Jump to content

Արևմտյան ճակատում նորություն չկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևմտյան ճակատում նորություն չկա
գերմ.՝ Im Westen nichts Neues
ՀեղինակԷրիխ Մարիա Ռեմարկ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբանալիով վեպ, պատմավեպ և պատերազմական վեպ
ԹեմաԱռաջին համաշխարհային պատերազմ, Գերմանական կայսրական բանակ և Արևմտյան ռազմաճակատ
Բնօրինակ լեզուգերմաներեն
Նկարագրում էNorthern France? և Արևմտյան ռազմաճակատ
ՀաջորդՎերադարձ
ՆկարազարդողԿառլ Լեմլե
Կազմի հեղինակԷրիխ Մարիա Ռեմարկ
Երկիր Գերմանիա
Հրատարակման վայրԳերմանիա
ՀրատարակիչPropyläen Verlag?, Little, Brown and Company և Ullstein Verlag?
Հրատարակված էVossische Zeitung?
Հրատարակման տարեթիվհունվարի 29, 1929 և 1928[1]
ԹարգմանիչԱրթուր Ուեսլի Ուին և Brian O. Murdoch?
Կայքfadedpage.com/showbook.php?pid=20241107
ՎիքիքաղվածքԱրևմտյան ճակատում նորություն չկա
 All Quiet on the Western Front Վիքիպահեստում

Արևմտյան ճակատում նորություն չկա (գերմ.՝ Im Westen nichts Neues - Արևմուտքում նորություն չկա), 1929 թվականին լույս տեսած գերմանացի հայտնի գրող, Առաջին աշխարհամարտի վետերան Էրիխ Մարիա Ռեմարկի վեպն է։

Գիրքը նկարագրում է պատերազմի ընթացքում գերմանացի զինվորների ապրած չափազանց մեծ ֆիզիկական և մտավոր սթրեսն ու այն ապրումները, որ ունենում էին զինվորներից շատերը ռազմաճակատից տուն վերադառնալիս։ Վեպն առաջին անգամ հրապարակվել է 1928 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գերմանական «Vossische Zeitung» թերթում։ Իսկ արդեն որպես գիրք առաջին անգամ տպագրվել է 1929 թվականի հունվարի վերջերին։ Այս գիրքն ու դրա շարունակությունը` «Վերադարձ»-ը, նացիստական Գերմանիայում արգելված ու այրված գրքերի շարքում էին։ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» վեպն իր տպագրության առաջին 18 ամիսներին վաճառվել է 2.5 միլիոն օրինակով և թարգմանվել է 22 լեզվով[2]։ 1930 թվականին գրքի հիման վրա Լևիս Մայլսթոնի նկարահանված ֆիլմն արժանացել է Օսկարի։

Վերնագիր և թարգմանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Ուեսլին 1929 թվականին գրքի վերնագիրը թարգմանեց "All Quiet on the Western Front" («Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է»)։ Գերմաներենից գրական թարգմանությունը հնչում է "In the West Nothing New" («Արևմուտքում նորություն չկա»), որտեղ «արևմուտք»-ը նշանակում է «արևմտյան առաջնագիծ»։ Արտահայտությունը վերաբերվում է վեպի վերջում տեղ գտած պաշտոնական հաղորդագրությանը։ Բրայան Մարդոքի 1993 թվականին կատարած թարգմանությունը վերնագրված էր «արևմտյան ճակատից հաղորդելու նորություն չկա»։ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» արտահայտությունը թևավոր խոսք է դարձել, որը ցանկացած համատեքստում նշանակում է կայություն կամ տեսանելի փոփոխության պակաս։

Գրքի պատմում է գերմանացի զինվոր Փոլ Բաումերի մասին, որն իր ուսուցչի դրդրմամբ միանում է գերմանական բանակին Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց քիչ անց։ Բաումերն Արևմտյան առաջնագիծ է գալիս իր ընկերների ու դասընկերների հետ (Լիիր, Մյուլլեր, Քրոփփ և այլն)։ Այստեղ նրանք հանդիպում են առավել տարեց մի զինվորի` Ստանիսլաուս Կատզինսկուն, Կատ մականունով։ Վերջինս դառնում է Փոլի ուսուցիչն ու խրատներ տվողը։ Առաջնագծում պատերազմելիս Բաումերն ու իր զինակիցներն ստիպված էին հաճախակի մասնակցել ճակատամարտերի ու դիմանալ պատերազմի դաժան ու կեղտոտ պայմաններին։

Գրքի հենց սկզբում Էրիխ Մարիա Ռեմարկն ասում է. «Այս գիրքը ոչ մեղադրանք է, ոչ էլ ապաշխարանք, առավել ևս՝ այն արկածախնդրություն չէ, քանզի մահն արկած չէ նրանց համար, ովքեր կանգնել են դրա դիմաց։ Սա պարզապես մի փորձ է՝ պատմելու մի սերնդի մասին, ովքեր եթե անգամ խուսափել են, միևնույնն է, ջախջախվել են պատերազմից»[3]։

