Jump to content

Իմպիչմենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախագահ Բիլ Քլինթոնի պաշտոնանկության դատավարությունը 1999 թվականին

Պաշտոնանկություն (անգլ.՝ impeachment, inpeach՝ մեղադրել), ընթացակարգ, որով երկրի օրենսդիր մարմինը պաշտոնապես մեղադրանք է առաջադրում կառավարության բարձրագույն պաշտոնյաներին։ Պաշտոնանկությունը չի ենթադրում պաշտոնյայի պարտադիր ազատում զբաղեցրած պաշտոնից․ այն պարզապես առաջին քայլն է այդ ճանապարհին։ Անձին մեղադրելուց հետո պետք է քվեարկություն անցկացվի, որի արդյունքում միայն նա կարող է ազատվել զբաղեցրած պաշտոնից։

Քանի որ պաշտոնանկության դեպքում խաթարվում են պաշտոնատար անձի գործունեության հետ կապված սահմանադրական ընթացակարգերը (ընտրություն, նշանակում) և որովհետև այն սովորաբար մեծամասնություն է պահանջում, կիրառվում է միայն լուրջ իրավախախտումների դեպքում։ ԱՄՆ-ում, օրինակ, դաշնային մակարդակում պաշտոնանկություն կարող է կիրառվել միայն ծանր հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ։ ԱՄՆ պատմության ընթացքում պաշտոնանկության են ենթարկվել մի շարք դաշնային պաշտոնյաներ, ներառյալ 2 նախագահներ Էնդրյու Ջոնսոնը և Բիլ Քլինթոնը, մի շարք դատավորներ։ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց մինչ պաշտոնանկության ընթացակարգը սկսելը։

Պաշտոնանկության ընթացակարգն ԱՄՆ-ում ներառում է Ներկայացուցիչների պալատում պաշտոնանկության համար քվեարկությունը մի փաստաթղթի միջոցով, որը կոչվում է պաշտոնանկության հոդվածներ։ Պաշտոնանկության ամեն մի հիմք ձևակերպվում է որպես առանձին հոդված։ Ներկայացուցիչների պալատի՝ պաշտոնանկության կողմ անդամները այնուհետև նշանակում են կառավարիչների, ովքեր Սենատում հարցի քննարկման ժամանակ պետք է հանդես գան որպես դատախազներ։ Պաշտոնանկության դատալսումները տեղի են ունենում Սենատում, և նախագսհի պաշտոնանկության ժամանակ նիստը նախագահում է ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահը կամ փոխնախագահը։ Տեղի է ունենում դատավարություն, որի ընթացքում վկաները երդում են տալիս։ Պաշտպանյալն իրավունք ունի ստանալու իրավաբանական խորհրդատվություն, վկաների շրջանում անցկացնելու խաչաձև հարցաքննություն և խոսել ի պաշտպանություն իրեն։ Սենատորները ևս պետք է երդում տան, որ իրենց պարտականությունները կկատարեն ազնվորեն և բարեխղճությամբ։ Լսումը չի կարող տեղի ունենալ, եթե 50 % + 1 % քվորումն ապահովված չէ։ Լսումից հետո քննարկումները գաղտնի են լինում։ Պաշտոնից ազատումը հնարավոր է Սենատի ձայների առնվազն 2/3-ով։

Պաշտոնանկությունը ծագել է անգլիական իրավունքում, սակայն 18-րդ դարում դուրս եկավ կիրառությունից։ Մի շարք երկրներում սահմանադրական իրավունքով կարգավորվում է պաշտոնանկության ինստիտուտը․ այդպիսիք են Բրազիլիան, Իռլանդիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն։ Պաշտոնանկություն ինստիտուտն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ։

Ծագում և պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իմպիչմենտ» բառը ծագում է լատիներեն «impedicare» արմատից, որն արտահայտում է բռնվելու, ծուղակն ընկնելու իմաստ։ Ժամանակակից ֆրանսերենում այս իմաստն արտահայտում է «empêcher» բայաձևը, անգլերենում՝ «impede»-ը։ Միջնադարյան ստուգաբանությունը բառը սխալ կերպով կապում է լատիներեն «impetere»` հարձակվել բառի հետ։ Առաջին անգամ իմպիչմենտ կիրառվել է անգլիական քաղաքական համակարգում։ Մասնավորապես, առաջին անգամ իմպիչմենտ կիրառվել է 14-րդ դարի կեսին անգլիական Օրինական պառլամենտի կողմից Ուիլիամ Լաթիմերի նկատմամբ։ Բրիտանական օրինակին հետևելով՝ Վիրջինիայի 1776 թվականի, Մասսաչուսեթսի 1780 թվականի և այլ նահանգների սահմանադրություններն ամրագրեցին իմպիչմենտի ինստիտուտը[1]

