Անտիֆոնային երգեցողություն
Անտիֆոնային երգեցողություն, երկու երգչախմբի կամ մեներգչի և երգչախմբի փոխնեփոխ երգեցողությունը։
Ծագել է հին հունական ողբերգությունից, որտեղ սովորաբար երգչախումբը բաժանված էր երկու կիսաերգչախմբ (կիրառվել է նաև հին հրեական տաճարային երգեցողության մեջ)։ Մեր թվարկության սկզբին այն ներմուծվել է քրիստոնեական մշակույթ (Իգնատիոս Անտիոքացի Աստվածակիր եպիսկոպոս, կաթոլիկական եկեղեցում Ամբրոսիոս Մեդիոլանացի եպիսկոպոս)։
Անտիֆոնային երգեցողության սկզբունքը տարածվել է Իտալիայում, իսկ վաղքրիստոնյական շրջանում դարձել երգասացության ամենատարածված ձևերից։ Հետագայում այն լայնորեն օգտագործել են բոլոր ժամանակների բազմաթիվ կոմպոզիտորներ։
Անտիֆոնային երգեցողությունը կատարել են տղամարդկանց և մանկական երգչախմբերը, ուշ շրջանում կաթոլիկական եկեղեցում քահանան, երգչախմբերի մասերը՝ ամբողջ երգչախումբը։ Հայկական պաշտամունքի երգեցողության մեջ այդ ձևը կոչվում է փոխ։
Անսիֆոնային երգեցողությունը սերել է ժողովրդական երգարվից, մասնավորապես՝ շուրջպարային շղթայակապ կառուցվածքի երգերից։ Խմբի մի մասը մեղեդու 1 նախադասությունն ավարտում է, իսկ մյուս մասը նրանից վերցնում է վերջին բառերը և պատասխանում նույն կամ նոր նախադասությամբ՝ ստեղծելով յուրօրինակ երկձայնություն։
Անսիֆոնային երգեցողությունը կիրառվում է նաև ժողովրդական և կոմպոզիտորային գործիքավորման երաժշտության մեջ։ Կոմիտասի երկերից անտիֆոնային երգեցողության նմուշներ են «Էն դիզան», «Եղնիկ», «Օրոր», «Սև ա չոբանի շունը» և այլ խմբերգեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |