Ոչ գծային օպտիկա
Ոչ գծային օպտիկա, ֆիզիկական օպտիկայի բաժին, որն զբաղվում է պինդ մարմիններում, հեղուկներում և գազերում հզոր լուսային փնջերի տարածման և նյութի հետ դրանց փոխազդեցության ոչ գծային օպտիկական երևույթների ուսումնասիրությամբ։ Այդ երևույթների բնույթը կախված է ճառագայթման հզորությունից։ Դրանց ուսումնասիրությունն ու կիրառումը լայն թափ են ստացել լազերների (օպտիկական քվանտային գեներատորների) հայտնագործումից հետո։
Ի տարբերություն ոչ գծային օպտիկայի, փոքր հզորության լուսային հոսքերում օպտիկական երևույթները գործնականում անկախ են հզորությունից, և այդ երևույթներն ուսումնասիրող օպտիկան կոչվում է գծային օպտիկա։ Հզոր լուսային փնջերի դաշտերում զգալի է միջավայրի բևեռացման ոչ գծային կախումը էլեկտրական և մագնիսական դաշտերի լարվածությունից։ Սա էլ պատճառ է դառնում տարբեր ոչ գծային օպտիկական երևույթների ի հայտ գալուն։
Ոչ գծային օպտիկական երևույթներից են լուսային ալիքների հարմոնիկների ստացումը, օպտիկական դետեկտումը, լույսի ինքնակիզակետումը (այս երևույթը 1962 թվականին առաջինը կանխագուշակել է Գուրգեն Ասկարյանը), ոչ գծային անդրադարձումը, բազմաֆոտոն կլանումն ու բազմաֆոտոն ֆոտոէֆեկտը, ստիպողական կոմբինացիոն ցրումը, ստիպողական Մանդելշտամ-Բրիլուենի ցրումը և այլն։ Ոչ գծային օպտիկական երևույթները, բացի գիտական հետաքրքրությունից, ունեն նաև կիրառական մեծ նշանակություն, հատկապես ալիքների երկարության տարբեր տիրույթներում համալարվող հզոր ճառագայթումներ ստանալու համար։ Մետաղների գոլորշիներում, հեղուկներում և բյուրեղներում բազմաֆոտոն ցրման, ստիպողական կոմբինացիոն ցրման և հարմոնիկների ստացման ոչ գծային օպտիկական երևույթների ուսումնասիրություններով զբաղվում են Միքայել Տեր-Միքայելյանի անվան Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, Լազերային տեխնիկա գիտաարտադրական միավորումում և Երևանի պետական համալսարանում։