Jump to content

Թշվառները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թշվառները (այլ կիրառումներ)
Թշվառները
ֆր.՝ Les Misérables
Վեպի գլխավոր հերոսներից մեկը՝ Կոզետը, մանուկ հասակում
ՀեղինակՎիկտոր Հյուգո
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն և ողբերգություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Ժան Վալժան, Կոզետ, Գավրոշ, Միրիել Բիշոպ, Էնխոլրաս, Ժավեր, Ֆանտին, Մարիուս Պոնմերսի, պարոն Տենարդիե, Էպոնին, Ազելմա, Պատրոն Մինետա և տիկին Տենարդիե
Ստեղծման տարեթիվ19-րդ դար
Նկարագրում էԴին լե Բեն, Մոնռեալ, Մոնֆերմել, Բաստիլիայի փիղը և Փարիզ
ՆկարազարդողԷմիլ Բայար
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1862[1]
Թարգմանիչ հայերենՎ. Միքայելյան
Հրատարակում հայերենԵրևան։ Սովետական գրող, 1987
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/victor-hugo/les-miserables/isabel-f-hapgood
ՎիքիքաղվածքԹշվառները
 Les Misérables Վիքիպահեստում

«Թշվառները» (ֆր.՝ Les Misérables), կյանքի պրոբլեմների ընդգրկումով և սոցիալական քննադատության թափով Վիկտոր Հյուգոյի ամենանշանակալից վեպ-էպոպեան, որտեղ տրված է ժողովրդի կյանքի ընդարձակ պատկերը։ Առաջին անգամ հրատարակվել է 1862 թվականին[2]։

Պատմական այնպիսի կարևոր իրադարձությունների ֆոնի վրա, ինչպիսիք են Վաթեռլոոյի ճակատամարտը, Ռեստավրացիայի վախճանը, 30-ական թվականների հեղափոխական մարտերը, «Թշվառների» հեղինակը պատկերում է աղքատների ճակատագիրը, նրանց վիճակը, որը հավասարապես դժբախտ էր թե Նապոլեոն Բոնապարտի դիկտատուրայի, թե Բուրբոնների և թե Հուլիսյան միապետության օրոք։ Ոչ մի տեղ դեռևս գրողն այդպիսի ուժով ու արտահայտչականությամբ ցույց չի տվել աղքատների Փարիզը, թշվառ ու մռայլ ետնախորշերի քաղաքը։

«Թշվառներ» վեպը թարգմանվել է հայերեն Վահե Միքայելյանի կողմից՝ հրատարակվելով 1987 թվականին[3]։

Ուշ ռոմանտիզմի էպիկական հսկայական այս գործը Հյուգոն ստեղծել է շուրջ երեսուն տարվա ընթացքում՝ գտնվելով բոնապարտյան Ֆրանսիայից հեռու՝ օտարության մեջ։ 1859 թվականի օգոստոսի 18-ի համաներումից հետո հրաժարվելով վերադառնալ Ֆրանսիա՝ Հյուգոն իր վաթսունամյակը դիմավորում է արտաքսման մեջ ու նշանավորում այն իր այս վեպի ստեղծմամբ։

Վեպի հիմքի մեջ հեղինակը դրել է իր ժամանակաշրջանի երկու միմյանցից խիստ հակասող կերպարների՝ տաժանակրի ու սրբակյացի, բայց ոչ թե նրանց բարոյական տարբերությունը ցույց տալու, այլ՝ նրանց Մարդու մեկ ամբողջականության մեջ միավորելու համար։

Հյուգոն վեպը գրել է ընդհատումներով։ Սկզբում ստեղծվել են ստեղծագործության սյուժետային իրադարձությունները, այնուհետև այն վերաճել է պատմական գլուխների։

1830–ական թվականների սկզբին Հյուգոն իր մեջ պատկերում էր վեպի սկզբնական էսքիզները՝ գրելով նախաբան.

