Jump to content

Բարբառագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարբառագիտություն, լեզվաբանության բաժին, որն զբաղվում է լեզվի տարածքային տարբերակների ուսումնասիրությամբ։

Հիմնական տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբառագիտությունն, ըստ քննության մեթոդների ու նպատակների, լինում է նկարագրական, լեզվաաշխարհագրական, վիճակագրական, ըստ ժամանակային կտրվածքի՝ համաժամանակյա և տարաժամանակյա, ըստ հարցադրումների բնույթի՝ տեսական և գործնական։

Խնդիրներն ու նպատակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագրական բարբառագիտությունը նպատակ ունի խոսվածքային առանձին միավորների բազմակողմանի նկարագրությունը մենագրությունների կամ հոդվածների ձևով։ Լեզվաաշխարհագրական բարբառագիտության առաջնահերթ նպատակը լեզվական հատկանիշների (զուգաբանությունների) տարածման սահմանների և բարբառային կենտրոնների որոշումն է քարտեզագրման միջոցով։ Լեզվաաշխարհագրությունը բարբառագիտության տիրապետող ուղղությունն է, ենթադրում է հաջորդական աշխատանքների մի շարք փուլեր՝ զուգաբանական հատկանիշների ընտրություն ու ծրագրի (կամ հարցարանի) կազմում, նյութերի հավաքագրում ըստ այդ ծրագրի, զուգաբանությունների քարտեզագրում ու բարբառագիտական ատլասի կազմում, քարտեզների մեկնաբանում։ Վիճակագրական բարբառագիտության հիմնական խնդիրը բարբառների բազմահատկանիշ դասակարգումն է։ Այն գործ ունի աղյուսակների, ցուցակների, գծապատկերների հետ և հենվում է լեզվական տարբերությունների վրա։ Վիճակագրական բարբառագիտության հիմնադիրը Հայաստանում Գևորգ Ջահուկյանն է։ Տարաժամանակյա բարբառագիտությունն ուսումնասիրում է բարբառների ծագման, զարգացման, փոխհարաբերությունների, նրանցում առկա ժամանակային ու լեզվական տարբեր շերտերի վերհանման հարցերը։ Բարբառագիտությունն ընդհանուր առմամբ մեծապես նպաստում է պատմագիտության, բանասիրության, ազգագրության շատ խնդիրների լուսաբանմանը։

Հայ բարբառագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենի բարբառներին նվիրված առաջին ուսումնասիրությունները գրվել են 19-րդ դարում։ Հայ բարբառագիտության, որպես ինքնուրույն գիտակարգի, վերջնական ձևավորումն ու առանձնացումը կապված է Հրաչյա Աճառյանի անվան հետ։ Հայ բարբառագիտությունը մինչև 1970-ական թվականները գերազանցապես նկարագրական էր։ Հայաստանում լեզվաաշխարհագրական բարբառագիտության հիմքը դրել է Հովհաննես Մուրադյանը. նա ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի բանասիրության բաժնի աշխատակիցների համագործակցությամբ կազմել է «Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ծրագիրը» (1977 թ.) և կազմակերպել նյութերի հավաքումը շուրջ 350 հայաբնակ վայրերից։ Հայ բարբառագիտության մեջ նշանակալից ավանդ ունեն Գ. Ախվերդյանը, Ք. Պատկանյանը, Հ. Աճառյանը, Գ. Ղափանցյանը, Ա. Ղարիբյանը, Է. Աղայանը, Գ. Ջահուկյանը, Հ. Մուրադյանը, Ռ. Բաղրամյանը, Մ. Ասատրյանը և այլք։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 310