Պաշտոնանկությունը տարբեր երկրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի նախագահը կարող է պաշտոնանկ արվել Ավստրիայի դաշնային խորհրդի՝ Բունդերվերսամմլանգի կողմից Սահմանադրական դատարանի առջև։ Սահմանադրությունը նաև ընձեռում է հանրաքվեի միջոցով նախագահի հետկանչի հնարավորություն։ Այս ընթացակարգերից ոչ մեկը Ավստրիայում երբևէ չի կիրառվել։ Սրա պատճառը հավանաբար այն է, որ Նախագահը Ավստիայում ունի քիչ և հիմնականում արարողակարգային լիազորություններ ունի, որոնց խախտում դժվար է թույլ տալ։

Բրազիլիայում պաշտոնանկության կարող են ենթարկվել նախագահը, նահանգների կառավարիչները ու տեղական քաղաքապետերը։ 1992 թվականի դեկտեմբերի 30-ին Բրազիլիայի 32-րդ նախագահ Ֆեռնանդու Կոլոր դի Մելուն հրաժարական տվեց մինչ Բրազիլիայի կոնգրեսի կողմից իր պաշտոնանկության հարցով քվեարկության անցկացումը։ Նրան անարժան էին համարում 8 տարվա նախագահության համար, քանի որ նրա դեմ կային կաշառքի և անհիմն հարստացման ապացույցներ։ 2016 թվականի ապրիլի 16-ից Բրազիլիայի պատգամավորների պալատը հաստատեց նախագահ Դիլմա Ռուսսեֆի դեմ պաշտոնանկության ընթացակարգ սկսելու նախագիծը՝ բյուջեից շորթումների հիմքով[2]։ Հարցը շուտով վերաքննարկվեց Դաշնային սենատում, որը մայիսի 12-ին հաստատեց նախագահի պաշտոնանկությունը[3]։ Փոխնախագահ Միշել Թեմերը մինչև Սենատում գործընթացի ավարտը դարձավ նախագահի պաշտոնակատար և օգոստոսի 31-ին նախագահի՝ պաշտոնից հեռացումից հետո պաշտոնապես փոխարինեց Ռւսսելֆֆին նախագահի պաշտոնում[4]։

Բուլղարիայի նախագահը կարող է պաշտոնանկ արվել միայն հայրենիքի դավաճանության և սահմանադրության խախտման հիմքով։ Ընթացակարգը սկսվում է Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորների առնվազն 2/3-ի կողմից նախագահի պաշտոնանկության ընթացակարգ սկսելու օգտին քվեարկելով։ Այնուհետև Սահմանադրական դատարանը որոշում է, թե արդյոք հանրապետության նախագահը մեղավոր է այն հանցագործության մեջ, որում իրեն մեղադրում են։ Եթե նա մեղավոր է ճանաչվում, հեռացվում է պաշտոնից։ Բուլղարիայում ևս մինչ օրս ոչ մի նախագահ պաշտոնանկության ճանապարհով չի հեռացվել պաշտոնից։ Այս ընթացակարգը կարող է օգտագործվել նաև փոխնախագահին հեռացնելու համար, սակայն սա ևս դեռ չի կիրառվել։

Խորվաթիայի խորհրդարանը՝ Սաբորը, ձայների 2/3-ով սկիզբ է դնում պաշտոնանկության ընթացակարգին։ Այնուհետև, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, Սահմանադրական դատարանը դատավորների ընդհանուր թվի 2/3-ով ընդունում է պաշտոնանկության հիմնավորվածությունը։ Խորվաթիայի պատմության ընթացքում ևս պաշտոնանկություն չի կիրառվել։

