Ախալցխա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախալցխա (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ախալցխա | |||||
վրաց.՝ ახალციხე | |||||
| |||||
Երկիր | Վրաստան | ||||
Մխարե | Սամցխե-Ջավախք | ||||
Շրջան | Ախալցխայի | ||||
Համայնք | Ախալցխայի շրջան | ||||
Հիմնադրված է | 12-րդ դար թ. | ||||
Այլ անվանումներ | Լամսիա, Խիսկա | ||||
ԲԾՄ | 1029±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||||
Բնակչություն | ▼16 955 մարդ (2022)[1] | ||||
Ազգային կազմ | վրացիներ 71,71 %, Հայեր 26,71 %[2] | ||||
Կրոնական կազմ | Վրաց ուղղափառ եկեղեցի 77,12 % Հայ Առաքելական եկեղեցի 17,61 % Կաթոլիկ եկեղեցի 2,68 %[3] | ||||
Տեղաբնականուն | ախալցխեցի | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Փոստային դասիչ | 0800[4] | ||||
Պաշտոնական կայք | akhaltsikhe.gov.ge | ||||
| |||||
Ախալցխա (վրաց.՝ ახალციხე, թարգմանաբար՝ նոր ամրոց, հին անունները՝ «ლომსია» - "Լոմսիա" և "Խիսկա"), քաղաք Վրաստանի հարավում, Ախալցխայի շրջանի շրջկենտրոն, Սամցխե-Ջավախքի մարզի վարչական կենտրոն։
2009 թվականի պաշտոնական տվյալներով քաղաքի բնակչության թիվը 19,2 հազար մարդ է[5]։ 1993 թվականի դրությամբ Ախալցխայում հայերը կազմում էին բնակչության 62,8 %-ը, 2005 թվականին՝ 45 %-ը[6]։ Ըստ 2002 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալների Ախալցխայի շրջանում բնակվում է 46,134 մարդ, որից 16,879-ը (36,6 %)՝ հայեր[7]։
Հիմնադրվել է 12-րդ դարի առաջին կեսին, տեղակայված է Փոցխով գետի վրա (Կուր գետի վտակ)։ Քաղաքով անցնում են Բաթում, Բորժոմ, Ախալքալաք գնացող մայրւղիները։
XIV դարից առ XVI դարի 80-ական թվականներին Ախալցխան Սամցխե-Ջավախք տարածաշրջանի մշակութային, քաղաքական և տնտեսական կենտրոնն էր, Ջակելի տոհմի աթաբեկների նստավայր։ 1579 թվականին քաղաքն ընկնում է Օսմանյան կայսրության իշխանության տակ, 1628 թվականից քաղաքը դառնում է Օսմանյան կայսրության Ախալցխայի նահանգի (թուրքերեն՝ Ahıska) կենտրոնը։
1829 թվականի Ադրիանապոլսի հաշտության արդյունքում Ախալցխան միացվել է Ռուսական կայսրությանը։
Հայեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերը Ախալցխայում բնակվել են հիմնադրումից ի վեր։ Հայերի սոցիալ-տնտեսական և կրթա-մշակութային կյանքը քաղաքում հուժկու ծաղկում է ապրում 19-րդ դարի կեսերից մինչև 1917 թվականը։ Ախալցխան դառնում է Հարավային Կովկասի հայ մշակութային և արհեստավորական զարգացած կենտրոններից մեկը։ Ախալցխան նաև հայ զինագործության ամենանշանավոր կենտրոնն էր։ Հատկապես հայտնի էին տոհմիկ զինագործներ Չիֆթալարյանների պատրաստած զենքերը։
1918 թվականի թուրքական զորքերի Հարավային Կովկաս արշավանքի ժամանակ Ախալցխայի հայությունը քաղաքագլուխ Զորի Զորյանի ղեկավարությամբ կարողանում է կազմակերպված դիմադրություն ցույց տալ նրանց՝ թուրքերը դուրս են քշվում գավառի սահմաններից։
Ախալցխան նախքան 1917 թվականին ուներ ինը հայկական եկեղեցի (որից այժմ կանգուն է ընդամենը երեքը, գործում է մեկը՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին)։ Մեկ այլ եկեղեցին Սբ. Նշանը, թեև կանգուն է, սակայն Խորհրդային Միության տարիներին բռնագրավվելուց հետո առ այսօր չի վերադարձվել Վիրահայոց թեմին[8]։
Քաղաքում գործել է յոթ հայկական կրթօջախ, որից հատկապես հռչակված էր Կարապետյան ուսումնարանը՝ Թիֆլիսի Ներսիսյան վարժարանից հետո երկրորդը Հարավային Կովկասում։ Ախալցխայում այսօր գործող միակ հայկական՝ Հ. Թումանյանի անվան դպրոցը 2004-2005 ուսումնական տարում ուներ 550 աշակերտ[6]։ 20-րդ դարի սկզբից գործել է տպարան։ Տարբեր ժամանակներում տպագրվել են հինգ հայալեզու թերթ, ամսագիր։
1860 թվականին Ախալցխայում ստեղծվել է հայկական թատրոն, որտեղ բեմում հյուրախաղերով հանդես են եկել Պետրոս Ադամյանը, Սիրանույշը, Վահրամ Փափազյանը և այլ ականավոր դերասաններ[9]։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամցխեն հարևան Աճարայի (Աջարիա) հետ Արտաշես Բարեպաշտ արքայի օրոք մ. թ. ա. մոտ 185 թվականին միացվել է Մեծ Հայքի թագավորությանը և կազմել նրա վարչական մեկ միավորը՝ Գոդերձական անունով։ Մ. թ. 37 թվականին Սամցխեն միացվեց վրաց աշխարհին։ Փասիսի (Ռիոնի) հովտից Զեկարի լեռնանցքով դեպի Շիրակ և Այրարատ տանող կարևոր մայրուղու վրա՝ Ռաբաթ կոչվող բլրին, որը գտնվում է այժմյան քաղաքի արևմտյան մասում, X դարում Գվարամ իշխանը հիմնադրել է Լոմսիանթա ամրոցը։ Հետագայում նրա շուրջը ընդլայնվել և զարգացել է քաղաքը։ XII դարում ամրոցը նորոգվել է և կոչվել Ախալցիխե։ Ախալցխան սերտ առևտրական և տնտեսական կապեր ուներ Կղարջքի Արտանուջ, Տայքի Ուղթիս և Բարձր Հայքի Կարին քաղաքների հետ, որոնք գտնվում էին Բյուզանդիայից Հայաստանով դեպի Վրաստան տանող հիմնական ցամաքային առևտրական մայրուղու վրա։ 1236 թվականին մոնղոլները, տիրելով Ախալցխային, ավերել են քաղաքը և բերդը։ Սամցխեի սպասալար Սարգիս Ջաղելին 1266 թվականին մոնղոլների օգնությամբ Վրաստանից անջատել է Սամցխեն և ստեղծել Սամցխե իշխանությունը։ Սամցխեն Ախալցխա կենտրոնով ենթարկվել է մոնղոլների Հուլավյանների իլղանաթյանը՝ ձեռք բերելով «խաս–ինջուի» իրավունք, ըստ որի ոչ վրաց թագավորական և ոչ էլ մոնղոլական աստիճանավորները չէին կարող հայտնվել նրա սահմաններում, հարկերը հավաքում էր ինքը՝ ֆեոդալը, և հանձնում մոնղոլ կառավարիչներին։ XIV դարում Սամցխեն արդեն աթաբեկություն էր (Սամցխեի աթաբեկություն), իսկ նրա կառավարիչները ունեին աթաբեկի տիտղոս։ Իբրև քաղաքական և տնտեսական կենտրոն Ախալցխան սկսել է բարգավաճել Մեսխեթի Ջաղելի ֆեոդալական հզոր տոհմի նստավայրը դառնալուց հետո։ Ախալցխայում գերիշխող դիրք է գրավել հայ առևտրականների և արհեստավորների համայնքը, զարգացել է արհեստագործությունը և առևտուրը։ Ախալցխայում գործել է դրամահատարան, որտեղ դրամներ են հատել Հուլավյանների անունով։ Ախալցխան ավերվել է 1416 թվականին Կարա–Կոյունլու ցեղապետ Կարա–Յուսուֆի կողմից, սակայն չի կորցրել իր նշանակությունը և, նորից վերաշինվելով, պահպանել է իր կարևոր դերը։ 1579 թվականին Ախալցխան ընկել է Թուրքիայի տիրապետության տակ։ Տեղի վրացական իշխանական տոհմը, ընդունելով մահմեդականություն, պահպանել է իր ժառանգական իշխանությունը։ Վարչականորեն Սամցխե–Սաաթաբագոն մտնում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ որպես Գյուրջիստանի վիլայեթ, ավելի ուշ՝ Ախալցխայի փաշայություն կամ Չըլդըրի վիլայեթ անունով։ 1625 թվականից Ախալցխան դարձել է Ախալցխայի փաշայության կենտրոնը։ 1628 թվականին վերջ է տրվել Սասցխե–Սաաթաբագոյի կիսանկախ իշխանությանը և նշանակվել են թուրք կառավարիչներ՝ Ախալցխայի փաշան կամ Չըլդըրի բեգլարբեկը։ Այս պաշտոնը հետագայում դարձել է մահմեդականություն ընդունած Սամցխեյի աթաբակների տոհմի ժառանգական իրավունքը։ Թուրքերը վարել են բռնի մահմեդականացման քաղաքականություն հատկապես վրացիների և քաղկեդոնական հայերի հանդեպ, որի հետևանքով տեղի է ունեցել վրաց և հայ ազգաբնակչության մասսայական գաղթ դեպի հարևան Իմերեթի և Քարթլիի թագավորությունները։ Միևնույն ժամանակ ուժեղացել է հայ ազգաբնակչության ներգաղթը Հայաստանի հարևան գավառներից։ Ըստ 1595 թվականին Թուրքիայի անցկացրած աշխարհագրի տվյալների, որոնք ամփոփված են «Գյուրջիստանի վիյայեթի մեծ դավթար»–ում, հարկատու ծխերի ներկայացուցիչների մեծ մասը կրել է հայկական անուններ, մանավանդ Ախալցխայում, որտեղ նրանք ապրել են միջնաբերդին կից թաղամասում՝ Ռաբաթում։ Հայադավան և քաղկեդոնական հայերի փոխադարձ պայքարից օգտվել է կաթոլիկ եկեղեցին՝ աշխուժացել է ունիթորների շարժումը։ Թուրքիայի հայահալած քաղաքականությունից ազատվելու և Հռոմի պապի և եվրոպական պետությունների (գլխավորապես Ֆրանսիայի) հովանավորությունը վայելելու համար Ախալցխայի հայերի մի մասն ընդունել է կաթոլիկություն։ 1744 թվականից Ախալցխայի կառավարիչներ են նշանակվել թուրքական ծագում ունեցող փաշաներ։ 1807 թվականի, 1811 թվականի անհաջող փորձերից հետո ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ 1828 թվականի օգոստոսի 15-ին վերջնականապես ազատագրեցին Ախալցխան թուրքական լծից։ Այդ մարտերի ժամանակ աչքի ընկավ հայազգի գեներալ Բարսեղ Բեհբութովը։ 1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ախալցխայի գավառը միացվեց Ռուսաստանին։ 1829–1830 թվականներին Կարին (Էրզրում) քաղաքից և Կարինի վիլայեթի գյուղերից 6.000 հայ ընտանիք գաղթեց և բնակություն հաստատեց Ախալցխայում (2536 ընտանիք) և համանուն գավառի գյուղերում, Ախալքալաքում ու շրջակա գյուղերում։ Հայ վերաբնակիչները Փոցխով գետի աջ ափին հիմնադրեցին քաղաքի նոր թաղամասը՝ ցանկանալով անվանել այն Նոր Էրզրում, սակայն Իվան Պասկևիչը մերժեց այդ առաջարկը, և թաղամասը կոչվեց Պլան։ Գաղթականներից բացի 1833 թվականին Ախալցխայում կար նաև 411 հայ, 44 վրացի, 117 հրեա և 24 թուրք ընտանիք։
Կարինից գաղթած հայ արհեստավորները Ախալցխայում զբաղվել են ոսկերչությամբ, դարբնությամբ, հյուսնությամբ, բրուտությամբ, կոշկակարությամբ, կաշեգործությամբ, դերձակությամբ և առևտրով։ XIX դարում և XX դարի սկզբին Ախալցխայում եղել է 60 տեսակ արհեստ։ Հռչակված էին Ախալցխայի զինագործների պատրաստած զենքերը և ոսկերիչների՝ արծաթյա և ոսկյա զարդերը, որոնք արտահանվում էին։ Կարինից եկած արհեստավորները վերստեղծեցին իրենց համքարությունները։ 1837 թվականին Նիկոլայ I կայսրը եղավ Ախալցխայում, այցելեց քաղաքի ազատագրման համար զոհված ռուս զինվորների գերեզմանին և կարգադրեց կանգնեցնել նրանց հիշատակը հավերժացնող պղնձաձույլ հուշարձանը, որը կառուցվեց հետագայում (1861 թվականին)։ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու խնդրանքով Նիկոլայ I կայսրը երկու տարով երկարացրեց Կարինից Ախալցխա և Ախալքալաք քաղաքները և այդ գավառների գյուղերը գաղթած հայերից հարկեր չգանձելու արտոնության ժամկետը։ 1851 թվականին Ախալցխան ուներ 12.474, 1874–1876 թվականներին՝ 13.300, 1900 թվականին՝ 16.116 բնակիչ (որից 13 հազարը հայեր էին)։
Ռուսաստանին միանալուց հետո Ախալցխայում բարելավվել է ժողովրդական կրթության գործը։ 1831 թվականին բացվել է գավառական դպրոց` ռուսական, հայկական և վրացական բաժիններով։ Նշանավոր էր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու անունը կրող Կարապետյան արական վարժարանը։ Ախալցխայում գործել են նաև Եղիսաբեթյան օրիորդաց, Վարդանյան արական և Նոր Արշալույս վարժարանները։ Ախալցխայում գործել են նաև արական գիմնազիա և իգական պրոգիմնազիա, ինչպես և հայ բարեգործական ընկերության Ախալցխայի մասնաճյուղը իր հարուստ հայկական գրադարանով։ 1885 թվականին Ախալցխայում լույս է տեսել «Մանկավարժանոց» ամսա-գիրը։ Ախալցխան XVIII–XIX դարերում եղել է Հարավային Կովկասի կաթոլիկների կենտրոնը։
