Իդա Ռուբինշտեյն
Իդա Լվովնա Ռուբինշտեյն (ռուս.՝ Ида Льво́вна Рубинште́йн, սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), 1883[1][2], Խարկով, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 20, 1960[3][4], Վանս, Ֆրանսիա)[5], հրեական ծագումով ռուս պարուհի, դերասանուհի։
Իդա Ռուբինշտեյն ռուս.՝ Ида Львовна Рубинштейн | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), 1883[1][2] |
Ծննդավայր | Խարկով, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 20, 1960[3][4] (76 տարեկան) |
Մահվան վայր | Վանս, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ֆրանսիա |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | պարուսույց, բալետի պարող, թատրոնի դերասանուհի, impresario և բնորդ |
Ida Rubinstein Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՌուբինշտեյն ընտանիքը
խմբագրելԻդա Ռուբինշտեյնը ծնվել է Խարկովի տոհմիկ պատվավոր քաղաքացի Լև Ռուվիմովիչ Ռուբինշտեյնի ընտանիքում, որը ցարական Ռուսաստանի հարավի ամենահարուստ ընտանիքներից էր։ Իդայի պապը՝ Ռուվիմ Օսիպովիչը, «Ռոման Ռուբինշտեյն և որդիներ» բանկիրական տան հիմնադիրն էր, հայրը՝ Լևը, և վերջինիս եղբայր Ադոլֆը զբաղվում էին մեծածախ առևտրով (հիմնականում՝ շաքարի), բացի այդ՝ չորս բանկի, շաքարի երեք գործարանի, գարեջրի «Новая Бавария» գործարանի տերերն էին։ Ընտանիքը մեծ գումարներ էր տրամադրում բարեգործությանը, կրոնական համայնքին աջակցությանը (Իդայի հայրն ու պապը Խարկովի սինագոգի հոգաբարձուներ էին), Խարկովի մշակութային զարգացմանը։ Լևն ու Ադոլֆը, որ հիանալի կրթություն ստացած մարդիկ էին, մասնակցել էին Ռուսական երաժշտական ընկերության Խարկովի բաժանմունքի հիմնադրմանը, նրանց տներում կանոնավոր կերպով կազմակերպվում էին քաղաքի մտավորականության ներկայացուցիչների հավաքույթներ։ Իդայի հորեղբայրը՝ Ադոլֆ Ռուվիմովիչը, չորս շքանշանի էր արժանացել Խարկովում որբանոց և մեծ հիվանդանոց բացելու, պահել-պահպանելու համար։ Վերջինիս տղան՝ Իոսիֆը, Խարկովում մի քանի մասնավոր բնակելի շենքերի տեր էր[6]։
Մանկություն, պատանեկություն, ամուսնություն
խմբագրել1888 թվականին, երբ Իդան ընդամենը երեք տարեկան էր, մահացել է մայրը։ Չորս տարի անց վախճանվել է նաև հայրը՝ դստերը ժառանգություն թողնելով հսկայական հարստություն։ Երկու տարի նրան խնամել է հորեղբայր Ադոլֆը, իսկ երբ հորեղբայրն էլ է մահացել, Իդան տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ նրա խնամքի, կրթության ու դաստիարակության հարցերով զբաղվել է վերջինիս ավագ դուստրը՝ Սոֆյա Ադոլֆովնա Գորվիցը։
Իդան սովորել է Լ. Տագանցևայի մասնավոր գիմնազիայում[7], որն ավարտել է 1901 թվականին, այնուհետև ռուս գրականության մասնավոր դասեր է առել պրոֆեսոր Ա. Պոգոդինից[8]։
Նա բավականին վաղ հասակից է սկսել իր բեմական գործունեությունը՝ 1904 թվականի ապրիլի 16-ին Լիդիա Լվովսկայա կեղծանունով հանդես գալով իր իսկ միջոցներով բեմադրված «Անտիգոնե» ներկայացման մեջ։ Բեմադրությունը ներկայացվել է ընդամենը մեկ անգամ, ենթարկվել սուր քննադատության. նշվել է, որ դերասանուհու խաղը աշակերտական մակարդակի է, նրա առոգանությունը վատն է, սուր ձայնը զուրկ է արտահայտչականությունից։