Չեխիայի նախագահը կարող է պաշտոնանկ արվել միայն հայրենիքի ծանր դավաճանության հիմքով։ Հարկ է նշել որ Չեխիայի սահմանադրությունը հայրենիքի ծանր դավաճանության բնորոշումը չի տալիս։ Ընթացակարգը պետք է սկսվի Չեխիայի Սենատում, որը իրավունք ունի իմպիչմենտի ենթարկել միայն հանրապետության նախագահին։ Նախագահի մեղավորության հարցը լուծում է Սահմանադրական դատարանը։ Սահմանադրական դատարանի կողմից նախագահի մեղավորության վերաբերյալ որոշում ընդունվելու դեպքում նախագահը կորցնում է պաշտոնը և զրկվում երբևէ Չեխիայի նախագահ կրկին ընտրվելու իրավունքից[5]։ Չեխիայի ոչ մի նախագահ իմպիչմենտի չի ենթարկվել, չնայած Սենատը 2013 թվականին փորձեց պաշտոնանկ անել նախագահ Վակլավ Կլաուսին[6]։ Դատարանը հարցը մերժեց նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվելու պատճառաբանությամբ[7]։ 2013 թվականին Չեխիայում սահմանադրական փոփոխություններ կատարվեցին։ Այժմ իմպիչմենտի ընթացակարգ կարող է սկսվել ներկա պատգամավորների 3/5-ով։ Որոշումը պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով։ Նախագահը կարող է պաշտոնանկ արվել ոչ միայն հայրենիքի դավաճանության հիմքով (որն արդեն բնորոշված է սահմանադրությամբ), այլև Սահմանադրության մի շարք խախտումների դեպքում[8]։

Գերմանիայի նախագահը կարող է պաշտոնանկ արվել և՛ Բունդեսթագի, և՛ Բունդեսրատի կողմից՝ դաշնային օրենքը խախտելու հիմքով։ ԵրբԲունդեսթագն ու Բունդեսրատը նախագահին պաշտոնանկություն հայտնելու մասին որոշում են ընդունում, Գերմանիայի Սահմանադրական դատարանը որոշում է նախագահի մեղավորության հարցը և մեղավորության մասին որոշում ընդունելու դեպքում հեռացնում նրան զբաղեցրած պաշտոնից։ Սահմանադրական դատարանն իրավունք ունի նաև պաշտոնից հեռացնել այն դաշնային դատավորներին, ովքեր խախտել են դաշնային կամ նահանգների սահմանադրությունները։

Հոնգ Կոնգի գլխավոր գործադիրը կարող է պաշտոնանկ արվել Հոնգ Կոնգի օրեսնդիր խորհրդի կողմից։ Հարցի քննության նախաձեռնությամբ կարող է հանդես գալ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը։ Պաշտոնանկության հիմք կարող է լինել օրենքի կամ պարտականությունների խախտումը, հրաժարական ներկայացնելուց հրաժարվելը։ Նախ որոշումը պետք է ընդունի խորհուրդը։ Այնուհետև հարցը պետք է քննարկի հետաքննության անկախ կոմիտեն, որի նախագահն է Վճռաբեկ դատարանի նախագահը։ Կոմիտեն հարցի հետաքննություն է կատարում և հետ ուղարկում օրենսդիր խորհուրդ։ Եթե Խորհուրդն ապացույցները բավարար է համարում մեղադրանք առաջադրելու համար, կարող է իմպիչմենտ հայտարարել ձայների 2/3 մեծամասնությամբ[9]:Հոդված 73(9)։ Ինչևէ, օրնսդիր խորհուրդը գլխավոր կառավարչին պաշտոնից ազատելու իրավունք չունի, քանի որ վերջինս նշանակվում է կենտրոնական կառավարության կողմից։ Օրենսդիր խորհուրդը կարող է միայն իր որոշման զեկույց ուղարկել կառավարությանը[9]։:Հոդված 45

Հնդկաստանի նախագահը Խորհրդարանի կողմից կարող է պաշտոնանկ արվել Սահմանադրության խախտման հիմքով։ Սահամանադրության խախտման համար նախագահի նկատմամբ իմպիչմենտից բացի այլ սանկցիա չի կարող կիրառվել։ Հնդկաստանում ոչ մի նախագահն պաշտոնանկ չի արվել։ Իմպիչմենտի արարողակարգերն էլ չեն փորձարկվել։

