Գուլիվերի ճանապարհորդությունները
Գուլիվերի ճանապարհորդությունները անգլ.՝ Travels into Several Remote Nations of the World, in Four Parts. By Lemuel Gulliver, First a Surgeon, and then a Captain of several Ships | |
---|---|
Հեղինակ | Ջոնաթան Սվիֆթ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | երգիծանք, ֆենթեզի և հակաուտոպիստական գրականություն |
Կազմված է | A Voyage to Lilliput?, A Voyage to Brobdingnag?, A Voyage to Laputa, Balnibarbi, Luggnagg, Glubbdubdrib, and Japan? և A Voyage to the Country of the Houyhnhnms? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Գուլիվեր, Ստրուլդբրուգ, Houyhnhnm?, յեհու և Glumdalclitch? |
Նկարագրում է | Universe of Gulliver? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Բենջամին Մոտ |
Հրատարակման տարեթիվ | 1726-1727 թթ. |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/jonathan-swift/gullivers-travels |
Gulliver's Travels Վիքիպահեստում |
Գուլիվերի ճանապարհորդությունները (անգլ.՝ Gulliver's Travels, գրքի ամբողջական անվանումը՝ Ճանապարհորդություններ դեպի աշխարհի մի քանի հեռավոր երկրներ. չորս մասից բաղկացած պատմություն` գրված Լեմյուել Գուլիվերի կողմից, ով սկզբում վիրաբույժ էր, հետո նավապետ մի քանի նավերի վրա (անգլ.՝ The Travels into Several Remote Nations of the World by Lemuel Gulliver, First a Surgeon, and then a Captain of Several Ships)), անգլիացի գրող Ջոնաթան Սվիֆթի սատիրական-ֆանտաստիկ վեպը, որում հեղինակը սրամտորեն ծաղրուծանակի է ենթարկում մարդկային և հասարակական արատները։ Առաջին անգամ հրատարակվել է 1726-1727 թվականներին Լոնդոնում։
«Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպը հայերեն առաջին անգամ 1857 թվականին թարգմանել է Սարգիս Գասպարյանը՝ «Ճամբորդությունք Կյուլիվերի ի զանազան հեռակա ազգս աշխարհի ի Հովնաթան Սվիֆթա» վերնագրով։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեմյուել Գուլիվերը Նոտտինգհեմշայր մեկնելիս իր նախորդ ճանապարհորդությունների մասին ձեռագրերը թողնում է իր բարեկամի՝ Ռիչարդ Սիմփսոնի մոտ։ Վերջինս կրճատում է դրանք ու հրատարակում։ Հետագայում Գուլիվերն իր նամակում դժգոհություն է հայտնում արված կրճատումների ու թվականները սխալ գրելու վերաբերյալ։
Ճանապարհորդություն դեպի Լիլիպուտիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեմյուել Գուլիվերը ծնվել է Նոտտինգհեմշայրում։ Նրա հայրը փոքրիկ կալվածք ուներ։ Գուլիվերը Լեյդենում ուսումնասիրել է բժշկություն, ամուսնացել է Մերի Բըրտոնի հետ, մի քանի նավերի վրա աշխատել է որպես բժիշկ։
1699 թվականի մայիսի 4-ին նրանց նավը ճանապարհ ընկավ։ Հնդկաստանի մոտ քամին նրանց նավը քշեց դեպի հյուսիս։ Նավը խորտակվեց, փրկվեց միայն Գուլիվերը։ Վերջինս, որ քնել էր ափին, արթնացավ ու չկարողացավ շարժվել տեղից. բազմաթիվ բարակ թոկերով նրա ձեռքերը, ոտքերն ու մազերը կապված էին գետնին։ Գուլիվերին կապում են մի լքված եկեղեցու մոտ։ Սակայն հետո նա երդվում է հնազանդվել թագավորին, և նրան ազատում են։