Այդ նույն տարվա աշնանը Իդան ընդունվել է Փոքր թատրոնին առընթեր դրամատիկական դասընթացներ, 1907 թվականին ավարտել, այնուհետև շուրջ մեկ տարի պարի մասնավոր դասեր առել Մ. Ֆոկինից։
1909 թ. ամուսնացել է իր զարմիկի՝ բանկիր Վլադիմիր Գորովիցի հետ, բայց ամուսնական ճանապարհորդությունից հետո նրանք բաժանվել են։
Բեմական գործունեություն
խմբագրել1908 թվականին Ի. Ռուբինշտեյնը իր իսկ միջոցներով իրականացրել է Օսկար Ուայլդի «Սալոմե»-ի բեմադրությունը (երաժշտությունը՝ Ա. Գլազունովի, գեղարվեստական ձևավորումը՝ Լ. Բաքստի), բայց առաջնախաղը (պրեմիերան) այդպես էլ չի կայացել։ Միայն տարեվերջին՝ դեկտեմբերի 20-ին, մասնակիորեն ներկայացվել է Պետերբուրգի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, գեղարվեստական պարերի երեկոյի ժամանակ (բեմադրողներ՝ Վ. Մեյերհոլդ և Մ. Ֆոկին)։
1909—1911 թվականներին Իդան պարել է Սերգեյ Դյագիլևի «Русский балет» խմբում, որի կազմում առաջին անգամ ելույթ է ունեցել 1909 թ. հունիսի 2-ին, Փարիզի «Շատլե» թատրոնի բեմում հանդես գալով Մ. Ֆոկինի «Եգիպտական գիշերներ կամ՝ Կլեոպատրա» բալետում, խաղընկերներ ունենալով Աննա Պավլովային, Վացլավ Նեժինսկուն, Թամարա Կարսավինային։ 1910 թ. հունիսի 4-ին էլ, Նեժինսկու հետ, մասնակցել է Մ. Ֆոկինի բեմադրած մեկ այլ բալետի՝ «Շահրեզադե»-ի առաջնախաղին։
Այդ ներկայացումներում խաղացած Կլեոպատրայի և Զուբեիդայի դերերը լավագույնն են ճանաչվել արտիստուհու ողջ բեմական կարիերայում։ Ե՛վ հանդիսատեսին, և՛ քննադատներին հմայել են Ռուբինշտեյնի «օձային ճկունությունն ու կանացի պլաստիկան», «հեշտանքի մեջ քարացած շնորհալի նրբագեղությունը»։ Նա հետագայում ևս բազմիցս հանդես է եկել այդ դերերի կատարմամբ (վերջին անգամ՝ 1919 թ. մայիսի 4-ին, Փարիզի Գրանդ օպերայում)։
1911 թ. բաժանվելով Դյագիլևից՝ Ռուբինշտեյնն ստեղծել է իր թատերախումբը, որի առաջնախաղը կայացել է 1911 թ. մայիսի 22-ին։ Ներկայացրել են դ՛Անունցիոյի «Սուրբ Սեբաստիանի չարչարանքները» դրամատիկ միստերիան, ներկայացման համար երաժշտությունը գրել էր Դեբյուսին։ Բեմադրությունը և մասնավորապես Ռուբինշտեյնի առոգանությունն ու խաղը դուր չեն եկել թե՛ արվեստասեր հասարակությանը, թե՛ քննադատներին։ Ավելին. Փարիզի արքեպիսկոպոսը չափազանց վրդովվել էր, որ կաթոլիկ սրբի դերում հանդես էր եկել կին և այն էլ՝ ուղղափառ հրեուհի։ Քննադատողներն ընդգծել են նաև, որ Ռուբինշտեյնը, ի տարբերություն հաջողակ արվեստագետների, փողերը ծախսում է ոչ թե արվեստի վրա, այլ ինքն իրեն ցուցադրելու նպատակով։
Հաջորդ տարում Ռուբինշտեյնն իր խմբով փարիզյան «Շատլե»-ում վերջապես ներկայացրել է Ուայլդի «Սալոմե»-ն՝ Գլազունովի հեղինակած երաժշտությամբ, ինչպես նաև՝ Էմիլ Վերհարնի «Հեղինե Սպարտացի»-ն» (կոմպոզիտոր՝ Դեոդոտ դը Սևերակ, բեմադրող Ա. Սանին, նկարիչ՝ Լ. Բաքստ)։ Երկու բեմադրություններում էլ գլխավոր դերերը կատարել է խմբի ղեկավարը։
