Թելմա Ռիտերը ծնվել է 1905 թվակլանի փետրվարի 14-ին Բրուքլինում։ Նա եղել է Չարլզ և Լյուսի Ռիտերների առաջին զավակը[4][5]։ Դերասանուհի դառնալու ցանկությունը նրա մեջ դրսևորվել է դեռ վաղ հասակում։ Մասնակցել է դպրոցական պիեսներին, փոքր ելույթներ ունեցել թատերային խմբերի հետ։ Դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Դրամատիկական արվեստի ամերիկյան ակադեմիա[6]։ Ուսումը ակադեմիայում ավարտելուց հետո նրան չի հաջողվել դառնալ պրոֆեսիոնալ դերասանուհի։ Դրա պատճառն այն էր, որ նա 1927 թվականին ամուսնացել էր Ժոզեֆ Մոնանի հետ և զբաղվել երկու երեխաների խնամքով[7]։
1940-ական թվականների սկզբին Ռիտերը վերսկսել է իր կարիերան որպես ռադիոհաղորդավարուհի։ Մի որոշ ժամանակ անց որպես դերասան սկսել է աշխատել թատերական խմբում։ 1947 թվականին նշել է իր նորամուտը կինոյում։ 42-ամյա Ռիտերի առաջին դերը եղել է «Հրաշք 34-րդ փողոցում» ֆիլմում։ Երկու տարի անց խաղացել է «Նամակ երեք կանանց» ֆիլմում։ Դերասանուհին մեծ ճանաչման է հասել 1950 թվականին՝ Բիրբի Կունանի դերում նկարահանվելով «Ամեն ինչ Եվայի մասին» ֆիլմում։ 1951 թվականին խաղացել է «Ամուսնական եղանակ» ֆիլմում։ Այս երկու ֆիլմերի համար «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։
Դրանից հետո մոտավորապես երկու տասնամյակ շարունակել է նկարահանվել շատ ֆիլմերում, աշխատել հեռուստատեսությունում և թատրոնում։ 1954 թվականին Բոբ Հոփի հետ վարել է վարել է «Օսկարի» մրցանակաբաշխության 27-րդ արարողությունը։ «Երգով իմ սրտում» (1952), «Հարավային փողոցի միջադեպը» (1953), «Ինտիմ զրույց» (1959) և «Թռչնորսը Ալկատրասից» (1962) ֆիլմերի համար նա չորս անգամ ևս առաջադրվել է «Օսկարի», որը այդպես էլ չի ստացել։ 1958 թվականին որպես «Նոր աղջիկ քաղաքում» մյուզիքլի լավագույն դերասան արժանացել է «Թոնի» մրցանակի։
1968 թվականի հունվարի 23-ին մասնակցել «Ջերի Լյուիսի շոու» ծրագրին[8]։ Դրանից կարճ ժամանակ անց ինֆարկտ է ստացել, որն էլ հանգեցրել է մահվան։ Ռիտերը կյանքից հեռացել է 1969 թվականի փետրվարի 5-ին՝ իր 64 ամյակից 9 օր առաջ[9]։
↑The New York State Census of 1905", 16th Assembly District, Borough of Brooklyn, Kings County, State of New York, June 1, 1905. Digital copy of original 1905 enumeration page available on FamilySearch, an online genealogical database provided as a public service by The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah. Retrieved July 21, 2017.