Վերա Խոլոդնայա
Վեռա Վասիլևնա Խոլոդնայա (ռուս.՝ Ве́ра Васи́льевна Холо́дная, ծննդյան ազգանունը` Լևչենկո, օգոստոսի 5, 1893[1][2], Պոլտավա, Ռուսական կայսրություն[3] - փետրվարի 16, 1919[4] կամ փետրվարի 17, 1919[4][1], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն[3]), ռուսական համր կինոյի դերասանուհի։ Կինոարվեստում իր համեմատաբար կարճ կարիերայի ժամանակահատվածում, որը սկսվել էր 1914 թվականին տևել է մինչ դերասանուհու մահը` 1919 թվականը, Վերա Խոլոդնայան կարողացել է դառնալ իր ժամանակի ամենահայտնի կինոդերասանուհին։ Նա պատմության մեջ է մտել որպես ռուսական կինոյի 20-րդ դարի սկզբի «էկրանի թագուհի»[5][6][7][8][9]։ Խոլոդնայան նկարահանվել է այնպիսի ռեժիսորների մոտ, ինչպիսիք են Եվգենի Բաուերը և Պյոտր Չարդինինը, կինոյում նրա գործընկերներ են եղել Վիտոլդ Պոլոնսկին, Վլադիմիր Մաքսիմովը, Օսիպ Ռունիչը։ Խոլոդնայայի ժողովրդականությունը չի խամրել նաև 1917 թվականի հեղափոխական իրադարձությունների ժամանակ և քաղաքացիական պատերազմի տարիներին։ Ըստ պաշտոնական վարկածի` 1919 թվականին դերասանուհին մահացել է «իսպանական գրիպի» հետևանքով, ինչը բազմաթիվ ասեկոսեների առիթ է դարձել և տեղիք տվել մի շարք լեգենդների։
Վերա Խոլոդնայա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 5, 1893[1][2] |
Ծննդավայր | Պոլտավա, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | փետրվարի 16, 1919[4] (25 տարեկան) կամ փետրվարի 17, 1919[4][1] (25 տարեկան) |
Մահվան վայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն[3] |
Գերեզման | Հին քրիստոնեական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Կենսագրություն
խմբագրելԿյանքը կինոյից առաջ
խմբագրելՎերա Խոլոդնայան ծնվել է 1893 թվականի օգոստոսի 5-ին, Ռուսական կայսրության Պոլտավայի նահանգի Պոլտավա քաղաքում (այժմ՝ Ուկրաինայի Պոլտավայի մարզ)՝ Վասիլի Անդրեևիչ Լևչենկոյի և Եկատերինա Սերգեևնայի ընտանիքում։ Ծնողները ծանոթացել են Մոսկվայում։ Մայրն ավարտել է Ալեքսանդրո-Մարիինսկի ազնվական օրիորդների ինստիտուտը, հայրը` Մոսկվայի համալսարանի բանահյուսության բաժանմունքը[10]։ Պոլտավայում հայրն աշխատել է քաղաքային գիմնազիայում` որպես բանահյուսության ուսուցիչ։ Վերան ունեցել է երկու կրտսեր քույր՝ Նադեժդան և Սոֆյան։
Երբ Վերան երկու տարեկան է եղել, ընտանիքը վերադարձել է Մոսկվա` իրենց այրի տատիկ Եկատերինա Վլադիմիրովնայի մոտ[10]։ Այստեղ Վերան ընդունվել է Պերեպյոլկինա մասնավոր գիմնազիա, իսկ մեկ տարի անց` Մեծ թատրոնի բալետի ուսումնարան՝ գերազանց հանձնելով քննությունը և հաղթելով բազմաթիվ դիմորդների։ Ըստ Սոֆյայի՝ «Վերան մեծ ունակություններ դրսևորեց բալետում և երազում էր բեմում լինել»[11]։ Բայց նա երկար չի մնացել ուսումնարանում։ Տատը, որը դեմ է եղել թոռան դերասանական կարիերային, ստիպել է նրան վերադառնալ գիմնազիա։ Նույնիսկ հեռավոր ազգական, հայտնի թատրոնի դերասանուհի Ելենա Լեշկովսկայան չի կարողացել համոզել նրան։ Քրոջ հավաստմամբ՝ Խոլոդնայան միշտ ափսոսել է, որ չի ավարտել բալետի ուսումնարանը և նախատել է մորը դրա համար[11]։
Դեռահաս տարիքում նա սիրել է չմուշկներով սահել, թենիս խաղալ, լավ երգել է, դաշնամուր նվագել, գիմնազիայի երեկոներին բանաստեղծություններ կարդացել և մասնակցել սիրողական ներկայացումներին։ Այսպես, մի անգամ ստացել է Լարիսայի դերը «Անօժիտը» բեմադրության մեջ։ Վերայի վրա մեծ տպավորություն է թողել իր անվանակցի՝ հայտնի դերասանուհի Վերա Կոմիսարժևսկայայի[12][13][14] կատարումը։
Տաս տարեկան հասակում Վերան կորցրել է հորը, որը մահացել է խոլերայից։ Մայրը նույնպես հաճախ հիվանդ է եղել, իսկ աղջիկը դեռ վաղ տարիքից ստիպված է եղել հոգ տանել իր քույրերի մասին։ Սոֆյան գրել է. «Քանի որ ես մեծացել եմ առանց հայր, Վերա Վասիլիևնան, լինելով շատ բարի, լիովին փոխարինել է հորս. նա զբաղվել է իմ դաստիարակությամբ և երբ նկատել է, որ ես նույնպես սիրում եմ բեմը և բալետը, ինձ օգնել է ընդունվել բալետի դպրոց»[11]։
1910 թվականին Վերան ավարտել է գիմնազիան։ Ավարտական պարահանդեսի ժամանակ ծանոթացել է երիտասարդ իրավաբան Վլադիմիր Խոլոդնիի հետ, և շուտով ամուսնացել են։ Խոլոդնին սիրում էր ավտոարշավներ և մասնակցել է այդ ժամանակ Ռուսաստանի առաջին և միակ «Ավտո» սպորտային թերթի հրատարակմանը։ Վերան այցելել է «Ալատր» ակումբ, որտեղ Լեոնիդ Սոբինովի շուրջ հավաքվել են բոհեմական դերասանական հասարակությունը, ինչպես նաև Մոսկվայի գեղարվեստական թատրոնի երիտասարդ դերասնների մի խումբ, մի վայր, որտեղ հաճախ այցելում էին հայտնի նկարիչներ և գրողներ Կոնստանտին Բալմոնտը, Լեոնիդ Անդրեևը, Յուրգիս Բալթրուշայտիսը, Անդրեյ Բելին և ուրիշներ[13][15]։ «Այդ հարթակի ամենաանփոխարինելի և բարեհամբյուր տանտիրուհին իր ընկերների գլխավորությամբ, այդ ժամանակ Վերա Խոլոդնայան էր, այն ժամանակ դեռ շատ երիտասարդ, պարզապես սկսնակ դերասանուհի», - իր հիշողություններով կիսվում էր Ալեքսանդր Մգեբրովը[16]։ Արդեն այդ տարիներին Խոլոդնայան մեծ հետաքրքրություն է ցուցաբերել կինոյի հանդեպ։ Համր կինոյի դանիացի աստղ Աստա Նիլսենի ստեղծագործությունը մեծ ազդեցություն է ունեցել աղջկա վրա[17]։
Մուտքը կինո (1914-1916)
խմբագրելԳոյություն ունի դերասանուհու կինեմատոգրաֆիա մուտք գործելու մի քանի վարկած։ Ալեքսանդր Վերտինսկին պնդում էր, որ դա տեղի է ունեցել իր շնորհիվ։ Իր հուշերում նա գրում է.
Մի անգամ Կուզնեցկի փողոցում հանդիպելով նրան [Խոլոդնայային], որի երկայնքով նա ամեն օր ճեմում էր, ես հրավիրեցի նրան փորձել իր ուժերը կինոյում։ Սկզբում նա հրաժարվեց, հետո սկսեց հետաքրքրվել, և ես նրան բերեցի կինոֆաբրիկա և ցույց տվեցի տնօրինությանը[18]։ |
Կինոդերասանուհի Խոլոդնայայի որոշման վրա մեծապես ազդել են ընտանիքում առաջացած ֆինանսական դժվարությունները։ 1914 թվականին Խոլոդնայան առաջին անգամ մասնակցել է կինոնկարահանման փորձերին «Վ. Գ. Տալդիկին և Կօ» ընկերությունում։ Վերայի դեբյուտը կինոյում, այնուամենայնիվ, տեղի է ունեցել մեկ այլ կինոընկերությունում՝ «Տիման և Ռեյնհարդ» («Դարաշրջան»)։ Ռեժիսոր Վլադիմիր Գարդինը, որին դիմել էր աղջիկը, իրենց հանդիպումը նկարագրել է այսպես[19].
