Ծնվել է Ելևթերում (Բեովտիայի և Ատտիկայի սահմանագլխին), աշխատել Աթենքում։ Միրոնի ստեղծագործությունները (հիմնականում բրոնզյա) չեն պահպանվել և հայտնի են միայն անտիկ հեղինակների և հռոմեական մարմարյա կրկնօրինակների շնորհիվ։ Վաղ կլասիկայի խոշորագույն ներկայացուցիչ Միրոնը հաղթահարել է արխաիկայի արվեստի քարացած կանոնները և ձգտել է արտահայտել շարժման կուլմինացիոն պահերը, շեշտել ներդաշնակ մարդու մարմնի դինամիկ լարվածությունը («Սկավառականետորդ», մ․թ․ա․ V դ․ կես, հռոմ․ կրկնօրինակ, Ազգային թանգարան, Հռոմ) կամ անսանձ պոռթկումը զսպող բանական կամքը («Աթենասը և Մարսիասը» խմբաքանդակը)։ Ըստ անտիկ էպիգրամների հանրաճանաչ է եղել Միրոնի ստեղծած կովի արձանը, որը ժամանակակիցներին զարմացրել է իր բնականությամբ։ Միրոնը եղել է նաև դրվագող վարպետ (ստեղծել է ռելիեֆ պատկերներով սկահակներ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 621)։