Դեբյուտանտ
Դեբյուտանտ | |
---|---|
Տեսակ | զբաղմունք և եզրույթ |
Ենթադաս | երիտասարդ կին և բարձրաշխարհիկ հեղինակություն |
Դեբյուտանտ (debutante /ˈdɛbjʊtɑːnt/, ֆր.՝ débutante /debytɑ̃t/ - «կին սկսնակ») կամ դեբ, արիստոկրատ կամ վերին դասի ընտանիքից սերած և հասունացած երիտասարդ կին կամ դեռահաս կամ նոր չափահաս դարձած աղջիկ, որն առաջին անգամ ներկայացվում է հասարակությանը պաշտոնական «դեբյուտով» կամ, հնարավոր է, դեբյունտանտի պարահանդեսային հագուստով։ Ի սկզբանե, տերմինը նշանակել է, որ կինը բավական հասուն է ամուսնանալու համար, և բարձրաշխարհիկ հասարակությանը ներկայանալը մասամբ հետապնդել է համապատասխան ամուրիներին և նրանց ընտանիքներին նրան ցույց տալու նպատակ՝ բարձրաշխարհիկ շրջանակում ամուսնանալու ակնկալիքով։
Խոսակցական գործածության մեջ կինը, ով առաջին անգամ ինչ-որ բան է անում կամ ներկայացնում է, կոչվում է դեբյուտանտ, հատկապես գեղարվեստական մասնագիտություններում (պար, դերասանություն, երաժշտություն)։ Այն կիրառվում է նաև սպորտային իրադարձությունների հետ կապված։
Ավստրիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիեննան (Ավստրիա) դեռ պահպանում է բազմաթիվ հաստատություններ, որոնք կազմում էին Հաբսբուրգյան կայսրության սոցիալական, պալատական կյանքը։ Դրանցից մեկն աշխարհի ամենաակտիվ պաշտոնական պարահանդեսի սեզոնն է։ Հունվարի 1-ից մարտի 1-ը Վիեննայում անցկացվում են ոչ պակաս, քան 28 պաշտոնական պարահանդեսներ՝ մեծաթիվ վարողներով։ Շատերը հատուկ ազգությունների համար են, օրինակ՝ Ռուսական պարահանդեսը կամ սերբական Սուրբ Սավայի պարահանդեսը, կամ սոցիալական խմբերի, ինչպիսիք են Որսորդների պարահանդեսը կամ Կանաչ խաչի ասոցիացիայի պարահանդեսը, կամ առևտրային խմբերի, ինչպիսիք են Սուրճ բովողների (Coffee Roasters) կամ Բժիշկների պարահանդեսը (Doctors Ball)[1]: Այս պարահանդեսներից մի քանիսը սովորաբար ունենում են նաև դեբյուտանտներ։ Այնուամենայնիվ, երկուսը, որոնք առավել հայտնի են իրենց դեբյուտանտներով, Սպայի պարահանդեսը[2] և Վիեննայի օպերային պարահանդեսն են։
Սպայական պարահանդեսը համարվում է Վիեննայի կայսերական պալատի պարահանդեսի անմիջական իրավահաջորդը։ Ժամանակակից տարբերակը հիմնադրվել է 1919 թվականին, Alt-Neustadt ասոցիացիայի կողմից, Թերեզիայի ռազմական ակադեմիայի շրջանավարտների ասոցիացիան։ Նրանք պարահանդեսը հրապարակային կազմակերպում են 1926 թվականից[3]։
Պարահանդեսն անցկացվում է հունվարի երրորդ ուրբաթ օրը Վիեննայի Հոֆբուրգ պալատի քսաներեք սրահներում և ներառում է տարբեր ոճերի երաժշտության ինը նվագախմբեր, զինվորական և պարային խմբեր ամբողջ աշխարհից։ Հովանավորը Հանրապետության նախագահն է, այն հյուրընկալվում է պաշտպանության շտաբի պետի կողմից[4]։ 80 դեբյուտանտների մուտքն ու շնորհանդեսը բացման միջոցառման կարևորագույն կետն է, որին հաջորդում են պետական նախարարների, այնուհետև դիվանագիտական կորպուսի շնորհանդեսը, և ավարտվում է դեբյուտանտներով, որոնք սկսում են առաջին պաշտոնական վիեննական վալսի` Շտրաուսի «Կապույտ Դանուբը» երաժշտության ներքո։ Տիկնայք ազնվականներից են, բարձրաստիճան զինվորականների դուստրեր կամ ավստրիական բանակի կին սպաներ։ Դրանք ներկայացվում են պաշտպանության նախարարին[5]։ Դրես կոդը երեկոյան զգեստ է՝ կանանց համար մինչև հատակ, իսկ տղամարդկանց համար՝ սպիտակ փողկապ և ֆրակ, կամ սպայական զորահանդեսային համազգեստ։ Վերջնական արարողությունը որսի եղջերափողով փողհարումն է` առավոտյան ժամը 4-ին։
Վիեննայի օպերային պարահանդեսն անցկացվում է Վիեննայի պետական օպերայի դահլիճում, որը վերածվում է մեծ պարասրահի։ Միջոցառման նախօրեին տաղավարներից հանվում են նստատեղերի շարքերը, կառուցվում է բեմի մակարդակով նոր հարկ։ Պարահանդեսը սկսվում է միայն երեկոյան ժամը 22-ի սահմաններում, երբ Ավստրիայի նախագահը և նրա հյուրերը մտնում են կայսերական պատշգամբ։ Նրանց ժամանումն ազդարարվում է շեփորներով։ Հնչում է Ավստրիայի պետական օրհներգը, որին հաջորդում է եվրոպական օրհներգը։ Հնչում են պետական օպերային բալետի բեմադրությունների երաժշտություն և դասական արիաներ, որոնք երգում են օպերային աստղերը։ Սրանք սովորաբար իտալական օպերայի և ավստրիական հայտնի ստեղծագործությունների փոքր ընտրանի են։