Գարդինին գրավել է աղջկա տպավորիչ տեսքը, և նա ստացել է էպիզոդիկ դեր «Աննա Կարենինա» ֆիլմում։ Խոլոդնայան զանգվածային տեսարանում հայտնվել է պարահանդեսում իտալացի կերակրողի դերում` Աննային բերելով իր չսիրած դստերը։ Խոլոդնայայի կարիերայի առաջին ֆիլմը իր ժամանակի կինոարվեստի լավագույն օրինակներից մեկն էր. հիմնական դերերը խաղում էին Մոսկվայի գեղարվեստական թատրոնի փորձառու դերասանները, նկարահանումներն իրականացնում էր այդ տարիներին հայտնի օպերատոր Ալեքսանդր Լևիցկին։ Աննա Կարենինայից հետո Խոլոդնայայի և Գարդինի արահետները բաժանվել են։ «Մտովի ես երեք բառով կանխորոշեցի. «Ոչինչ չի ստացվի», - խոստովանել է ռեժիսորն իր հուշերում[20]։
Այնուամենայնիվ, նա հետաքրքրվել է ընկերության սեփականատեր Պաուլ Տիմանից՝ արդյոք արժե այդ աղջկան ընդգրկել իրենց մշտական խմբում, ինչին նա պատասխանել է, որ իրեն «ոչ թե գեղեցկուհիներ, այլ դերասանուհիներ» են պետք[20]։ Դրանից հետո որոշ ժամանակ աղջիկը թողել է դերասանական կարիերայի մասին մտքերը[12][13]։
1915 թվականին «Ալատր» ակումբում Խոլոդնայան ծանոթացել է Ալեքսանդր Խանժոնկովի ստուդիայի ներկայացուցիչ Նիկանդր Տուրկինին և ստուդիայի տնօրեն Եվգենի Բաուերին, որոնք անմիջապես Խոլոդնայային առաջարկել են գլխավոր դեր «Հաղթական սիրո երգը» ֆիլմում։ Նա հեշտությամբ համոզել է Խանժոնկովին։ Քանի որ դերասանուհին իր անփորձության պատճառով չէր կարող բարդ հոգեբանական նրբերանգներ փոխանցել, նա հերոսուհու փորձառությունների տեսարանը բաժանել են առանձին պահերի, որոնք կապված չեն եղել անցումների հետ (ծիծաղ, դեմքի հանգիստ արտահայտություն, տխրություն, արցունքներ, հեկեկոց) և դրանք փոխարինել է բնապատկերներով, ամպերի և ծաղկամանների տեսարաններով[9]։ Խանժոնկովը կանխատեսել է ֆիլմի հաջողությունը նույնիսկ նկարահանման փուլում։ Մի քանի տեսարաններ դիտելուց հետո նա երեք տարի ժամկետով պայմանագիր է կնքել դերասանուհու հետ[20]։ Ալեքսանդր Վերտինսկու կարծիքով, ֆիլմը դարձել է Խոլոդնայայի հաջողության գագաթնակետը[21]։ Չեսլավ Սաբինսկին նաև նշել է, որ «դերասանուհու շարժուձևն ու ոճը անսխալ են հայտնաբերվել»[9]։ Ինքը դերասանուհին, նույնպես գոհ է եղել. «Վերա Վասիլիևնան շատ անհանգստացած էր, բայց միևնույն ժամանակ հոգու խորքում նա ուրախ էր և երջանիկ, քանի որ սա առաջին դերն էր, որն իրեն դուր էր եկել»[11]։
Նույն թվականին նա նկարահանվել է ևս մի քանի ֆիլմերում։ Չնայած այն հանգամանքին, որ Խանջոնկով ստուդիայում իր աշխատանքի տարիներին դերասանուհին նկարահանվել է այլ ռեժիսորների հետ, նրա կարիերայի այս շրջանը համարվում է «բաուերական»[22]։ Բաուերը մեծ ճշգրտությամբ կռահեց դերասանուհու կարողությունները[23]։ Հայտնաբերելով համր կինոյի մի շարք հայտնի դերասանների` Բաուերը հենց Խոլոդնիին էր հատկացրել ուրույն տեղ իր ստեղծագործություններում[20][24]։ Եթե սովորաբար ֆիլմերի անունն ու բովանդակությունը գաղտնի էին պահվում, որպեսզի գաղափարը չհետապնդվեր մրցակիցների կողմից, ապա Վերա Խոլոդնայայի մասնակցությամբ ֆիլմերը գովազդվում էին նույնիսկ նկարահանումների սկսվելուց առաջ` ռիսկ չկար, քանի որ ֆիլմի հիմնական արժեքը որոշակի դերասանուհու մասնակցությունն էր, և սյուժեի մասսայականացումը ոչ մի վտանգ չէր ներկայացնում[25]։
«Լուսնային գեղեցկուհին» ֆիլմում, որը Բաուերի ամենաթույլ գործերից էր, Խոլոդնայան նկարահանվել է ճերմակ կեղծամով, որը, ըստ Բաուերի, շատ էր սազում նրա դեմքին[26]։ «Դարի երեխաները» ֆիլմն արժանացել է ժամանակակիցների դրական գնահատականներին, քննադատները նկատել են, որ դերասանուհին «շատ հավատարմորեն» խաղում էր սիրող կնոջ և մոր դերը և որոշ դրվագներում «անհավանական ճշմարիտ» էր թվում[27]։ Չնայած աճող ժողովրդականությանը, Խոլոդնայայի խաղն առաջացրել է իրարամերժ արձագանքներ։ Այսպես, «Սինեմա» ամսագիրը, մեկնաբանելով «Զարթոնք» ֆիլմում Լյուբայի դերի կատարումը, դերասանուհու մոտ նկատել է «էկրանային պայմանականությունների նուրբ ըմբռնում»[28]։ «Պրոյեկտորը» այդ դերի համար ընդհակառակը նրան տվել է «միջինից ոչ բարձր» գնահատականը վերապահումով, որ «հավանաբար կարող է մեղավոր լինել նաև ռեժիսորը, ով դերասանուհուն տվել է ոչ առաջին պլանի խաղարկային, ոչ այնքան ձեռնտու, շատ կարճ տեսարաններ»[29]։
Առաջին մեծության աստղի կարգավիճակը Խոլոդնայայի համար վերջապես ապահովվել է «Կյանք կյանքի համար»[30] ֆիլմից հետո՝ այն ժամանակվա լավագույն ֆիլմերից մեկը, որի հիմնական ինտրիգը դարձել է Խոլոդնայայի և Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դերասանուհի Լիդյա Կորենևայի դերասանական մրցակցությունը` ֆիլմում նրանք խաղում էին մրցակից քույրերի դերեր, որոնց ընտանեկան դրաման առանց սիրո ամուսնությունն էր[31]։ Քննադատները հնարավորություն ունեցան համեմատելու դերասանական խաղի երկու յուրահատկությունները։ Վալենտին Տուրկինը նշել է. «Լիդյա Կորենևայի խաղը ուշադրությամբ էր դիտվում, այն հուզիչ էր և սրտառուչ, բայց հիշվող էր մյուս հերոսուհու կերպարը, որը չէր խաղում, բայց ապրում էր էկրանին և հարազատ տարերքի մեջ էր»[32]։ «Տեատրալնայա գազետա»-ի թղթակիցը ուշադրություն է հրավիրել երկու դերասանուհիների խաղի «լիակատար հակադրության» վրա և գրել. «Դերակատարներից առաջին հերթին նշում ենք տիկին Խոլոդնայային, ով առավել զգայուն կերպով է յուրացրել հիմնական բաուերյան ռիթմը»[33]։ Այս ֆիլմի ցուցադրություններն այնքան շատ մարդկանց են գրավել, որ նրանք նախապես ցուցակագրվում էին[13]։
Փառքի գագաթնակետին (1916-1918)
