Jump to content

Ծառուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուռուտ և կաղնուտ

Ծառուտ, անտառային ծառերի ու թփուտների համակեցություն, որն իր գնահատման տարրերով (կազմ, ձև, հասակ և այլն) կենսաբանորեն միատարր է և տարբերվում է շրջակա համակեցություններից։ Միատարր ծառուտը կազմված է 1 ծառատեսակից և կոչվում է դրա անունով, իսկ խառը ծառուտը՝ 2 և ավելի ծառատեսակներից և կոչվում է գլխավոր կամ գերիշխող տեսակի անունով։

Ծառուտների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառերի աճի և զարգացման առանձնահատկություններից ելնելով՝ առանձնացվում են ծառուտների հասակային 6 փուլ՝ մատղաշ, ձողանային, միջին տարիքի, հասունացող, հասուն և գերհասուն։ Առաջին 3 փուլերի բացարձակ տարիքը պայմանավորված է տվյալ տեսակի երկարակեցությամբ։ Ծառուտները լինում են պարզ, երբ ծառերի պսակը առաջացնում է 1 շարահարկի սաղարթ, և բարդ, երբ ծառերն առաջացնում են 2 և ավելի շարահարկերի սաղարթ։ Բարդ ծևերն ունեն բարձր արդյունավետություն ու բնապահպանական հատկություններ։

Ծառուտները լինում են բնական և արհեստական։ Բնական ծառուտները բազմանում են սերմնային և վեգետատիվ (կոճղաշիվային, արմատաընձյուղային) եղանակներով, արհեստական ծառուտները՝ ցանքի միջոցով՝ սերմնաբուսակների, տնկիների ու կտրոնների տնկման եղանակով։ Սերմնային ծագում ունեցող ծառուտներն օժտված են բարձր արդյունավետությամբ և երկարակեցությամբ։ Ծառուտների արդյունավետությունը պայմանավորված է ծառատեսակով, աճման միջավայրով և ծառերի խտությամբ։ Ծառուտի խտությունը որոշում են 1 հա-ում եղած ծառերի քանակով և բների հաստությամբ։ Ծառուտի խտության որոշումն ունի կարևոր նշանակություն անտառների հիմնադրման, խնամքի և հատումների համար։

Հայաստանի ծառուտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված են կաղնուտ, բոխուտ, կեչուտ, կաղնեբոխուտային և այլ ծառուտներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։