Բացման արարողության կարևորագույն իրադարձությունը 180 դեբյուտանտ զույգերի ներկայացումն է։ Սրանք խնամքով ընտրված երիտասարդ կանայք և տղամարդիկ են, ովքեր հաջողությամբ ավարտել են «Էլմայեր» պարային դպրոցի կողմից կազմակերպված հայտի ծրագիրը և խիստ դասական պարի խորեոգրաֆիան։ Դեբյուտանտներին Օպերա են տանում Կառլ Միքայել Զիեհրերի Ֆեչերպոլոնեզի հնչյունների ներքո։ Դրես կոդը երեկոյան զգեստ է՝ սպիտակ փողկապ և ֆրակ տղամարդկանց համար, պարտադիր մինչև հատակ երկարությամբ զգեստներ կանանց համար։ Սպիտակ երեկոյան ձեռնոցները շարունակում են պարտադիր լինել Վիեննայի օպերային պարահանդեսի կին դեբյուտանտների համար[6]։
Ավստրալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայում դեբյուտանտային պարահանդեսները (կամ խոսակցական լեզվով «դեբ պարահանդեսներ») սովորաբար կազմակերպվում են ավագ դպրոցների, եկեղեցական խմբերի կամ սպասարկման ակումբների կողմից, ինչպիսիք են Lions-ը կամ Rotary-ն։ Մասնակից աղջիկները ավագ դպրոցի 10-րդ, 11-րդ կամ 12-րդ դասարանների սաներ են (այսինքն՝ 15-ից 18 տարեկան)։ Միջոցառումը հաճախ օգտագործվում է որպես դրամահավաք տեղական բարեգործական կազմակերպությունների համար։
Ավստրալացի դեբյուտանտը կրում է հարսանեկան զգեստի նման սպիտակ կամ բաց գույնի զգեստ։ Այնուամենայնիվ, շրջազգեստը չի ձգվում քղանցքի ետևից, և դեբյուտանտը քող չի կրում։ Տղան կրում է սև փողկապ կամ մեկ այլ պաշտոնական կոստյում։
Ընդունված է, որ իգական սեռի ներկայացուցիչները կարող են դեբյուտանտային պարի հրավիրել արական սեռի ներկայացուցչին, իսկ արականը չի կարող «անել դեբ», եթե նրան չխնդրեն, ինչպես Սադի Հոքինսի պարը[7]։ Դեբյուտանտները և նրանց պարընկերները պետք է սովորեն պարել պարահանդեսային ոճով։ Դեբյուտանտի պարահանդեսները գրեթե միշտ անցկացվում են ընդունելությունների կենտրոնում, դպրոցի դահլիճում, մարզական կամ այլ համայնքային կազմակերպության հանդիսությունների սենյակում, օրինակ. RSL[8] ակումբ կամ պարահանդեսային սրահ։ Սովորաբար դրանք անցկացվում են տարվա վերջին և բաղկացած են ընթրիքից, պարից և ելույթներից։
Միացյալ Թագավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Թագավորությունում դեբյուտանտների ներկայացումը սուվերենին Սուրբ Ջեյմսի պալատում օգտագործվում էր որպես բրիտանական էլիտայի սոցիալական սեզոնի (մայիսից-օգոստոս)[9] միջոցառումների մեկնարկ։ Պալատում դեբյուտանտների ներկայացումը նաև միջոց էր, որպեսզի ամուսնության տարիքի երիտասարդ կանայք ներկայացվեին համապատասխան ամուրիներին և նրանց ընտանիքներին՝ համապատասխան ամուսին գտնելու ակնկալիքով։ Ամուրիներն էլ իրենց հերթին օգտագործում էին պալատական ներկայացումը որպես հարմար կին գտնելու հնարավորություն։
Նրանք, ովքեր ցանկանում էին արքունիքին ներկայանալ, պետք է դիմեին դա անելու թույլտվության համար, և դրա իրավունքն ունեին տիկնայք, որոնք ներկայացվում էին սուվերենին, ինչպես օրինակ՝ որպես երիտասարդ կնոջ մայր կամ նրա սկեսուր, եթե նա ամուսնացած է եղել։ Եթե դիմումը ընդունվում էր, նրանց ուղարկվում էր թագավորական կանչ թագավորական արքունիքի կառավարչից (լորդ-չեմբերլենից)՝ որոշակի օր ներկա գտնվելու շնորհանդեսին։ Ըստ էթիկետի և վարքագծի հեղինակավոր ուսուցողական Debrett's ընկերության, այդ օրը իրադարձությունները միշտ սկսվում էր առավոտյան ժամը 10-ին։ Բացի դեբյուտանտներից, արքունիք կարող էին ներկայացվել տարեց կանայք և ամուսնացած կանայք, որոնք նախկինում չէին ներկայացվել։
Արքունիքին ներկայանալու օրը հայտարարվում էր դեբյուտանտի և նրա հովանավորի անունները, դեբյուտանտը սուվերենի առաջ ռևերանս էր անում և հեռանում առանց ետ շրջվելու։
Պալատական զգեստն ավանդաբար սպիտակ երեկոյան զգեստն էր, սակայն ընդունելի էին փղոսկրի և վարդագույնի երանգները։ Զգեստը կարճաթև էր, իսկ երիտասարդ կինը կրում էր նաև երկար սպիտակ ձեռնոցներ[10], ջայլամի երեք սպիտակ փետուրներով մազերին ամրացված քող և զգեստի քղանցքը դեբյուտանտը պահում էր թևին, մինչև ներկայանալու պահը։ Դեբյուտանտները հագնում էին մարգարիտներ, բայց շատերը կրում էին նաև ընտանեկան զարդեր։
