Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետն ավարտելուց (1842) հետո աշխատել է Նուխիի գավառում, 1843 թվականին տեղափոխվելով Շամախիի գավառ՝ հաջողությամբ պայքարել է այդ շրջանում տարածված տարափոխիկ հիվանդությունների (խոլերա) դեմ։ 1849 թվականից եղել է Շամախիի (1859 թվականից՝ Բաքվի) նահանգային բժշկի օգնական, 1864 թվականից մինչև կյանքի վերջը՝ նահանգային բժիշկ։ Մասնակցել է Բաքվի հայոց մարդասիրական ընկերության հիմնադրմանը, եղել դրա նախագահն ու գանձապահը։ Բժշկական և հասարակական աշխատանքին զուգընթաց, զբաղվել է նաև գրական գործունեությամբ։ Ռոստոմյանի «Տեղագրութիւն Բաքուայ» ուսումնասիրությունը («Կովկաս»,1847, N 7) նվիրված է Բաքվի պատմությանը, աշխարհագրությանը և բնական հարստություններին, քաղաքի բժշկասանիտարական խնդիրներին։ 1862 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Հասարակաց բժշկականութիւն» աշխատության մեջ արծարծել է տարափոխիկ հիվանդությունների դեմ պայքարելու, մարդու և բնության փոխհարաբերության հարցեր, անդրադարձել մարդու կյանքում ջրի դերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 704)։