Jump to content

Խոջիվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Խոջիվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՎրաստան Վրաստան Թբիլիսի
ԹեմՀայ Առաքելական եկեղեցի Վիրահայոց
ՀիմնադիրԱշխարհբեկ Բեհբուդյան,
Խատի Բեհբության,
Լալի
Ճարտարապետական ոճՀայկական
Հիմնադրված1655

Խոջիվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի էր ներկայիս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասի արևելյան կողմում գտնվող Խոջիվանքի գերեզմանատան կենտրոնում[1]։

Խոջիվանքի գերեզմանատունը (ետին մասում) և Հավլաբար հայկական թաղամասը, 1890-ական թվականներ

Ըստ եկեղեցու որմերին պահպանված և ժամանակին ընթերցված վիմագիր արձանագրությունների՝ այն 1655 թվականին կառուցել է Աշխարհբեկ Բեհբուդյանը իր կնոջ՝ Լալի և եղբոր՝ Խատի հետ միասին։ Վրաց արքունիքին մատուցված ծառայությունների համար Ա. Բեհբուդյանին կոչում էին Խոջա Բեհբուդ, իսկ նրա կառուցած եկեղեցին էլ սկսեց կոչվել «Խոջիվանք» ու վերածվեց տոհմական (Բեհբուդյանների) գերեզմանատան[1][2]։

Նորոգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1780 թվականին Բեհբուդյանների ժառանգները իրականացրել են Խոջիվանքի եկեղեցու վերանորոգման աշխատանքները[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոջիվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներսում թաղվում էին միայն Բեհբուդյան իշխանական տոհմի ներկայացուցիչները։ Հայտնի է, որ 1858 թվականին այնտեղ ամփոփվել է գեներալ Վասիլ Հովսեփի Բեհբութովի մարմինը[1][3]։

Սուրբ Աստվածածին եկեղեցուն արևմուտքից կից եղել է սրահ-տապանատուն և Բեհբուդյան ազգատոհմին պատկանող շիրմաքարեր[1]։

1936-1938 թվականներին Վրաստանի Կենտկոմի նախագահ Լավրենտի Բերիայի հրամանով և Թբիլիսիի քաղաքային իշխանությունների որոշմամբ սկսվեց ինչպես Խոջիվանքի գերեզմանատան, այնպես էլ նրա կենտրոնում կանգնած Սուրբ Աստվածածին եկեղեցու և մյուս բոլոր մատուռների ու դամբարանների ավերումը։ Ավերվեցին հարյուրավոր ականավոր հայերի գերեզմաններ, հիմքից կործանվեց Բեհբուդյանների կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցին[1][4]։

Եկեղեցին քանդվեց՝ առանց անհրաժեշտ լուսանկարներ և չափագրումներ կատարելու, իսկ հազարավոր տապանաքարեր, որպես հասարակ շինաքար, օգտագործվեցին Թբիլիսիի ամենատարբեր շինությունների, փողոցների մայթերի, պատերի ու աստիճանների կառուցման մեջ[1]։

Ուսումնասիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին, երբ եկեղեցին դեռևս կանգուն էր, հետազոտման ենթարկվեց Վրաստանում հուշարձանների պահպանության գծով տեսուչ՝ Չեյշվիլիի և արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ Գրիգոր Շարբաբչյանի կողմից։ Վերջինս հանգել էր այն եզրակացության, որ պահպանված որմնանկարները 17-րդ դարի գործ են, իսկ հեղինակը եղել է Վախթանգ VI թագավորի պալատական հայազգի հայտնի նկարիչ Նաղաշ Հովնաթանը[1]։

Եկեղեցու ուսումնասիրությամբ երկար տարիներ զբաղվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը անհատապես և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի շրջանակներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RAA գիտական ուսումնասիրություններ Գիրք II. Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները (1988-1999), Դիվան վավերագրերին և լուսանկարների Արխիվացված 2017-01-01 Wayback Machine, կազմող Սամվել Կարապետյան. ISBN 5-8080-0144-7 ԳՄԴ 85.113 (2Հ)
  2. П. М. Мурадян, Армянская эпиграфика Грузии. Тбилиси, Ереван, 1988, с. 96.
  3. Հայաստանի Հանրապետության Պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆոնդ 56, ցուցակ 1, գործ 3675, թերթ 1։
  4. Թեյմուրազ Բերիձե, … Եւ հայտնվեց Թբիլիսին (վրացերեն), Թբիլիսի, 1977, էջ 128-129։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]