Նրանք, ովքեր կհարցնեն՝ իսկապես եղել են այդպիսի իրադարձություններ, մենք կպատասխանեինք, որ դա նշանակություն չունի։ Եթե ճակատագրի կամոք այս գիրքն իր մեջ ամփոփի որևէ դաս կամ խրատ, եթե նրա մեջ նկարագրվող իրադարձությունները կամ զգացմունքները իմաստից զուրկ չեն, ուրեմն այն հասել է իր նպատակին... Կարևոր է ոչ թե այն, որ պատմությունը ճշմարտացի լինի, այլ այն, որ այն իրական լինի։

«Թշվառների» գլխավոր նպատակը Հյուգոն տեսել է այն ճանապարհի մեջ, որով անցնում է թե՛ առանձին անհատը, թե՛ ամբողջ հասարակությունը՝ «չարից դեպի բարին, արդարից՝ արդարը, խաբեությունից՝ ճշմարտությունը։ Սկզբնակետը նյութականն է, վերջնակետը՝ հոգին»։

Գործողությունների հիմնական վայրը Փարիզն է, իսկ սյուժետային բոլոր գծերի հատման կետը՝ Գորբոյի խրճիթը, որտեղ Տոնդարյեն կազմակերպում է Ժան Վալժանի դարանակալությունը։

Վեպի գլխավոր և երկրորդական կերպարները միմյանց հետ կապված են բարեկամական կամ սյուժետային կապերով, սակայն նրանք միշտ չէ, որ գիտեն դրա մասին։ Կոզետտան, ի դեմս Տոնարդեյի, չի ճանաչում իր նախկին խնամակալին, Գավրոշը, տեսնելով երկու երեխաներին, չի ճանաչում իր եղբայրներին, Ժան Վալժանը, Տոնրայդեն ու Ժավերը երբեմն-երբեմն չեն ճանաչում միմյանց։ Սրանք այնպիսի հանգամանքներ են, որոնց միջոցով ծնվում են սյուժետային ինտրիգներ։

Վեպի հոգեկերտվածքն արտացոլված է Ժան Վալժանի կերպարում, ռոմանտիկական հիմքը՝ միմյանց նկատմամբ սերը՝ Կոզետտայի ու Մարիուսի կերպարներում, որոնց բնույթը գրեթե չի փոխվում վեպի ողջ սյուժեի ընթացքում։

Ժան Վալժանի՝ տաժանակրությունից ազատվելու ու նրա մահվան միջև ձգվում է 18 տարի, սակայն վեպի գեղարվեստական ժամանակը սահմանափակված չէ 1815 թվականի հոկտեմբերից մինչև 1833 թվականի ամառն ընկած ժամանակահատվածով։ Հյուգոն ընթերցողին պարբերաբար պատմում է անցյալի իրադարձությունների մասին՝ տանելով դեպի 1815 թվականի հունիսի 18-ի Վաթեռլոոյի ճակատամարտը, պատմում է Փոքր Պիկլյուս վանքի մասին կամ տանում է դեպի ապագա՝ պատմելով 1848 թվականի Ֆրանսիական հեղափոխության մասին, որը ծնվել էր դեռ 1832 թվականի ապստամբությունից[4]։

Սիրո գիծը վեպում սերտորեն կապված է մահվան թեմատիկայի հետ. Մարիուսին սիրահարված Էպոնինը կանչում է նրան բարիկադներ՝ նախընտրելով տեսնել նրան մահացած, քան ուրիշ կնոջ պատկանելիս, բայց արդյունքում հանձնվում է ու զոհվում՝ փրկելով սիրելիի կյանքը։ Մարիուսը գնում է բարիկադներ, քանի որ չէր կարող ապրել առանց Կոզետտայի, նույն այդ պատճառով նրա հետևից գնում է Ժան Վալժանը։ Ինչպես և բնորոշ է ռոմանտիկ հերոսներին, նրանք քիչ են առնչվում ռեալիզմին. նրանք գտնվում են իրենց զգացմունքների տիրապետության տակ և չեն տեսնում իրավիճակի զարգացման այլ ուղիներ բացի «սիրելի մարդու հետ լինելուց» հենց այդտեղ, հենց այդ պահին, այլ դեպքում՝ ուղղակիորեն պատրաստ են մեռնել։