խմբագրելԽանջոնկովի հետ մեկ տարի աշխատելուց և այդ ընթացքում տասներեք ֆիլմում նկարահանվելուց հետո Վերա Խոլոդնայան տեղափոխվել է Դմիտրի Խարիտոնովի կինոստուդիա։ Դերասանուհու քույր Սոֆիան հավատում էր, որ Խոլոդնայան հեռացել է Խանժոնկովից գռեհիկ ու անիմաստ ֆիլմերում խաղալ չցանկանալու պատճառով։ Խանժոնկովի կարծիքով պատճառը Խարիտոնովի առաջարկած բարձր վարձատրությունն էր, որը կրկնակի ավել էր, քան նախորդ ստուդիայում։ Խոլոդնայայի, ինչպես նաև Վիտոլդ Պոլոնսկու հեռանալը ծանր հարված էր Խանժոնկովի համար։ «Խոլոդնայան և Պոլոնսկին բաժնետիրական ընկերությունում իրենց աշխատանքի երկրորդ տարում արդեն ստացել էին այնպիսի աշխատավարձեր, որոնց մասին չէին կարող երազել կինեմատոգրաֆիա մտնելուց առաջ։ Նրանցից յուրաքանչյուրի ամսական աշխատավարձը հավասար էր թատրոնի միջին դերասանի տարեկան աշխատավարձին», գրել է նա[34]։ Խոլոդնայայի և Պոլոնսկու հեռանալու արդյունքում Խանժոնկովը, իր իսկ խոստովանությամբ, կորցրեց «ճիշտ նույնքան, որքան ձեռք բերեց Խարիտոնովը»[35]։
Նրանց հետ հեռացավ նաև ռեժիսոր Պյոտր Շարդինինը։ Այդ պահից Խոլոդնայան նկարահանվում էր միայն նրա հետ և, միայն որպես բացառություն, համաձայնություն էր տալիս մյուս ռեժիսորներին։ Դերասանուհու ոչ աշխատանքային պայմանները, ոչ էլ դերերի բնույթը չէին փոխվել նոր կինոստուդիա տեղափոխվելուց հետո։ Նկատելով, որ հանդիսատեսը դերասանին նույնացնում է իր ստեղծած էկրանային կերպարների հետ, Չարդինինը և Խարիտոնովը ռուսական նախահեղափոխական կինեմատոգրաֆիա ներմուծեցին «աստղերի համակարգը»։ Նրանք հասարակությանն առաջարկեցին միանգամից մեկ ֆիլմում դիտել Վիտոլդ Պոլոնսկուն, Վլադիմիր Մաքսիմովին և Վերա Խոլոդնայային՝ ապահովելով նրանցից յուրաքանչյուրի համար մշտական էկրանային կերպարներ։ Գործողությունների տեղը, սյուժեները և միջավայրը փոխվում էին, բայց Պոլոնսկին և Մաքսիմովը, ըստ արվեստաբան Սեմյոն Գինզբուրգի, անփոփոխ «ներկայանում էին որպես էլեգանտ հերոս սիրահարներ կամ անբարոյական պճնամոլներ, իսկ Խոլոդնայան՝ որպես սեփական կամ օտար մարդկանց կրքերի կամազուրկ և ողբալի զոհ»[36]։
Նրանց առաջին համատեղ աշխատանքը «Բուխարու մոտ» դրաման էր, որի գործողությունը կառուցվել էր սիրային եռանկյունու շուրջ[37]։ Մրցակիցները թերահավատորեն էին վերաբերվում այդ գաղափարին՝ համարելով, որ «աստղային» դերասանների աշխատավարձի ծախսերը չէին փոխհատուցվի։ Այնուամենայնիվ, Խարիտոնովի ակնկալիքները հաստատվեցին` այդ և դրան հաջորդող ֆիլմերի կոմերցիոն հաջողությունը ռեկորդային դարձան ռուսական նախահեղափոխական կինեմատոգրաֆիայի համար[38]։ Օդեսայում «Բուխարու կողքին» ֆիլմն անընդմեջ ցուցադրվում էր 90 օր, Խարկովում՝ 72 օր, մինչ Խարկովի ամենամեծ թատրոնը՝ «Ամպիրը», չորս անգամ վերսկսում էր նկարի ցուցադրությունը, ամեն անգամ գոյանում էին հսկայական հերթեր[37] Խոլոդնայան հանդիսատեսի կողմից ավելի պահանջված էր, քան նրա գործընկերներ Պոլոնսկին և Մաքսիմովը. վերջիններիս հերոսները զուրկ էին որևէ կերպարից, մինչդեռ Խոլոդնայան ներկայացնում էր հասարակությանը հարազատ մարդկային կերպար[39]։
Հաջողությունից ոգևորված Չարդինը թողարկեց «Մոռացեք բուխարու մասին, կրակները նրա մեջ մարել են …» ֆիլմի շարունակությունը, որի սյուժեն, ըստ էության, կրկնում էր բնօրինակ ժապավենի սյուժեն` փոխվել էին միայն կերպարները, բացառությամբ Պեչերսկու, իսկ տղամարդու երկրորդ դերը կատարում էր ոչ թե Վիտոլդ Պոլոնսկին, այլ Օսիպ Ռունիչը։ Ֆիլմն ավելի մեծ հաջողություն ունեցավ, չնայած նրան, որ այն էկրան էր բարձրացել Հոկտեմբերյան հեղափոխության օրերին։ Ինչպես հայտնում էր «Կինե-ժուռնալը», Խարկովի «Ամպիր» թատրոնում «ներկայացման ամբողջ ընթացքում հսկայական հերթ էին գոյանում»[40]։ Խոլոդնայայի մասնակցությամբ կրկեսային կյանքի թեմայով ֆիլմերը` «Մոռացեք բուխարու մասին, կրակները նրա մեջ մարել են» և «Լռիր, տխրություն ... լռիր ...» ունեցել էին ռեկորդային ցուցադրություններ ռուսական նախահեղափոխական կինեմատոգրաֆիայի գոյության ողջ ժամանակահատվածում[41]։
Միևնույն ժամանակ, ըստ Չարդինինի, ինքը նկարահանման ընթացքում «շատ էր զբաղվում» Խոլոդնայայի հետ՝ աշխատելով յուրաքանչյուր շարժման վրա, քանի որ նա չէր տիրապետում դերասանական տարրական տեխնիկային և Չարդինինի հետ նկարահանումները ոչ մի կերպ չէին նպաստում նրա ստեղծագործական աճին[42]։ 1916-1919 թվականներին Խոլոդնայայի մասնակցությամբ նկարահանվել են ավելի քան 30 ֆիլմեր։ Որպես կանոն, միաժամանակ ցուցադրվում էին նրա մասնակցությամբ մի քանի ֆիլմեր։ Նույնիսկ երբ 1918 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ստուդիայի բիզնեսը սկսեց անկում ապրել, Վերա Խոլոդնայայի մասնակցությամբ վեց ժապավեն թողարկվեց։ Ռեժիսորները հաճախ ստիպում էին նրան ոչ թե նկարահանվել կինոնկարում, այլ «պարզապես կեցվածք ընդունել մի փոքր հարմար, և երբեմն ակնհայտ խալտուրային ժապավեններում», ինչպես գրել է Չեսլավ Սաբինսկին[43]։
Վերա Խոլոդնայայի դերասանական կարիերան շարունակվեց ամբողջ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Նա մասնակցում էր բարեգործական համերգների, զինվորների և նրանց ընտանիքների օգնության ֆոնդին աջակցելու համար։ Զինվորականները երկրպագում էին Խոլոդնայային, նրան անվանելով «իրենց Վերոչկան» և գնում էին նրա բոլոր սեանսների տոմսերը[31]։ Նիկոլայ Անոշչենկոն հիշում էր, որ տոմսերը վաճառվում էին «մարտերով», հերթ էին կանգնում ոչ միայն «նախկին ուսանող պրապորչիկներն ու պոդպորուչիկները», այլ նաև «շտաբի կապիտանները և փոխգնդապետները»[44]։ Նկարահանումների ընդմիջումների ընթացքում Խոլոդնայան մեկնում է ռազմաճակատ՝ տեսնելու իր ամուսնուն, որը կամավոր մեկնել էր ռազմաճակատ[45]։
Հոկտեմբերյան հեղափոխությունը Խոլոդնայան դիմավորեց Օդեսայում «Արքայադուստր Տարականովան» ֆիլմի նկարահանումների վրա աշխատելիս[45]։ Խորհրդային իշխանությունն ընդառաջ գնաց դերասանուհուն, նրա քույրը Սոֆիան հիշում էր, որ դժվար տնտեսական պայմաններում նոր իշխանությունները, «իմանալով, որ Վերա Վասիլիևնա Խոլոդնայան նկարահանվում է, ապահովում էին հնարավորինս անխափան էներգամատակարարում և կինոնկարահանման ժապավեններ»[11]։ «Կենդանի դիակ» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո Կոնստանտին Ստանիսլավսկին ուշադրության կենտրոնում էր պահում դերասանուհուն։ Նրան հրավիրեցին հանդես գալու Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի խմբում և խոստացան «Ամպրոպ» ֆիլմում Կատերինայի դերը, բայց զգուշացրեցին, որ ստիպված կլինի երկար և քրտնաջան աշխատել դերի վրա, գուցե մեկ տարի կամ ավելի։ Սակայն թատրոնում աշխատանքն անհնար էր համատեղել նկարահանումների ինտենսիվ գրաֆիկի հետ, և Խոլոդնայան հրաժարվեց[46]։