Դեբյուտանտներին միապետին ներկայացնելուց հետո նրանք պետք է մասնակցեին սոցիալական սեզոնին։ Սեզոնը բաղկացած էր իրադարձություններից, ինչպիսիք են՝ կեսօրից հետո թեյախմության հրավերները, պոլո հանդիպումները, Ասկոտի թագավորական ձիարշավները և պարահանդեսները։ Շատ դեբյուտանտներ կարող էին ունենալ նաև իրենց «coming-out party» կամ, որպես այլընտրանք, երեկույթ, որը կկիսվի քրոջ կամ ընտանիքի այլ անդամի հետ։
Վերջին դեբյուտանտները արքունիքում ներկայացվել են 1958 թվականին, որից հետո Եղիսաբեթ II թագուհին վերացրել է արարողությունը։ Ավանդույթը պահպանելու փորձեր եղել են` կազմակերպելով մի շարք երեկույթներ երիտասարդ կանանց համար[11]։ Այնուամենայնիվ, թագավորական հովանավորության դադարեցումն այս առիթները դարձրեց գնալով ոչ նշանակալի և սոցիալական սեզոնի որևէ այլ մասից չտարբերվող[12]։ Շառլոտ թագուհու պարահանդեսը, որը արքունիքին ներկայացնելու ավանդույթների ժամանակակից վերածնունդն է, շարունակվում է Սոմերսեթի դուքսի հովանավորությամբ։
«Դեբյուտանտ» կամ հակիրճ` «դեբ» արտահայտությունը շարունակում է գործածվել հատկապես մամուլում՝ նկատի ունենալով ամուսնության տարիքի երիտասարդ կանանց, ովքեր մասնակցում են վերին խավի կիսահասարակական սոցիալական առիթներին։ «Դեբի երազանք» (deb's delight) արտահայտությունը կիրառվում է նման ծագում ունեցող գեղեցիկ, չամուսնացած երիտասարդների նկատմամբ։
ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեբյուտանտների պարահանդես
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգների բարձր խավերը զարգացրեցին սոցիալական ավանդույթները՝ կապված բրիտանական սովորույթների հետ։ Այսօր ԱՄՆ-ում կոթիլիոն ( Cotillion ) կամ դեբյուտանտների պարահանդեսը երիտասարդ կանանց՝ դեբյուտանտների պաշտոնական ներկայացումն է «բարեկիրթ հասարակությանը», որը սովորաբար կազմակերպվում է բարեգործական կամ հասարակական կազմակերպությունների կողմից։ Ներկայացվածները կարող են լինել 16-ից 18 տարեկաններ (կրտսեր տարիքներն ավելի բնորոշ են հարավային շրջաններին, իսկ ավելի մեծերը՝ հյուսիսում)։ Որոշ շրջանակներում 15 և 16 տարեկան երիտասարդներին անվանում են «կրտսեր դեբյուտանտներ»։
Աշխարհի ամենահեղինակավոր, ամենաէքսկլյուզիվ և ամենաթանկ դեբյուտանտային պարահանդեսներից մեկը Դեբյուտանտների միջազգային պարահանդեսն է[13], որն ամեն տարի անցկացվում է Նյու Յորքի Վալդորֆ Աստորիա (Waldorf Astoria) հյուրանոցում, որտեղ աշխարհի հայտնի ընտանիքների աղջիկները ներկայացվում են բարձր հասարակությանը։
Դեբյուտանտների միջազգային պարահանդեսում ներկայացվել են արքայադուստրեր, կոմսուհիներ, բարոնուհիներ և եվրոպական շատ թագավորներ ու արիստոկրատներ՝ որպես բարձր հասարակության դեբյուտանտներ, այդ թվում՝ Հարավսլավիայի Արքայադուստր Կատարինային, Վանեսա ֆոն Բիսմարկին (Բիսմարկի թոռան ծոռնուհուն), արքայադուստր Նատալյա Էլիզաբեթ Դավիդովնա Օբոլենսկուն (Արքայազն Իվան Օբոլենսկու թոռնուհուն, ով եղել է Միջազգային դեբյուտանտների պարահանդեսի նախագահ, որն ինքը՝ Վալդորֆ Աստորիա հյուրանոցի հիմնադիր Ջոն Յակոբ Աստոր IV-ի թոռն է), արքայադուստր Ինես դե Բուրբոն Պարմին, կոմսուհի Մագդալենա Հաբսբուրգ-Լոթրինգենը (Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթ «Սիսիի» թոռան ծոռնուհին) և լեդի Հենրիետա Սեյմուրը (Սոմերսեթի դուքսի և դքսուհու դուստրը)[14]։
Դեբյուտանտների միջազգային պարահանդեսին ներկայացվել են նաև միլիարդատեր գործարարների, բարձրաստիճան քաղաքական գործիչների դուստրերն ու թոռները, ինչպիսիք են Միացյալ Նահանգների նախագահները, սենատորները և կոնգրեսականները, դեսպանները. օրինակ՝ Տրիսիա Նիքսոնը, Ջուլի Նիքսոնը, Ջենի Էյզենհաուերը, Էշլի Ուոքեր Բուշը (նախագահ Ջորջ Բուշի թոռնուհին և նախագահ Ջորջ Բուշի զարմուհին), Լյուսինդա Ռոբը (նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնի թոռնուհին), Քրիստին Քոլբի (ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Քոլբիի դուստրը), Հոլիսթեր Նոուլթոնը, Շառլոտ և Քեթրին Ֆորբսերը (Մալքոլմ Ֆորբսի թոռնուհիները) և Քրիստինա Հաֆինգթոնը (The Huffington Post վեբկայքի հիմնադիր Արիաննա Հաֆինգթոնի դուստրը)[14][15][16]։ Իվանկա Թրամփը (նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը) հրավիրված էր, բայց նախընտրեց չմասնակցել[17]։