Վեպի բարոյական հայեցակարգը համապատասխանում է մարդկային կյանքի մասին Հյուգոյի պատկերացումներին՝ իբրև լույսի և խավարի շարունակական հերթափոխ։ Բարոյակն մասի խնդիրը հեղինակի համար առավել կարևոր է քան ռեալիստական վերլուծությունը, քանի որ Հյուգոն ինքն է վեպի վերջում նշում, որ այն առավել կարևոր դերակատարություն ունի, քան իրական կյանքի պատկերումը։ Ընկալելով աշխարհն որպես բարու և չարի մշտական պայքար՝ Հյուգոն ձգտում է ցույց տալ այդ պայքարը, շարժումը՝ մշտապես շեշտադրելով բարու ու հոգևորի հաղթանակը։

Հյուգոյի գաղափարներն ապրում էին ոչ միայն պատկերվող մարդկանց, այլ նաև կենդանի ու մեռած բնության մեջ, որը նա նկարագրում էր յուրահատուկ սիրով՝ տեսնելով նրա մեջ բարոյական նույն պայքարը։

Ժան Վալժանի կերպարը

Վեպի հիմնական կապող կերպարը տաժանակիր Ժան Վալժանն է, որն իր մեջ ամփոփում է վեպի գաղափարի ներքին իրականացումը։

Վեպի «ամենաթշվառ» հերոսն անցնում է բարոյապես կայանալու դժվարին ուղի, որն սկսվում է Դինի յոթանասունհինգամյա սրբակյաց եպիսկոպոս Շառլ Միրիելի հետ պատահական հանդիպումից։ Ազնվակյաց ծերունին առաջինն էր, ով, իմանալով նրա անցյալի մասին, երես չի թեքում նրանից, օթևան է տալիս իր տանը, վերաբերվում որպես հավասարի և ոչ միայն պարզապես ներում է արծաթե սպասքի գողության փաստը, այլ նաև նվիրում է արծաթե երկու մոմակալ՝ խնդրելով օգտագործել դրանք ի շահ աղքատների։

Տաժանակրի՝ ծանրագույն աշխատանքից ու մշտական անարդարություններից բթացած հոգում ներքին հեղափոխություն է տեղի ունենում, որը նրան հասցնում է բարոյապես կայանալու առաջին աստիճանին, նա սկսում է արդար ու ազնիվ կյանք վարել։

Ժան Վալժանի ճակատագրի մյուս բեկումնային շրջանն է դառնում Շանմատյեի գործը։ Իրեն անծանոթ մարդուն տաժանակրությունից փրկելն ու գաղտնիքի բացահայտումը հերոսի համար դառնում է ներքին ծանրագույն պայքար։ Ժան Վալժանն ամբողջ գիշեր տանջվում է՝ մտածելով՝ արդյոք արժե վտանգի տակ դնել մի ամբողջ ծայրամասի բարեկեցությունը մեկ մարդու կյանքի համար ու եթե նա կանգ առնի երկրորդ տարբերակի վրա, արդյոք դա չի վկայի նրա ավելորդ հպարտության մասին։ Նա գնում է ճակատագրին ընդառաջ՝ այդպես էլ վերջնական որոշում չկայացնելով։ Դատական նիստի ժամանակ նա ասում է իր անունը՝ տեսնելով Շանմատիեի մեջ մի թշվառ ծերունու, որը գաղափար անգամ չուներ ինչ էր կատարվում շուրջը։

Էպոնինը կանխարգելում է Վալժանի տան կողոպուտը

Ժան Վալժանի համար ամենաողբերգականը դառնում է նրա հոգևոր կայացման երրորդ շրջանը, երբ նա հրաժարվում է Կոզետտայից։ Անմնացորդ սիրելով իր խորթ դստերը, ամփոփելով իր մեջ զգացմունքների մի ամբողջ բազմազանություն (սեր դստեր, քրոջ, մոր ու նաև կնոջ նկատմամբ)՝ նա գնում է Շանվրեր փողոցի բարիկադներ, որտեղ փրկում է մահից իր կողմից ատելի Մարիուսին՝ անելով դա ի սեր իր համար ամենաթանկ էակի՝ Կոզետտայի։

