում գտնվող կրպակում վաճառվում են տարբեր տեսակի ձկան գնդիկներ

Պատրաստման ավանդական եղանակը հետևյալն է. վերցնել թարմ ձկան մի մասը, լավ մանրացնել, տեղափոխել փայտե տարրայի մեջ, մի փոքր աղ ավելացնել և խառնել այնքան, որ ստացվի թեթև զանգված։ Այնուհետև գդալի օգնությամբ ձևավորել գնդիկներ և եփել եռացող ջրի մեջ։ Ներկայումս կան հատուկ մեքենաներ, որոնք մի քանի րոպեների ընթացքում շատ արագ և հեշտ պատրաստում են ձկան գնդիկները պատրաստելու համար անհրաժետ զանգվածը։

Թայվանում կան բազմաթիվ տեսակի ձկան գնդիկներ, որոնցից ավելի փխրուն զանգված ունեցողը կոչվում է «խրթխրթան գնդիկ»։ Թայվանում հայտնի են չորս ձկնատեսակներից պատրաստված գնդիկները` քաղցրահամ ջրերում աճող շնաձկան մսից պատրաստված գնդիկները, կուեյ թոուտաո կոչվող ձկից պատրաստված գնդիկները, շըմու կոչվող ձկից պատրաստված գնդիկները և ցի կոչվող ձկից պատրաստված գնդիկները։ Կան նաև սովորական տեսակներ, ինչպիսիք են ձողաձկից պատրաստված գնդիկները, կաղամարից պատրաստված գնդիկները և ծովախեցգետնից պատրաստված գնդիկները։ Ձկան գնդիկները պատրաստելու համար օգտագործում են հետևյալ եղանակները` տապակել, ապուր պատրաստել և այլն։

Թայվանական ձկան գնդիկները նույնպես փաթեթավորվում և վաճառվում են որպես սառեցված սնունդ։

  • Քաղցրահամ ջրերում աճող շնաձկան մսից պատրաստված գնդիկներ
  • Կուեյ թոուտաո կոչվող ձկից պատրաստված գնդիկներ
  • Շըմու կոչվող ձկից պատրաստված գնդիկներ
  • Ցի կոչվող ձկից պատրաստված գնդիկներ
  • Կաղամարից պատրաստված գնդիկներ

Թայլանդական ձկան գնդիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձկան գնդիկները կարելի է տեսնել նաև Թայլանդական խոհանոցում։ Հաճախ ուտում են որպես նախուտեստ ջեռոցում տապակելուց կամ թխելուց հետո։ Ձկան գնդիկները երբեմն պատրաստվում են թայլանդական կարրիով, օրինակ ՝ կանաչ կարրիով ձկան գնդիկներ (թաի.՝ แกงเขียวหวานลูกชิ้นปลา):

Սկանդինավյան ձկան գնդիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձկան գնդիկները (շվեդ.՝ fiskbullar, նով.՝ fiskeboller) ուտում են նաև սկանդինավյան երկրներում, ինչպիսիք են Շվեդիան և Նորվեգիան։ Տեղական ձկան գնդիկները հաճախ վաճառվում են պահածոներով։ Շվեդիայում ձկան գնդիկները մատուցում են կարտոֆիլի պյուրեով կամ բրնձով ու չամանով, մինչդեռ Նորվեգիայում դրանք հաճախ մատուցում են կարտոֆիլով և սպիտակ սոուսով։

Ձկնեղենից պատրաստված այլ կերակուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չիկուվա (ձողիկներ պատրաստված ձկան մսից)
  • Յուպան (սպիտակ ձկան մսից պատրաստված խյուս)
  • Յուփիեն (ձկան ֆիլե)
  • Յուփի (ձկսն կաշվից պատրաստված ուտեստ)
  • Ծովախեցգետնի ձողիկներ
  • Ձկան տոֆու
  • Ձողաձկի կտորներ
  • Կանելա (աղացած ձկով, հարած սերուցքով և ձվով ուտեստ)
  • Հեյլուն` քաղցր և ոչ կծու (ձկան սուֆլեից պատրաստված ապուր)
  • Ձկան չիպսեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 杭州魚丸 細嫩又彈舌 Արխիվացված 2017-08-10 Wayback Machine,蘋果日報。
  2. 清纯味美的杭州鱼圆 Արխիվացված 2017-02-12 Wayback Machine,杭州黨刊網。
  3. 临淮鱼圆 Արխիվացված 2017-02-12 Wayback Machine,泗洪在线。
  4. 湖北名菜鱼圆传奇 Արխիվացված 2018-07-21 Wayback Machine,中国食品科技网。
  5. 湖北鱼丸的尴尬 Արխիվացված 2014-02-22 Wayback Machine,東方網美食頻道。
  6. 湖北鱼肴文化探析(չաշխատող հղում), 扬州大学烹饪学报,2012(1):1~15。
  7. 湖北 Արխիվացված 2017-02-01 Wayback Machine,中國地理標誌產品服務中心。
  8. 香港還剩多少真魚蛋? Արխիվացված 2015-02-11 Wayback Machine,長訊月刊
  9. 港憑咖喱魚蛋居榜首 Արխիվացված 2020-09-28 Wayback Machine,東方日報,2013-4-29
  10. 港式辣魚蛋 PK戰! Արխիվացված 2016-03-05 Wayback Machine,U Lifestyle,2014-6-5
  11. 街頭試食速報!新晉咖哩魚蛋王4強列陣! Արխիվացված 2015-02-11 Wayback Machine, 新假期周刊,2014-9-27
  12. 街頭小販是文化瑰寶? Արխիվացված 2018-03-30 Wayback Machine,太陽報,2011-11-23
  13. 自成一格的香港魚蛋 Արխիվացված 2019-12-12 Wayback Machine,聯合電子報,2013-12-3
  14. 明星都追捧的香港街头4大经典小吃 Արխիվացված 2015-02-11 Wayback Machine,大公報,2014-10-22

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]