Գիտակների խորհուրդն Իրանում կարող է պաշտոնանկ անել Գերագույն առաջնորդին ու նշանակել նոր կառավարիչ։ Իրանի նախագահը կարող է պաշտոնանկ արվել Իսլամական խորհդրակցական խորհրդի և Իրանի գերագույն առաջնորդի փոխհամաձայնությամբ։ Այնուհետև նախագահական նոր ընտրություն է տեղի ունենում; Իրանի առաջին նախագահ Աբոլհասսան Բանիսադրը 1981 թվականի հունիսին պաշտոնանկ արվեց ու հեռացվեց պաշտոնից։ Մուհամմեդ-Ալի Ռաջաին ընտրվեց նոր նախագահ։ Նախարարներին իմպիչմենտ կարող են հայտնել իսլամական խորհրդակցական խորհրդի անդամները։ Նախագահի կողմից նոր նախարարի նշանակումը քննարկվում է խորհրդարանում։ Վերջին մի քանի կառավարությունների ժամանակ նախարարների իմպիչմենտը հաճախ է օգտագործվում որպես նախագահի ու խորհրդի միջև յուրահատուկ ճակատամարտ։

Իռլանդիայում իմպիչմենտ կարող է կիրառվել միայն նախագահի նկատմամբ։ Սահմանադրության 12-րդ հոդվածը սահմանում է, որ նախագահին իմպիչմենտի կարող են ենթարկել միայն պառլամենտի երկու պալատները միայն սահմանադրությամբ սահմանված իրավախախտ պահվածքի համար։ Միայն Oireachtas պալատը կարող է նախագահին պաշտոնանկություն հայտնել ձայների ընդհանուր թվի 2/3-ով։ Հարցը կարող է քննարկվել միայն այն դեպքում, եթե առաջարկվել է նվազագույնը 30 անդամի կողմից։ Երբ նախագահի պաշտոնանկության հարցը բարձրացնում է մի պալատը, մյուսը հետաքննում է մեղադրանքը կամ նույնն անում են պալատի սգտեղծած խորհուրդները։ Հետաքննող պալատը նախագահին կարող է հեռացնել, եթե իր անդամների ընդհանուր թվի ձայների նվազագույնը 2/3-ով միաժամանակ հաստատում է, որ նախագահը մեղավոր է և հանցանքի բանականաչափ լուրջ է նախագահին հեռացնելու համար։ Մինչ օրս Իռլանդիայում ոչ մի նապագահ պաշտոնանկ չի արվել։ Նախագահը հիմնականում արարողակարգային լիազորություններ է իրականացնում, որոնք կարևոր են համարվում և հավանական է, որ իմպիչմենտի համար հիմքերի առկայության դեպքում նախագահը հրաժարական կներկայացնի։ Դատավորները ևս Իռլանդիայում պաշտոնանկ են արվում խորհրդարանի 2 պալատների համատեղ որոշմամբ։ Սակայն այս ընթացակարգն իրականում բուն իմպիչմենտից տարբերվում է։

Իտալիայի Սահմանադրության 90-րդ հոդվածի համաձայն՝ Իտալիայի նախագահը կարող է պաշտոնանկ արվել խորհրդարանի մեծամասնության ձայներով՝ հայրենիքի դավաճանության ու սահամանդրությունը շրջանցելու փորձի հիմքերով։ Այնուհետև հարցը քննում է Սահմանադրական դատարանը՝ 40 տարին լրացած 40 դատավորի կազմով, որոնք ընտրվում են 9 տարին մեկ անգամ Խորհրդարանի կողմից։ Իտալական մամուլն ու քաղաքական ուժերը իմպիչմենտ անունն են տվել խորհրդարանական հակադրության 2 փորձերին։ Դրանցից առաջինը 1991 թվականին կիրառվեց նախագահ Ֆրանսեսկո Կոսսիգայի նկատմամբ, երկրորդը՝ 2014 թվականին Ջիորջիո Նապոլիտանոյի նկատմամբ։ Ինչևէ, այս փորձերն անհաջողությամբ են ավարտվել։

Լիխտենշտեյնի կառավարության անդամները Դաշնային դատարանի առջև կարող են իմպիչմենտի ենթարկվել Սահմանադրության և այլ օրենքների խախտման հիմքով[10]:Հոդված 62։ Քանի որ այստեղ կառավարման ձևը ժառանգական միապետությունն է, միապետը պաշտոնանկ չի կարող արվել, քանի որ իրավական պատասխանատվություն չի կրում և նրա գործունեությունն ընդդատյա չէ դատարաններին"[10]:Article 7։ Պաշտոնանկ չի կարող արվել նաև արքայական խորհրդի անդամը, որը կատարում է պետության գլխի գործառույթը արքայազնի կողմից ժամանակավոր անաշխատունակության դեպքում[10]:Հոդված 7։

