Սայաթ-Նովա
Արտաքին տեսք
Սայաթ-Նովա (Արութին Սայադյան, հունիսի 14, 1722 — սեպտեմբերի 22, 1795), հայ բանաստեղծ և աշուղ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Գիր սիրե, ղալամ սիրե, դավթար սիրե[1]։
- Դուն էն գըլխեն իմաստուն իս, խիլքտ հիմարին բաբ մի անի[2]։
- Ամեն մարթ չի կանա խըմե՝ իմ ջուրըն ուրիշ ջըրեն է.
- Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է[3]։
- Սերըն սեր կու բերե[3]։
- Աշխարհումըս ախ չիմ քաշի, քանի վուր ջան իս ինձ ամա,
- Անմահական ջըրով լիքն ոսկե փընջան իս ինձ ամա[3]։
Քաղվածքներ Սայաթ-Նովայի մասին
[խմբագրել]- Մեր վիթխարի Սայաթ-Նովան մի հոյակապ սիրահար է՝ բռնված ու բռնկված սիրո հրդեհով, նրա լույսի տակ էլ նկատում է աշխարհքն ու իրերը, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, վեհ ու վսեմ՝ որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամ։
- Զայրացավ, բայց երբեք չչարացավ, ցավեց, բայց երբեք չանիծեց[4]։
- Երբ խարույկ են վառում, որոշ ժամանակից հետո բոցը հանգչում է, վառվող ածխափայտերը ծածկվում են մոխրի բարակ շերտով, և խարույկի կենտրոնում՝ ինչ-որ տեղ, աննշմարելի կերպով հուրհրում է բոցը, որն ասես վազվզում է ածխափայտերի վրայով, թռչկոտում։ Դա շատ թեթև բոց է, նրա գույնն էլ մի տեսակ արտասովոր է, թեթև։ Այդպիսի բոցով է վառվում Սայաթ-Նովայի պոեզիան[5]։
- Ձնի տակեն նոր դուս եկած արիվ (արև) դիպած սմբուլի պես պայծառ ու մաքուր է Սայաթ-Նովեն[4]։
- Գ. Ախվերդյան
- Մենք նրանցից սովորում ենք ամենադժվար գիտությունը՝ ազնվորեն ապրելը, և դժվարագույն արվեստը՝ բոլորանվեր սիրելը։
- Սայաթ-Նովան քայլող ազնվություն էր՝ իր հայրենի Սևանի պես, և նրա հոգսը սրընթաց ու մաքրահատակ էր՝ իր հայրենի Ազատ գետի նման։
- Սայաթ-Նովան սոսկական բանաստեղծ չէ, այլ սահմանագծային բանաստեղծ։
- ...Այնպես ստեղծագործեց, որ մտավ երեք ժողովուրդների գրականության մեջ։ Ոչ թե գրականության պատմության, այլ գրականության մեջ՝ կենդանի ու ապրող, կարդացվող ու երգվող։
- Իր թիկունքով նա կանգնած է դեպի այ բազմադարյան անցյալը, որի մեջ են մխված իր արմատները։
- Իսկ իր դեմքով տրտմության մեջ էր. մշտապես պայծառ իր դեմքով նա նայում էր մեզ։ Ուստի և նա ավելի նոր ժամանակինն է, քան հնինը։ Նորինն է՝ իր լեզվով, որ պիտի ծնունդ տար հայոց գրական նոր լեզվին։ Նորինն է՝ իր մտածողությամբ, որի մեջ ոչինչ չկա միջնադարյան։ Նորինն է իր մեծ սրտով, որ ունի ժամանակակից տրոփ, իր անտակ հոգով, որ ունի արդիական խորություններ, իր արդարախոս բերանով, որ կարող է ծառայել այսօրին էլ իր իմաստուն ուսուցչությամբ[4]։
- Սեր, մահ, երազանք, տենչեր, վիշտ, թախիծ, տիեզերական վիշտ, արևելյան երաժշտություն՝ հայկական անհատականության միջով անցած, հայկական մշակույթի միջով անցած... Արևելքը՝ հայկական բեկումով...
