Jump to content

Գնաճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինֆլացիան (%) աշխարհի տարբեր երկրներում, 2019 թվական

Ինֆլացիա, գնաճ (լատ«Inflatio»՝ ուռճացում, փքում), գների ընդհանուր մակարդակի բարձրացում, որն ուղեկցվում է դրամական միավորի արժեզրկմամբ[1]։

Երբ գների ընդհանուր մակարդակը բարձրանում է, արժույթի յուրաքանչյուր միավորով հնարավոր է լինում գնել ավելի քիչ ապրանքներ և ծառայություններ։ Հետևաբար, գնաճը հանգեցնում է դրամական միավորի գնողունակության անկման[2]։ Գնաճի գլխավոր ցուցանիշը գնաճի տեմպն է՝ ընդհանուր գների ինդեքսի (սպառողական գների ինդեքս) տարեկան տոկոսային փոփոխությունը[3]։ Ինֆլյացիայի էությունը ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է նկատի ունենալ, որ

  1. ինֆլյացիան մակրոտնտեսական երևույթ է, որն ընդգրկում է ամբողջ տնտեսությունը, բոլոր ապրանքների և ծառայությունների գները, սա նշանակում է, որ գների ինֆլյացիոն աճը անհրաժեշտ է տարբերել առանձին շուկաներում հավասարակշռված գին սահմանելու նպատակով առաջարկի և պահանջարկի փոփոխությունից,
  2. ինֆլյացիա ասելով նկատի է առնվում ոչ թե գների ցանկացած, այլ միայն այնպիսի աճ, որն իջեցնում է փողի գնողունակությունը,
  3. ինֆլյացիան վերջին հաշվով արտահայտում է ապրանքների շրջանառության համար անհրաժեշտ փողի քանակի ավելացման ձևով։

Տնտեսագիտության տեսության մեջ գոյություն ունեն ինֆլյացիա երևույթի բնութագրման մի քանի մոտեցումներ։

  1. Ինֆլյացիան կամ գնաճը շրջանառության մեջ գտնվող դրամական զանգվածի չափից ավելի աճն է ապրանքների իրական առաջարկի համեմատությամբ։
  2. Ինֆլյացիան դրամի գնողունակության անկումն է։
  3. Ինֆլյացիան գների ընդհանուր մակարդակի աճն է։

Գնաճը տնտեսության վրա ունենում է ինչպես դրական, այնպես էլ բասացական ազդեցություն։ Բացասական ազդեցությունը ներառում է դրամական միջոցների պահպանման այլընտրանքային արժեքի աճ, ապագա գնաճի անորոշություն, որը կարող է խոչընդոտել ներդրումներին և խնայողություններին և, եթե գնաճը բավական արագընթաց է, ապրանքների պակաս, քանի որ սպառողները, մտահոգված գների ապագա աճով, սկսում են կուտակել։ Դրական ազդեցությունը ներառում է ապահովությունը, որ կենտրոնական բանկերը կարող են կարգավորել իրական տոկոսադրույքները (մեղմել տնտեսական անկումը)[3] և խրախուսել ներդրումները ոչ դրամական ներդրումային ծրագրերում։

Տնտեսագետների կարծիքով գնաճի բարձր տեմպերը պայմանավորված են դրամական զանգվածի չափազանց մեծ աճով[4]։ Սակայն դրամական զանգվածի աճը միշտ չէ, որ հանգեցնում է գնաճի։ Այնուամենայնիվ, ընդհանուր տեսակետն այն է, որ երկարաժամկետ հաստատված գնաճը պայմանավորված է տնտեսական աճի տեմպի համեմատ դրամական զանգվածի ավելի արագ աճով[5]։

Մեծ կամ փոքր չափով գնաճն առկա է ժամանակակից բոլոր երկրների տնտեսություններում։ Ապրանքային զանգվածի ամենամյա աճը պահանջում է դրամաշրջանառության համապատասխան արագացում կամ դրամական զանգվածի աճ։ Եվ դրա համար անհրաժեշտ է սնել հասարակական արտադրությունը համապատասխան դրամական զանգվածի ավելացմամբ, ինչն էլ իր հերթին հանգեցնում է գնաճի[6]։

Ինֆլյացիայի ազդեցությունն իրական եկամուտների մակարդակի վրա հակասական է, քանզի վերջինս տարբեր կերպ է ազդում եկամուտների բաշխման վրա` կախված այն հանգամանքից ինֆլյացիան սպասվող է, թե անակնկալ։