Լիտվայի Հանրապետությունում նախագահին իմպիչմենտի կարող են ենթարկել Սեյմասի՝ խորհրդարանի ձայների 3/5-ով[11]։ Նախագահ Ռոլանդաս Փասկասը ինպիչմենտի միջոցով պաշտոնից հեռացվել է 2004 թվականի ապրիլի 6-ին՝ այն բանից հետո, երբ Լիտվայի Սահմանադրական դատարանը նրան մեղավոր ճանաչեց սահմանադրությունն ու իր երդումը խախտելու մեջ։ Նա իմպիչմենտի ճանապարհով պաշտոնից հեռացված եվրոպական առաջին նախագահն էր[12]։

Կառավարության անդամները, ազգային ժողովի՝ Ստորտինգետի պատգամավորները և Գերագույն դատարանի անդամները ինպիչմենտի կարող են ենթարկվել Նորվեգիայում քրեական հանցագործությունների ու պաշտոնեական պարտականությունների չարաշահման հիմքով՝ համաձայն 1814 թվականին ընդունված Սահմանադրության 86 և 87 հոդվածների։ Ընթացակարգային կանոններն ընդունվել են ԱՄՆ—ի օրենսդրության հիման վրա և բավականին նման են ԱՄՆ-ում իմպիչմենտի կանոններին։ 1814 թվականից իմպիչմենտ է կիրառվել 8 անգամ։ Վերջինը տեղի է ունեցել 1927 թվականին։

2008 թվականի օգոստոսի 8-ին երկրի իշխող կոալիցիան հայտարարեց Պակիստանի նախագահ Պերվես Մուշարրաֆին իմպիչմենտի ենթարկելու մասին՝ նշելով, որ վերջինս չարաշահել է ժողովրդի վստահությունը։ Խորհրդարանը մեծ ճնշում գործադրեց վերջինիս վրա։ Նախագահը 2008 թվականի օգոստոսի 18-ին հրաժարական տվեց։ Իմպիչմենտի մեկ այլ եղանակ է քիչ վստահության համար քվեարկությունը հակամարտությունների դեպքում և օգտագործվում է տեղական խորհուրդների կողմից ազգային խորհդուրդը թուլացնելու համար։ Նախագահին իմպիչմենտի ենթարկելը պահանջում է օրենսդիրների ընդհանուր առնվազն 2/3-ի համաձայնությունը։

Ֆիլիպիններում իմպիչմենտի ընթացակարգը նման է ԱՄՆ-ի ընթացարակգին։ Սահմանադրության 2-րդ և երրորդ գլուխների համաձայն՝ ներկայացուցիչների պալատն իրավունք ունի իմպիչմենտի ենթարկել նախագահին ու փոխնախագահին, Գերագույն դատարանի անդամներին, սահմանադրական խորհրդի անդամներին, Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամներին ու Աուդիտի խորհրդին, ինչպես նաև Ֆիլիպինների օմբուդսմենին։ Երբ ձայների 1/3-ով ընդունվում է որոշում իմպիչմենտի հոդվածները հաստատելու մասին, հարցը տեղափոխվում է Ֆիլիպինների սենատ, որը, որպես իմպիչմենտի դատարան, քննարկում և լուծում է հարցը[13]։

ԱՄՆ-ից հիմնական տարբերությունն այն է, որ նախագահին պաշտոնանկ անելու համար պահանջվում են պալատի անդամների 1/3-ի ձայները։ Սենատում մի քանի ընտրված անդամներ հանդես են գալիս որպես դատախազներ, նախագահի խպաշտոնանկության դեպքում նիստը նախագահում է Գերագույն դատավորը։ ԱՄՆ-ի նման որոշումն ընդունելու համար պահանջվում է ձայների առնվազն 2/3-ը։ Եթե իմպիչմենտի փորձն անհաջող է կամ պաշտոնյան արդարացվում է, նրա դեմ իմպիչմենտի փորձ մեկ տարվա ընթացքում այլևս չի կարող կիրառվել։

