Զեյթունի 1915 թ. հերոսամարտ
1915–16 թթ-ին զեյթունցիները դիմեցին ինքնապաշտպանության, որը, սակայն, ավարտվեց անհաջողությամբ։ 1915 թ-ի մարտին Զեյթունի հայերը բռնի տեղահանվեցին և քշվեցին Դեյր էզ Զորի անապատը։ Նրանց մեծ մասը կոտորվեց, փրկվածները տարագրվեցին։
Առաջին աշխարհամարտում (1914– 1918 թթ.) Թուրքիայի պարտությունից հետո ֆրանսիական զորքերը գրավել են Կիլիկիան։ 1919 թ-ի օգոստոսին Զեյթունի և շրջակա գյուղերի 1050 բնակիչներ վերադարձել են իրենց բնօրրանը, հիմնել Ազգային խորհուրդ՝ Արամ Չոլաքյանի գլխավորությամբ։ Բայց 1921 թ-ի հունիսին զեյթունցիները ստիպված էին ընդմիշտ լքել իրենց քաղաքը։
Զեյթունի իրադարձությունները լայն արձագանք գտան հայ իրականության մեջ և բազմաթիվ հայ գրողների՝ Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Նահապետ Ռուսինյանի, Սմբատ Շահազիզի, Հարություն Չաքրյանի («Զեյթունի քայլերգի» հեղինակը), Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու, Մուրացանի և ուրիշների գործերում, իսկ ժողովուրդը հյուսել է երգեր («Զեյթունցիներ» և այլն)։ Մեծ եղեռնը վերապրած և 1946 թ-ին հայրենիք ներգաղթած զեյթունցիները Երևանի հյուսիսային մասում հիմնադրել են Զեյթուն թաղամասը (այժմ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում)[1]։