Jump to content

Ագրոնոմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագրոնոմիա (հուն․ agros` դաշտ և nomos` օրենք), գյուղատնտեսական հողահանդակների արդյունավետ օգտագործման, հողերի բերրիության և բերքատվության բարձրացման, բույսերի մշակման մասին գիտությունների համալիր[1]։

Ժամանակակից ագրոնոմիան բաժանվում է մի շարք ինքնուրույն գիտությունների (երկրագործություն, ագրոքիմիա, ագրոֆիզիկա, բուսաբանություն, գյուղատնտեսական, միջատաբանություն, սերմնաընտրում, սերմնաբուծություն, գյուղատնտեսական օդերևութաբանություն և այլն)։ Բուսաբանություն, բույսերի ֆիզիոլոգիա, ծագումնաբանություն, կենսաքիմիա, մանրէաբանություն, հողագիտություն բնական գիտություններն ընկած են ագրոնոմիայի հիմքում[1]։

Ագրոնոմիան սաղմնավորվել է դեռևս հին աշխարհում՝ Հռոմում (Կատոն, Վառոն, Կոլումելա, Պլինիոս Ավագ), Եգիպտոսում, Հունաստանում (Արիստոտել)։ 17-18-րդ դարերում, երբ գյուղատնտեսական մթերքների նկատմամբ առաջացել է մեծ պահանջարկ և զարգացել բնական գիտությունները, ձևավորվել են ագրոնոմիա գիտության հիմունքները։ Ագրոնոմիական միտքը 18-րդ դարի երկրորդ կեսին ուղղորդված էր երկրագործության արտադրողականության բարձրացմանը[1]։

Սկզբում Անգլիայում (Ա․ Յունգ), ապա այլ երկրներում Արևմտյան Եվրոպայում այդ ժամանակ գերիշխող երկրագործության ցելային՝ եռադաշտային, համակարգը փոխարինվել է ինտենսիվ պտղափոխային համակարգով, որի հիմնավորման գործում մեծ ավանդ է ունեցել գերմանացի գիտնական, գյուղատնտես, բույսերի սննդառության հումուսային տեսության հեղինակ Ա․ Թևերը․ նրա աշխատությունները առաջադեմ դեր են կատարել ագրոնոմիայի զարգացման մեջ (նա է ապացուցել հողի բերրիության բարձրացման մեջ օրգանական նյութերի դերակատարության կարևորությունը)։ 17-18-րդ դարերում ռուս գիտնականներ Մ․ Լոմոնոսովը, Ա․ Բոլոտովը, Մ․ Աֆոնինը, Վ․ Լեշինը, Ի․ Կոմովը և 1765 թվականին ստեղծված Անկախ տնտեսական ընկերությունը ագրոնոմիայի զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել։ Ագրոնոմիան համալիր գիտություն է դարձել 19-րդ դարի կեսին և նրանից առանձնացել են ագրոքիմիան և գյուղատնտեսական մանրէաբանությունը։ Բույսերի հանքային սննդառության տեսությունը առաջ քաշած գերմանացի քիմիկոս Յու․ Լիբիխնը նպաստել է երկրագործության մեջ պարարտանյութերի լայն կիրառմանը։ Ագրոնոմիայի հետագա զարգացմանըը խթանել են 19-րդ դարում հայտնագործված էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը, օրգանական աշխարհի էվոլուցիայի մասին ուսմունքը (Դարվինիզմ) և ժառանգականության տեսության հիմունքների ձևակերպումները[1]։

Հայաստանում ագրոնոմիաի սաղմերը վերաբերում են մարդու՝ դիտողականությամբ ձեռք բերած փորձառությունը բույսերի մշակման և կենդանիների ընտելացման համար օգտագործելու ժամանակներին։ Այդ գիտելիքները, ինչպես նաև բնաշխարհիկ բույսերի և կենդանիների նկարագրությունները, գյուղատնտեսության առանձին ճյուղերի զարգացման մասին տեղեկությունները աստիճանաբար ընդգրկվել են պատմաշխարհագրական ու եկեղեցափիլիսոփայական աշխատություններում (Բարսեղ Կեսարացի, Ղազար Փարպեցի, Մովսես Խորենացի, Գրիգոր Մագիստրոս)[1]։

19-րդ դարի երկրորդ կեսից« Բազմավեպ», «Մշակ», «Մուրճ», «Գյուղատնտես» և այլ պարբերականներում լուսաբանվել են երկրագործության, անասնապահության և նրա առանձին ճյուղերի տնտեսավարմանը վերաբերող տարբեր հարցեր։

Հայաստանում ագրոնոմիան նկատելիորեն զարգացել է խորհրդային կարգերի հաստատումից հետո, երբ ստեղծվել են բուհեր և գիտափորձակայաններ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագրոնոմիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 59