Ֆրիդրիխ Վիլհելմ Օգոստոս Ֆրյոբել (գերմ.՝ Friedrich Fröbel, ապրիլի 21, 1782(1782-04-21)[1][2][3][…], Oberweißbach, Schwarzatal, Landkreis Saalfeld-Rudolstadt, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - հունիսի 21, 1852(1852-06-21)[1][2][3][…], Marienthal, Bad Liebenstein, Վարտբուրգ, Թուրինգիա, Գերմանիա[4]), գերմանացի մանկավարժ, նախադպրոցական կրթության տեսաբան, «մանկապարտեզ» հասկացության ստեղծող։

Ֆրիդրիխ Ֆրյոբել
գերմ.՝ Friedrich Wilhelm August Fröbel
Ծնվել էապրիլի 21, 1782(1782-04-21)[1][2][3][…]
Oberweißbach, Schwarzatal, Landkreis Saalfeld-Rudolstadt, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]
Մահացել էհունիսի 21, 1852(1852-06-21)[1][2][3][…] (70 տարեկան)
Marienthal, Bad Liebenstein, Վարտբուրգ, Թուրինգիա, Գերմանիա[4]
ԳերեզմանSchweina
Քաղաքացիություն Schwarzburg-Rudolstadt
Դավանանքուղղափառություն
Մասնագիտությունմանկավարժ, ոչ գեղարվեստական գրող, ուսուցիչ, գրող և ֆուտբոլիստ
Ալմա մատերԵնայի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[5]
Ամուսին(ներ)Louise Fröbel?
 Friedrich Fröbel Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Երիտասարդ տարիներ

խմբագրել

Ֆրիդրիխ Ֆրյոբելը ծնվել է 1782 թվականի ապրիլի 21-ին[6]։ Նրա ծնվելուց անմիջապես հետո մոր առողջական վիճակը վատացել է։ Նա մահացել է, երբ տղան դեռևս ինն ամսական է եղել։ Հայրը՝ Յոհան Ֆրյոբելը, որը լյութերական քահանա էր, 1802 թվականին մահացել է։ Մինչ այդ, 1792 թվականին Ֆրիդրիխը տեղափոխվել է Շտադտիլմ քաղաք՝ հորեղբոր մոտ, որը բարի և հոգատար մարդ էր։ Ֆրիդրիխն ընդունվել է քաղաքային դպրոց, բայց առաջադիմությամբ աչքի չի ընկել և ցածր ընդունակություններ է ցուցաբերել։ Նա դեռ մանկուց սովորել էր սիրել բնությունը և 15 տարեկանում անտառապահի աշակերտ է դարձել։

1799 թվականին Ֆրյոբելը որոշել է թողնել դպրոցը և ուսումնասիրել մաթեմատիկա և բուսաբանություն Ենա քաղաքի համալսարանում։ Նա շատ է սիրել կարդալ, հավաքել է բույսեր, դասակարգել դրանք, զբաղվել երկրաչափությամբ։ Բայց երկու տարի անց, անհրաժեշտ միջոցներ չունենալով, ստիպված է եղել թողնել համալսարանը։

1802-1805 թվականներին նա հողաչափական աշխատանքներ է կատարել։ Մի քանի տարի ծառայելով տարբեր անտառտնտեսություններում՝ Ֆրյոբելը ուղևորվել է Մայնի Ֆրանկֆուրտ՝ շինարարական արվեստ ուսումնասիրելու նպատակով։ Այստեղ նա ծանոթացել է դպրոցի ուսուցիչ Գուրների հետ, նրա հետ հաճախ մանկավարժական տարբեր հարցերի շուրջ զրույցներ է ունեցել և դպրոցում ուսուցչի պաշտոն ստանալով՝ ամբողջովին նվիրվել է մանկավարժական գործին։