Գիրքը չի կենտրոնանում քաջությունների մասին պատմող հերոսական պատմությունների վրա, այլ ներկայացնում է այն պայմանները, որում հայտնվում էին զինվորները։ Ճակատամարտերի միապաղաղությունը, հրետանու և ռմբակոծությունների հակադիր սարսափը, սնունդ հայթայթելու պայքարը, նորակոչիկների վատ պատրաստվածությունը (ինչը նշանակում էր փրկության փոքր հնարավորություն) և զինվորների կյանքի ու մահվան պատահական հնարավորության ընդհանուր բնութագիրը մանրամասնորեն է ներկայացված։

Ճակատամարտերն այստեղ անվանակոչված չեն և դրանց քիչ նշանակություն է տրվում, բացառությամբ՝ Բաումերի ու զինակիցների մահվան կամ վիրավորվելու հնարավոր դեպքերը։ Ռեմարկը հաճախ է նկարագրում ապրող զինվորներին որպես ծեր և մահացած, չորացած ու ցնցված։ «Մենք այլևս երիտասարդ չենք։ Մենք չենք ցանկանում նվաճել աշխարհը փոթորիկի պես։ Մենք փախչում ենք ինքներս մեզանից, փախչում ենք մեր կյանքից։ Մենք տասնութ տարեկան էինք և սկսեցինք սիրել կյանքն ու աշխարհը, և մենք ստիպված էինք այն բեկորների բաժանել»։

Փոլի այցելությունն իր հայրենի քաղաք ազդում է նրա հոգեբանության վրա։ Իր մեկնելուց հետո քաղաքը չի փոխվել, այնուամենայնիվ, նա համարում է, որ «ինքն այլևս չի պատկանում այս վայրին, սա օտար վայր է»։ Նա իրեն բաժանված ու օտար է զգում քաղաքի բնակիչներից։ Հայրն իրեն «հիմար ու տագնապալի հարցեր է տալիս պատերազմական կյանքի վերաբերյալ՝ չհասկանալով, որ «մարդն անկարող է խոսել նման բաների մասին»։ Իր ծեր ուսուցիչը դասախոսություն է կարդում Փարիզի ռազմավարության ու առավելությունների մասին՝ պնդելով, որ Փոլն ու իր ընկերները պատերազմի միայն «սեփական փոքր հատվածի մասին գիտեն» և պատկերացում չունեն համայնապատկերի մասին։

Իրականում, իրեն կապված միակ մարդը նրա մահամերձ մայրն է, ում հանդեպ նա հուզումնալից զգացմունքներ ունի։ Մեկնելու նախորդ գիշերը նա անց է կացնում մոր հետ՝ նրա հանդեպ սիրո փոքրիկ դրսևորումներով։ Նա մտածում է ինքն իրեն. «Մայրիկ, ինչպե՞ս ես պետք է բաժանվեմ քեզանից։ Ես նստած եմ այստեղ, և դու այդտեղ պառկած ես։ Մենք այնքան ասելիք ունենք միմյանց, և մենք այդ ամենը երբեք չենք ասի»։ Ի վերջո, նա եզրակացնում է, որ «առհասարակ պետք չէր տուն գալ մեկնելուց առաջ»։

Փոլը գոհ է, որ վերադառնում է իր զինակիցների մոտ։ Շուտով նա կամավոր մեկնում է հերթապահության և ձեռնամարտի ընթացքում առաջին անգամ մարդ է սպանում։ Նա տեսնում է, թե ինչպես է մարդը մի քանի ժամ տանջվելուց հետո մահանում։ Նա զղջում է և մարդու դիակից ներողություն է խնդրում։ Նա դատարկված է և հետո ապաշխարում է Կատի ու Ալբերտի մոտ, ովքեր փորձում են հանգստացնել նրան՝ ասելով, որ եղածն ուղղակի պատերազմի մի մասն է։ Հետո նրանք գնում են, Փոլի խոսքերով, «լավ գործի»։ Նրանք պետք է հսկեին գյուղի դեպոն, որը տարհանվել էր՝ չափազանց ծանրաբեռնվածության պատճառով։ Ի տարբերություն գերմանական խրամատների` գրեթե սովամահության հասնող պայմաններին` այս ընթացքում մարդիկ հնարավորություն ունեին պատշաճ կերպով սնվելու։ Բացի սնունդը` այստեղ այլ վայելքներ ևս կային, ինչպես օրինակ, սիգարը։ Թշնամու քաղաքացիներին էվակուացնելիս Փոլն ու Ալբերտը վիրավորվում են հրետանու կրակոցից։ Տունդարձի ճանապարհին, գնացքում Ալբերտի վիճակը վատանում է, և նրան իջեցնում են կաթոլիկ հիվանդանոցում։ Փոլը կարողանում է մնալ Ալբերտի մոտ։ Ալբերտի ոտքը պետք է ամպուտացվի, իսկ Փոլը պիտանի է ծառայության համար և վերադառնում է մարտադաշտ։

