Անտարկտիկայի համաձայնագիր (անգլ.՝ Antarctic Treaty), միջազգային համաձայնագիր, որը նախատեսում է Անտարկտիկայի ապառազմականացումը և միջուկային զենքի օգտագործման և փորձարկման արգելքը՝ մայրցամաքի ողջ տարածքում։ Համաձայնագիրը կնքվել է 1959 թվականի դեկտեմբերի 1-ին Վաշինգտոնում։ Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1961 թվականի հունիսի 23-ին՝ 12 նախնական մասնակից երկրների ստորագրման արդյունքում։
Համաձայնագրի գլխավոր նպատակը Անտարկտիկայի ողջ մարդկության շահերից բխող գործողությունների համար օգտագործելն է։ Բացի այդ, համաձայնագիրը երաշխավորում է գիտական հետազոտությունների ազատությունը և կարևորում միջազգային համագործակցության ապահովումը։ Արգելվում են ցանկացած տիպի միջուկային պայթյունների իրականացումը և ռադիոակտիվ նյութերի թաղումը մայրցամաքի տարածքում։ 1982 թվականին, որպես համաձայնագրի մի մաս և 9-րդ հոդվածի իրագործում, ուժի մեջ է մտել «Անտարկտիկայի ծովային կենդանի ռեսուրսների պահպանման կոնվենցիա» (ԱԾԿՌՊ)[1]։ Համաձայնագրի կետերի և դրույթների պահպանումն ապահովում է «ԱԾԿՌՊ կոմիտեն», որի շտաբկայանը գտնվում է ԱվստրալիայիԹասմանիա նահանգի Հոբարթ քաղաքում։
2010 թվականի հունվարին համաձայնագիրը ստորագրել են 46 պետություններ, որոնց 28-ը համարվում են կոնսուլտատիվ կողմեր։ Համաձայնագրի շրջանակներում մասնագետները առանձնացնում են պետությունների երեք հիմնական խմբեր[2]՝
Պետություններ, որոնք իրավունք են իրենց վերապահել ունենալ տարածքային պահանջներ Անտարկտիկայում։ Այդ պետություններն են Պերուն, ԽՍՀՄ/Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ՀԱՀ-ը։