Գործունեություն

խմբագրել

Մանկավարժական գործունեության սկիզբ

խմբագրել

Գործունեության ողջ ընթացքում Ֆրյոբելը համադրել է բնության և մանկավարժության նկատմամաբ իր սերը[7]։ 1805 թվականին մեկնելով Իվերդոն (ֆր.՝ Yverdon-les-Bains)՝ սկսել է դասավանդել միջնակարգ դպրոցում, որտեղ էլ առաջին անգամ ծանոթացել է Պեստալոցցիի մանկավարժական գաղափարներին։ Հետագայում նա աշխատելու էր Պեստալոցցիի հետ Շվեյցարիայում, որտեղ էլ շարունակելու էր զարգացնել նրա գաղափարները։ Իվերդոն ուղևորությունից հետո Ֆրյոբելը հասկացել է մանկավարժական գործունեության մեջ իր անպատրաստվածությունը, որը նա, սակայն, հասցրել էր սիրել։

1806 թվականից Ֆրյոբելը Ֆրանկֆուրտի Գոլցգաուզեններ ազնվական ընտանիքի երեք որդիների ուսուցչի աշխատանքը ստանձնելով՝ 1808 թվականին իր երեք աշակերտների հետ հաստատվել է Իվերդոնում և որպես ուսուցիչ աշխատանքի է անցել Պեստալոցցիի դպրոցում։ Դասավանդելով և միաժամանակ սովորելով՝ նա Իվերդոնում մնացել է երկու տարի՝ 1808 թվականից մինչև 1810 թվականը։

Ֆրյոբելը, հորեղբորից ստացած փոքր ժառանգության շնորհիվ, ընդունվել է Գյոթինգենի համալսարան, որտեղ ուսումնասիրել է փիլիսոփայություն, բնական գիտություններ և լեզուներ։ Մեկ տարի անց, 1811 թվականին, ըստ էության, Գյոթինգենի համալսարանի հավաստագիր չստացած, նա տեղափոխվել է Բեռլինի համալսարան (այդ ժամանակ մանկավարժական և հայրենասիրական կենտրոն)՝ համալսարանական դպրոցներից մեկում (Plamannsche Schule) ստանձնելով ուսուցչի պարտականություն։

1813 թվականին՝ պատերազմի սկսելուց հետո, նա կամավորագրվել է ծառայելու Լյուտցոֆի կորպուսում (Lützow Free Corps), որը պրուսական բանակի կամավորական ջոկատ էր։ Նապոլեոնի դեմ ուղղված երկու ռազմական արշավների ընթացքում նա հանդիպել է իր ապագա մանկավարժ գործընկերներին՝ ապագա հայտնի մանկավարժներ Միդենդորֆին և Լանդենթալին (Wilhelm Middendorff և Heinrich Langethal)[8]։ Երեխաների կրթության և դաստիարակության թեմայով անընդհատ դասախոսելով իր ընկերներին՝ Ֆրյոբելի խանդավառությունն ի վերջո փոխանցվել է նաև վերջիններիս[9]։

Արշավանքից հետո՝ 1814 թվականին, Ֆրյոբելը դարձել է պրոֆեսոր Վեյսի օգնականը Բեռլինի հանքարդյունաբերության թանգարանում, բայց շուտով հրաժարվել է աշխատանքից՝ մերժելով Ստոկհոլմի համալսարանի ամբիոնում դասավանդելու առաջարկը, լքել է Բեռլինը։

Սեփական դպրոցի հիմնում

խմբագրել

1816 թվականի նոյեմբերի 13-ին Ֆրյոբելը Գրիյսգեյմում բացել է իր առաջին ուսումնական հաստատությունն ըստ իր համակարգի։ Այդ դպրոցի առաջին սաները եղել են նրա հինգ զարմիկները, իսկ հետո նաև Լանգենթալի եղբայրը։ Հաջորդ տարի Ֆրյոբելի եղբոր այրին, ում նյութական դրությունը ծայրահեղ ծանր էր, Ռուդոլշտադից ոչ հեռու գտնվող Կեյլգայում փոքր կալվածք է գնել, ուր էլ տեղափոխվել է Ֆրյոբելի հիմնած դպրոցը։ Դպրոցում, բացի Ֆրյոբելից, դասավանդում էին Լանգենթալը, Միդդենդորֆը և վերջինիս զարմիկ Բարոնը։