Օդեսայում (1918-1919)
խմբագրել1918 թվականի գարնանը Խոլոդնայան Խարիտոնովի կինոարշավախմբի հետ տեղափոխվեց Օդեսա, խմբում ընդգրկված էին նաև Չարդինինը, Մաքսիմովը, Ռունիչը և նրանց ընտանիքի անդամները։ Դերասանուհուն ուղեկցում էին քույրը՝ Սոֆիան ու դուստրը՝ Ժենյան։ Երկրորդ քույրը՝ Նադյան, ամուսինը՝ Վլադիմիրը և որդեգրած դուստրը Նոննան, մնացին Մոսկվայում։ Ենթադրվում է, որ հեռանալու հարցում կարևոր դեր են խաղացել դերասանուհու անձնական կյանքում տեղի ունեցած իրադարձությունները, միաժամանակ ամուսնու և Վլադիմիր Մաքսիմովի հետ կապերի խզումը[44]։ Դեպի Օդեսա տանող ճանապարհին դերասանները համերգներով հանդես եկան խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Կիևում և Խարկովում[13][47]։ Հետագայում Եվգենիան ճշտել էր, որ մինչ Օդեսայում կինոստուդիայի կահավորումը, Խոլոդնայան կարողացել էր մասնակցել Յալթայում մի շարք ֆիլմերի նկարահանումների և մի քանի անգամ հանդես էր եկել բարեգործական համերգներով՝ հօգուտ Կամավորական բանակի[45]։ Օդեսայում երկրպագուների ընդունելությունը ըստ քրոջ խոսքերի, նրա համար «իսկական աղետ» էր դարձել։ Երբեմն կինոարշավախմբի մասնակիցները ամբողջ օրը զբաղված էին լինում, նկարահանումները տեղի էին ունենում Ֆրանսիական բուլվարում Խարիտոնովի կառուցած ստուդիայում։
1918 թվականի դեկտեմբերի 18-ին Օդեսան գրավեցին ֆրանսիական զորքերը և կամավորական բանակի ստորաբաժանումները։ Խոլոդնայան սկսեց արտասահմանյան ընկերություններից արտերկրում ֆիլմերում նկարահանվելու հրավերներ ստանալ։ «Կինոստուդիաները նրան խոստանում էին հսկայական հոնորարներ, պատմում էր դերասանուհու քույրը Սոֆիան, բայց Վերան վճռականորեն մերժում էր բոլոր առաջարկները... Վերան մամուլում հայտարարություն հրապարակեց, որում նա հրապարակավ հայտարարեց, որ երբեք չի լքի իր հայրենիքը նրա համար դժվար պահին և կոչ արեց մյուս նկարիչներին նույնպես հետևել իր որոշմանը»[47][48]։ Հարցազրույցը տպագրվել էր «Կինո-Գազետա»-ի 1918 թվականի համարներից մեկում, որտեղ մեջբերվել էին դերասանուհու խոսքերը`«Հիմա բաժանվել ուժասպառ և խոշտանգված Ռուսաստանից, ցավալի և հանցավոր է, և ես դա չեմ անի»[49]։ Ընդհանուր առմամբ, նա նկարահանվում է չորս ֆիլմերում. «Վերջին տանգոն», «Կինը, ով սեր է հնարել», «Ազրա» և «Արքայադուստր Տարականովան»։ Դրանց ցուցադրությունների ընթացքում Դերիբասովսկայա փողոցում գտնվող «Կինո-Ուտոչկինո» կինոթատրոնի դիմաց հսկայական հերթեր էին գոյանում[50]։ Նկարահանումներից ազատ ժամանակ դերասանուհին ելույթներ էր ունենում կոմերցիոն համերգների և բարեգործական երեկոների ժամանակ, որոնց հասույթը տրամադրում էր բեմի աղքատ աշխատողներին կամ հատկացնում Կարմիր խաչին։ Խոլոդնայայի ծանոթների շրջանակը բազմազան էր` Ֆրանսիացի զինվորական գործիչներից մինչև սպիտակգվարդիական սպաներ, ինչը բազմաթիվ ասեկոսեների տեղիք էր տվել։ Լուրեր էին տարածվել, որ կինոաստղը սիրային կապերի մեջ է Օդեսայի ռազմական նահանգապետ Ալեքսեյ Գրիշին-Ալմազովի, ֆրանսիացի գեներալ Անրի Ֆրեյդենբերգի և ֆրանսիական հյուպատոս Էմիլ Էննոյի հետ[50]։ Նրա շրջապատում ընդգրկված էին նաև բոլշևիկյան գաղտնի գործակալներ` Գեորգի Լաֆարը և Պյոտր Ինսարովը։ Հետազոտող Մաքսիմ Իվլևը ենթադրում է, որ նրանք փորձել էին պարզել որոշ գաղտնիքներ և հնարավորության դեպքում, կաշառել Ֆրեյդենբերգին[51]։ Լաֆարը Մոսկվա ուղարկած իր զեկույցում Խոլոդնայայի հետ հանդիպման մասին գրել է[52].
«Նա այնտեղ էր ընթրում [դերասանների շրջանի տան առանձին սենյակում], երբեմն ճաշում էր ընկերների հետ, հյուծվում Օդեսայի ցրտից և անհարմարություններից։ Ես նրա հետ զրույց ունեցա (ինձ ներկայացրել էր «Առաքյալը»)։ Տիկինը որոշ չափով մանկամիտ էր, բայց զգայուն օգնելու պատրաստ և սրտակից ընկեր, որը մեր կարծիքով, պարտադիր պայման է։ Զարմանալիորեն, փառքը նրա մոտ գլխապտույտ չէր առաջացրել։ Ֆրեյդենբերգը նրան հոգեհարազատ չէր, բայց կապված է նրա հետ, չնայած իրեն պահում է պարկեշտության սահմաններում։ Այս տիկինը մերն է։ Նրանից հարցազրույց էին վերցրել և հարցրել. «Ինչու՞ չեք մեկնում Եվրոպա, մինչ Ռուսաստանում քաղաքացիական բախումներ են»։ Նա պատասխանել է. «Ես Ռուսաստանը երբեք չեմ լքի»։ Ես տիկնոջ մասին կգրեմ առանձին։ Ֆրեյդենբերգի վրա նրա ազդեցությունն անսահման է։ «Առաքյալն» առաջարկում է արագացնել այս հարցի լուծումը նախատեսված ուղղությամբ։ Ես կողմ եմ»։
Հիվանդություն և մահ
խմբագրել1919 թվականի փետրվարին Վերա Խոլոդնայան մրսեց և հիվանդացավ թոքային բարդություններով գրիպի ծանր տեսակով, որն առավել հայտնի է որպես «իսպանական գրիպ»։ «Օդեսայում իսկական համաճարակ էր և հիվանդությունը շատ ծանր էին տանում, իսկ Վերան հատկապես ծանր», հիշում է քույրը` Սոֆիան։ Պրոֆեսորներ Կորովիցկին և Ուսկովը ասում էին, որ «իսպանական գրիպը» նրա մոտ ընթանում է թոքաբորբի ժանտախտի նման... Ամեն ինչ արվում էր նրան փրկելու համար։ Որքան էր նա ուզում ապրել»[53]։ Ըստ դերասանուհու իմպրեսարիոյի, նա հիվանդացավ հանկարծակի, ձմռանը Գրեչսկայա փողոցում գտնվող Գրական և գեղարվեստական ընկերության թատրոնում ելույթից հետո, «Բրիստոլ» հյուրանոց տանող ճանապարհին, սահնակը շրջվեց և դերասանուհին ընկավ ձյան մեջ։ Հաջորդ օրը նա ջերմություն ունեցավ և բժիշկները նրա մոտ գրիպ ախտորոշեցին։ Չցանկանալով հյուրանոցում մնալ՝ Խոլոդնայան տեղափոխվեց մոր մոտ՝ Մայր տաճարի հրապարակի մոտ գտնվող Պապուդովի տուն[44]։ Ըստ քրոջ հուշերի՝ երիտասարդների բազմությունը մշտապես կանգնած էր Պապուդովի տան դիմաց, իսկ Խարիտոնովն ու Չարդինինը, խոհանոցում նստած, լացում էին։ «Ես ամեն օր այցելում էի նրան», հիշում է Խոլոդնայայի իմպրեսարիոն։ «Նա շատ ընկճված վիճակում էր»[44]։