Այժմ արդեն պատերազմը մոտենում է ավարտին, և գերմանական բանակը նահանջում է։ Փոլը հուսահատված տեսնում է, որ իր ընկերները մեկը մյուսի հետևից ընկնում են։ Կատի մահն այն վերջին կաթիլն է դառնում, որ Փոլին վերջնականապես անտարբեր է սարքում ամեն ինչի հանդեպ։ Վերջին գլխում նա ասում է, որ խաղաղությունը մոտ է, սակայն նա ապագան չի տեսնում պայծառ ու հույսով լի։ Փոլն զգում է, որ կյանքում որևէ երազանք կամ նպատակ չունի, և իր սերունդն այլ է ու չհասկացված։ Երբ վեպի վերջում նա մեռնում է, իրավիճակն «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» լինում։ Սա խորհրդանշում է անհատի մահվան անկարևորությունը պատերազմի ընթացքում։

Առաջքաշված թեմաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի հիմնական թեմաներից է զինվորների՝ քաղաքացիական կյանքին վերադառնալու դժվարությունները։ Ռեմարկն ասում է, որ «այս գիրքը պատմում է մի սերնդի մասին, ովքեր, եթե անգամ խուսափել են, միևնույնն է, ջախջախվել են պատերազմից»։ Այս ներքին ավերածությունը կարելի է տեսնել դեռ առաջին գլխում, երբ Փոլն ասում է, որ չնայած տղաները երիտասարդ են, բայց նրանց երիտասարդությունը լքել է նրանց։ Ավելին, կյանքի մասսայական կորուստն ու պատերազմի աննշան ձեռքբերումները խիստ հակադրված են։ Զինվորների կյանքն անարժեք է նրանց հրամանատարների համար, ովքեր հարմար տեղավորված են ռազմաճակատից հեռու և անտարբեր են այնտեղ կատարվող իրադարձությունների հանդեպ։

«Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» ֆիլմի ազդագիրը (1930)

1930 թվականին վեպի հիման վրա ամերիկյան ֆիլմ ստեղծվեց. ռեժիսորը Լևիս Մայլսթոնն էր։ Ֆիլմի սցենարի վրա աշխատել են Մաքսվել Անդերսոնը, Ջորջ Աբբոթը, Դել Էնդրյուսը, Ս. Գարդներ Սալլիվիանը։ Գլխավոր դերում էին Լուիս Վոլհելմը, Լյու Այրեսը, Ջոն Վրեյը, Առնոլդ Լյուսին և Բեն Ալեքսանդերը։ Ֆիլմը 1930 թվականին Օսկար մրցանակի է արժանացել։

2009 թվականին հայտարարվեց, որ ֆիլմը պետք է վերաթողարկվի, որն այդպես էլ տեղի չունեցավ։

1979 թվականին ստեղծվեց ֆիլմի հեռուստատարբերակը՝ CBS հեռուստաընկերության համար։ Ռեժիսորը Դելբերթ Մանն էր, գլխավոր դերերում Ռիչարդ Թոմասն ու Էրնեստ Բորգնայնն էին։ Ֆիլմը նկարահանվեց Չեխոսլովակիայում։

Փոլ Բոյմեր - գլխավոր հերոս, ում անունից պատմվում է վեպը,

Ալբերտ Քրոփփ - Փոլի դասընկերը,

Մյուլեր Հինգերորդ - Փոլի դասընկերը,

Լեեր - Փոլի դասընկերը,

Ֆրանց Կեմմերիխ -Փոլի դասընկերը,

Իոզեֆ Բեմ - Փոլի դասընկերը,

Ստանիսլավ Կատ - ծառայել է Բոյմերի հետ,

Կանտորեկ - Փոլի դասղեկը,

Տյադեն - Փոլի ոչ դպրոցական ընկեր,

Խայե Վեստխուս - Փոլի ոչ դպրոցական ընկեր,

Դետերինգ - Փոլի ոչ դպրոցական ընկեր,

Բերտինգ - Փոլի վաշտի հրամանատարը,

Կապրալ Խիմմելշտոս - ջոկի հրամանատարը, որում Բոյմերն ու իր ընկերները ռազմական պատրաստվածություն են անցել,

Իոզոֆ Խամախեր -կաթոլիկ հիվանդանոցի հիվանդներից մեկը, որտեղ ժամանակավորապես գտնվում էին Փոլ Բյումերը և Ալբերտ Քրոփփը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.law.duke.edu/cspd/publicdomainday/2024/
  2. Eksteins, Modris (April 1980). "All Quiet on the Western Front and the Fate of a War". Journal of Contemporary History (SAGE Publications) 15 (2): 353. doi:10.1177/002200948001500207
  3. Erich Maria Remarque's All Quiet on the Western Front. 2009. p. 48.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան ճակատում նորություն չկա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան ճակատում նորություն չկա» հոդվածին։