Դեբյուտանտների պարահանդեսին մասնակցելու համար դեբյուտանտների մայրերը կամ այլ կին ազգականները սովորաբար պետք է առաջադրված լինեն նշանավոր հանձնաժողովի կամ էլիտար հասարակության հաստատված հովանավոր անդամի կողմից։ Սպիտակազգեստ կամ ատլասե զգեստ և սատինե կամ լայքայե երկար ձեռնոցներ[18] հագած դեբյուտանտները կանգնում են ընդունման հերթում և անհատապես ներկայացվում հանդիսատեսին։ Դեբյուտանտի հայտարարվելուց հետո նա հոր ուղեկցությամբ քայլում է բեմով։ Նրան միանում է կրտսեր տղամարդ ուղեկցորդը, որն ուղեկցում է նրան՝ ճանապարհ բացելով հաջորդ դեբյուտանտի համար։ Յուրաքանչյուր դեբյուտանտ իր հետ բերում է առնվազն մեկ ուղեկցորդ, երբեմն՝ երկու։
Պարահանդեսներից շատերում դեբյուտանտներն ընտրում են ուղեկցորդներ, որոնք նպաստում են դեբյուտանտների հետ լավ սոցիալական զույգեր կազմելուն։ Կոթիլիոնները կարող են լինել մանրակրկիտ մշակված ֆորմալ միջոցառումներ և ներառել ոչ միայն «դեբյուտանտներ», այլև կրտսեր դեբյուտանտներ, ուղեկցողներ և օգնականներ, ինչպես նաև ծաղիկներ շաղ տվող աղջիկներ (Flower girl) և պաժեր։ Յուրաքանչյուր դեբյուտանտ պետք է ծնկածալ ողջույն տա, որը նաև հայտնի է որպես Սուրբ Ջեյմսի խոնարհում (St. James Bow) կամ ամբողջական թագավորական խոնարհում ներկաներին։ Բացառություն են կազմում Տեխասի դեբյուտանտները, ովքեր ներկայացվում են Նյու Յորքի Վալդորֆ Աստորիա հյուրանոցի Դեբյուտանտների միջազգային պարահանդեսին, ովքեր կատարում են «Տեխասի դիփը» (Texas Dip)[19][20]: Այս ժեստը արվում է այն ժամանակ, երբ երիտասարդ կնոջը պաշտոնապես ներկայացնում են։ Դեբյուտանտների պարահանդեսներ գոյություն ունեն Միացյալ Նահանգների գրեթե բոլոր խոշոր քաղաքներում։ Դրանք ավելի հաճախ են տեղի ունենում և ավելի մեծածավալ են ամերիկյան հարավում։
Սուրբ Ծննդյան կոթիլիոնը Սավաննայում (Ջորջիա), որն առաջին անգամ անցկացվել է 1817 թվականին, ԱՄՆ-ի ամենահին դեբյուտանտային պարահանդեսն է։ Շատ քաղաքներ, ինչպիսիք են Դալլասը և Ատլանտան, ունեն մի քանի պարահանդեսներ մեկ սեզոնի ընթացքում։ Դալլասը, օրինակ, ունի պարահանդես, որը հովանավորում է ավանդական Idlewild կազմակերպությունը։ Ժամանակակից կազմակերպությունների կողմից հովանավորվող որոշ պարահանդեսներ, ինչպիսիք են Դալլասի սիմֆոնիկ նվագախմբի շնորհանդեսի պարահանդեսը[21] և Վեց դրոշների փառատոնի պարահանդեսը (La Fiesta de las Seis Banderas)[22], գումար են հավաքում բարեգործական կազմակերպությունների համար։
Վաշինգտոնի Ազգային Կոթիլիոնի և Գոհաբանության օրվա պարահանդեսը (The National Debutante Cotillion and Thanksgiving Ball), որը վարում է Մերի-Ստյուարտ Մոնթեգ Փրայսը, հավաքվում է ամեն նոյեմբեր ամսին ավելի քան 60 տարի, իսկ հասույթը տրամադրվում է մանկական հիվանդանոցին։ Դեբյուտանտները կարող են պաշտոնապես մասնակցել պարահանդեսին մինչև երեք տարի՝ ամեն անգամ կրելով տարբեր գույներ՝ արտահայտելու իրենց աճող նրբագեղությունը. նորելլուկ դեբյուտանտները հագնում են սպիտակ, նախկին դեբյուտանտները՝ սև, իսկ նախկինի նախկին դեբյուտանտները՝ կարմիր[23]։
