Մարմնի երկարությունը 14,5-16 սմ է, թևերի բացվածքը՝ 22-29 սմ, կենդանի զանգվածը՝ 25-29 գ։ Մարմինը գեր է, կտուցը՝ հաստ, մուգ գույնի, գոտկատեղը և ներքնապոչը՝ սպիտակ։ Հասունի գագաթը, կզակը, թևերը և պոչը սև են, թևի միջին հատվածում կա բաց մոխրագույն շերտ։ Արուի մարմինը ներքևից և դեմքի ստորին մասը մուգ վարդագույն են, մեջքը՝ մոխրագույն։ Էգի մեջքը դարչնամոխրագույն է, մարմինը ներքևից՝ խամրած նարնջագույն-դարչնագույն։ Երիտասարդը նման է էգին, սակայն գլուխը և թևաշերտերը միատարր դեղնավուն դարչնագույն են։ Սովորական Խածկտիկները հանդիպում են զույգերով կամ փոքր խմբերով, թաքնվում են ցածրահասակ խիտ բուսաուտներում։
Սնվում է սերմերով, բույսերի բողբոջներով, որոշ անողնաշարավորներով։ Արուների վաղ գարնանային երգը (ոչ հաճախ երգում են նաև էգերը) և հարսանեկան զույգերի ձևավորումը՝ փետրվարի 2-րդ կեսից։ Ձվադրմանը պատրաստ բները գրանցվում են մարտի կեսերից մայիս-հունիս։ Բույնը գավաթաձև է՝ բարակ ճյուղերից։ Բնադրում է խիտ թփուտներում կամ ծառերին։ Տևում է 21 մմ տրամագծով, բաց կապույտ՝ դարչնագույն պտերով ու գծիկներով 4-5 ձու։ Թխսակալում է էգը՝ 13-15 օր։ Ձագերը հայտնվում են ապրիլի վերջին տասնօրյակում, բնից դուրս են գալիս 2 շաբաթականում, կերակրում են ծնողները։ Հուլիսի ընթացքում ձևավորվում են թռիչքին լավ տիրապետող երիտասարդ և հասուն թռչուններից կազմված խմբեր ու մեծ երամներ։ Գունագեղ փետրավորման, անազատ պայմաններին արագ ու հեշտ ընտելանալու շնորհիվ գեղագիտական որոշակի արժեք է ներկայացնում թռչնասերների շրջանում։
Դնում է երկնագույն 4 - 6 ձու, թխսում է հիմնականում էգը (13 - 15 օր)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 707)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։