Տերմիտներ (իսպ.՝ Isoptera), միջատների կարգ։ Մոտ են խավարասերներին և աղոթարարներին։ Տերմիտներին բնորոշ է հասարակական կենսաձևը, միևնույն տեսակի սահմաններում տարբեր անհատների բազմակերպությունը (սեռական և «կաստայական» բազմաձևություն)։ Ապրում են մի քանի հարյուրից մինչև մի քանի միլիոն անհատից բաղկացած համայնքներով, գետնափոր կամ վերգետնյա, մինչև 15 մ բարձրությամբ (որոշ արևադարձային տեսակներ) տերմիտաբներում։ Համայնքը կազմված է էգից, արուից («թագավորական զույգ»), ապաճած սեռական գեղձերով երկսեռ խոշոր ու մանր «զինվորներից» և «աշխատավորներից» (որոշ տեսակներ չունեն «զինվորներ»)։ Աշխատավոր անհատները համայնքին ապահովում են սննդով, բույն են պատրաստում։ «Զինվորները» կատարում են պաշտպանական ֆունկցիա։ Աշխատավոր Տերմիտների մարմնի երկարությունը 2-15 մմ է, «զինվորներինը»՝ մինչե 20 մմ, գերզարգացած ձվարաններով էգինը՝ մինչև 140 մմ։ Հասուն սեռական անհատներն ունեն 2 զույգ երկար թևեր, որոնց դեն են նետում ամուսնական թռիչքից հետո։ «Աշխատավոր» և «զինվոր» Տերմիտներ թևեր չունեն, նման են թրթուրների։ «Զինվորներին» բնորոշ է հզոր ծնոտներով մեծ գլուխը։ Տերմիտների բերանը կրծող տիպի է։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ։ Ցուրացնում են բնափայտի բջջանյութը (Տերմիտների մեծամասնության սննդի հիմնական աղբյուրը)։

Տերմիտներ

Որոշ Տերմիտներ սնվում են միայն սնկերով (հիմնականում բորբոսասնկեր)։ «Թագավորական զույգի» կյանքի տևողությունը մինչև մի քանի տասնամյակ է․ համայնքը կարող է շարունակել իր գոյությունը շատ տասնամյակներ։ էգը կյանքի ընթացքում դնում է շուրջ 150 միլիոն ձու։ Տերմիտներ քայքայում են բնափայտը, փչացնում թուղթը, կաշվե իրերը, գյուղատնտեսական մթերքները։ Հողում ապրող տերմիտներ նպաստում են հողառաջացմանը։ Հայտնի է տերմիտների ավելի քան 2600 տեսակ՝ տարածված հիմնականում արևադարձային երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 677