Մեկ այլ «Հին հարավ» դեբյուտանտական պարահանդեսը Սուրբ Սեսիլիա ընկերության պարահանդեսն է, որն ամեն տարի անցկացվում է Չարլսթոնում (Հարավային Կարոլինա)։ Այս պարահանդեսը նկարագրված է Ալեքսանդրա Ռիփլեյի «Սքարլեթ» վեպում, որը Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» ստեղծագործության շարունակությունն է։ Ընկերությունը ստեղծվել է 1766 թվականին որպես մասնավոր բաժանորդային համերգային կազմակերպություն։ Հաջորդ հիսունչորս տարիների ընթացքում նրա ամենամյա համերգաշարը ձևավորել է Հյուսիսային Ամերիկայի նրբաճաշակ երաժշտական ֆենոմենը։ Նրա երաժշտական հովանավորությունն ավարտվեց 1820 թվականին։ Այսօր Սուրբ Սեսիլիա ընկերությունը ծաղկում է` լինելով Հարավային Կարոլինայի ամենահին և բացառիկ սոցիալական հաստատություններից մեկը[24]։ Սուրբ Սեսիլիա ընկերությունը հյուրընկալում է դեբյուտանտների ամենամյա պարահանդեսը։ Ընկերությունն ընդունում է միայն այն տղամարդկանց, որոնց հայրերը կամ եղբայրները այդ ընկերության անդամ են։ Կանայք պետք է լինեն այդ ընտանիքներից։ Նոր Օռլեանում (Լուիզիանա), դեբյուտանտը սովորաբար ներկայացվում է պարահանդեսին կառնավալի (Carnival) սեզոնի ընթացքում[25]։
Նյու Յորքում դեռևս կան մի քանի դեբ պարահանդեսներ, ներառյալ վերը նկարագրված միջազգայինը։ Բարեգործական և սոցիալական պարահանդեսները ներառում են հիվանդանոցը (առավելապես տեղի հիվանդանոցին), Մեյֆլաուերի հետնորդների պարահանդեսը և Նյու Յորք Սիթիի Սուրբ Նիկոլասի միության (հիմնադրվել է 1835 թվականին)[26] պարահանդեսը։ Որպես պարահանդեսի այլընտրանք, և ավելի հաճախ հյուսիսում, երիտասարդ կնոջ ընտանիքը կարող է նրա համար հեռանալու երեկույթ («coming-out party») կազմակերպել[27]։
Ի տարբերություն պաշտոնական պարահանդեսների, որոնք անցկացվում են միայն տարվա ավանդական սեզոնին, անհատական «քամինգ-աութ փարթի»-ն կարող է անցկացվել տարվա ցանկացած ժամանակ։ Ոմանք նախատեսված են այնպիսի առիթների շուրջ, ինչպիսիք են դեբյուտանտի ծննդյան օրը կամ ավագ դպրոցի կամ համալսարանի ավարտը։ Տեսականորեն, միակ կանայք, ովքեր կարող էին հրավիրվել, կլինեն նրանք, ում դեբյուտն արդեն եղել էր, այդպիսով թույլ տալով մի տեսակ դասակարգում դեբյուտանտների սեզոնի համար։ «Հին փողոտ» ընտանիքները հաճախ ուղարկում են իրենց դեռահաս տղաներին և դուստրերին պարի դասընթացների, որոնք կոչվում են կոթիլիոն և էթիկետի դասերի՝ նախապատրաստվելով այս երեկույթներին, որոնք ապահովում են երեխաների մուտքը հասարակություն և հանդես են գալիս որպես հիմնական ցանցային միջոցառում։ Նույնիսկ ավելի քիչ մեծության դեբյուտանտների պարահանդեսները սովորաբար պահանջում են, որպեսզի դեբ-երը մասնակցեն բարձրաշխարհիկ պարի, վարքային և ռևերանս կատարելու գոնե մի քանի դասերի։
20-րդ դարի սկզբից աֆրոամերիկյան համայնքը կազմակերպեց սոցիալական կազմակերպությունների իր ավանդույթը, որոնցից մի քանիսը հովանավորում են նմանատիպ բարեգործական միջոցառումներ։ Նրանք պահում են իրենց սեփական կոթիլիոնները և դեբյուտանտային պարահանդեսները իրենց բարձր դասի համար։ Հաջողակ աֆրոամերիկացիները կարող էին հանդիպել և կապեր հաստատել իրենցից տարբեր կարգավիճակ ունեցող այլ մարդկանց հետ նման միջոցառումների ժամանակ, ինչպես նաև սոցիալական, քաղաքական և տնտեսական կապեր հաստատել իրենց ընտանիքների երիտասարդ կանանց և տղամարդկանց համար։ Այս պաշտոնական կոթիլիոնային և դեբյուտանտային պարահանդեսները դեռևս ծաղկում են որպես աֆրոամերիկացի բարձր դասի ամենաավանդական իրադարձություններից մեկը[28][29][30]։
Տարբեր ուկրաինական էմիգրացիոն կազմակերպություններ Միացյալ Նահանգներում, ինչպիսիք են Հյուսիսային Ամերիկայի ուկրաինական ամերիկյան բժշկական ասոցիացիան, Ամերիկայի ուկրաինական ինժեներների միությունը, ուկրաինական «Պլաստ» սկաուտական կազմակերպությունը և Ուկրաինայի ամերիկյան երիտասարդական ասոցիացիան ամենամյա սև փողկապով դեբյուտանտային պարահանդեսներ են անցկացնում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Դրանք օգտագործվում են բարեգործական կազմակերպությունների համար միջոցներ հայթայթելու և 16-ից 18 տարեկան երիտասարդ ուկրաինուհիներին իրենց տեղական էթնիկ ուկրաինական համայնքներին ծանոթացնելու համար։ Ուկրաինացի ամերիկացիների դեբյուտանտական պարահանդեսները տեղի են ունենում ամերիկյան քաղաքներում, որտեղ ուկրաինացիների զգալի բնակչություն կա, ինչպիսիք են Չիկագո, Դետրոյտ, Ֆիլադելֆիա, Նյուարկ և Վաշինգտոն։ Բացի դեբյուտանտների ավանդական վալսից, այդ պարահանդեսների կարևորագույն կետերից մեկը Կոլոմեյկան է, որը սովորաբար տեղի է ունենում կեսգիշերից անց։ Յուրաքանչյուր հյուր կարող է ինքնաբերաբար ցուցադրել իր հմտությունները ուկրաինական պարերում, ինչպիսիք են Հոպակ կամ Արկան։ Kolomyjka պարերը սովորաբար տևում են ավելի քան կես ժամ անդադար ժողովրդական պարեր պարելով։ Այնուհետև վերածնվում են ավանդական սև փողկապներով պարահանդեսային պարերի[31][32]։