1919 թվականի փետրվարի 16-ին, երեկոյան յոթն անց կեսին, դերասանուհին մահացավ՝ ընդամենը մի քանի օրվա հիվանդ լինելով[54]։ Հակառակ սովորական պրակտիկային ՝ մարմինը չհերձեցին, փոխարենը նրան անմիջապես զմռսեցին, ինչի համար շտապ հրավիրվեց Օդեսայի լավագույն պաթոլոգը՝ պրոֆեսոր Տիզենհաուզենը։ Հուղարկավորության արարողության համար դիակը տեղափոխվեց Սպասո Պրեոբրաժենսկի մայր տաճար, ոչ թե օրվա ընթացքում, ինչպես միշտ, այլ գիշերը, այնուամենայնիվ, մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել։ Այդ տարօրինակ հանգամանքները հետագայում հիմք հանդիսացան Վերա Խոլոդնայայի մահվան հետ կապված բազմաթիվ կոնսպիրատիվ տարբերակների ասեկոսեների համար[49]։
Դերասանուհու քույրը հիշում է, որ բառացիորեն ամբողջ Օդեսան եկել էր մահացածին հրաժեշտ տալու[54]։ «Մահացած դերասանուհուն հագցրել էին իր լավագույն հանդերձանքներից մեկը և խնամքով շպարել էին», հիշում է Խանժոնկովը[55]։ Զմռսված մարմինը թաղվեց Առաջին քրիստոնեական գերեզմանատան մատուռում, որպեսզի հետագայում տեղափոխվի Մոսկվա։ Դագաղը այնտեղ մնաց մինչ գերեզմանոցի ավերումը` 1932 թվականը (խորհրդային ռեժիմի կողմից գերեզմանատները վերացնելու ծրագրի շրջանակներում), որից հետո դերասանուհու դին անհետացավ[13]։
Նրա մահվան օրը շատ թատրոններում ներկայացումները չեղարկվեցին[11]։ Մոսկվայի գեղարվեստական թատրոնում դերասանուհու հիշատակի արարողություն էր անցկացվել[54]։ Նրա ժողովրդականությունը չէր խամրել նույնիսկ մահից հետո։ «Վերա Խոլոդնայայի հուղարկավորությունը» վավերագրական ֆիլմն ունեցավ մեծ ժողովրդաականություն[55]։ Կաունասում (միջպատերազմյան Լիտվայի մայրաքաղաք) հանգուցյալ կինոաստղի մասնակցությամբ «Կյանք կյանքի համար» ֆիլմը «մեծ հաջողություն» ունեցավ արդեն 1923 թվականին՝ նրա մահից չորս տարի անց[31]։
Հանրաճանաչ դերասանուհու անսպասելի մահը շահարկումների տեղիք էր տվել։ Ըստ պաշտոնական վարկածի, Խոլոդնայայի կյանքից հեռանալու պատճառը «իսպանական գրիպն» էր։ Ըստ տարածված վարկածի, նա գնդակահարվել էր հեղափոխական նավաստիների կողմից` որպես սպիտակգվարդիական լրտես, ըստ մյուս վարկածի՝ դերասանուհին շնչահեղձ էր եղել հյուպատոս Էննոյի կողմից ուղարկված թունավոր սպիտակ շուշանների բույրից; ըստ երրորդ վարկածի՝ Խոլոդնայային խեղդել է իր սիրեցյալը՝ գեներալ Գրիշին-Ալմազովը խանդի հողի վրա[56]։ Վտարանդիական շրջանակներում մեղադրանքներ էին տարածվել նրա վերջին զուգընկերոջ՝ Օսիպ Ռունիչի դեմ։ Վլադիմիր Խոլոդնայայի ամուսնու ձերբակալությունից և մահապատժի ենթարկվելուց հետո խոսակցություններն ավելի ակտիվացան[57]։ Այնուամենայնիվ, դերասանուհուն ճանաչող մարդկանց մեծ մասը հավատարիմ էր պաշտոնական վարկածին, այդ թվում՝ Խոլոդնայայի դուստրն ու քույրերը, նրա իմպրեսարիոն (հիշեցնելով, որ ոչ ինքը, ոչ էլ դերասանուհին և ընտանիքի անդամները «կասկած չեն հայտնել նրա հիվանդության պատճառի վերաբերյալ»[44]) և Ալեքսանդր Վերտինսկին[21][11][45]։ Խոլոդնայային նվիրված կենսագրական ակնարկի հեղինակ Ալեքսեյ Կապլերը չափազանց կոշտ քննադատությամբ է արտահայտվել դերասանուհու սպանության վերաբերյալ լուրերին[58]։
Ընտանիք
խմբագրելՎերայի ամուսինը՝ Վլադիմիր Գրիգորեվիչ Խոլոդնին, փաստաբան էր, մրցարշավորդ, մասնակցել էր Առաջին համաշխարհային պատերազմին՝ որպես սպա։ 1915 թվականին նա ծանր վիրավորվել էր ոտքից Վարշավայի մոտակայքում և արիության համար արժանացել ոսկե զենքի։ Վնասվածքի պատճառով նա ստիպված էր վերադառնալ Մոսկվա[45]։ Նա ծանր էր տարել կնոջ մահվան լուրը։ Նույն թվականին Խոլոդնին ձերբակալվել էր պետական անվտանգության ներկայացուցիչների կողմից։ Նրանց դուստրը Եվգենիան հիշում է «Մեր մոսկովյան բնակարանում չեկիստները սվիններով բացեցին բարձերը, պատերը բացեցին, հետո ամբողջ կահավորանքն ու կահույքը տարան։ Մեծ տատիս ու քրոջս ձեռք չտվեցին, նրանք բանտ ուտելիք էին տանում հորս մոտ, մինչև նրանց ասեցին, որ այլևս դրա կարիքը չկա։ Հորս գնդակահարել էին 1919 թվականի վերջին»[45]։
Վլադիմիր Խոլոդնիի հետ ամուսնությունից Վերան դուստր ունեցավ՝ Եվգենիան։ Մյուս դստերը` Նոննային, նրանք որդեգրել էին։ Վերայի մահից հետո դերասանուհու քույրը՝ Սոֆիան, մնաց Օդեսայում, դարձավ բալետի պարուհի Օդեսայի օպերայի և բալետի թատրոնում,այնուհետև նա ամուսնացավ և լույս աշխարհ բերեց երկու երեխա։ Մյուս քույրը՝ Նադեժդան, 1919 թվականին ամուսնացավ հույնի հետ և ստացավ Հունաստանի քաղաքացիություն։ Նա ստանձնել էր իր հանգուցյալ քրոջ երկու դուստրերի կրթությունը, 1920-ականներին նա տեղափոխվեց Ստամբուլ[45]։
Վլադիմիր Խոլոդնիի եղբայրը՝ Նիկոլայ Խոլոդնին, եղել է բուսաբան, Ուկրաինական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս[59]։
Մարդկային որակներ
խմբագրելԱլեքսանդր Խանժոնկովի կինը՝ Վերա Դմիտրիևնան, նշում էր Խոլոդնայայի այնպիսի որակներ, ինչպիսիք են քրտնաջան աշխատանքը, համեստությունն ու տոկունությունը[8]։ Միևնույն ժամանակ, դերասանուհուն «լիովին խորթ էր ուժեղ կրքերի ակտիվ, դրամատիկ բռնկումը, պայքարելու կամքը», ինչպես գրել է Չեսլավ Սաբինսկին[43]։ Ալեքսանդր Մգեբրովը դերասանուհու մեջ առանձնացրեց «բացառիկ քնքշություն և սիրալիրությունը բոլորի հանդեպ»։ Նկարագրելով Խոլոդնայային, ժողովրդականության գագաթնակետին հասնելուց առաջ, Մոսկվայի գեղարվեստական թատրոնի երիտասարդ նկարիչների խմբակ կատարած այցի ժամանակ, Մգեբրովը վկայում էր. «Նա չգիտեր ո՛չ հոգնածություն, ո՛չ հանգստություն, և մեր բոլորի ոգին էր, իսկապես ներշնչված, այրվող»[60]։
Դերասանուհու քույրը Սոֆիան գրում է, որ նա շատ էր կարդում, ռուս հեղինակներից նա նախընտրում էր Պուշկինին, Տոլստոյին, Դոստոևսկուն և Օստրովսկուն, իսկ օտարերկրացիներից՝ Հյուգո, Դոդե, Բալզակ, Ջեկ Լոնդոն, Ֆլոբեր։ Դերասանուհու սիրված կոմպոզիտորները, ըստ նրա քրոջ, եղել են Միխայիլ Գլինկան և Պյոտր Չայկովսկին[11]։