1913 թ. Վսևոլոդ Մեյերհոլդը Իդա Ռուբինշտեյնի խմբի հետ բեմականացրել է դ՛Անունցիոյի «Պիզանելլա կամ հոտավետ մահ» գործը, դարձյալ Լ. Բաքստի նկարչական ձևավորմամբ և դարձյալ «Շատլե» թատրոնում։ Գլխավոր դարակատարը կրկին Ռուբինշտեյնն էր, որն այս անգամ հանդես է եկել որպես կուրտիզանուհի։ Ներկայացման վրա ծախսվել էր 450 հազար ֆրանկ, ապահովվել խելագար ճոխություն, որը կարող էր նույնիսկ վրդովեցնել ոմանց։ Բայց փարիզցի հանդիսականներն ու քննադատները համարեցին, որ ներկայացումը ճոխ լինելով հանդերձ՝ նաև բավականին դուրեկան է, արված է մոդեռնի գեղագիտության ոգով և խմբի մինչ այդ ստեղծած ամենանորաձև հանդիսախաղն է[9]։ Այնինչ ռուսական քննադատությունը ներկայացման մեջ տեսավ, «ինչպես Ռուբինշտեյնի արած ամեն ինչում՝ ցուցադրական այլասեռվածություն, թատրոնի քայքայում, թատրոն, որտեղ ամեն ինչ գնվում ու վաճառվում է,և որտեղ միշտ հաղթանակում ու ցնծում է ապաշնորհ, դիլետանտական ծամածռությունը“»[10]:
1910-ական թվականներին Ի. Ռուբինշտեյնը բնակություն է հաստատել Փարիզում, իր գնած առանձնատանը, որը նույնպես Լ. Բաքստն էր ձևավորել։ Մտերիմ հարաբերություններ է պահպանել Սառա Բեռնարի, Մարկ Շագալի, Ժան Կոկտոյի, Անդրե Ժիդի, Վացլավ Նեժինսկու հետ։ Լինելով բիսեքսուալ[11]՝, 1911—1914 թթ. կապված է եղել նկարչուհի Ռոմեյն Բրուքսի հետ։ 1928 թվականին Բրոնիսլավա Նիժինսկան Ի. Ռուբինշտեյնի համար ինտերնացիոնալ բալետային խումբ է հավաքել, որի մեջ մտել են բալետմայստերներ Լ. Մյասինը, Մ. Ֆոկինը, Կ. Յոսսը, նկարիչ Ա. Բենուան։ Հատուկ պատվերով խումբը բեմադրել է Օննեգերի «Ժաննա դ՛Արկը խարույկի վրա», «Ամֆիոն», 1929; «Շամիրամ», 1934, Ռավելի «Բոլերո» 1928, «Վալս», Ստրավինսկու «Հավերժահարսի համբույրը» 1928, «Պերսեֆոնա», 1934, Ժակ Իբերի «Թափառաշրջիկ ասպետը» և այլ գործեր։
Բալետային խումբը գործել է մինչև 1938 թվականը և փակվել է վերահաս պատերազմի պատճառով։ Ռուբինշտեյնը վերջին անգամ բեմ է բարձրացել Օննեգերի «Ժաննա դ՛Արկը խարույկի վրա» օրատորիայում։
Հետագա կյանք
խմբագրել1934 թ. ֆրանսիական կառավարությունը Իդա Ռուբինշտեյնին պարգևատրել է Պատվո լեգռոնի շքանշանով։
1935 թ. նա Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել;
1938 թ., գերմանական ֆաշիստների ներխուժումից անհանգստացած, նա, լինելով հրեա, հարկադրաբար լքել է Ֆրանսիան, բնակություն հաստատել Լոնդոնում, որտեղ հոսպիտալ է բացել ֆրանսիացի ու անգլիացի զինվորների համար։
1945 թ. վերադարձել է Ֆրանսիա։
1946 թ. հուդայականությունից դարձ է կատարել կաթոլիկությանը; Կյանքի վերջին տարիներն ապրել է Ֆրանսիայի հարավում՝ Վենսում, իր քարտուղարուհու՝ տիկին Ռենիեի ընկերակցությամբ, կտրված մնացյալ աշխարհից[12]։
Մահացել է իր առանձնատանը։ Ի կատար ածելով Իդա Ռուբինշտեյնի կտակը՝ նրա մահվան օրվա և թաղման վայրի մասին որ ոքի տեղյակ չեն պահել[13]։
Կերպարը արվեստում