1818 թվականին Ֆրյոբելը ամուսնացել է։ Ֆրյոբելի կինը հետաքրքրված էր ամուսնու գաղափարներով և դրանց իրականացման գործին է նվիրել իր ամբողջ կարողությունը։ Նույն կերպ է վարվել նաև Ֆրյոբելի եղբայր Քրիստիանը, որը վաճառելով իր սեփական առևտրային բիզնեսը, տեղափոխվել է Կեյլգայու և ստանձնել է ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնը։

Ֆրյոբելի դպրոցն աստիճանաբար ծաղկում է ապրել։ 1821-1825 թվականներին դպրոցն ունեցել է շուրջ 60 սան։ Այդ ժամանակահատվածին է պատկանում Ֆրյոբելի գլխավոր գրական՝ «Մարդու դաստիարակության մասին» աշխատությունը, որը տպագրվել է 1826 թվականին։

Շվարցբուրգի իշխանը Պրուսիայի պահանջով Քիլգաու՝ Ֆրյոբելյան ինստիտուտ, աուդիտոր է ուղարկվել, քանի որ Ֆրյոբելյան հաստատության մասին կեղծ լուրեր էին տարածվել իբրև կառավարության համար վտանգավոր և աթեիստական ուղղություն ունեցող հաստատություն է։ Չնայած աուդիտորն իր զեկույցում մեծ գովեստով էր ներկայացրել Ֆրյոբելի ուսումնական հաստատությունը, բայց հասարակության վստահությունը խարխլվել է և Ֆրյոբելի սաներից շատերը հեռացել են դպրոցից։ Դպրոցը հանձնելով Բարոնին՝ Ֆրյոբելը ուղևորվել է Շվեյցարիա և Լյուցեռնի կանտոնում իր մտահղացմամբ սկսել է ազգային ուսումնական հաստատության կառուցումը, սակայն տեղի հոգևորականների թշնամանքի պատճառով դպրոցը տեղափոխել է Վիլլիսաու, որտեղ այնպիսի հաջողության է հասել, որ Բեռն քաղաքի կանտոնական իշխանությունը նրան է հանձնարարել Բուրգդորֆում մանկատուն ստեղծելու գործը։ Այստեղ առաջին անգամ նա մտահղացել է, որ անհրաժեշտություն է մանկահասակ երեխաների համար ուսումնա-դաստիարակչական հաստատություններ ստեղծելը, որտեղ էլ նա կարող էր գործնականում փորձարկել նախադպրոցական տարիքի երեխաների կրթության մասին իր տեսությունը և իր «շնորհները»։

Մանկապարտեզների հիմնում

խմբագրել

1836 թվականին Ֆրյոբելը վերադարձել է Կեյլգաու, քանի որ Բուրգդորֆի խիստ կլիման վատ էր անդրադառնում նրա կնոջ վրա։ 1839 թվականին Ֆրյոբելը Դրեզդենում Սաքսոնիայի թագավորի ներկայությամբ դասախոսություն է կարդացել մանկապարտեզների վերաբերյալ, որը, սակայն, հաջողություն չի ունեցել։ 1840 թվականին նա հաստատվել է Բադ-Բլանկենբերգում, որտեղ էլ հիմնել է իր առաջին ուսումնադաստիարակչական հաստատությունը նախադպրոցական տարիքի երեխաների համար՝ անվանելով այն «մանկապարտեզ»։

Այսպիսով, նրա առաջին մանկապարտեզը բացվել է գրատպության 400-րդ տարելիցի օրը։ Միևնույն ժամանակ Ֆրյոբելը սկսել է հրատարակել «Պետք է ապրենք մեր երեխաների համար» նշանաբանով կիրակնօրյա թերթը։ Շուտով մահացել է նրա կինը՝ նրա բոլոր նախաձեռնությունների օգնականը։

Կնոջ մահից հետո Ֆրյոբելը նորից հաստատվել է Կեյլգայում։ 1844 թվականին Ֆրյոբելը հրատարակել է իր վերջին մեծ, մանկավարժական գլուխգործոցը՝ «Մայրական և տիեզերական երգերը»[10], որի նկարազարդումների հեղինակն էր Ունգերը, իսկ երաժիշտը Կոլին էր։ Այդ ժամանակ արդեն պատրաստ էին առաջին «Մանկական պարտեզները»։ 1847 թվականի հունվարի 12-ին Լիպպեում բացվել է Վեստֆալյան առաջին մանկապարտեզը, իսկ 1847 թվականի հունիսի 9-ին Ֆրյոբելը բացել է Լյութերի մանկապարտեզը Մարիենբերգում (Erzgebirge):

Ֆրյոբելը մշակել է նաև զարգացնող մանկական կառույցը՝ «Քինդերգարդեն»-ը։ 1848 թվականին Ֆրյոբելը մեկնել է Ռուդոլշտադ՝ գերմանացի ուսուցիչների համագումարին մասնակցելու, որտեղ նրա մանկավարժական ուսմունքն այնպիսի խիստ քննադատության է ենթարկվել, որ նա ստիպված է եղել հետ վերցնել իր առաջարկները։ Երկրորդ անգամ ամուսնանալով (իր ուսանողներից մեկի հետ) Ֆրյոբելը մեկնել է Համբուրգ՝ այնտեղ մանկապարտեզ հիմնելու նպատակով։

Ճանաչում

խմբագրել

1850 թվականին Մայնինգենի դուքսը, որը հետաքրքրված էր Ֆրյոբելի ուսմունքով, նրա տրամադրությանն է հանձնել իր Մարիենթալ ամրոցը։ 1852 թվականին, Գոթայում ուսուցիչների համագումարի ժամանակ, Ֆրյոբելը խանդավառ ծափահարությունների է արժանացել, բայց նրա առողջությունն այլևս չէր ներում աշխատանքը շարունակելու համար։

Ֆրյոբելը մահացել է նույն՝ 1852 թվականի հունիսի 21-ին, Մարիենթալում, որտեղ նա աշխատել էր մանկապարտեզների սաների համար դպրոցներ հիմնել։

Ֆրիդրիխ Ֆրյոբելի մահից անմիջապես հետո, նրա հետևորդները Բեռլինում հիմնել են «Ֆրյոբելյան հասարակություն» կազմակերպությունը, որի ականավոր ակտիվիստներից մեկը Լինա Մորգենշթերն էր, ով 1860 թվականին հրատարակել է «Das Paradies der Kindheit»-ը՝ Ֆրյոբելի մեթոդով գերմանական առաջին դասագիրքը[11]։

Մանկավարժական հայացքներ

խմբագրել

Երեխայի զարգացման տեսություն

խմբագրել

Ֆրյոբելը, դաստիարակվելով գերմանական իդեալիստական փիլիսոփայության ոգով, բնության, հասարակության մարդկանց նկատմամբ իր հայացքներով եղել է իդեալիստ և համարել է, որ մանկավարժությունը պետք է հիմնված լինի իդեալիստական փիլիսոփայության վրա։ Ըստ Ֆրյոբելի՝ երեխան բնությունից օժտված է չորս հիմնական բնազդներով՝ գործունեություն, ճանաչողություն, գեղարվեստական և կրոնական զգացողություն։ Գործունեության կամ ակտիվության բնազդը երեխայի մեջ ձևավորվող՝ ստեղծագործելու աստվածային սկիզբն է։ Իսկ ճանաչողության բնազդը մարդու մեջ բնածին ձգտումն է իմանալ բոլոր իրերի ներքին էությունը, այսինքն ՝ դարձյալ Աստծուն է ուղղված։