Խոլոդնայան հաճախ անում էր այն, ինչը բնորոշ չէր իր ժամանակակից դերասանուհիներին։ Սովորաբար նա իր գլխարկներն ու զգեստները պատրաստում էր ինքը, որպես կանոն, իր մազերն էլ ինքն էր զարդարում։ Տոնական օրերին դերասանուհին պատրաստում էր իր սիրած ուտեստները՝ «Օլիվիե» աղցան, մայոնեզով ձուկ, կրյուշոն[11]։
Խոլոդնայան որպես դերասանուհի
խմբագրելՎերա Խոլոդնայայի դերասանական խաղի գնահատականները ծայրաստիճան բևեռացված են[31]։ Որպես դերասանուհի Խոլոդնայայի թուլությունը կարևորեց, մասնավորապես, «Կինոյի ընդհանուր պատմություն» բազմաբնույթ ստեղծագործության հեղինակը՝ կինեմատոգրաֆիստ Ժորժ Սադուլը[7]։ Քննադատները դեռևս նրա կենդանության օրոք խոսում էին դերասանական անհատականության պակասի, դրամատիկ և ողբերգական ապրումները փոխանցելու անկարողության և, այս առումով, «խաղ սարքելու» անհաջող փորձերի մասին (չափազանցված ժեստեր և դեմքի արտահայտություններ, առաջին պլանում շնչառության ավելացում)[32]։ Դրանցից մեկը, բնութագրելով դերասանուհու աշխատանքը «Դարի երեխաներ» ֆիլմում, թվարկելով նրա հիմնական թերությունները` «տեմպի դանդաղությունն ու դրա միօրինակությունը», ընդգծում էր, որ «նրա տեմպը չափազանց հավասար է, չափազանց դանդաղ-սառը»[61], Լեոնիդ Սաբանեևը նշում էր, որ «կյանքում նա ... գեղեցիկ կնոջ տպավորություն էր թողնում ...... զերծ ցանկացած արտիստիզմից։ Այնուամենայնիվ, այն ժամանակվա «Կինոյի» համար դա պարտադիր չէր. Տեսքը բավական էր»[62]։
Վերա Խանժոնկովան գրել է, որ Խոլոդնայան համբավ էր ձեռք բերել իր «բացառիկ արտահայտիչ արտաքինի և հմայքի» շնորհիվ[8], իսկ ռեժիսոր Իվան Պերեստիանին, ով աշխատանքային փորձ ուներ և ծանոթ էր հայտնի դերասանուհուն, ասում էր, որ հանդիսատեսին գրավում էր «կազմվածքի, աչքերի և շարժումների պասիվ քնքշությունը»[63]։ Չեսլավ Սաբինսկին առանձնացնում էր արտիստուհու երկու կարևոր հատկանիշերը, «Կինեմատոգրաֆիական ապարատի համար գեղեցիկ մոդել» և «Վերա Խոլոդնայայի ստեղծած ստանդարտը» բազմակի և կանխամտածված ինքն իրեն խաղալը՝ հրաժարվելով նույնիսկ փոխել սանրվածքը՝ վախենալով, որ հանդիսատեսը չի ճանաչի[9]։ Այնուամենայնիվ, եթե հավատանք նրա քրոջը՝ Խոլոդնայան զգուշորեն էր պատրաստվում յուրաքանչյուր դերի կատարմանը[11]։
Պատմաբան Վերա Ուստյուգովայի կարծիքով՝ դերասանուհու հաջողության գաղտնիքը «հենց նրա կանացի բնույթն» էր. դա փաստում էր, որ նա դարձել էր «հոգեպարարության և բնական բանականության» էկրանային մարմնավորում[24]։ Արվեստաբան Ելենա Կաշչենկոն դա լրացնում է այն եզրակացությամբ, որ Խոլոդնայային բնորոշ էին մի շարք անհատական հատկություններ, որոնք բնորոշ են միայն իրեն և հենց դա էր նրա առավելությունը մյուս դերասանուհիների նկատմամբ[31]։
Խոլոդնայան անձնավորում էր ռուսական կինեմատոգրաֆի համար նոր, դեկադենտական տիպային առանձնահատկությունը, որը 1910-ականներին փոխարինեց «հաստ կարմիր այտերով ռուսական գեղեցկուհուն», կարծում էր կինոգետ Եվգենի Մարգոլիտը[64]։ Վերա Խանժոնկովան գրել է. «Գրեթե բոլոր ֆիլմերում դերասանուհին խաղում էր առօրյա կրքերի զոհ պասիվ տառապող կնոջ դեր»։ Դա նկատել են նաև դերասանուհու ժամանակակից կինոքննադատները, օրինակ՝ Միխայիլ Բրայլովսկին[65]։ Միևնույն ժամանակ, Խոլոդնայան համարվում էր կանացիության իդեալի՝ իր ժամանակի կանացի գեղեցկության գեղագիտական իդեալի արտահայտիչը[66]։ Բորիս Լիխաչովը նրան բնութագրում էր որպես ռուսական կինոյի առաջին «անկախ, անհատական տաղանդ»[67]։ Սեմյոն Գինզբուրգի կարծիքով նման ժողովրդականություն չի վայելել ոչ մի նախահեղափոխական դերասան, նույնիսկ Իվան Մոզժուխինը[68]։
Իվան Պերեստիանին իր հուշերում «կտրականապես պնդում էր, որ Խոլոդնայային բոլորովին խորթ են ցանկացած տեսակի ստեղծագործական հույզերը»[63]։ Խոլոդնայայի դերասանական խաղի մասին նման կերպ են արձագանքել խորհրդային կինոքննադատներ Նիկոլայ Լեբեդևը, ով բնութագրել է Խոլոդնայային որպես «գեղեցիկ, բայց ոչ տպավորիչ դերասանուհի, կին-տիկնիկի, կին-խաղալիքի դերեր կատարող, այլոց կրքերի և պատահարների պասիվ զոհ», որպես «միջակ և անկենդան» կինոտիպար»[69], և Սեմյոն Գինզբուրգը, ով կարծում էր, որ դերասանուհին ընդունակ չէ ավելիին, քան պարզապես կինոխցիկի առջև կեցվածք ընդունելը։ Բաուերը, Գինզբուրգի տեսանկյունից, «հնարում էր անիմաստ սյուժեներ, որոնք թույլ կտային այն արդյունավետորեն ներկայացել հանդիսատեսին», այնուամենայնիվ, հնարավորություն ստեղծելով Խոլոդնայայի վրա փորձելու «ակտիվ, ուժեղ կամքի տեր անձնավորության կերպարը»[70]։
Համապատասխան տեսակետը երկար ժամանակ գերիշխում էր խորհրդային գրականության մեջ, Ռոմիլ Սոբոլևը նկատել էր, որ դերասանուհու անունը դարձել էր «բուրժուական կինոյի» գռեհկության և անիմաստության հոմանիշ և ինչ-որ պահի «այն սկսվեց համարվել« անպարկեշտ» և Վերա Խոլոդնայայի մասին սկսել էին խոսել կտրուկ բացասական»[71]։ Կինոքննադատը դրա համար մասամբ մեղադրում էր ռեժիսորներ Բաուերին և Շարդինին՝ «նվաստացնելով դերասանի դերը որպես գեղարվեստական կերպարի հիմնական ստեղծող» և «խոչընդոտելով երիտասարդ դերասանուհու աճին»[72]։ Եվգենի Մարգոլիտը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Խոլոդնայան՝ «հարավցի կինը է Պոլտավուհի , բուռն մարմնական ծաղկման աշխարհից», մարմնավորում էր իր խառնվածքին խորթ հերոսուհիների կերպարներ, «որոնք տանջվում են սառը ապակեպատ սենյակ-ջերմոցներում»[64]։ Այս առումով նա դերասանուհուն համեմատել է 1920-ականների վերջին և 1930-ականների սկզբի կինոաստղ Էմմա Ցեսարսկայի հետ` վերջինիս անվանելով «շրջված Վերա Խոլոդնայա». «Նույնպես ուկրաինուհի, բայց լիարյուն, սպիտակ ատամներով, կենսուրախ, թխահեր` սեփական կրքի իրավունքը պաշտպանող կնոջ դերում»[64]։