Սպասվող ինֆլյացիայի դեպքում եկամուտ ստացողը կարող է միջոցներ ձեռնարկել ինֆլյացիայի բացասական հետևանքները կանխելու կամ նվազագույնի հասցնելու համար։ Անսպասելի ինֆլյացիան հանգեցնում է ամրագրված եկամտի բոլոր տեսակների նվազեցմանը և «սուբսիդավորվում են» այն տնտեսական գործակալները, որոնց անվանական եկամուտներն ավելի արագ են աճում, քան գների միջին մակարդակը։

Եթե տնտեսական գործակալներն ունեն եկամտի տարբերակված աղբյուրներ, ապա ինֆլյացիայի արդյունքում նրանք միաժամանակ կարող են և շահել, և վնաս կրել։ Սպասվող ինֆլյացիայի պայմաններում անվանական եկամուտների ճշգրտում կարելի է կատարել` օգտագործելով Ֆիշերի հավասարումը`

որտեղ և ներկայացնում են, համապատասխանաբար` անվանական և իրական տոկոսադրույքը,

– սպասվող ինֆլյացիայի մակարդակը։

Տնտեսության բոլոր գործակալների համար էական նշանակություն ունի հարաբերակցությունը ինֆլյացիայի և անվանական ու իրական տոկոսադրույքի միջև։ Տոկոսադրույքը (անվանական, i - բանկի կողմից սահմանված, իրական, r` հաշվի առած ինֆլյացիայի փաստացի տեմպը) խնայողությունների արժեքն է ապագայում։ Հետևաբար, եթե իրական տոկոսադրույքը գերազանցում է անվանականին, ապա այս դեպքում շահում են վարկ վերցնող գործակալները և վնաս են կրում բանկերը կամ գումար տրամադրողները, և ընդհակառակը։ Նույն տրամաբանությունն է առկա նաև տնային տնտեսությունների պարագայում` այդ հարաբերակցությունից է կախված բնակչության կողմից սեփական խնայողությունները այս կամ այն կերպ տնօրինելու (բանկերում ավանդների տեսքով ներդնելու, բաժնետոմսեր գնելու և այլն) իրողությունը, աճի միտում ունեցող ինֆլյացիայի դեպքում անգամ խնայելու, թե անմիջապես սպառման վրա ծախսելու հարցի վերաբերյալ որոշում կայացնելը։

Հարկ է նկատի ունենալ, որ անվանական տոկոսադրույքը սահմանելիս, բանկն արդեն իսկ հաշվի է առնում սպասվող ինֆլյացիայի որոշակի կանխատեսված մակարդակ։ Ներկայացված հարաբերակցության ողջ տնտեսության համար ունեցած կարևորությունն է պատճառը, որ ինֆլյացիայի կամ գների ընդհանուր մակարդակի փոփոխությունները գտնվում են երկրների կենտրոնական բանկերի (ինչպես օրինակ Հայաստանում) աչալուրջ ուշադրության և վերահսկողության ներքո։ Խնդրի կարևորությունն այն է, որ ինֆլյացիայի և անվանական ու իրական տոկոսադրույքների հարաբերակցությունն անմիջականորեն ազդում է դրամի գնողունակության, հետևաբար և իրական (ապրանքների և ծառայությունների քանակով արտահայտված) եկամտի վրա։

Ինֆլացիայի էությունը ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է նկատի ունենալ,որ

ա) ինֆլացիան մակրոտնտեսական երևույթ է,որն ընդգրկում է ամբողջ տնտեսությունը,բոլոր ապրանքների և ծառայությունների գները։ Դա նշանակում է,որ գների ինֆլացիոն աճը անհրաժեշտ է տարբերել առանձին շուկաներում《հավասարակշռված գին》սահմանելու նպատակով պահանջարկի և առաջարկի մանևրայնությունից,

բ) ինֆլացիա ասելով նկատի է առնվում ոչ թե գների ցանկացած,այլ միայն այնպիսի աճ,որն իջեցնում է փողի գնողունակությունը,արժեզրկում է փողը,

գ)ինֆլացիան արտահայտվում է ապրանքների շրջանառության համար անհրաժեշտ փողի քանակի ավելացման,իսկ դեֆլացիան՝ դրա նվազման ձևով։

Ինֆլացիան,որպես գների միջին մակարդակի աճ,ներկայացվում է իբրև դրամական զանգվածի և ապրանքային զանգվածի ծավալների աճի հարաբերակցության արդյունք։

