Jump to content

Գուներանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուներանգ

Գուներանգ (իտալ.՝ colorito, լատին․՝ color-գույն, երանգ), կերպարվեստում (առավելաբար գեղանկարչության մեջ) իրականության գունային բազմազանությունը գեղագիտորեն վերակերպավորող գունահարաբերումների համակարգ։ Գեղագիտական-հուզական արտահայտչականության կարևորագույն միջոցներից է, գեղարվեստական կերպարի բաղադրիչներից մեկը։ Գուներանգի բնույթն առնչվում է ստեղծագործության ընդհանուր գաղափարին և բովանդակությանը, ժամանակաշրջանին, արվեստագետի ոճին ու անհատականությանը։ Պատմականորեն ձևավորվել են գուներանգական երկու միտում։ Առաջինը կապված է քանակապես սահմանափակ լոկալ գույների համակարգի, հաճախ նաև գույնը սիմվոլիկ նշանակությամբ կիրառելու հետ (օրինակ՝ միջնադարյան արվեստում)։ Երկրորդի համար բնորոշ է աշխարհի, տարածության և լույսի գունային պատկերը լրիվ հաղորդելու ձգտումը, տոնի, վալյորի, ռեֆլեքսի կիրառումը։ Ըստ գունահարաբերումների բնույթի գուներանգը լինում է հանգիստ կամ լարված, սառը (կապույտ, կանաչ, մանուշակագույն տոների գերակշռության դեպքում) կամ տաք (կարմիր, դեղին, նարնջագույն տոների գերակշռության դեպքում), լուսավոր կամ մուգ, իսկ գույնի հագեցվածությամբ և ուժգնությամբ՝ վառ, զուսպ, խամրած և այլն։ Յուրաքանչյուր ստեղծագործությունում գուներանգը ձևավորվում է ներդաշնակության, լրացման և հակադրության օրենքներին համապատասխան՝ գույների անկրկնելի ու բարդ փոխհարաբերության շնորհիվ։ Քանդակագործության և ճարտարապետության մեջ գունահարաբերումների համակարգը սովորաբար անվանում են բազմագունություն (պոլիքրոմիա)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 516