Լիլիպուտիայում (անգլ.՝ Lilliput) մարդիկ 12 անգամ ավելի փոքր են. նրանց հասակը վեց մատնաչափ է, նույնպես փոքր են նաև ծառերը, կենդանիները։ Մարդիկ գրում են անկյունից անկյուն, երեխաներին փոքր տարիքից դաստիարակում են հատուկ դպրոցներում։ Երկիրը կառավարում է թագավորը, որ մյուսներից բարձրահասակ է մի եղունգի չափ. դա բավական է պատկառանք ազդելու համար։ Ռիդրեզելը՝ գաղտնի գործերի գլխավոր քարտուղարը, Գուլիվերին պատմում է, որ պալատականները բաժանվել են երկու խմբի՝ Տրեմեկսըն կամ բարձրակրունկներ, որոնք ավելի շատ են, ու նրանց կողմից է նաև թագաժառանգը, և Սլեմեկսըն կամ ցածրակրունկներ, որոնց հետ է թագավորը, և որոնց ձեռքին են պաշտոնները։
Լիլիպուտիան պատերազմի է պատրաստվում Բլոֆուսկու կղզու դեմ։ Այնտեղ ապրում են նույն ռասայի մարդիկ, սակայն այն բանից հետո, երբ արքայորդին ձուն բութ մասից կոտրելիս վնասել է մատը, արքան հրամայել է այդուհետ ձուն կոտրել միայն սուր կողմից՝ հակառակ ավանդույթի։ Ժողովուրդը բաժանվել է երկու մասի՝ սուրծայրականներ ու բութծայրականներ. 6 ապստամբություն է տեղի ունեցել, բութածայրականները պարտվել են ու հեռացել երկրից. վերջիններիս մեղադրել են կրոնին դեմ գնալու համար, սակայն նրանք պնդում են, թե գրքում գրված է, որ ձուն պիտի կոտրել հարմար ծայրով։
Կայսրը Գուլիվերին խնդրում է իրենց աջակցել պատերազմի ժամանակ։ Կայսրն ուզում էր հաղթել բութծայրականներին ու ստրկացնել նրանց՝ Բլոֆուսկուն դարձնելով իր երկրի մի գավառը։ Գուլիվերը հրաժարվում է օգնել ստրկացնելու ժողովրդին։ Բլեֆուսկուից եկած պատվիրակությունը հաշտություն է կնքում կայսերը օգտակար պայմաններով։ Նրանք նաև Գուլիվերին հյուր են կանչում Բլեֆուսկու։
Ժողովուրդը Գուլիվերին մեղադրում է դավաճանության մեջ և դատապարտում կուրացման։ Գուլիվերը չի ցանկանում կռվել նրանց դեմ ու հեռանում է Բլեֆուսկու, որտեղից էլ 1701 թվականի աեպտեմբերի 24-ին նա մի մակույկով ճանապարհվում է տուն։
Հայրենի երկրում Գուլիվերը ցուցադրում է Լիլիպուտիայից բերված ոչխարներն ու կովերը և դրանով գումար վաստակում։ Երկու ամիս տանը մնալուց հետո Գուլիվերը կրկին ճանապարհորդության է մեկնում «Եդվենչըր» (Բախտախնդրություն) նավով։ Ջոնաթան Սվիֆթը վեպում պատկերել է իր ժամանակի բարքերն ու երկրի քաղաքական իրավիճակը։ Օրինակ՝ թագավորի կերպարում ծաղրվում է Անգլիայի թագավոր Գեորգ I-ը։ Վեպում հեղինակն անդրադառնում է նաև տորերի ու վիգերի կուսակցությունների հակամարտությանը (բարձրակրունկներ ու ցածրակրունկներ), իսկ բութծայրականների ու սուրծայրականների անիմաստ պատերազմի ալեգորիայով պատկերվել է կաթոլիկների ու բողոքականների կրոնական անհամաձայնությունները։
Ճանապարհորդություն դեպի Բրոբդինգնեգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանապարհորդության ընթացքում քամին նավը քշում է դեպի արևելք։ Նավաստիներն ափ են իջնում խմելու ջուր վերցնելու, բայց արագ հեռանում են՝ խուսափելով հսկայի հետապնդումից։ Չհասնելով ընկերների հետևից՝ Գուլիվերը մնում է կղզում։ Այս երկրում ապրում են մարդկանցից 12 անգամ մեծ հսկաներ։ Հսկաներից մեկը՝ մի ֆերմեր, Գուլիվերին պահում էիր տանը։ Ֆերմերի դուստրը Գուլիվերին պահում է իր տիկնիկի անկողնում։ Գուլիվերին սովորեցնում էին, թե ինչպես զվարճացնել մարդկանց ու փողով ցուցադրում։ Գուլիվերն այնքան նիհարեց, որ տերը, վախենալով, թե նա շուտով կմեռնի, Գուլիվերին 1000 ոսկով վաճառեց թագուհուն։
