Jump to content

Բնանկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս Վալլատոն

Բնանկար (ֆրանսերեն՝ paysage, pays - երկիր, տեղանք), տեսարան կամ որևէ տեղանքի պատկեր է, գլխավորապես գեղանկարչության և գրաֆիկայի մեջ, ինչպես նաև գեղարվեստական ստեղծագործություն, որի պատկերման առարկան բնությունն է։ Շատ անգամ որպես ֆոն է ծառայում հարթաքանդակում, գեղանկարում և գրաֆիկայում։ Բնանկարը բնության ձևերի և երևույթների, լույսի, օդի, տարածության գեղարվեստական արտացոլումն է՝ պայմանավորված հեղինակի աշխարհայացքով, մտքերով և զգացմունքով։

Պատմաժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեմոստոկլես ֆոն Էքենբրեքեր. «Լաարդալսոյրենի տեսքը Սոգնե ֆյորդի ափին» (Նորվեգիա, 1901 թ.)

Իրապաշտական արվեստը հիմնվում է բնօրինակից նկարչության վրա։ Այն իրապաշտական ստեղծագործական գրագիտության հիմքն է։ Ըստ Չեստյակովի՝ իսկական արվեստը «միշտ բնության աշակերտն է»։

Բնանկարը կերպարվեստի ինքնուրույն ժանր է, ինչպես նաև կարևոր դեր ունի պատմական և ժանրային նկարներում։ Բնապատկերային գեղանկարչությունը բազմադարյան պատմություն ունի։ բնանկարի տարրեր ենք հանդիպում Պոմպեյի որմնանկարներում։ Պատկերասրահում պահվում են միջնադարյան հիանալի մանրանկարներ, որոնցում բազմազան սյուժեներ ծավալվում են բնապատկերի համապատկերի վրա։ Վերածննդի դարաշրջանի նկարիչներն իրենց նկարներում հաճախ ներառել են այնպիսի բնապատկերներ, որոնք արտացոլում էին հստակ այս կամ այն տեղանքը։ «Մաքուր բնապատկեր» առաջին անգամ տեսնում ենք Լեոնարդո դա Վինչիի նկարներից մեկում։ Ավելի ուշ շատ նկարիչներ ամբողջությամբ նվիրվում են այդ ժանրին։

Բնանկարի զարգացման շրջանը բնորոշվում է նրանով, որ արվեստի ցանկացած ձևում և ժանրում արտահայտվում է մարդու և շրջապատող միջավայրի նկատմամբ եղած վերաբերմունքի ոչ միայն փորձը, այլ նաև մարդը դիտարկվում է որպես բնության մի մասնիկ, նրանում ունեցած իր տեղով ու դերով։ Կայացման այս շրջանում և բնանկարի հետագա զարգացումը կախված է նկարչի աշխարհայացքի ձևավորումից և ազգային առանձնահատկություններից, որը և թույլ է տալիս մեզ այդ շրջանը ներկայացնել երեք փոխկապակցված, բայց բավականին առանձնացված բաղադրատարրերի՝ արևմտաեվրոպական, արևելյան և հայ– ռուսական բնանկարչության տեսքով։ Տեղանքի պարզ նշանակության և միայն ֆոն հանդիսանալուց բացի, բնանկարը դարձավ գեղանկարչական ստեղծագործության գլխավոր գործոն՝ ձեռք բերելով հստակություն և արաշակիություն, բովանդակելով դարաշրջանի աշխարհայացքի փոփոխությունը։

Բնանկարի գեղանկարչության հաստոցային ձևերի ստեղծումը նպաստում է բնապատկերի՝ արպես ինքնուրույն ժանր, առանձնացմանը։ Իտալական գեղանկարչության դպրոցների շարքում 16–րդ դարում մեծ հաջողությունների է հասնում վենետիկյան դպրոցը նոր ժանրի ստեղծման գործում։ Ջորջոնեն և նրա հետևորդները մեծ ուշադրություն են դարձնում բնության թեմաներին՝ մեկնաբանելով այն բանաստեղծորեն և փիլիսոփայորեն։ Ստեղծվում են խոշոր ազգային դպրոցներ։ Բնանկարի համար դա բարձրագույն ծաղկունքի շրջան էր։ Շատ վարպետներ մասնագիտանում են գեղանկարչության այդ ժանրում։ Հոլանդական բնանկարիչները ստեղծում են բնության պատկերներ, որոնք տարբերվում են ժանրային անսովոր լայն ընդգրկումով։ Հոլանդացիները հպարտանում են իրենց երկրով․ մշակված անհամար դաշտերով, ջրանցքներով, անտառներով։