Հեղինակ Անն Անդերսոնը առաջարկում է համարել, որ հանրակրթական դպրոցների ավագ դպրոցի ավարտական երեկոն դեբյուտանտի պարահանդեսի դեմոկրատական տարբերակն է։ Այն չի պահանջում վերին դասի անդամություն կամ ընտանեկան սահմանափակումներ աղջիկների կամ տղաների մասնակցության համար[33]։
Դեբյուտանտային պարահանդեսներ ԱՄՆ հեռուստատեսությունում և ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի հեռուստասերիալներ, որոնք կենտրոնացած են հարուստ ընտանիքների երիտասարդների վրա, ներառում են դեբյուտանտային իրադարձություններով դրվագներ։ Օրինջ շրջանի (OC) հարուստ կալիֆորնիացիների մասին The O.C. հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի «Դեբյուտ» դրվագում ցուցադրվում է ամերիկյան դեբյուտանտի պարահանդեսի ներկայացում։ O.C-ի ստեղծող Ջոշ Շվարցի մեկ այլ` «Բամբասկոտը» հեռուստասերիալի «Բարև, հասարակություն» (1-ին եթերաշրջան, սերիա 10), «Նրանք կրակում են Համֆրիսի վրա, այնպես չէ՞» (3-րդ եթերաշրջան, սերիա 9), «Քաղաքային մեքենաներով վարելը տղաների հետ» (5-րդ եթերաշրջան, սերիա 10) և «Հրեշավոր գնդակը» (6-րդ եթերաշրջան, դրվագ 5) ներառում է դեբյուտանտի պարահանդես Նյու Յորքում։
«Գիլմոր աղջիկները»[34] կատակերգական դրամայի «Ներկայացնել Լորելայ Գիլմորին» դրվագում Ռորի Գիլմորը ցուցադրվում է որպես դեբյուտանտ։ Նա իր դեբյուտը կատարում է «Ամերիկյան հեղափոխության դուստրեր» (DAR-Daughters of the American Revolution) ԱՄՆ ՀԿ դեբյուտանտների պարահանդեսում, որը նրա տատիկի օգնությամբ էր իրականացվել։
«Քննադատը» մուլտիպլիկացիոն սիթքոմում Ջեյ Շերմանի կրտսեր քրոջը՝ Մարգոյին համոզում են մասնակցել իր դեբյուտանտ պարահանդեսին[35]։ «ԲոՋեք ձիամարդը»[36] մուլտիպլիկացիոն կատակերգական սիթքոմի 4-րդ սեզոնի «Ժամանակի նետը» դրվագում մարդակերպ ձի ԲոՋեքի մայրը՝ Բեատրիսը, ցուցադրվում է երիտասարդ տարիքում իր դեբյուտանտային պարահանդեսում։
Ուիթնի Պորտի The City ռեալիթի շոուի պրեմիերայում նրա գործընկեր Օլիվիա Պալերմոն նկարագրում է 18 տարեկանում իր «Դեբ»-ի ժամանակ կրած իր կոշիկների առաջին Manolo Blahnik զույգը (կոշիկի դիզայներ Մանոլո Բլանիկ)։
Նկարահանվել են քրեական դրամաներ, որոնք հետաքննում են դեբյուտի հետ կապված հանցագործությունները։ CSI: NY «Կենդանաբանական այգու Յորքը» դրվագում նեկայացվում է հանցագործության վայրի հետաքննող (Crime Scene Investigation) թիմը, որը հետաքննում էր դեբյուտանտի սպանությունը։ Բժիշկ Էվան Զաոն ասում է, որ մասնակցել է դեբյուտանտի պարահանդեսին։ Cold Case հեռուստասերիալ «Դեբյուտ» դրվագը պատմում է մի երիտասարդ աղջկա մասին, ով սպանվում է իր դեբյուտանտի պարահանդեսի գիշերը։ «Օրենք և կարգ. տուժողների հատուկ ստորաբաժանում»[37] հեռուստասերիալի մի դրվագում, որը վերնագրված է «Streetwise», դետեկտիվները հետաքննում էին դեբյուտանտի բռնաբարությունն ու սպանությունը։
Դեբյուտանտային դրվագներով ֆիլմերից են Ուիթ Սթիլմանի «Մետրոպոլիտեն» (1990) գեղարվեստական ֆիլմը, որը Մանհեթենի դեբյուտային սեզոնի ընթացքում վարվեցողությունը ներկայացնող կատակերգություն է, և «Ինչ է ուզում աղջիկը» (2003 թ.), որտեղ Ամանդա Բայնսը մարմնավորում է ամերիկացի դեռահասի, ում հայրը բրիտանացի է, և ով ներկայացվում է coming-out երեկույթին։ Բայնսը նկարահանվել է նաև «Նա տղամարդ է» ֆիլմում, որտեղ գլխավոր հերոսը մասնակցում է դեբյուտանտների նախապատրաստական ծրագրին և վերջապես՝ պարահանդեսին։ «Something New» ռոմանտիկ կատակերգությունն ունի բարձր դասի աֆրոամերիկացիների տեսարան Արևմտյան ափին գտնվող կոթիլիոնում։ «Դեբյուտը» (2001) ֆիլմը ժամանակակից ֆիլիպինաամերիկյան կյանքի մասին է, որտեղ ուսումնասիրվում է մշակութային թեմաների լայն շրջանակ ոչ պաշտոնական դեբյուտանտային միջոցառման միջոցով։