1917 թվականի դեկտեմբերին թուրք ամբոխը, օգտվելով ռուս–թուրքական ռազմաճակատի կազմալուծումից, շրջապատեց Ախալցխան։ Ախալցխայի հայությունը քաղաքագլուխ Զորի Զորյանի ղեկավարությամբ կարողանում է կազմակերպված դիմադրություն ցույց տալ նրանց՝ թուրքերին դուրս քշելով գավառի սահմաններից։ Վրաց մենշեվիկյան կառավարության և Թուրքիայի միջև կնքված պայմանագրով Ախալցխան հանձնվեց Թուրքիային։ Թուրքերը Ախալցխայում կործանեցին Ախալցխայի ազատագրման համար 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնող հուշարձանը։ 1918 թվականի նոյեմբերին Ախալցխան ազատագրվեց թուրքերից և մտավ Վրաստանի կազմի մեջ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության 1864-2022 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Հայտնի ախալցխահայեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախալցխայում են ծնվել ակադեմիկոսներ Արամ Ղանալանյանը, Հովհաննես Ղանալանյանը, պատմաբան Հակոբ Մանանդյանը, բանասեր Ստեփան Մալխասյանցը, բժիշկ ռենտգենաբան Բարդուղիմեոս Ֆանարջյանը, նկարիչներ Հակոբ Կոջոյանը, Վարդգես Սուրենյանցը, Վահրամ Գայֆեճյանը, բանասեր Գալուստ Տեր–Մկրտչյանը, ֆիզիկոս Հովհաննես Նավակատիկյանը, նշանավոր երգչուհի Լուսինե Զաքարյանը, դերասաններ Կարպ Խաչվանքյանը, Շահում Ղազարյանը, դերծովակալ Արտավազդ Սաղոյանը, հայտնի ռեժիսորներ Կ. Ալվարյանը, Վ. Վարդանյանը, դարասկզբի ականավոր զորավարներ Ա. Սուջյանը, Օ. Ղասաբբաշյանը, տոհմիկ զինագործ Չիֆթալարյանները, կաթոլիկ եկեղեցու ակնառու հոգևորական, կարդինալ Գ.-Պ. Աղաջանյանը և ուրիշներ։
Քույր-քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 http://pop-stat.mashke.org/georgia-cities.htm
- ↑ georgia-ethnic-2014
- ↑ georgia-religion2014
- ↑ საქართველოს ფოსტა — 1805.
- ↑ Statistical Yearbook Of Georgia, 2009(չաշխատող հղում)
- ↑ 6,0 6,1 Պրոզաիկ ախալցխայի լիրիկան
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
- ↑ Տե'ս http://www.javakhk1915-23.com/J15-23_surb_nshan_am.html Արխիվացված 2010-05-03 Wayback Machine
- ↑ «Ախալցխա. Խոնարհված քաղաքի մշակութային վերածննդի հրամայականը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
- ↑ https://dlib.rsl.ru/viewer/01003825036#?page=305
- ↑ https://dlib.rsl.ru/viewer/01003825018#?page=268
- ↑ https://dlib.rsl.ru/viewer/01003824988#?page=286
- ↑ https://web.archive.org/web/20140722065134/http://www.geostat.ge/cms/site_images/_files/english/population/01%20Population%20by%20municipalities%20for%20the%20beginning%20of%20the%20year.xls
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 1, Երևան, 1974, էջ 196-197։
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 1, Երևան, 1990, էջ 98։
- Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք-Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 1, Երևան, 1985, էջ 108-109։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ախալցխայի տեղեկատվական կայք
- Սուրբ Նշան նախագիծ Արխիվացված 2010-05-03 Wayback Machine
- Ախալցխայի հայության կացությունն ու խնդիրները 2005 թ. «168 ժամ» թերթի ակնարկում
- Ջավախք Մեդիա – Ջավախքի միացյալ տեղեկատվական կայք
- Ջավախքի տեղեկատվական շեմ Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
- Ջավախքի ուղեցույց Արխիվացված 2014-05-28 Wayback Machine
- Ջավախքի երգարան Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
- Ջավախքի ֆորումը Արխիվացված 2014-02-23 Wayback Machine
- Լուրեր և վերլուծություն Ջավախքից
- Պատմություն, լուսանկարներ, տեսահոլովակներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 196)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ախալցխա» հոդվածին։ |
|
|
|