«Ինֆլյացիա» տերմինը առաջին անգամ կիրառվել է Հյուսիսային Ամերիկայում 1861-1865 թվականներին քաղաքացիական պատերազմի ժամանակ ռազմական ծախսերը ֆինանասավորելու համար անհրաժեշտ դրամական զանգվածի ուռճացումը բնութագրելու համար[7]։

Որպես բնութագրական երևույթ՝ ինֆլյացիան գոյություն ունի երկար ժամանակ։ Համարվում է, որ գնաճն առաջացել է փողի ստեղծման առաջին շրջանում։ Այն անտեսանելի էր, երբ թղթադրամը սերտորեն կապված էր ոսկու հետ. քանի դեռ այն ազատ և անսահմանափակ փոխանակվում էր ոսկու հետ և, ընդհակառակը, փողի ավելցուկ հասկացողությունն ուներ հարաբերական իմաստ, «ավելցուկ» ոսկի չի կարող լինել։ Եթե այն ավելի է, քան դրա պահանջը շրջանառության մեջ, ապա ոսկին դառնում է գանձ։ Թղթադրամի գերիշխանության պայմաններում գնաճը դառնում է տնտեսության մշտական ուղեկիցը։

19-րդ դարում տերմինը սկսեց կիրառվել Անգլիայում և Ֆրանսիայում։ Տնտեսագիտական գրականության մեջ ինֆլյացիա տերմինը լայն տարածում գտավ միայն 20-րդ դարում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Ներկայումս գնաճը գրեթե բոլոր երկրներում ժամանակակից տնտեսության զարգացման առավել սուր խնդիրներից է։

Գնաճի պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագիտության տեսության մեջ առանձնացնում են գնաճի հետևյալ պատճառները.

  • բյուջեի եկամուտների և ծախսերի անհամաչափություն, ինչն արտահայտվում է բյուջեի դեֆիցիտի (պակասորդ) միջոցով, որը ֆինանսավորվում է էմիսիայի (արժույթի թողարկման) հաշվին[8],
  • տնտեսության միլիտարիզացիա կամ ռազմական ծախսերի աճ,
  • արտարժույթի ներմուծման ծավալների աճ տրանսֆերտների տեսքով,
  • զանգվածային վարկավորման հետևանքով դրամական զանգվածի աճ. ընդ որում՝ վարկավորումն իրականացվում է ոչ թե խնայողությունների, այլ չապահովված դրամական միջոցների թողարկման հաշվին (վարկային էքսպանսիա),
  • խոշոր ընկերությունների մոնոպոլիա գների որոշման հարցում, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների շրջանում,
  • դրամական զանգվածի կայուն մակարդակի պայմաններում պետական հարկերի, տուրքերի, արժեթղթերի արժեքի և այլնի աճ։

Չափազանց հզոր գնաճի պայմաններում դրամաշրջանառությունն առհասարակ կարող է իր տեղը զիջել բարտերային (բնեղեն) փոխանակմանը։

Ըստ թափանցիկության

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնացվում է գնաճի երկու տիպ.

  1. Բաց
  2. Փակ, ճնշված կամ քողարկված

Բաց գնաճը հանդիպում է շուկաներում, որտեղ գործում են ազատ գներ։ Գների անհավասարաչափ բարձրացման դեպքում այն ձևախախտում է, բայց չի ոչնչացնում շուկայական մեխանիզմը։ Տնտեսությունը շարունակում է արձագանքել շուկայի ազդակներին և ինքնակարգավորվել տարբեր շուկաների հավասարակշռության ուղղությամբ։ Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

որտեղ -ն գնաճի տեմպն է մեկ տարում՝ հաշվարկված տոկոսներով, - տվյալ տարվա գների մակարդակն է, - նախորդ տարվա գների մակարդակն է։

Ճնշված գնաճի դեպքում իրավիճակը այլ է։ Պետությունը, անհանգստանալով գների աճի համար, պայքար է ձեռնարկում այդ երևույթի դեմ և գների նկատմամբ կառավարչական վերահսկողություն սահմանում՝ դրանք սառեցնելով որոշակի մակարդակում։ Նմանատիպ հակագնաճային քաղաքականության առանձնահատկությունը այն է, որ պետությունը պայքարում է ոչ թե շուկայի ձևախախտման և դրա հետևանքի, այլ գների աճի դեմ։ Ճնշված գնաճը հղի է մի շարք տնտեսական հետևանքներով.

