Լահոր, քաղաք Պակիստանիհյուսիս-արևելքում, Ռավի գետի ձախ ափին։ Փենջաբ գավառի վարչական կենտրոնն է, տրանսպորտային հանգույց։ Մեծությամբ և տնտ. նշանակությամբ երկրի երկրորդ քաղաքն է՝ Կարաչիից հետո։ Մոտ 2 միլիոն բն. (1971)։ Կան տեքստիլ, սննդի, ռետինատեխնիկական, կաշվիկոշկեղենի արդյունաբերության, ինչպես նաև մետաղամշակման և մեքենաշինական ձեռնարկություններ, ՋԷԿ։ Արհեստագործության հնագույն կենտրոն է։ Ունի համալսարան, քոլեջներ։ Հիմնադրվել է մեր թվարկության սկզբին։ Լահոր հարուստ է 16 -17 դարերին ճարտապետական հուշարձաններով։ Քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող հզոր պատերով և աշտարակներով շրջափակված ամրոցը (1570-ական թվականների.) ընդգրկում է պալատական համալիրներ (Զահանգիրի պալատը, 1617, ճարտարապետ՝ Աբդուլ Քարիմ), Մարգարտյա մզկիթը (1645) և այլ կառույցներ։ Ամրոցից հվ. «Հին քաղաքն» է, որտեղ պահպանվել են Վեզիր Խանի (1634) և Ոսկե (1753) մզկիթները։ 19-րդ դարի կառուցվել են ոճով էկլեկտիկ, մոտիվներով ազգային շենքեր (թանգարան, համալսարան և այլն), 1947-ից հետո՝ Արվեստի ազգային կոլեջը, գրասենյակների 10- հարկանի շենքը (1962—1965) են։ Լահորից 8 կմ արլ. Շալիմարի այգիներն են (1637, ճարտարապետ՝ Ալի Մարդան Խան)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 477)։