Հիմքեր և պաշտոնանկության ենթակա պաշտոնյաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականի Սահմանադրությունը նշում է, որ իմպիչմենթի հիմքերն են սահմանադրության կոպիտ խախտումը, կաշառք վերցնելը և տալը, հասարակական վստահության չարաշահումը։ Այս իրավախախտումները համարվում են ծանր հանցագործություն։ Իմպիչմենտի ենթակա են նախագահըմ փոխնախագահը, Գերագույն դատարանի դատավորները, Սահմանադրական հանձնաժողովի անդամներն ու Օմբուդսմենը։

Պաշտոնանկության ընթացակարգն ու փորձերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմպիչմենտի ենթարկված առաջին պաշտոնյան նախագահ Յոզեֆ Էստրադան էր, ով իմպիչմենտի ենթարկվեց խորհրդարանի կողմից 2000 թվականին։ Նա պաշտոնանկ արվեց 2001 թվականի EDSA հեղափոխությունից մի քանի օր անց։ 2005, 2006, 2007, 2008 թվականին իմպիչմենտի փորձեր են եղել նախագահ Գլորիա Մակաբագալ-Արրոյոյի դեմ, բայց այս փորձերից ոչ մեկի ժամանակ չապահովվեց ձայների 1/3-ը, և իմպիչմենտը ավարտին չհասավ։ 2011 թվականին Ներկայացուցիչների պալատը իմպիչմենտ կիրառեց օմբուդսմեն Մերսեդիտաս Գուտիերրեզի նկատմամբ։ Վերջինս դարձաց իմպիչմենտի ենթարկված երկրորդ անձնավորությունը։ Ապրիլին նա հեռացվեց պաշտոնից։ 2011 թվականի դեկտեմբերին ներկայացուցիչների պալատի 285 անդամներից 188-ը իմպիչմենտի նախագիծ առաջարկեց ընդդեմ Գերագույն դադարանի գլխավոր դատավոր Ռենատո Կարոնայի։ 3 պաշտոնյաներ հաջողությամբ պաշտոնանկ արվեցին, երկուսը չմեղադրվեցին։ Վերջինը՝ Ռենատո Կարոնան, 2012 թվականի մայիսի 12-ին Սենատի կողմից մեղավոր ճանաչվեց հասարակական վստահությունը չարաշահելու մեջ։

Լեհական իրավունքում իմպիչմենտի ընթացակարգը չի բնորոշվում այնպես, ինչպես մյուս երկրներում։ Լեհաստանում Պետական դատարանը ունի անհատների պետական պաշտոնից հեռացնելու իրավունք, բայց սա ավանդական իմպիչմենտը չէ։

Ռումինիայի նախագահը կարող է պաշտոնանկ արվել Ռումինիայի խորհրդարանի կողմից։ Այնուհետև նա հեռացվում է պաշտոնից, տեղի է ունենում հանրաքվե այս հարցով։ Նախագահ Թրայան Բասեսկուն խորհրդարանի կողմից երկու անգամ իմպիչմենտի է ենթարկվել՝ 2007 և 2012 թվականներին։ 2007 թվականի մայիսին տեղի ունեցած՝ նախագահին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ հանրաքվեն ձայների մեծամասնությամբ դեմ արտահայտվեց նախագահի պաշտոնանկությանը։ 2012 թվականի հանրաքվեն անվավեր ճանաչվեց մասնակիցների փոքր թվի պատճառով։

Ռուսաստանի նախագահը կարող է պաշտոնանկ արվել Պետական դումայի կողմից։ Իմպիչմենտի ընթացակարգն իրականացվում է հատուկ հետաքննող հանձնաժողով ստեղծելու միջոցով։ Նախագահը պաշտոնանկ կարող է արվել նաև Ռուսաստանի դաշնային խորհրդի ձայների առնվազն 2/3-ով, Ռուսաստանի գերագույն դատարանի կողմից պաշտոնանկ կարող է արվել,եթե վերջինս նախագահին մեղավոր է ճանաչում հայրենիքի դավաճանության կամ այլ ծանր հանցագործության մեջ։ Սահմանադրական դատարանը պատասխանում է իմպիչմենտի ընթացակարգի՝ սահմանադրությանը համապատասխանելու հարցին։ 1995-1999 թվականներին Դուման մի քանի փորձ արեց նախագահ Բորիս Ելցինին, բայց բավարար չափով ձայներ չհավաքվեցին։