  • այն խեղաթյուրում է շուկայի ինքնակարգավորման մեխանիզմը,
  • սառեցված գները հանգեցնում են կապիտալի տեղաշարժին դեպի արտադրության ավելի քիչ ծախսատար հատվածներ, ինչն էլ առաջացնում է մնացած հատվածներում արտադրվող ապրանքի քրոնիկական դեֆիցիտ (պակասորդ),
  • դեֆիցիտը բնակչության մոտ առաջացնում է հետաձգված պահանջարկի էֆեկտ, որի հետևանքով աճում են հարկադրված խնայողությունները, որոնք ոչ միայն չեն բարձրացնում կենսամակարդակը, այլև նպաստում են քրեական կառուցվածքները հարստացնող սև շուկաների զարգացմանը[9]։

Ըստ պատճառների

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պահանջարկի գնաճ. այս դեպքում տեղի է ունենում շրջանառության մեջ դրամական զանգվածի աճ, գնողունակության բարձրացում, պահանջարկի մեծացում և միաժամանակ շուկայում առաջարկվող ապրանքների ծավալների կրճատում։
  • Առաջարկի կամ արտադրության ծախքերի գնաճ. գնաճ առաջանում է այն դեպքում, երբ անհիմն բարձրանում են արտադրության վրա կատարվող ծախսերը. այսինքն՝ ինքնարժեքը, ինչը ևս բերում է գների բարձրացման։ Դա կարող է լինել աշխատանքի արտադրողականության կրճատման, աշխատավարձի բարձրացման, հումքի, էներգակիրների գների բարձրացման և այլնի պատճառով, ուղղակի և անուղղակի հարկերի բարձրացման պատճառով և այլն։
  • Չհավասարակշռված գնաճ. տարբեր ապրանքների գները փոփոխվում են միմյանց նկատմամբ և տարբեր համամասնություններով։
  • Կանխատեսելի գնաճ. գնաճ, որը հաշվի է առնվում տնտեսվարող սուբյեկտների սպասումների և վարքագծի մեջ։ Այնուամենայնիվ, գնաճը թանկ է նստում, եթե նույնիսկ այն լիովին սպառելի է. գնաճը հարկ է և այնպիսի հարկ, որը հասարակությանը ընտրություն չի տալիս։
  • Անկանխատեսելի գնաճ. հասարակության համար անսպասելի գնաճ, որը բարդացնում է գների հետագա փոփոխությունների ճշգրիտ կանխատեսումը նույնիսկ մոտ ապագայի համար։

Ըստ գների տեմպերի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Զիմբաբվեի 100 տրիլիոն դոլարը
  • Նորմալ գնաճ, երբ գների տարեկան աճը մինչև 5% է։
  • Չափավոր կամ սողացող գնաճ, երբ գների տարեկան աճը 5-10% է։ Այս դեպքում գնաճը վերահսկելի է և տնտեսության մեջ լուրջ անհամամասնություններ ու բարդություններ չի առաջացնում։
  • Քառատրոփ գնաճ, երբ գների տարեկան աճը 10-50% է։ Այս դեպքում գների աճը, ըստ էության, չի վերահսկվում, ինչը բացասաբար է անդրադառնում տնտեսության զարգացման վրա։
  • Հիպերգնաճ. գների 100%-ից ավել աճ։ Այս երևույթը բերում է չափազանց բարդ հետևանքների, ընդհուպ մինչև այն, որ փողը դուրս է մղվում շրջանառությունից և տեղի է ունենում ապրանքների փոխանակություն բնեղեն ձևով։

Երկարաժամկետ գնաճը բնութագրելու համար գործածում են նաև քրոնիկական գնաճ հասկացությունը։ Ստագֆլյացիա անվանում են իրավիճակը, երբ գնաճն ուղեկցվում է արտադրության անկմամբ։

Գոլդման Սաքս ներդրումային ընկերության տնտեսագետները գյուղատնտեսական արտադրանքի գների կտրուկ աճը բնութագրելու համար ներմուծեցին նոր հասկացություն՝ «Ագֆլյացիա» (ագրարային ինֆլյացիա՝ գյուղատնտեսական գնաճ)։ Ագֆլյացիայի բարձր տեմպեր դիտվեցին 2 տարի շարունակ. ըստ Գոլդման Սաքսի՝ 2006 թվականին սննդամթերքի գների ինդեքսը աճեց 26%-ով, իսկ 2007 թվականին՝ 41%-ով[10]։