Ֆրյոբելը կրոնական-առեղծվածային հիմնավորում է տվել երեխայի զարգացման գործում դաստիարակության և կրթության դերի մասին Պեստալոցցիի մտքերին՝ ինքնազարգացման մասին շվեյցարացի ժողովրդավար ուսուցչի պատկերացումը մեկնաբանելով՝ որպես երեխայի մեջ աստվածայինի բացահայտման գործընթաց[12]։

Իր մանկավարժական հայացքներում նա առաջնորդվել է կեցության օրենքների համընդհանրությունից. «Ամեն ինչում առկա է, գործում և իշխում է հավերժական օրենքը, ... և' արտաքին աշխարհում, բնության մեջ, և' ներքին աշխարհում, ոգում ...»: Ըստ Ֆրյոբելի, մարդու նպատակը սույն օրենքով ստվերված «աստվածային կարգին» միանալն է, «իր էությունը» և «իր աստվածային սկիզբը» զարգացնելը։ Դաստիարակության ընթացքում մարդու ներաշխարհը դիալեկտիկորեն արտահոսում է արտաքին աշխարհ։ Դաստիարակությունն ու կրթությունն առաջարկել է կազմակերպել, որպես մանկավարժական հաստատությունների միասնական համակարգ, որը նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար[13]։

Մանկավարժությունը և կրթության մեթոդները մանկապարտեզում

խմբագրել

Ֆրյոբելը դաստիարակության նպատակն է համարել երեխայի բնական հատկությունների զարգացումը, նրա ինքնաբացահայտումը։ Մանկապարտեզը պետք է իրականացնի երեխաների համակողմանի զարգացումը, որից էլ սկսվում է նրանց ֆիզիկական զարգացումը։ Արդեն վաղ տարիքում, երեխայի մարմնի խնամքը, համաձայնելով Պեստալոցցիի մտքի հետ, Ֆրյոբելը կապել է նրա հոգեբանության զարգացման հետ։ Ֆրյոբելը խաղը համարել է մանկապարտեզի մանկավարժության առանցքը։ Նա ապացուցել է, որ երեխայի համար խաղը մղում է բնազդ, որը հիմնված է նրա հիմնական գործունեության վրա, խաղը տարր է, որում նա ապրում է։ Դա նրա սեփական կյանքն է։ Խաղի ընթացքում երեխան արտահայտում է իր ներաշխարհը արտաքին աշխարհը պատկերելու միջոցով։ Երբ երեխան խաղի միջոցով ներկայացնում է ընտանեկան կյանքը, մանկիկի նկատմամբ մոր խնամքը և այլն, երեխան ներկայացնում է իրենից դուրս ինչ-որ բան, բայց դա հնարավոր է դառնում միայն ներքին ուժերի շնորհիվ։

Ֆրյոբելի «շնորհներ»

խմբագրել

Վաղ տարիքում երեխայի զարգացման համար Ֆրյոբելն առաջարկել է վեց «Շնորհներ» (Дары Фребеля):

