Ուիլյամ Շարփ
Ուիլյամ Շարփ անգլ.՝ William Sharpe | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1934[1][2] (90 տարեկան) Բոստոն, ԱՄՆ կամ Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ուիլյամ Շարպ ընկերություն Ստենֆորդի համալսարան Կալիֆորնիայի համալսարան Վաշինգտոնի համալսարան (1961–1968) |
Անդամակցություն | Phi Beta Kappa |
Ալմա մատեր | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Riverside Polytechnic High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Գիտական ղեկավար | Արմեն Ալբերտ Ալչյան Գարի Մարկովից |
Եղել է գիտական ղեկավար | Հովարդ Սոսին |
Պարգևներ | Նոբելյան մրցանակ տնտեսագիտության բնագավառում (1990) |
William Forsyth Sharpe Վիքիպահեստում |
Ուիլյամ Ֆորսայթ Շարփ (անգլ.՝ William Forsyth Sharpe, հունիսի 16, 1934[1][2], Բոստոն, ԱՄՆ և Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ֆինանսական էկոնոմիկայի տեսության վերաբերյալ աշխատությունների համար[4] (1990)։ Եղել է CAPM-ի՝ ակտիվների գնագոյացման մոդելի ստեղծողներից մեկը։ Հեղինակել է նաև այսպես կոչված՝ Շարփի գործակիցը՝ ներդրումային պորտֆելի (ակտիվների) արդյունավետության ցուցիչը։ Ծանրակշիռ ավանդ է ներդրել օպցիոնների գնահատման երկանդամ (բինոմիալ) մոդելի, ակտիվների բաշխումն օպտիմալացնելու նպատակով աստիճանավորման մեթոդի մշակման գործում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ Շարփը[5] ծնվել է 1934 թվականի հունիսի 16-ին Բոստոնում (Մասաչուսեթս նահանգ)։ 1951 թվականին ավարտել է կալիֆոռնիական Ռիվերսայդ քաղաքի միջնակարգ պոլիտեխնիկական դպրոցը[6], ընդունվել Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի բժշկական ֆակուլտետ[7], որոշ ժամանակ անց տեղափոխվել Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարան՝ «բիզնեսի կառավարում» մասնագիտության գծով ուսումը շարունակելու նպատակով, բայց այդտեղ էլ երկար չի մնացել և վերջնականապես տեղափոխվել է տնտեսագիտական ֆակուլտետ։ Համալսարանում սովորելու ժամանակ նրա վրա մեծ ազդեցություն են գործել տնտեսագիտության պրոֆեսոր Արմեն Ալբերտ Ալչյանը և ֆինանսների պրոֆեսոր Ֆրեդ Ուեստոնը, որոնց միջոցով Շարփն առաջին անգամ ծանոթացել է Մարկովիցի պորտֆելային տեսությանը։
1961 թվականին նա սկսել է դասավանդել Վաշինգտոնյան համալսարանում, միաժամանակ ուսումնասիրություններ ու ընդհարացումներ կատարել իր գիտական ատենախոսության համար, որը նվիրված էր ակտիվների գների հավասարակշռման տեսությանը, և որով նա սկիզբ է դրել ակտիվների գնագոյացման CAPM մոդելի ստեղծմանը։ Այդ թեմայով գրած հոդվածը Շարփը 1962 թվականին ուղարկել է «The Journal of Finance» ամսագրին, բայց ճակատագրի հեգնանքով՝ հոդվածը[8], որը հետագայում դարձել է ֆինանսական տնտեսագիտության հիմքերից մեկը, սկզբնապես համարել են ոչ տեղին և մերժել են տպագրել։ Երկու տարի անց, երբ ամսագրի խմբագրակազմը փոխվել էր, հոդվածը լույս է ընծայվել[9]։
1970 թվականից Շարփն սկսել է դասավանդել Սթենֆորդի համալսարանում, միաժամանակ շարունակել է իր գիտահետազոտական աշխատանքները ներդրումների, պորտֆելի բաշխման, կենսաթոշակային հիմնադրամների վերաբերյալ։ Բացի այդ, անմիջականորեն մասնակցել է ներդրումային գործընթացներին՝ խորհրդատվություն առաջարկելով Merrill Lynch և Wells Fargo ընկերությունների համար, այդ կերպ հնարավորություն ունենալով գործնականում կիրառելու ֆինանսական տեսության վրա հիմնված «դեղատոմսերը»։ 1986 թվականին նա Frank Russell ընկերության համագործակցությամբ հիմնել է Sharpe-Russell Research ընկերությունը, որը մասնագիտացել էր ակտիվների բաշխման հարցերով հետազոտական ու խորհրդատվական ծառայություններ մատուցելու գործում։