Ռոմիլ Սոբոլևը խոստովանել է, որ չնայած Խոլոդնայան իր տաղանդի շնորհիվ համբավ ձեռք չբերեց, այնուամենայնիվ, նա տաղանդավոր էր։ Նրա դերասանական ներուժը նկատել է նաև ռեժիսոր Վլադիմիր Գարդինը, որի կինոնկարում Խոլոդնայան մի անգամ նշել էր իր նորամուտը. «Համոզված եմ, որ նա անցել է բոլոր աստիճանները՝ կենդանի մոդելից մինչև իսկական վարպետ։ Նրա վերջին ֆիլմերում արդեն զգացվում էր շնորհալի կերպարի զարթոնքը»[73]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարբեր տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե քանի ֆիլմում է նկարահանվել Վերա Խոլոդնայան։ Պատմաբան Իրինա Գրաշչենկովան խոսում է 40 ժապավենի մասին[74]։ Այլ աղբյուրների համաձայն` Խոլոդնայայի մասնակցությամբ նկարահանվել է 35 ֆիլմ, ըստ երրորդ վարկածի՝ առնվազն 50[22]։ Մինչ օրս Վերա Խոլոդնայայի մասնակցությամբ, մասամբ կամ ամբողջությամբ պահպանվել է միայն ութ կինոնկար, ներառյալ 1914 թվականի «Աննա Կարենինան», որտեղ նա կատարել է էպիզոդիկ դեր։
Հիշատակ
խմբագրել- 1975 թվականին ԽՍՀՄ-ում թողարկվել է Նիկիտա Միխալկովի «Սիրո ստրուկը» ֆիլմը։ Սյուժեի հիմքում դրված են Վերա Խոլոդնայայի կյանքից դրվագներ։ Դերասանուհի Օլգա Վոզնեսենսկայան, որի նախատիպը Խոլոդնայան է, խաղում է Ելենա Սոլովեյը[13]։ 1974 թվականին նույնպես կարող էր թողարկվել Ռուստամ Խամդամովի «Անսպասելի ուրախությունները» ֆիլմը (անավարտ, հետագայում ներառված իր իսկ «Աննա Կարամազոֆ» ֆիլմում)։ Ե՛վ այնտեղ, և՛ այստեղ համր կինոյի աստղը («Անսպասելի ուրախություններ» - Վերա Նիկոլաևնա, «Աննա Կարամազոֆ» - Ելենա) ֆիլմում, որի նախատիպը Խոլոդնայան էր, կրկին խաղում էր Ելենա Սոլովեյը։
- Ալեքսանդր Վերտինսկին, Վերա Խոլոդնայայի ընտանիքի ընկերը, նրան նվիրել է մի շարք երգեր նույնիսկ դերասանուհու կյանքի ընթացքում, այդ թվում` հանրահայտ «Մանուշակագույն նեգր»-ը (նվիրված «Էկրանի թագուհի Վերա Խոլոդնայային»)[75], «Փոքր կրեոլը» և «Ձեր մատներից խնկահոտ է գալիս»[21], իսկ կոմպոզիտոր Բորիս Պրոզորովսկին՝ «Ժասմին» սիրերգը, որը դերասանուհին երբեմն կատարում էր տանը[11]։
- Օդեսայի Երկրորդ քրիստոնեական գերեզմանատանը, 1934 թվականին մահացած Պիտեր Չարդինինի գերեզմանի ցանկապատի ներսում տեղադրվել է Վերա Խոլոդնայայի կենոտաֆը[76]։
- Վերա Խոլոդնայա անունը փորագրված է Սան Ֆրանցիսկոյի մոտակայքում գտնվող ռուսական գերեզմանատան կոլեկտիվ կենոտաֆի վրա, որը տեղադրել են դերասանուհու ԱՄՆ տեղափոխված հարազատները[77]։
- 2003 թվականին Օդեսայում, Պրեոբրաժենսկայա փողոցում, այն տան դիմաց որտեղ մահացել էր Խոլոդնայան, կանգնեցվեց քանդակագործ Ալեքսանդր Տոկարևի կերտված դերասանուհու բրոնզե հուշարձանը[78]։ Օդեսայում կա նաև Վերա Խոլոդնայայի հրապարակ։
- 2013 թվականի հոկտեմբերի 31-ին Ուկրաինայի փոստատունը թողարկել է փոստային նամականիշ` նվիրված Խոլոդնայայի ծննդյան 120-ամյակին։ Նամականիշի դիզայնի հեղինակը նկարիչ Վասիլի Վասիլենկոն է[79]։
- Վլադիմիր Մայակովսկու առանձին ստեղծագործություններում, ինչպես նաև Վլադիմիր Մայակովսկու նոթատետրերում հիշատակվում է ինչ որ «վալս»՝ «Մակարովի կարոտը Վերա Խոլոդնայայի հանդեպ» («Մլակը» պիեսը, 1924 թվականի նոթաետր) և «Մակարովի սերը Վերա Խոլոդնայայի հանդեպ» (կինոսցենար «Մոռացեք բուխարիի մասին»)։ Հավանաբար խոսքը կոմպոզիտոր և երաժիշտ Սաշա Մակարովի և նրա «Դուք երգեր եք խնդրում» հիթի մասին է, որն իսկապես վալսի չափեր ունի (3/4): Իրականում հայտնի չէ, արդյոք այս երգը իսկապես նվիրված է Վերա Խոլոդնայային։
- Խոլոդնայան հանդես է գալիս որպես գործող անձ «Վերտինսկի» սերիալում (2021)։ Նրա դերը կատարում է Պաուլինա Անդրեևան[80]։
Գրականություն
խմբագրել- Холодная Вера Васильевна // Франкфурт — Чага. — М. : Советская энциклопедия, 1978. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 28).
- Бенуа С. Вера Холодная. Жизнь и смерть в стиле Гэтсби. — М.: Алгоритм, 2013. — 284 с. — ISBN 978-5-4438-0423-1
- Великий Кинемо: Каталог сохранившихся игровых фильмов России (1908—1919) / Сост.: В. Иванова, В. Мыльникова, С. Сковородникова, Ю. Цивьян, Р. Янгиров. — М.: Новое литературное обозрение, 2002. — 568 с. — ISBN 5-86793-155-2
- Гинзбург С. С. Кинематография дореволюционной России. — М.: Аграф, 2007. — 508 с. — (Кабинет визуальной антропологии). — ISBN 978-5-7784-0247-8
- Ивлев М. Н. Диктатор Одессы. Зигзаги судьбы белого генерала. — М.: Вече, 2013. — 332 с. — (Военный архив). — ISBN 978-5-4444-0396-9
- Каплер А. Загадка королевы экрана. — М.: Советская Россия, 1979. — 206 с.
- Капчинский О. Агент из «Мирографа». Одна из первых секретных операций советской разведки(ռուս.) // Родина : журнал. — 2002. — № 1. — С. 73—75. — ISSN 0235-7089.
- Кащенко Е. С. Изменение системы стереотипов в отечественном кинематографе 1910—1930-х гг. (на примере фильмов «Жизнь за жизнь» (1916) и «Семеро смелых» (1936))(ռուս.) // Новейшая история России : журнал. — 2012. — № 2. — С. 175—181. — ISSN 0235-7089. Архивировано из первоисточника 7 Ապրիլի 2014.
- Лихачёв Б. С. Кино в России (1896—1926). Материалы к истории русского кино. — Л.: Academia, 1927. — Т. 1. 1896—1913. — 212 с.
- Островский Г. Л. Легенда о звезде. Жизнь и смерть Веры Холодной. — 1-е. — Одесса: Optimum, 2005. — (Вся Одесса). — 300 экз. — ISBN 966-344-021-X
- Прокофьева Е. В. Королева экрана. История Веры Холодной. — М.: И.Г.С., 2001. — 207 с. — ISBN 5-88569-054-5
- Садуль Ж. Всеобщая история кино / Под общ. ред. С. И. Юткевича. — М.: Искусство, 1958. — Т. 2. Кино становится искусством 1901—1914. — 524 с.
- Сковородникова С., Янгиров Р. Вера Холодная // Великий Кинемо: Каталог сохранившихся игровых фильмов России (1908—1919) / Сост.: В. Иванова, В. Мыльникова, С. Сковородникова, Ю. Цивьян, Р. Янгиров. — М.: Новое литературное обозрение, 2002. — С. 526—529. — 568 с. — ISBN 5-86793-155-2
- Соболев Р. П. Люди и фильмы русского дореволюционного кино. — М.: Искусство, 1961. — 177 с.
