Լուսինյաններ
Լուսինյաններ | |
---|---|
Տեսակ | արքայատոհմ և ազնվական տոհմ |
Երկիր | Կիլիկյան Հայաստան |
Տիրույթներ | Շերվյոյի ամրոց և tour Mélusine? |
Տիտղոսներ | թագավոր |
Հիմնադիր | Hugh I of Lusignan? |
Հիմնում | 1192 |
Ավարտ | 1489 |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Դավանանք | Քրիստոնեություն |
Լուսինյաններ, արքայական հարստություն Կիպրոսի թագավորությունում (1192-1489) և Կիլիկիայի հայկական թագավորությունում (փաստացի՝ 1341-1362, 1373-1375, տիտղոսակիր՝ 1375-1489)։ Որպես խաչակիր ասպետներ, նախ հաստատվել էին Պաղեստինում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսինյանների իշխան Գյուին կամ Գվիդոնը, որը Բալդուին I (Երուսաղեմի արքա) (Baudouin de Boulogne) թագավորի փեսան էր, նրանից ժառանգեց Երուսաղեմի գահը։ 1187 թվականին Գվիդոնին հաղթեց և գերվեց Եգիպտոսի սուլթան Սալահ ալ–Դինի կողմից, սակայն Անգլիայի միջնորդությամբ ազատվեց և կարգվեց Կիպրոսի թագավոր՝ հիմնադրելով Լուսինյանների արքայատունը Կիպրոս 1192-1489 թվականներ։ Գվիդոնին հաջորդեց եղբայրը՝ Ամորին, իսկ նրան՝ որդին՝ Հենրիկոսը։ Վերջինիս գահաժառանգ որդի Ամորի Բ 1293 թվականին ամուսնացավ Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Գ Հեթումյանի դստեր՝ Զապելի հետ։
1310 թվականին Ամորի Բ–ի դավադրական սպանությունից հետո Զապելը հինգ զավակի հետ ապաստանեց Կիլիկիայի լատինամոլ թագավոր Լևոն Ե–ի արքունիքում։ 1342 թվականին Լևոն Ե-ն հանկարծամահ եղավ 22–ամյա հասակում՝ առանց գահաժառանգ թողնելու։ 1343 թվականին Զապելի կրտսեր որդի Գվիդոնը հայկական ծեսով օծվեց Կիլիկիայի Հայոց թագավոր՝ Կոստանդին Գ անունով։ Նրա լատինամոլ քաղաքականությունը սրեց դժգոհությունները երկրում։
1344 թվականին ժողովուրդն ապստամբեց՝ Օշին Բակուրան իշխանի գլխավորությամբ, Ադանայի պալատում սպանեց Գվիդոն–Կոստանդնին և կոտորեց նրան շրջապատող ֆրանսիական պալատականներին։ Լուսինյանների մյուս գահակալը Կիլիկիայում եղել է Կոստանդին Գ–ի եղբայր Ջիվանի որդին՝ Լևոն Զ, որը մոր հետ 1344 թվականին փախել է Կիպրոս։
1375 թվականին Եգիպտոսի սուլթանության զորքերը համառ կռիվներով գրավեցին Սիսը և գերեցին Լևոն Զ թագավորին, որը գերությունից ազատվեց Իսպանիայի թագավորի միջնորդությամբ։ Այնուհետև Կիպրոսի Լուսինյանները կրում էին նաև Կիլիկիայի Հայոց թագավոր տիտղոսը, որը հետագայում փոխանցվեց Սավոյների արքայատանը և մինչ օրս ներառված է նրանց տիտղոսաշարի մեջ։
Կիլիկիայի թագավորներ Լուսինյան արքայատոհմից
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոստանդին Գ (1344-1362)
- Լևոն Զ Լուսինյան (1373-1375)
- Գուգո Լանսելոտ դե Լուսինյան (1426-1427)
- Հակոբ (Ժակ) II դե Լուսինյան (1468-1474)
- Եկատերինա Կորնարո (1474-1489)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 696)։ |
|