Առաջին շնորհ

խմբագրել

Ֆրյոբելի առաջին շնորհը գնդակն է։ Ըստ նրա գնդակները պետք է լինեին ոչ մեծ, փափուկ, բրդյա հյուսվածքից, տարբեր գույների՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, մանուշակագույն (այսինքն՝ ծիածանի գույներով) և սպիտակ։ Այդ ոչ մեծ գնդակները կախված են թելից։ Մայրը երեխային ցույց է տալիս այդ տարբեր գույների գնդակները, դրանով իսկ զարգացնելով գույները տարբերակելու ունակություն։ Գնդակը տարբեր կողմեր ճոճելով և համապատասխանաբար արտասանելով «ետ, առաջ», «վեր, վար», «աջ, ձախ», մայրը երեխային սովորեցնում է տարածական կողմնորոշում։ Ձեռքի ափի մեջ գնդակը թաքցնելով, ափը բացելով այն ցույց տալով և միաժամանակ ասելով. «գնդակը կա, գնդակը չկա», մայրը երեխային սովորեցնում է հաստատել և հերքել։

Երկրորդ շնորհ

խմբագրել
 
Ֆրյոբելի երկրորդ շնորհը

Ֆրյոբելի երկրորդ շնորհը փոքր փայտե գունդն է, խորանարդը և գլանը (գնդակի տրամագիծը, գլանի հիմքը և խորանարդի կողմերը նույնն են), որոնց միջոցով երեխան ճանաչում է առարկաների տարբեր ձևերը։ Խորանարդն իր ձևով և կայունությամբ գնդի հակապատկերն է։ Ֆրյոբելը գնդակը դիտել է որպես շարժման խորհրդանիշ, խորանարդը՝ հանգստի խորհրդանիշ և «բազմազանության մեջ միասնության խորհրդանիշ» (խորանարդը մի ամբողջություն է, բայց դրա տեսքը տարբեր է՝ կախված այն բանից, թե որ կողմից է այն դիտվում՝ կողից, կողմից թե վերևից)։ Գլանը միավորում է գնդակի և խորանարդի հատկությունները. այն կայուն է, եթե հիմքի վրա է տեղադրված, և շարժվող է, եթե պառկեցված է և այլն։

Երրորդ շնորհ

խմբագրել

Ֆրյոբելի երրորդ շնորհը խորանարդն է, որը բաժանված է ութ խորանարդիկների (խորանարդը բաժանված է երկու հավասար մասի, յուրաքանչյուր մասը՝ չորս մասի)։ Ֆրյոբելը համարել է, որ այս շնորհի միջոցով երեխան պատկերացում է կազմում ամբողջի և նրա մասերի մասին՝ «բարդ միասնություն», «միասնություն և բազմազանություն»։ Խորանարդի միջոցով երեխան հնարավորություն ունի զարգացնել ստեղծագործական ընդունակությունները, տարբեր համադրություններով՝ կառուցելով։

Չորրորդ շնորհ

խմբագրել

Ֆրյոբելի չորրորդ շնորհը նույն չափսերով խորանարդն է՝ բաժանված ութ սալիկների (խորանարդը կիսված է, և յուրաքանչյուր կեսը բաժանված է չորս երկարաձիգ սալիկների։ Յուրաքանչյուր սալիկի երկարությունը հավասար է խորանարդի կողմին, սալիկի հաստությունը այդ կողմի 1/4 մասն է)։

Հինգերորդ շնորհ

խմբագրել

Ֆրյոբելի հինգերորդ շնորհը խորանարդ է, որը բաժանված է քսանյոթ փոքր խորանարդիկների։ Ընդ որում, խորանարդիկներից ինը բաժանված են ավելի փոքր մասերի։

Վեցերորդ շնորհ

խմբագրել

Ֆրյոբելի վեցերորդ շնորհը նույնպես խորանարդն է, որը բաժանված է քսանյոթ խորանարդիկների, որոնցից շատերը նույնպես բաժանված են մասերի՝ անկյունագծով հատված սալիկների, և այլն։

Ֆրյոբելն առաջարկել է երեխաների գործունեության և զբաղմունքների տեսակների բազմազանություն. դա «շնորհներով» աշխատանքն է՝ շինանյութով աշխատանք, շարժուն խաղեր, նկարչություն, ծեփում, ասեղնագործություն, թղթից հյուսք կատարել, թուղթ կտրել, մետաղական օղակներով, ոլոռով, ուլունքներով շարել, տպելով փորագրել, թղթից, ձողերից կոնստուկցիաներ պատրաստել և այլն։ Այս զբաղմունքներից շատերը, այլ մեթոդաբանական տեսանկյուններով վերափոխված, իրենց կիրառությունն են գտել ժամանակակից մանկապարտեզներում[12]։