Բրիտանական համակարգի նման ԱՄՆ սահմանադրությունը ևս միայն Ներկայացուցիչների պալատին է տալիս նախագահին պաշտոնանկ անելու լիազորությունը և միայն Սենատին՝ կառավարության անդամներին պաշտոնանկ անելու լիազորությունը։ Ի հակադրություն բրիտանական համակարգի՝ ԱՄՆ—ում իմպիչմենթն ունի միայն երկու փուլ, մեղադրանք առաջադրելու համար պահանջվում է ձայների ընդհանուր թվի 2/3-ը։ Իմպիչմենտը անհրաժեշտորեն չի հանգեցնում պաշտոնից հեռացմանը․ այն միայն մեղադրանք արտահայտելու ձև է և կարելի է այն դիտել որպես քրեական իրավունքի մեղադրանք հասկացության հոմանիշ։ Իմպիչմենտի ենթարկված անձը ստանում է երկրորդ օրենսդիր ձայնը կամ նույն կամ այլ մարմնի կողմից, ինչը կամ վերջնական մեղադրանք է առաջադրում, կամ ձախողում մեղադրանք առաջադրելը։ Շատ նահանգների սահմանադրություններ մեղադրանքի համար պահանջում են որակյալ մեծամասնություն։ Չնայած մեղադրանքի օբյեկտը քրեական հանցագործությունն է, այն քրեական դատավարության կանոններով չի քննվում․ քննարկման ենթակա միակ հարցն անհատին իր զբաղեցրած պաշտոնից հեռացնելն է և հետագայում նրա կողմից քաղաքական պաշտոն զբաղեցնելն արգելելը։

Պաշտոնանկության հիմքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրությունը իմպիչմենտը բնորոշում է դաշնային մակարդակում և սահմանում, որ իմպիչմենտ կարող է կիրառվել նախագահի, փոխնախագահի և ԱՄՆ քաղաքական բոլոր պաշտոնյաների նկատմամբ։ Հիմքերն են պետական դավաճանությունը, կաշառքը, այլ ծանր հանցագործությունները[14]։ Որոշ մեկնաբաններ առաջարկում են, որ միայն Կոնգրեսը որոշի ծանր հանցանքների շրջանակը, հատկապես Նիքսոնի գործից հետո, երբ սահմանվեց, որ Գերագույն դատարանը լիազորություն չունի Սենատի գործողությունները գնահատելու[15]։

Պաշտոնանկության ենթարկվող պաշտոնյաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմպիչմենտի վերաբերյալ սահմանադրական վեճի կենտրոնական հարցերից մեկն այն է, թե արդյոք Կոնգրեսի անդամները ԱՄՆ-ում համարվում են պաշտոնյաներ։ Սահմանադրությունը թույլ է տալիս պաշտոնանկ անել Նախագահին, փոխնախագահին և ԱՄՆ բոլոր քաղաքական պաշտոնյաներին[14]։ Առաջարկվում է այն տեսակետը, որ կոնգրեսի անդամները պաշտոնյաներ չեն։ Մյուսներն էլ նրանց համարում են քաղաքական պաշտոնյաներ և իմպիչմենտի ենթակա անձինք։

1798 թվականին Ներկայացուցիչների պալատը իմպիչմենտի նախագիծ առաջադրեց սենատոր Ուիլյամ Բլաունթի նկատմամբ[16]։ Ինչևէ, նրա իմպիչմենտի հարցի լսումներից հետո մեղադրանքը հանվեց ապացույցների պակասի պատճառով[17]։ Չլուծված մնաց այն հարցը, թե արդյոքն Կոնգրեսի անդամները համարվում են քաղաքական պաշտոնյաներ ԱՄՆ-ում։

Պաշտոնանկությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2015 թվականի խմբագրությամբ Հայաստանի Սահմանադրության՝ նախագահի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել պաշտոնանկության ճանապարհով։ Սահմանադրությունը պաշտոնանկության հիմք է համարում պետական դավաճանությունը կամ այլ ծանր հանցագործություն կատարելը, ինչպես նաև Սահմանադրության կոպիտ խախտումը։ Մինչև Ազգային ժողովի կողմից նախագահի պաշտոնանկության ընթացակարգը սկսելը՝ Սահմանադրական դատարանը իր եզրակացությամբ պետք է հաստատի Սահմանադրության կոպիտ խախտում կատարելը, պետական դավաճանություն կամ այլ ծանր հանցագործություն կատարելը։ Պաշտոնանկության բուն ընթացակարգը բաղկացած է երկու փուլից․