- Устюгова В. В. Стиль модерн в раннем русском кинематографе (на примере творчества Е. Ф. Бауэра)(ռուս.) // Вестник пермского университета. История : журнал. — 2005. — № 5. — С. 133—150. — ISSN 2219-3111. Архивировано из первоисточника 15 Հունիսի 2018.
- Яни А. В. Вера Холодная: первая любовь российского кинозрителя. — СПб.: Лань, 2012. — 218 с. — ISBN 978-5-91938-042-9
Հիշողություններ
խմբագրել- Вертинский А. Н. Дорогой длинною…. — М.: Правда, 1990. — 572 с. — ISBN 5-253-00063-1
- Мгебров А. А. Жизнь в театре: В 2 т. — Л.: Academia, 1929. — Т. 1. Орленев. Московский Художественный театр. Комиссаржевская. — 535 с.
- Перестиани И. Н. 75 лет жизни в искусстве. — М.: Искусство, 1962. — 345 с.
- Сабинский Ч. Из записок старого киномастера(ռուս.) // Искусство кино. — 1936. — № 5. — С. 60—63.
- Ханжонков А. А. Первые годы русской кинематографии. — М.: Искусство, 1937. — 172 с.
- Ханжонкова В. Д. Из воспоминаний о дореволюционном кино(ռուս.) // Из истории кино : сборник. — 1962. — № 5. — С. 120—130.
- Холодная С. Воспоминания о сестре(ռուս.) // Советский экран : журнал. — 1990. — № 14. — С. 28—29.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://www.imdb.com/name/nm0451762/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ Гинзбург, 2007, էջ 192; 450
- ↑ Соболев, 1961, էջ 142
- ↑ 7,0 7,1 Садуль, 1958, էջ 293
- ↑ 8,0 8,1 8,2 Ханжонкова, 1962, էջ 30
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Сабинский, 1936, էջ 62
- ↑ 10,0 10,1 Виталий Яковлевич Вульф Серебряный шар. Драма за сценой. — М.: Эксмо, 2016. — С. 324. — 512 с. — ISBN 978-5-699-85291-8
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 Холодная С. Воспоминания о сестре(ռուս.) // Советский экран : журнал. — 1990. — № 14. — С. 38—40.
- ↑ 12,0 12,1 Соболев, 1961, էջ 137
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 Вера Холодная // Энциклопедия «Кругосвет».
- ↑ Каплер, 1979, էջ 183
- ↑ Каплер, 1979, էջ 183—184
- ↑ Мгебров, 1929, էջ 269
- ↑ Каплер, 1979, էջ 185
- ↑ Вертинский, 1990, էջ 107
- ↑ Иванова, Мыльникова и др., 2002, էջ 188
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 Каплер, 1979, էջ 186
- ↑ 21,0 21,1 21,2 Вертинский, 1990, էջ 108
- ↑ 22,0 22,1 Сковородникова, Янгиров, 2002, էջ 526
- ↑ Гинзбург, 2007, էջ 450
- ↑ 24,0 24,1 Устюгова, 2005, էջ 147
- ↑ Каплер, 1979, էջ 187
- ↑ Гинзбург, 2007, էջ 382
- ↑ Иванова, Мыльникова и др., 2002, էջ 238
- ↑ Прокофьева, 2001, էջ 68—69
- ↑ Короткий В. Операторы и режиссёры русского игрового кино 1897-1921. Биофильмографический справочник. — М.: НИИ киноискусства, 2009. — С. 407. — 432 с. — ISBN 5-91524-008-9
- ↑ Соболев, 1961, էջ 137—138
- ↑ 31,0 31,1 31,2 31,3 31,4 Кащенко, 2012, էջ 176
- ↑ 32,0 32,1 Сковородникова, Янгиров, 2002, էջ 527
- ↑ Иванова, Мыльникова и др., 2002, էջ 317
- ↑ Ханжонков, 1937, էջ 98
- ↑ Ханжонков, 1937, էջ 98—99
- ↑ Гинзбург, 2007, էջ 194—195
- ↑ 37,0 37,1 Гинзбург, 2007, էջ 453
- ↑ Гинзбург, 2007, էջ 195
- ↑ Гинзбург, 2007, էջ 451
- ↑ Гинзбург, 2007, էջ 454
- ↑ Гинзбург, 2007, էջ 170
- ↑ Соболев, 1961, էջ 138
- ↑ 43,0 43,1 Сабинский, 1936, էջ 63
- ↑ 44,0 44,1 44,2 44,3 44,4 Сковородникова, Янгиров, 2002, էջ 528
- ↑ 45,0 45,1 45,2 45,3 45,4 45,5 45,6 Банчик Н. Свет сгоревшей звезды — сквозь года, океаны(ռուս.) // Русский базар : журнал. — 2002. — № 10 (306).
- ↑ Каплер, 1979, էջ 192
- ↑ 47,0 47,1 Каплер, 1979, էջ 193
- ↑ Ивлев, 2013, էջ 151
- ↑ 49,0 49,1 Капчинский, 2002, էջ 75
- ↑ 50,0 50,1 Ивлев, 2013, էջ 150
- ↑ Ивлев, 2013, էջ 151—152
- ↑ Капчинский, 2002, էջ 74—75
- ↑ Каплер, 1979, էջ 193—194
- ↑ 54,0 54,1 54,2 Каплер, 1979, էջ 194
- ↑ 55,0 55,1 Ханжонков, 1937, էջ 126
- ↑ Ивлев, 2013, էջ 152
- ↑ Сковородникова, Янгиров, 2002, էջ 529
- ↑ Каплер, 1979, էջ 195—203
- ↑ Каплер, 1979, էջ 183—184; 194
- ↑ Мгебров, 1929, էջ 270
- ↑ Иванова, Мыльникова и др., 2002, էջ 239
- ↑ Леонид Леонидович Сабанеев. Клуб «Алатр». // «Русская мысль», 1962, 10 апреля. № 1823.
- ↑ 63,0 63,1 Перестиани, 1962, էջ 263
- ↑ 64,0 64,1 64,2 Коленский А. Беседы с Евгением Марголитом: Великий Русский Немой(ռուս.) // Синематека : интернет-портал.
- ↑ Гинзбург, 2007, էջ 452
- ↑ Гинзбург, 2007, էջ 278; 381
- ↑ Лихачёв, 1927, էջ 161
- ↑ Гинзбург, 2007, էջ 449—450
- ↑ Лебедев Н. А. «Кинематограф в дореволюционной России (1896-1917)». (из книги: Очерки истории кино СССР. М.: Искусство, 1965) (ռուսերեն). bibliotekar.ru. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ Гинзбург, 2007, էջ 382; 450
- ↑ Соболев, 1961, էջ 135
- ↑ Соболев, 1961, էջ 140
- ↑ Соболев, 1961, էջ 141
- ↑ «В Доме кино прошел показ мелодрам начала XX века» (ռուսերեն). Информационное агентство «Версия» (Саратов). 2013 թ․ սեպտեմբերի 13.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ Бабенко В. Г. Артист Александр Вертинский. Материалы к биографии. Размышления. — Свердловск: Издательство Уральского Университета, 1989. — С. 124. — 129 с. — ISBN 5-7525-0070-2
- ↑ Vera Kholodnaya, Find a Grave |25182389|
- ↑ Файтельберг-Бланк В. Р., Савченко В. А. Одесса в эпоху войн и революций. 1914—1920. — 1-е изд. — Одесса: Оптимум, 2008. — С. 141. — 336 с. — ISBN 978-966-344-247-1
- ↑ Ивлев, 2013, էջ 159—160
- ↑ Віра Холодна. 1893—1919. 120 років від дня народження(ուկր.) // Поштовий вісник : газета. — 8 листопада 2013. — № 41 (666). — С. 5.
- ↑ Паулина Андреева превратится в Веру Холодную
Արտաքին հղումներ
խմբագրել- Вера Холодная // Энциклопедия «Кругосвет».
- Банчик Н. Свет сгоревшей звезды — сквозь года, океаны(ռուս.) // Русский базар : журнал. — 2002. — № 10 (306).
- Коленский А. Беседы с Евгением Марголитом: Великий Русский Немой(ռուս.) // Синематека : интернет-портал.
- Жовнір Н. (2010 թ․ օգոստոսի 5). «Королева німого кіно: феномен Віри Холодної» (ուկրաիներեն). Інтернет-видання «Полтавщина». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- «Сайт, посвящённый Вере Холодной» (ռուսերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Խոլոդնայա» հոդվածին։ |