Գուլիվերը թագավորին պատմում էր իր հայրենիքի մասին՝ ամեն կերպ գովելով մարդկանց, իսկ թագավորը ծաղրում էլ փոքրերին։ Երեք տարի Գուլիվերը մնաց հսկաների երկրում։ Մի անգամ զբոսանքի ժամանակ մի թռչուն տանում է այն արկղը, որի մեջ էր Գուլիվերը, ու գցում ծովը։ Արկղը ծովից հանում են նավաստիները։ Սկզբում Գուլիվերին թվում էր, թե ինքը գտնվում Լիլիպուտիայում. մարդիկ նրան չափազանց փոքր էին թվում, սակայն որոշ ժամանակ անց վարժվում է։
Հսկաների երկրի թագավորը Սվիֆթի գրքի դրական հերոսներից է, նա բարի է, սկզբունքային, նա հմուտ կառավարում է երկիրը։ Նա մահվան սպառնալիքով արգելում է օգտագործել վառոդը, որի մասին պատմել էր Գուլիվերը։
Ճանապարհորդություն դեպի Լապուտա
[խմբագրել | խմբագրել կոդը]1706 թվականի օգոստոսի 5-ին Գուլիվերը մեկնում է ճանապարհորդության։ Ծովահեններից փրկվելով՝ Գուլիվերը հայտնվում է Լապուտա երկրում, որ թռչող կղզի է։ Կղզու բնակիչների գլուխները հակված են աջ կամ ձախ, մի աչքը նայում է դեպի ներս, մյուսը՝ դեպի զենիթ։ Մարդիկ տարված են մաթեմատիկայով կամ երաժշտությամբ. նրանք ցրված են ու չեն հետաքրքրվում կենցաղային հարցերով։ Մայրաքաղաք Լագադոյում է գտնվում Ծրագրողների ակադեմիան, որտեղ շինությունների ու հողամշակման նորանոր ծրագրեր են մշակում, թեև դրանք բոլորը վատ են վերջանում։ Ակադեմիայի ծրագրողներից մեկը փորձում է վարունգից արևի ճառագայթ ստանալ, մյուսը՝ սառույցից վառոդ ստանալ, երրորդը՝ տուն շինել տանիքից դեպի հիմքը և այլն։ Մի խումբ մարդիկ թղթերի վրա տարբեր բառեր են գրել ու պատահական ընտրում են դրանցից մի քանիսը. եթե ստացվում է իմաստալից նախադասություն, արտագրում են ու գիրք տպագրում։
Գուլիվերը մեկնում է Գլըբբդբդրիբ կղզի, որ նշանակում է վհուկների ու կախարդների կղզի։ Նրանք կանչում են մահացածների հոգիները ու նրանց ստիպում ծառայել իրենց։ Գուլիվերը տեսնում է Արիստոտելի, Ալեքսանդր Մակեդոնացու, Պոմպեոսի, Բրուտոսի և այլոց հոգիները։
Այնուհետև Գուլիվերը մեկնում է Լըգգնեգգ, որտեղ մնում է երեք ամիս։ Այստեղ ծնված երեխաներից ոմանք պատահականորեն լինում են անմահ։ Նրանց կոչում են ստրուլդբրուգներ։ Վերջիններս մինչ 70 տարեկանը սովորական մարդիկ են, սակայն դրանից հետո նրանք դառնում են թախծոտ, նախանձ, ժլատ, ագահ ու չար։ Նրանց ունեցվածքը ժառանգաբար անցնում է երեխաներին։ Լեզվի արագ փոփոխվելու պատճառով ստրուլդբրուգները չեն հասկանում մյուսներին։ Ստրուլդբրուգներն այնքան վանող տեսք ունեին, որ Գուլիվերի մեջ անմահ լինելու ոչ մի ցանկություն չի մնում։
1709 թվականի մայիսի 6-ին Գուլիվերը մեկնում է Ճապոնիա, որտեղից էլ վերադառնում է տուն։
Ճանապարհորդություն դեպի Հուիհընհընմների երկիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուլիվերը դառնում է «Եդվենչըր»-ի նավապետ։ Որոշ ժամանակ անց նավաստիները որոշում են զբաղվել ծովահենությամբ և 1711 թվականի մայիսի 9-ին Գուլիվերին միայնակ թողնում են մի կղզում։ Այնտեղ ապրում են մարդանման արարծներ՝ յեհուներ, որոնք խոսել չգիտեն, մազոտ են, քայլում են չորեքթաթ, ունեն ճանկեր և այլն։ Սակայն յեհուները ծառայում են հուիհընհընմներին (նշանակում է ձի, ստուգաբանվում է բնության կատարելիություն)։ Գուլիվերին հուհընհընմները համարում են յեհուների ցեղից, բայց հետո ընդունում են, որ Գուլիվերը մտավոր զարգացվածությամբ բավական բարձր է նրանցից։