Պահանջարկի ինֆլացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար գների մակարդակի փոփոխությունը բացատրվում է ավելցուկային ամբողջական պահանջարկով։ Տնտեսությունը փորձում է ավելի շատ ծախսել,քան ընդունակ է արտադրել։ Սակայն,արտադրությունն ի վիճակի չէ բավարարել ավելցուկային պահանջարկը,քանի որ ունեցած բոլոր ռեսուրսներն արդեն ամբողջությամբ օգտագործված են։ Հետևապես,արդյունքի որոշակի հաստատուն ծավալի նկատմամբ ավելցուկային պահանջարկի աճն էլ ծնում է գների բարձրացում և առաջ բերում պահանջարկի ինֆլացիա։ Շրջանառության մեջ ավելի շատ փող է հայտնվում,քան ապրանքների ու ծառայությունների ընդհանուր քանակն է։

Արտադրության ծախքերի աճի կամ ամբողջական առաջարկի կրճատման հետ կապված ինֆլացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ ինֆլացիայի պատճառը կապված է արտադրության հետ,այն այլ կերպ անվանում են 《ծախքերի ինֆլացիա։ Վերջինս առաջանում է այն դեպքում,երբ ապրանքի միավորի արտադրության ծախքերն աճում են։ Արտադրանքի միավորի ծախսերի բարձրացումը կրճատում է շահույթները և արտադրության այն ծավալները,որոնք ձեռնարկությունները պատրաստ են առաջարկել գների տվյալ մակարդակի պայմաններում։ Ապրանքների ու ծառայությունների կրճատումն էլ իր հերթին կհանգեցնի գների աճի։

Հակագնաճային քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն գնաճի զսպման, դրա դեմ պայքարի տարբեր մեթոդներ։ Հիմնական մեթոդը դրամական ռեֆորմն է՝ դրամական համակարգի լրիվ կամ մասնակի վերափոխում, որն իրականացվում է պետության կողմից դրամաշրջանառության կարգավորման, ամրապնդման նպատակով։ Գոյություն ունեն դրամական ռեֆորմի մի քանի տեսակներ.

  • նոր դրամական համակարգի ստեղծում. դա տեղի է ունենում, երբ ստեղծվում է նոր պետություն, անցում է կատարվում մի դրամական համակարգից մյուսին,
  • դրամական համակարգի մասնակի փոփոխություն. օրինակ՝ փողի ապահովվածության, էմիսիայի իրականացման կարգի փոփոխություն, դրամանիշի անվանման փոփոխություն և այլն։

Պետության հակագնաճային քաղաքականության հիմնական մեթոդը ինֆլյացիայի տեմպերի իջեցման քաղաքականությունն է, որին կարելի է հասնելի տնտեսության աճի դանդաղեցման և գործազրկության ավելացման միջոցով։ Այս դեպքում տնտեսական և սոցիալական ծախսերը շատ մեծ են, բայց արդյունքները շատ ավելի արդյունավետ են, քան ադապտացիայի քաղաքականության դեպքում։

Հակագնաճային միջոցառումների մյուս ուղին գնաճին հարմարվելն է։ Տնային տնտեսությունները, ֆիրմաները փորձում են հաշտվել գնաճի առկայության հետ։ Բնակչությունը գնաճին ընտելանում է՝ եկամտի լրացուցիչ աղբյուրներ գտնելու, աշխատավարձն ինդեքսավորելու, արժեզրկված գումարներն անմիջականորեն ապրանքանյութական արժեքների վերածելու միջոցով և այլն։

Շատ պետությունների հակագնաճային քաղաքականության հիմքում դրված են սոցիալական ծրագրերի և պետական ծախսերի նկատելի կրճատման, բյուջեի դեֆիցիտի վերացման, դրամավարկային կոշտ միջոցառումների կիրառման ծրագրեր։ Այդ կուրսերի նպատակն է համարվում գնաճի և գործազրկության դեմ պայքարը, ապրանքային մասսայի ավելացումը, դրամական շուկայի երկարատև հավասարակշռման ապահովումը և այլն։

Առավել հաճախ դրամաշրջանառության կարգավորման նպատակով կիրառում են դրա կայունացման հետևյալ մեթոդները.