Ժան Վալժանի կյանքն սկսվում է տաժանակրությունից ազատվելուց հետո։ Սկզբում նա սովորում է մարդկանց նկատմամբ բարին գործել, հետո՝ զոհել իրեն հանուն ճշմարտության, այնուհետև՝ հրաժարվել նրանից, ու աշխարհում ամենաշատն է սիրում։ Նյութական բարեկեցությունից, ինքն իրեն ու երկրային կախվածություններից հրաժարվելը մաքրում են Ժանի հոգին՝ դարձնելով նրան եպիսկոպոս Շառլ Միրերին հավասար։ Նախկին տաժանակիրը հեռանում է կյանքից՝ իր հոգու հետ հաշտված, այնպես, ինչպես պետք է լինի ցանկացած բարոյական քրիստոնիայի հետ։

Ժան Վալժանին ամբողջապես հակադիր կերպար է ոստիկան Ժավերը։ Խստորեն հետևելով օրենքի տարրին՝ նա չի տեսնում շուրջը ո՛չ իրական բարությունը, ո՛չ մարդասիրությունը այնքան, մինչև դա դիպչում է հենց իրեն։ Իր ոխերիմ թշնամու հանկարծակի ազատումը քանդում է արդարադատության մասին նրա պատկերացումները։ Նա սկսում է մտորել այն մասին, որ աշխարհում կան բաներ, որոնք վեր են մարդկանց կողմից ստեղծված օրենքից։ Ժավերն այնքան կտրուկ է սկսում տեսնել Աստծո գոյությունը, որ նրա՝ մեղքերից տանջահար հոգին չի հասցնում դիմադրել ճշմարտության բացված անդունդին, ինչն ավարտվում է վերջինիս ինքնասպանությամբ։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը հիմք է հանդիսացել Տելեմունդո հեռուստաընկերության կողմից նկարահանված Թշվառները հեռուսասերիալի սցենարի համար։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Толстой, Лев Николаевич Предисловие к сочинениям Ги де Мопассана // Полн. собр. соч. в 90 т.— Т. 30.— С. 3—24.
  • Литературное наследство, т. 90. «Яснополянские записки» Д. П. Маковицкого, кн. 2.— М., 1979.— С. 562.
  • Достоевская, Анна Григорьевна, Воспоминания, «Художественная литература (издательство)». — М., 1971. — С. 258—259.
  • Charles E. Wilbour. New York: Carleton Publishing Company, June 1862. The first English translation. The first volume was available for purchase in New York beginning 7 June 1862[5] 1879 (անգլ.)
  • Frederic Charles Lascelles Wraxall. London: Hurst and Blackett, October 1862. The first British translation.[5] (անգլ.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Novelist Susanne Alleyn has argued that "the phrase “les misérables”, which has a whole range of subtly shaded meanings in French, is much better translated into English as “the dispossessed” or even as “the outsiders” — which can describe every major character in the novel in one way or another — than simply as “the miserable ones” / “the wretched ones.” No, It’s Not Actually the French Revolution: Les Misérables and History.
  3. Թշվառներ։ Վեպ / Վ. Հյուգո; Թարգմ. ֆրանս.՝ Վ. Միքայելյան. - Երևան։ Սովետական գրող, 1987. - Մաս 1-5 (3 գիրք); 22 սմ. - Մաս 1 (1987, 318 էջ)։ Խմբ.՝ Գ.Գ. Հովսեփյան Ֆանտին - Մաս 2, 3 (1987, 534 էջ)։ Խմբ.՝ Ա.Ս. Հովսեփյան, Ե.Ս. Զարեհյան Կոզետ; Մարիուս - Մաս 4, 5 (1987, 668 էջ)
  4. Robb, Graham (1997). Victor Hugo: A Biography. NY: W.W. Norton. էջեր 273–76.
  5. 5,0 5,1 Moore, Olin H. (1959 թ․ մարտ). «Some Translations of Les Miserables». Modern Language Notes. 74 (3): 240–46. JSTOR 3040282.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Թշվառները
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թշվառները» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թշվառները» հոդվածին։