Հուհընհընմները բարեկամասեր, քաղաքավարի, հյուրասեր, մաքրասեր, օգնում են միմյանց։ Նրանք չունեն օրենքներ, իշխանություն կամ հարստություն, չգիտեն՝ ինչ են սուտը, կեղծիքը, պատերազմը։ Նրանք բոլորն իրար հավասար են։ Ձիերը պատմում են, որ յեհուներն էլ են կռվում իրար հետ, նրանք գունավոր քարեր են գտնում ու պահում, նրանք ունեն առաջնորդներ, կեղտոտ են ու անմաքրասեր։
Գուլիվերին այնքան է դուր գալիս հուիհընհընմների վարքուբարքը, որ նա ցանկանում էր մնալ նրանց երկրում ու լինել նրանցից մեկը։ Սակայն ձիերը Գուլիվերին խորհուրդ են տալիս վերադառնալ իր երկիրը, քանզի ժողովը որոշում է կայացրել նրան էլ աշխատեցնել յեհուների նման։ Գուլիվերը նավ է սարքում ու 1714 թվականի փետրվարի 9-ին ճանապարհվում տուն։ Գուլիվերին զզվելի էր թվում մարդկանց վարքը, նրանց խոսելը։
Գուլիվերը գրում է 16 տարի 7 ամիս տևած իր ճանապարհորդությունների պատմությունը ոչ թե փառքի արժանանալու, այլ մարդկանց օգնելու համար։ Միայն թե մարդիկ փորձ չանեն գրավել նրանց տարածքները, քանզի լիլիպուտների դեմ նավեր հանել չարժե, իսկ բրոբդինգնեգցիների ու լապուտացիների դեմ չեն կարող։ Միայն հուիհընհընմների պատրաստ չեն կռվի, բայց նրանց դեմ կռվելու փոխարեն լավ կլինի օրինակ վերցնել նրանցից։ Գուլիվերը կամաց-կամաց համակերպվում է մարդկանց ու փորձում իր ընտանիքին դաստիարակել հուիհընհընմների նման։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Սվիֆթի նամակների՝ այս գիրքը գրելու միտքն առաջացել է դեռ 1720 թվականին[1]։ Վեպի վրա աշխատել սկսել է 1721 թվականին։ 1723 թվականի հունվարին Սվիֆթը գրում է. «Ես լքեցի Ձիերի Երկիրն ու գտնվում են թռչող կղզում... իմ վերջին երկու ճանապարհորդությունները շուտով կավարտվեն»[2]։
Գրքի վրա Սվիֆթն աշխատել է մինչ 1725 թվականը։ 1726 թվականին առաջին անգամ լույս են տեսնում «Գուլիվերի ճանապարհորդությունները» գրքի առաջին երկու հատորները (առանց հիշատակելու հեղինակի իսկական անունը)։ Մյուս երկուսը հրատարակվել են հաջորդ տարի։ Գիրքը մեծ հաջողության է արժանանում։ Մի քանի ամսվա ընթացքում այն վերահրատարակվում է երեք անգամ։ «Գուլիվերի ճանապարհորդություները» շուտով թարգմանվում է գերմաներեն, հոլանդերեն, իտալերեն և այլ լեզուներով։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գուլիվերի ճանապարհորդությունները» գրքում նկարագրվում են Մարսի երկու արբանյակներ, այնինչ դրանք աստղագետ Ասաֆ Հոլլի կողմից հայտնաբերվել են միայն 1877 թվականին, այսինքն՝ գիրքը գրելուց 150 տարի անց[3]։
- Չնայած նրան, որ Ճապոնիան իրական երկիր է, Գուլիվերի՝ այնտեղ գտնվելու մասին պատմությունը ճշմարտանման չէ. եվրոպացիները ոչ մի կերպ չէին կարող հայտնվել Ճապոնիայի կայսեր արքունիքի մոտ։ Եվրոպացիներից Ճապոնիա մտնել թույլ էր տրվում միայն հոլանդացիներին (Գուլիվերն իրեն ներկայացրել էր որպես հոլանդացի), և նրանք էլ իրավունք ունեին լինել միայն Նագասակի կղզում։ Բացի այդ՝ վերադարձի ճանապարհին Գուլիվերին ուղեկցում է ճապոնացի մի սպա, սակայն ճապոնացիներին մինչ XIX դարի կեսերն արգելված էր լքել երկիրը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գուլիվերի ճանապարհորդությունները
- Գուլիվերի ճանապարհորդությունները գրապահարանում Արխիվացված 2020-07-30 Wayback Machine
- Gulliver's Travels Գուտենբերգ նախագծի կայքում (անգլ.)
- Gulliver's Travels (Parts I and II) with illustrations Գուտենբերգ նախագծի կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուլիվերի ճանապարհորդությունները» հոդվածին։ |
|