Շարփը եղել է Ամերիկյան ֆինանսական ընկերակցության նախագահ։ 1989 թվականին նա թողել է դասախոսական աշխատանքը՝ պահպանելով Ստենֆորդի համալսարանի ֆինանսների պատվավոր պրոֆեսորի կոչումը, և կենտրոնացել է իր խորհրդատվական ֆիրմայի գործերը վարելու վրա։ 1996 թվականին հիմնել է Financial Engines (FNGN) ընկերությունը։
Անվանի տնտեսագետը 2009 թվականից հանդես է եկել որպես «ակտիվների ադապտիվ (հարմարեցված) բաշխման» կողմնակից ու ջատագով (ըստ այդմ՝ ամեն միջոց գործի է դրվում ակտիվների բաշխման համար շուկայական ամենաարդիական միտումերը կիրառելու և այդպիսով եկամտաբերությունն առավելագույնի, գների փոփոխությունների ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով)[10][11]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Economics of Computers (1969)
- Portfolio Theory and Capital Markets (1970)
- Investments (Գորդոն Ալեքսանդերի, Ջեֆրի Բեյլիի հետ համատեղ (1999)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ «Winners of the Nobel Prize for Economics». Encyclopædia Britannica. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.(անգլ.)
- ↑ «William F. Sharpe, "Autobiography", in The Nobel Prizes 1990».
- ↑ «Durian, Hal (July 9, 2011). "Poly Highs Class of 1951 Left its Mark". The Press-Enterprise. Retrieved February 9, 2013». Արխիվացված է օրիգինալից September 15, 2017-ին. Վերցված է June 29, 2021-ին.
- ↑ «Автобиография на Нобелевском сайте».
- ↑ Sharpe (1964) in Selected publications.
- ↑ Gans, Joshua S.; Shepherd, George B. (1994). "How are the mighty fallen: Rejected classic articles by leading economists". Journal of Economic Perspectives. 8 (1): 165–79. doi:10.1257/jep.8.1.165..
- ↑ Research by Professor William F. Sharpe ftse.com website 2011 (includes video interview). Архивировано из первоисточника 16 Հունիսի 2017.
- ↑ Sharpe, William F. "Adaptive asset allocation policies." Financial Analysts Journal 66.3 (2010): 45-59..
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինքնակենսագրությունը Նոբելյան մրցանակի կայքում
- Շարփի անձնական կայքէջը
- IDEAS/RePEc
- «William F. Sharpe (1934– )». The Concise Encyclopedia of Economics. Library of Economics and Liberty (2nd ed.). Liberty Fund. 2008.
- «William F. Sharpe». JSTOR.
- Կաղապար:Nobelprize including the Prize Lecture December 7, 1990 Capital Asset Prices with and without Negative Holding
Պարգևներ | ||
---|---|---|
Նախորդող: Trygve Haavelmo |
Laureate of the Nobel Memorial Prize in Economics 1990 Պաշտոնավարել են նաև՝ Harry M. Markowitz, Merton H. Miller |
Հաջորդող: Ronald H. Coase |
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Շարփ» հոդվածին։ |
|
- Հունիսի 16 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բոստոն քաղաքում ծնվածներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի տնտեսագետներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