1992 թվականին նկարահանված «Ադամների ընտանիքը» ֆիլմը կենտրոնացած է Գոմեսի և Ֆեսթեր Ադամսի հաշտեցման վրա։ Նրանք վիճաբանել են դեռահասների շրջանում դեբյուտանտի պարահանդեսի ժամանակ։ «Փոքրիկ կանայք» (1994) ֆիլմում տրվում է «քամինգ-աութ» երեկույթ։ Մորաքույր Մարչը խոսում է Մարմիի հետ այն մասին, թե երբ Մեգը կներկայացվի հասարակությանը։
Բորատի մասին հաջորդ կինոֆիլմը (2020) ներառում է Մեյկոնի (Ջորջիա) Ջոնսթոն-Ֆելթոն-Հայ Հաուսում դեբյուտանտի պարահանդեսի տեսարան[38]։
Լատինական Ամերկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքսիկայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Պանամայում, Պուերտո Ռիկոյում և Պարագվայում դեբյուտանտները երիտասարդ աղջիկներ են, ովքեր մասնակցում են Դեբյուտանտների փառատոնին կամ «Կինսեաներա»-ին (quinceañera - տասնըհինգ տարեկան կամ quinceaños -տասնըհինգամյակ), որն անցկացվում է նրանց տասնհինգերորդ տարեդարձի կապակցությամբ։ Quinceañera երեկույթներն անցկացվում են նաև Միացյալ Նահանգներում այս ազգերի լատինաամերիկյան համայնքների շրջանում։
Բրազիլիայում և Մեքսիկայում նման միջոցառումները կոչվում են Baile de Debutante (իսպաներեն և պորտուգալերեն) կամ Festa de Debutante (միայն պորտուգալերեն), կամ Quince Años (իսպաներեն) կամ Quinze Anos (պորտուգալերեն)։
Սակայն տասնհինգ տարեկան դառնալը չի նշանակում, որ տվյալ աղջիկն արդեն չափահաս է, քանի որ դա կախված է յուրաքանչյուր երկրի օրենքներից։
Կինսեյերան կրում է հատուկ այդ առիթի համար պատրաստված զգեստ, սովորաբար արքայադստեր ոճով, սովորաբար հոր բազկի ուղեկցությամբ, երաժշտության ուղեկցությամբ, հյուրերի ծափահարություններով։ Այնուհետեւ սկսվում է վալսի արարողությունը, որում աղջիկը պարում է նախ հոր, ապա հարազատների ու ընկերների հետ։
Պարի ժամանակ որոշ դեպքերում հաճախ օգտագործվում է Չայանեի Tiempo de vals երգը[39]։
Արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատերական կամ համերգային բեմում դեբյուտանտն այն մարդն է, ով ներկայանում է անդրանիկ դերով կամ համերգով։ Սա կարող է նշանակել հանրության առաջ առաջին անգամ հայտնվել, որից հետո առաջին դերը ստանալ կամ կոնկրետ թատրոնում ընդգրկվել։ Գեղարվեստական գրականության հեղինակները, ովքեր ներկայացնում են իրենց առաջին գիրքը, նույնպես կոչվում են դեբյուտանտներ, ստեղծագործությունը` դեբյուտային վեպ, իսկ ընթացքը՝ վեպի դեբյուտ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The 71st Vienna Medical Doctors' Ball
- ↑ «This was the the Officers' Ball 2023» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Michael Mayerböck: 21 January 2011 Wiener Hofburg. in: Der Soldat, Nr. 2/2011 21 January 2011, S. 1.
- ↑ 60 Jahre Bundesheer – Musikalischer Auftakt in das Jubiläumsjahr. Retrieved 1 February 2015.
- ↑ «Ball der Offiziere 2023 – Jetzt geht es los!» (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Make Your Debut At The Vienna Opera Ball-Dresscode». wiener-staatsoper.at (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «What Is a Sadie Hawkins Dance and Where Did It Come From?». Seventeen (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2023 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Վերադարձվածների և ծառայողների լիգա (RSL- Returned and Services League), աջակցող կազմակերպություն այն մարդկանց համար, ովքեր ծառայել են կամ ծառայում են Ավստրալիայի պաշտպանության ուժերում։
- ↑ «A History of The Social Season | More Than Good Manners». www.morethangoodmanners.com. Վերցված է 2023 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Coronet Debutante Ball». coronetdebutanteball.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Obituary: Peter Townend». The Daily Telegraph. 2001 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ The semi-autobiographical novel Past Imperfect (2008) by Julian Fellowes is an informative description of participating in 'The Season' in these final years compared to its height.