  • Նուլիֆիկացիա, որի դեպքում անվավեր է ճանաչվում շրջանառության մեջ գտնվող արժեզրկված դրամական միավորը և այն հանվում է շրջանառությունից՝ փոխարինվելով նոր դրամական միավորով։
  • Դեվալվացիա. դրամական միավորի՝ ոսկու պարունակության կրճատում կամ ազգային տարադրամի փոխարժեքի կրճատում օտարերկրյա արժույթի նկատմամբ։ Դևալվացիան գնաճի հակառակ երևույթն է՝ ազգային արժույթի արժևորում։
  • Դենոմինացիա. դրամական միավորի անվանական արժեքի կրճատում։
  • Դեֆլյացիա. դրամական զանգվածի փոքրացում շրջանառությունից ավելցուկ թղթադրամները հանելու միջոցով։
  • Ռեվալվացիա. բարձրանում է դրամական միավորի մետաղյա բովանդակությունը կամ թղթադրամի կուրսն արտասահմանյան արժույթի նկատմամբ։

Այս ամենի հետ մեկտեղ պետությունն իրականացնում է հակագնաճային քաղաքականություն՝ ուղղված գնաճ առաջացնող պատճառների կարգավորմանը, մասնավորապես, պետական ծախսերի կրճատմանը, պահանջարկի կրճատմանը, եկամուտների կրճատմանը։

Այսպիսով ընդհանուր առմամբ ինֆլյացիան անցանկալի և քայքայիչ է տնտեսության համար, քանի որ․

  1. ինֆլյացիան արժեզրկում է տնտեսության բոլոր մասնակիցների երկար տարիների դրամական խնայողությունները,
  2. ինֆլյացիայի պայմաններում եկամուտների մի մասի վերածումը խնայողությունների դառնում է անիմաստ,
  3. ամբողջ եկամուտը վերածվում է սպառողական բարիքների, ինչն ուժեղացնում է պահանջարկը և առաջացնում գների մեծ աճ,
  4. կրճատվում է վարկերի ծավալը, իսկ դա բերում է ներդրումների հետևապես նաև արտադրության ծավալների փոքրացման և գործազրկության աճի,
  5. արտադրության երկարատև ցիկլ ունեցող ձեռնարկությունները դադարում են աշխատելուց, քանի որ արժեզրկված փողով ստացած հասույթը չեն փոխատուցում ծախսերը,
  6. իրավիճակի անորոշությունը նվազեցնում է ձեռնարկատիրական ակտիվությունը, քանի որ անհնար է դառնում հաշվարկել թե գները, թե եկամուտները։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պոլ Ա. Սամուելսոն, Վիլյամ Դ. Նորդհաուս, «Տնտեսագիտություն»
  • В. Кизилов, Гр. Сапов. Инфляция и её последствия / под ред. Е. Михайловской. — М.։ Центр «Панорама», 2006. — 146 с.
  • Семёнов В. П. Инфляция։ метрика причин и следствий. — 1-е изд. — М.։ Российская экономическая академия им. Г. В. Плеханова, 2005. — 383 с.
  • Hall, Robert E.; Taylor, John B. (1993). Macroeconomics. New York։ W.W. Norton. p. 637.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Чепурин М.Н. "Курс экономической теории", 2003
  2. Paul H. Walgenbach, Norman E. Dittrich and Ernest I. Hanson, (1973), Financial Accounting, New York: Harcourt Brace Javonovich, Inc. Page 429. "The Measuring Unit principle: The unit of measure in accounting shall be the base money unit of the most relevant currency. This principle also assumes that the unit of measure is stable; that is, changes in its general purchasing power are not considered sufficiently important to require adjustments to the basic financial statements."
  3. 3,0 3,1 Mankiw, N. Gregory (2002). "Macroeconomics" (5th ed.). Worth.
  4. Robert Barro and Vittorio Grilli (1994), European Macroeconomics, Ch. 8, p. 139, Fig. 8.1. Macmillan
  5. Abel, Andrew; Bernanke, Ben (2005). "Macroeconomics" (5th ed.). Pearson.
  6. Сидорович А.В. Курс экономической теории", 1997
  7. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  8. [Семенихина В. А., Крючков С. А. Экономическая теория: макроэкономика: Учебное пособие. — Новосибирск: НГАСУ, 2003.
  9. Н.И. Базылев, С. П. Гурко “Макроэкономика”, 2000
  10. http://lenta.ru/news/2008/04/08/agflation/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնաճ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 370