  1. Նախագահին պաշտոնանկ անելու նախագիծ կարող է ներկայացնել ԱԺ խմբակցությունը։ Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունում Սահմանադրական դատարան դիմելու մասին՝ վերջինիս եզրակացությունը ստանալու համար։ Մինչ Սահմանադրական դատարանի եզրակացությունը ստանալը հարցի քննարկումը Ազգային ժողովում ընդմիջվում է։ Եթե Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը Ազգային ժողովում չի ընդունվում, հարցը հանվում է քննարկումից, նախագիծը՝ շրջանառությունից, և Նախագահին նույն հիմքով պաշտոնանկ անելու նախագիծ այլևս չի կարող ներկայացվել[18]։ Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությամբ նշվում է, որ Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը համարվում է ավարտված և հանվում է Ազգային ժողովի քննարկումից։
  2. Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը կայացվում է Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով՝ գաղտնի քվեարկությամբ։ Ազգային ժողովի նախագահը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու որոշումը ստորագրում և հրապարակում է անհապաղ[19]։

2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովը իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, 6 տարի ժամկետով նշանակում է ՀՀ գլխավոր դատախազին[20], Կենտրոնական բանկի նախագահին և խորհրդի անդամներին[21], Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և 7 անդամներին[22], Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին[23], Հաշվեքննիչ պալատի նախագահին և մյուս անդամներին[24]։ Ձայների 3/5-ով այս պաշտոնյաներին Ազգային ժողովը ձայների առնվազն 3/5-ով կարող է պաշտոնանկ անել Սահմանադրության պահանջները խախտելու դեպքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Demeter, George (1969). Demeter's Manual of Parliamentary Law and Procedure, 1969 ed., p. 265
  2. Andrew Jacobs (2016 թ․ ապրիլի 17). «Brazil's Lower House of Congress Votes for Impeachment of Dilma Rousseff». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. Jonathan Watts in Brasília. «Dilma Rousseff suspended as senate votes to impeach Brazilian president | World news». The Guardian. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. «Brazil's Dilma Rousseff to face impeachment trial - BBC News». Bbc.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. Ústava České republiky. Psp.cz. Retrieved on 2013-07-12.
  6. [1]. Bbc.com. Retrieved on 2016-10-23.
  7. [2]. Radio.cz
  8. Ústava České republiky. Psp.cz. Retrieved on 2016-10-23.
  9. 9,0 9,1 «Basic Law of Hong Kong». basiclaw.gov.hk. Hong Kong Special Administrative Region Government. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Constitution of the Principality of Liechtenstein» (PDF). hrlibrary.umn.edu. Legal Service of the Government of the Principality of Liechtenstein. 2003. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  11. «The Constitution of the Republic of Lithuania». Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  12. «Lithuanian Parliament Removes Country's President After Casting Votes on Three Charges». New York Times. 2004 թ․ ապրիլի 7. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  13. Chan-Robles Virtual Law Library. «The 1987 Constitution of the Republic of the Philippines - Article XI». Վերցված է 2008 թ․ հուլիսի 25-ին.
  14. 14,0 14,1 U.S. Constitution, Article II, Section 4
  15. Illinois Institute of Technology, Chicago-Kent School of Law. «Nixon vs. United States». Illinois Institute of Technology, Chicago-Kent School of Law. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  16. Senate List of Impeachment trials
  17. The First Impeachment by Buckner F. Milton
  18. ԱԺ կանոնակարգ օրենք, հոդված 152, մաս 3-րդ
  19. Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք, գիրք երկրորդ, 6-րդ լրամշակված հրատարակություն, Երևան, Տիգրան Մեծ 2016, էջ 275
  20. ՀՀ Սահմանադրություն, հոդված 177
  21. ՀՀ Սահմանադրություն, հոդված 201
  22. ՀՀ Սահմանադրություն, հոդված 215
  23. ՀՀ Սահմանադրություն, հոդված 197
  24. ՀՀ Սահմանադրություն, հոդված 199
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 329