- ↑ Staff, W. W. D. (2011 թ․ հունվարի 3). «International Debutantes Ball at the Waldorf-Astoria a Night of Revelry». WWD (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 14,0 14,1 «In vogue on NYSD». NYSD. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Christine M. Colby to Marry». New York Times. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Hollister Knowlton Betrothed To David H. Petraeus, a Cadet». New York Times. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Debutantes make their bows to society at NY gala». AP News. 2017 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «A guide for purchasing gloves for Carnival balls and presentations». nola.com (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Debutante Texas Dip Practice Video, Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին
- ↑ Vida, Vendela (2000 թ․ հունիսի 12). Girls on the Verge: Debutante Dips, Drive-bys, and Other Initiations (անգլերեն). Macmillan. ISBN 978-0-312-26328-7.
- ↑ «Dallas Symphony Orchestra League - Presentation Ball». dallassymphonyleague.com. Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 2023, 2007,. «La Fiesta de las Seis Banderas. About Us». www.lafiestaparkcities.com. Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
{{cite web}}
:|last=
has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Debutante's Guide to Life. Cornelia Guest. 1986. p.108
- ↑ Each of the historic invitations held in the St. Cecilia Society Collection at the South Carolina Historical Society, which span from 1841 through the 20th century, names the location of the event.
- ↑ «New Orleans Mardi Gras - ICorp's CARNIVAL NEW ORLEANS - Mardi Gras Headquarters, Parades pictures and more!». carnivalneworleans.com. Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «The Saint Nicholas Society Of The City Of New York». Saint Nicholas Society պաշտոնական կայքում (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ In the case of Helen Barney, the term "debutante ball" was applied to the "coming-out party" given her by her uncle, William Collins Whitney, at his home at 871 Fifth Avenue, New York City, on 5 January 1901. Cleveland Amory, Who Killed Society?, pp. 502–503. New York: Harper & Brothers, 1960.
- ↑ Anderson, Adrienne. «About Cotillions of Color». Cotillions of Color. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Hann, Christopher (2010 թ․ նոյեմբերի 15). «The Lost History of Black Cotillions». Drew News. Drew University. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Casimir, Leslie (2004 թ․ հուլիսի 18). «COTILLIONS MAKE A COMEBACK Courtly Tradition Updated By African-Americans». New York Daily News. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Ukrainian Debutante Balls 2018 Roundup». Ukrainian Weekly. Ukrainian National Association. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Khrystyna, Bondareva. «Ukrainian Ball in Chicago». Ukrainian Chicago Magazine. Vidia. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Anderson, Ann (2012). High School Prom: Marketing, Morals and the American Teen. McFarland. էջեր 7–10. ISBN 9781476600079.
- ↑ Gilmore Girls, Dorothy Parker Drank Here Productions, Hofflund/Polone, Warner Bros. Television, 2000 թ․ հոկտեմբերի 5, Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին
- ↑ The Critic, Columbia Pictures Television, Film Roman Productions, Flinch Studios, 1994 թ․ հունվարի 26, Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին
- ↑ BoJack Horseman, Tornante Company, ShadowMachine, Netflix, 2014 թ․ օգոստոսի 22, Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին
- ↑ Law & Order: Special Victims Unit, Wolf Films, Studios USA Television, Universal Network Television, 1999 թ․ սեպտեմբերի 20, Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին
- ↑ «Is the 'Borat 2' Debutante Ball Scene Real? Reporter Recounts His Filming Experience». Distractify (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Chayanne - Tiempo De Vals (Vídeo Oficial), Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alvarez, Julia. Once upon a Quinceañera: Coming of Age in the USA (Penguin, 2007), the Hispanic version
- Butler, Nicholas Michael. Votaries of Apollo: The St. Cecilia Society and the Patronage of Concert Music in Charleston, South Carolina, 1766–1820. Columbia: University of South Carolina Press, 2007.
- Chenier, Elise. "Class, Gender, and the Social Standard: The Montreal Junior League, 1912–1939." Canadian Historical Review 90#4 (2009): 671–710. in Canada
- Jabour, Anya (2007 թ․ մարտի 19). «Scarlett and Her Sisters: Young Women in the Old South» (անգլերեն). doi:10.5149/9780807887646_jabour.4.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - Lewis, Cynthia, and Susan Harbage Page. "Secret Sharing: Debutantes Coming Out in the American South." Southern Cultures 18#4 (2012): 6–25.
- Marling, Karal Ann. Debutante: Rites and Regalia of American Debdom (2004) excerpt
- Neeland, Elizabeth C. "The Woman in White: An Analysis of Women's Meaning-making Experiences in Debut" (MA thesis. University of Georgia, 2006) online, 2005 թվականի Blue Grey Colonel's պարահանդեսի դեպքի ուսումնասիրություն Մոնտգոմերիում (Ալաբամա) հարավային դեբյուտանտների մշակույթն ուսումնասիրելու համար։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Débutante, Chapter XVIII of Emily Post's Etiquette (1922), at Bartleby.com
- The Debutante, Լեոնորա Քարինգտոնի հակիրճ պատմությունը
- The British Court Presentation
- The Economist – Débutante scene in Houston
- Debretts Social Season and Debutantes
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեբյուտանտ» հոդվածին։ |