- Նայել է՝ աշխարհը մի պատուհան է։ Նայում է աշխարհի պատուհանից մեծ, անհուն, անսահման աշխարհին, իրականությանը, և խոցվում է նրա սիրտը, ձեռքն է առնում քամանչան... և երգում է աշխարհի վիշտը, ցավերը, տառապանքները...[5]:
- ...Նա կանգնել է մեր զարգացման ճանապարհի հանգույցներից մեկի գլխին և իր քնարով ներշնչում է մեզ «աղքատ սիրել, գիր սիրել»։ Նա մեր մթնոլորտն է, մեր սերը, մեզ ուրախություն ու թախիծ տվողը... Մեզ հետ է միշտ՝ մեր ուրախության ու վշտի պահերին։
- Սայաթ-Նովան մինչև հիմա կախարդել է ինձ, և չեմ կարող ելնել երևակայական դյութանքից[5]։
- Սայաթ-Նովայի խորապես մարդկային, աննման և հոգեհույզ բանաստեղծական ժառանգությունը հավասարապես մոտ է և հարազատ է թե՛ հայերին, թե՛ վրացիներին և թե՛ ադրբեջանցիներին, և այդ երեք ժողովուրդների եղբայրական համերաշխության հզոր օղակն է[5]։
- Նա մտավ համաշխարհային բանաստեղծների շարքը՝ որպես մի անկրկնելի ժողովրդական աշուղ։
- Սայաթ-Նովան... որպես մեծ, ոչ մտացածին զգացմունքների երգիչ, գովաբանեց մարդկային գեղեցկությունը և մտածեց թեև ձգտումներով ապրող և շահերի ու արքաների քմահաճություններին ոչ ենթակա մարդու մասին[5]։
- Սայաթ-Նովայի բանաստեղծություններն առաջին անգամ կարդալիս կամ լսելիս պոետն ընկալում է որպես ձևի վիրտուոզ և դառն ու քաղցր սիրո երգիչ։ Իսկապես, նրա երգերը ամենից ավելի խոսում են սիրո մասին, բայց երբ ուշիուշով ու խորանալով ես կարդում, քո առջև կանգնում է մեծատառով գրվող Մարդը...[6]
- Վերա Զվյագինցևա
- Սայաթ-Նովան պատկանում է այն առաջնակարգ բանաստեղծների շարքին, ովքեր իրենց հանճարի զորությամբ դադարում են մի ժողովրդի սեփականությունը լինելուց և դառնում են ողջ մարդկության սիրելին։
- Այնպիսի բանաստեղծներով, ինչպիսին Սայաթ-Նովան է, պետք է պարծենա բովանդակ ժողովուրդը. դրանք երկնքի վեհ ընծաներն են, որ ուղարկում են ոչ ամենքին և ոչ հաճախակի. դրանք նախախնամության ընտրյալներն են, որոնք օրհնանք են դրոշմում իրենց դարին ու իրենց հայրենիքին[6]։
- Այն ամենը, ինչ արել են Սայաթ-Նովայի նախորդները, ոչինչ բան է նրա սխրանքի առաջ և ասես աղոտացավ նրա փառքի ճաճանչների մեջ։ Սայաթ-Նովան առաջինը ցույց տվեց և իր օրինակով ապացուցեց, թե ինչ ուժ է պարունակում ժողովրդական երգչի ձայնը, ցույց տվեց, որ այդ երգիչը ոչ միայն զվարճացնում է խնջույքի պահին, այլև ուսուցիչ է, մարգարե...[6]
- Աշուղների պոեզիան մինչ այդ անհասանելի բարձրության հասցնող երգիչը Սայաթ-Նովան էր։ Իր հանճարի զորությամբ նա ժողովրդական երգչի արհեստը վերածեց բանաստեղծի վեհ կոչման։
- Միջնադարյան հայ լիրիկան՝ ծիածանի յոթ գույներով փայլփլուն, բոլոր անգին գոհարների շողով բեկբեկուն, բուրումնավետ՝ դաշտային ծաղիկների ու քնքուշ բուրաստանների պես... Միջնադարյան այդ լիրիկան հայկական ոգու իսկական հաղթանակն է համաշխարհային պատմության մեջ[6]։