Տեսության թերություններ

խմբագրել
  1. «Շնորհների» համակարգով է փոխարինվում արտաքին աշխարհի հետ անմիջական ծանոթությունը
  2. երեխայի կյանքը սահմանափակվում է դիդակտիկ նյութերով
  3. երեխայի գործունեությունը չափից դուրս կանոնակարգված է
  4. երեխայի ազատ ստեղծագործելը սահմանափակվում է[14]։

Ավանդը համաշխարհային մանկավարժության զարգացման գործում

խմբագրել

Մանկապարտեզներն առաջատար դիրք են գրավել շատ երկրների նախադպրոցական կրթության համակարգում։ Նախադպրոցական մանկավարժության պատմության մեջ առաջին անգամ Ֆ. Ֆրյոբելը տվել է հանրային նախադպրոցական դաստիարակության ամբողջական, մեթոդաբանական մանրամասներով մշակված, գործնական ձեռնարկներով հագեցած համակարգ։ Նպաստել է, որ նախադպրոցական մանկավարժությունն առանձնանա որպես գիտելիքի ինքնուրույն ոլորտ[15]։

Հետևորդներ․ Ֆրյոբելականներ

խմբագրել

Ռուսաստանում Ֆրիդրիխ Ֆրյոբելի հետևորդներին 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին անվանում էին Ֆրեբելականեր(«Фребелички»)[16]: 19-րդ դարի երկրորդ կեսին Ֆրյոբելյան միություններ են սկսել ստեղծել երկրի տարբեր մասերում «այգեստան» պատրաստելու, ինչպես նաև մանկական գրականություն հրապարակելու և կարիքավոր ընտանիքների երեխաների համար ամառային ժամանց կազմակերպելու համար։

1908 թվականին Կիևում բացվել է Ֆրյոբելի ինստիտուտ՝ «այգեստանների» համար մանկավարժներ պատրաստելու եռամյա դասընթացով, որի ժամանակ կազմակերպվել են նաև մանկավարժական և հոգեբանական լաբորատորիաներ և մանկապարտեզներ, որտեղ ուսանողները կարող էին պրակտիկա անցնել[17]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Curtis S. J. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11853629X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. CONOR.Sl
  6. «Henriette Schrader-Breymann»
  7. Kahr, Bart (2004 թ․ հունվար). «Crystal Engineering in Kindergarten». Crystal Growth & Design. 4 (1): 3–9. doi:10.1021/cg034152s. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  8. Middendorff, Wilhelm Deutsche Biographie
  9. Life of Frederick Froebel: Founder of Kindergarten by Denton Jacques ...
  10. 12 der singbarsten Mutter-, Spiel- und Koselieder
  11. «Моргенштерн, Лина». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  12. 12,0 12,1 «Меценаты․ Теория развития ребенка». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 11-ին.
  13. Джуринский А. Н. История зарубежной педагогики: Учебное пособие. — М., 1998.
  14. [ Коджаспирова Г. М. История образования и педагогической мысли. — М., 2003. — С. 90.]
  15. [ Педагогический энциклопедический словарь / Под ред Б. М. Бим-Бада. — М., 2003. — С. 418.]
  16. [Н. Арапова. Детская садовница // «Учительская газета», № 06 (10243) от 10 февраля 2009 года.]
  17. [Александра Баландина. «Фабрика по шлифовке»: зачем России детские сады. Газета.Ru (27 сентября 2018). Дата обращения 13 ноября 2019.]

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Ֆրյոբել» հոդվածին։