17–րդ դարում ֆրանսիացի վարպետներն իրենց ստեղծագործությունները կապում էին դասական մտածելակերպի հետ՝ ձգտելով բնությունը ներկայացնել, արպես հավերժական, կենսունակ ու շքեղ միջավայր։ Դասականության մտածելակերպն իր արտացոլումն է գտել Նիկոլա Պուսսենի և Կլոդ Լորրենի ստեղծագործություններում։

Ռոկոկո արվեստը, որը ներծծված է զգացմունքային նոտաներով, իր արտահայտությունն է գտել Ֆրանսուա Բուշեի ստեղծագործություններում։ Նրա բնանկարը՝ նրբաճաշակ գույներով, կատարված երկնագույնի, վարդագույնի, արծաթափայլ երանգներով, արպես գունավոր պատրանքներ, այնքան թափանցիկ և թատերական են։ Բնանկարի ժանրի հետագա զարգացման մեջ մեծ է իմպրեսիոնիստների դերը։ Նկարիչ իմպրեսիոնիստները, այսպես կոչված, իրականությունից սահում տեսողական տպավորություններ հաղորդելու իրենց ձգտման պատճառով, միաժամանակ իրենց ներդրումն ունեցան իրապաշտական գեղանկարչության գեղարվեստական միջոցների զարգացման գործում։ Նկարիչներն ուսումնասիրում էին լուսավորության բնույթը օրվա տարբեր ժամերին, գույնի վրա լույսի ներգործությունը։ Նրանք գերադասում էին նկարել ոչ թե արվեստանոցներում, այլ բացօթյա։ Իմպրեսիոնիզմիներկայացուցիչներն են՝ Մոնեն, Պիսսառոն, Սիլեյը, Դեգան, Մորիզոն, Ռենուարը և այլք։

Բնանկարի պատկերման տարրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսաստվերի դերը բնանկարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույսը, որի ճառագայթն ընկնում է անթափանց մարմնի վրա, ընդգծում է նրա ծավալը և մեզ հնարավորություն է տալիս որոշելու առարկայի դիրքը տարածության մեջ՝ դիտարկելով այն եռաչափորեն։ Գոյություն ունի լույսի աղբյուրի երկու տեսակ՝ բնական և արհեստական։ Բնական լույսի ամենամեծ աղբյուրն արևն է։ լուսինը նույնպես լույս է տալիս, բայց այն միայն անդւադարձնում է արևի ճառագայթները։ Արհեստական լույսի աղբյուրներն են էլեկտրական լամպը, մոմը և այլն։ Բնական լույսը մեզ է հասնում շատ մեծ հեռավորությունից, իսկ արհեստական լույսի աղբյուրները միշտ մոտիկ են, և մենք կարող ենք ղեկավարել նրա լուսարձակման ուժն ու ուղղությունը։ Արևի լույսը նույնպես կանգուն չէ․ երկրի պտտվելու հետևանքով լուսավորվող առարկաների մոտ փոխվում են թե՛լույսերն ու ստվերները, թե՛ գույները։

Ստվերների ուսումնասիրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպեսզի արվեստի ստեղծագործություններն ավելի լավ դիտարկենք, մեզ հարկավոր է ոչ թե ուժեղ, այլ ցրված և մեղմ լույս։ Ուժեղ լույսի դեպքում ուժեղանում են նաև ստվերները, և ստեղծվում է գունային հակադրություն։

Հեռանկար։ Գունային հեռանկար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռանկար ստեղծող ճառագայթների հատման կետը գտնվում է հորիզոնի գծի վրա, իսկ հորիզոնի գիծը միշտ գտնվում է մեր տեսողության մակարդակի վրա։ Գծանկարչության մեջ հեռանկար ստանում են գծերի միջոցով, իսկ գունանկարում՝ գույների։ Օդային միջավայրի ազդեցությունից առարկաները կորցնում են իրենց հստակությունը․ ինչքան առարկան հեռու է մեզանից, այնքան օդի ազդեցությունն ավելի շատ է նրա վրա։

Ալֆրեդ Սիսլեյ, Ծով սյուր Լուեն
Պիտեր Բրեյգել, Ձմեռային բնանկար

Բնանկարի հեղինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնանկարի հայ վարպետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լ․ Ներսիսյան «Բնանկար» 2011

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 495