- Կարելի է ապշել Սայաթ-Նովայի ոչ միայն բանաստեղծական ձիրքի, այլև այդ ձիրքի դրսևորման հմտության վրա։ Դրանով էլ է Սայաթ-Նովան բարձրանում իր և հետագա ժամանակների աշուղներից ու բանաստեղծներից և ձեռք մեկնում աշխարհի մեծահռչակ բանաստեղծներին[6]։
- Սայաթ-Նովան պատկանում է ամբողջ Կովկասին, որովհետև երգել է հավասար կերպով՝ թե՛ հայերեն, թե՛ վրացերեն, թե՛ ադրբեջաներեն[7]։
- Ա՜խ, թե գայիր, քեզ կտայինք՝ փառքի հազար դարեր վրան՝
- Մասիս սարը՝ քեզ քյամանչա, ձյունը՝ սադաֆ քարեր վրան,
- Արծաթ Զանգու, ոսկի Արազ՝ միշտ հայախոս լարեր վրան,
- Դու դարդիման իմ հայ սրտով Կովկասի յար, Սայա՛թ-Նովա[7]։
- Քանի տարի մեջլիսներում տաղ ես ասել, Սայա՛թ-Նովա,
- Քանի տարի դու սրտերի հետ ես խոսել, Սայա՛թ-Նովա.
- Կարոտ բլբուլ, ամեն գարուն եկել ես դու վարդերի հետ,
- Ու սիրելով, ու սիրվելով՝ մեզ ես հասել, Սայա՛թ-Նովա[7]։
- Անմահ երգի շող ու շարբաթ ու ադամանդ այնքան գտար,
- Գյոզալների գովքը արիր, ոչ մի գյոզալ քեզ չգթաց,
- Ձայնդ հասավ Հինդ ու Հաբաշ, Արաբստան ու Չինմաչին,
- Բայց ոչ մի տեղ վառվող վերքիդ դեղ ու դարման դու չգտար[7]։
- Խաղով եկավ,
- Ախով գնաց Սայաթ-Նովան։
- Երգով եկավ,
- Վերքով գնաց Սայաթ-Նովան։
- Սիրով եկավ,
- Սրով գնաց Սայաթ-Նովան։
- Սիրով մնաց Սայաթ-Նովան։
- Սայաթ-Նովան մոդա չէ, որ ձանձրացնի ու փոխվի... Գեղեցիկ ձևի մեջ մի մշտական հուր հոգի է նա, մի ազնիվ ու լիքը սիրտ, մի հարազատ հզոր շունչ, որ մեր աշխարհի հարազատ շնչի նման խաղալու է Կովկասի ժողովուրդների վրա...[7]
- Շատ մեծ է Սայաթ-Նովան։ Այսպիսի մեծություններ աշխարհում քիչ են ծնվում։ Հայ ժողովուրդն իրոք կարող է հպարտանալ իր հանճարեղ զավակով։ Սայաթ-Նովային մեր ժողովուրդն օժտել է անզուգական քանքարով, բայց ամենամեծ ժառանգությունը, որ թողել է այդ հանճարը, դա նրա անմահ երաժշտությունն է։ Նա իր երգերով կարող է խոսել աշխարհի բոլոր ժողովուրդների հետ[8]
- Ոսկե բառեր, անգին քարեր, լալ ու գոհար շարել ես դու,-
- Քեզ միայն քո յարն է վառել, քանի յարեր վառել ես դու:-
- Ո՞ր շահն ունի այդքան ոսկի ու անգին քար, Սայա՛թ-Նովա,-
- Չի՜ ունեցել քեզ պես շռայլ խալխը՛ նոքար, Սայա՛թ-Նովա։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 133.
- ↑ Թևավոր Խոսքեր, «Խորհրդային գրող», Երևան 1989, 113 էջ
- ↑ 3,0 3,1 3,2 Թևավոր Խոսքեր
- ↑ 4,0 4,1 4,2 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 10։
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 11։
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 12։
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 13։
- ↑ Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 14։
Տես նաև
[խմբագրել]