խմբագրել«Դեկադենտ դիվայի» մոդայիկ կերպարը ոգեշնչել է նկարիչներ Կես վան Դոնգենին, Անտոնիո դե լա Գանդարին, Անդրե դե Սեգոնզակին, Լեոն Բաքստին, Վալենտին Սերովին, ովքեր, յուրաքանչյուրը՝ յուրովի, ստեղծել են արտիստուհու դիմանկարները։ 1911—1914 թթ. նրա մի շարք դիմանկարներ է ստեղծել այդ տարիներին Փարիզում ապրող ամերիկացի նկարչուհի Ռոմեյն Բրուքսը[14]։
Ռուբինշտեյնը կինոյում
խմբագրելԻդա Ռուբինշտեյնը ընդամենը մեկ անգամ նկարահանվել է կինոյում՝ Գաբրիելե դ՛Անունցիոյի դրամայի հիման վրա նկարահանված «Նավը» (1921) ֆիլմում։
Գրականություն
խմբագրել- De Cossart M. Ida Rubinstein (1885-1960): a theatrical life. Liverpool: Liverpool UP, 1987
- Depaulis J. Ida Rubinstein: une inconnue jadis célèbre. Paris: H. Champion, 1995
- Woolf V. Dancing in the vortex: the story of Ida Rubinstein. Amsterdam: Harwood Academic; Abingdon: Marston, 2000
- Bentley T. Sisters of Salome. New Haven: Yale UP, 2002, p. 129—165
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ՌԻԱ Նովոստի — Rossiya Segodnya, 1941.
- ↑ 2,0 2,1 Дунаева Н. Л. За строками «Воспоминаний о балете» А.Н. Бенуа (ռուս.) // Ежеквартальник русской филологии и культуры — СПб.: 1995. — вып. Vol. I, № 3. — С. 278—291. — 480 с. — ISBN 5-7187-0124-5, 5-7331-0065-6
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ Такую дату, ссылаясь на метрики харьковской синагоги, дают ныне разные источники, например: Чтобы помнили Արխիվացված 2020-02-13 Wayback Machine, РИАНОВОСТИ; им следуют Личности 50/2012 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine и проч.
- ↑ Харьков: новое о знакомых местах — О доме И. А. Рубинштейна
- ↑ В 1897 г. четвёртый этаж нового здания владельцами был сдан частной женской гимназии Л. С. Таганцевой.
- ↑ Наталья Дунаева. Памяти Иды Рубинштейн./Русское еврейство в зарубежье. Сборник статей, публикаций, мемуаров и эссе. Выпуск V (X) 2003. Составитель, главный редактор и издатель Михаил Пархомовский. Иерусалим, 2003. С. 364—414
- ↑ ЛЬВИЦА | Петербургский театральный журнал (Официальный сайт)
- ↑ Там же.
- ↑ Secrest, Meryle (1974). Between Me and Life: A Biography of Romaine Brooks, Garden City, NY: Doubleday. ISBN 0-385-03469-5.
- ↑ Рубинштейн Ида՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ «Рубинштейн Ида Львовна». ЧТОБЫ ПОМНИЛИ.
- ↑ Портреты Иды Рубинштейн работы Ромейн Брукс.
Արտաքին հղումներ
խմբագրել- Фотография
- Ида Рубинштейн Արխիվացված 2020-02-13 Wayback Machine на Библиографическом ресурсе «Чтобы помнили»
- Michael R. Evans. Ида Рубинштейн.
- Библейский сюжет. Танец семи покрывал (Ида Рубинштейн) на телеканале "Культура" Արխիվացված 2020-10-27 Wayback Machine
Կերպարը արվեստում
խմբագրել- Антонио де ла Гандара. Портрет Иды Рубинштейн, 1913
- Ромейн Брукс. Печальная Венера
- Ромейн Брукс. Портрет Иды Рубинштейн, 1917
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Ռուբինշտեյն» հոդվածին։ |