Կանխարգելում
Կանխարգելում, պրոֆիլակտիկա, առողջության ամրապնդան, հիվանդությունների նախազգուշացման և վերացման նպատակով կատարվող միջոցառումների ամբողջություն։ Տարբերում են անհատական և հասարակական կանխարգելում։ Անհատական կանխարգելումը ընդգրկում է անձնական հիգիենայի կանոնների պահպանումը կենցաղում և արտադրության մեջ, հասարակականը՝ կոլեկտիվի առողջության պահպանման նպատակով ձեռնարկվող միջոցառումների ամբողջ համակարգը։
Ժամանակակից կանխարգելման հասկացությունն ընդգրկում է պետական, հասարակական և բժշկական կոմպլեքս միջոցառումներ, որոնց նպատակն է վերացնել մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող գործոնները և ապահովել անհատի ֆիզիկական ու հոգեկան կարողությունների բազմակողմանի զարգացումը։ Հասարակական կանխարգելման իրականացումը պահանջում է օրենսդրական միջոցառումներ, նյութական զգալի ներդրումներ և պետական, բժշկական, արտադրական մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների ու կազմակերպությունների համատեղ գործունեություն։
Հիվանդությունների կանխարգելման գործում կարևոր են բնակչության առողջ խմբերի (երեխաներ, դեռահասներ, հղիներ, արտադրական ձեռնարկությունների բանվորներ) դիսպանսերացումը և բժշկական մասնագիտական ստուգումները, որոնք իրագործվում են պլանային ձևով։ Առողջապահական մարմինների և բժշկական անձնակազմի կանխարգելիչ գործունեության մասն է կազմում նաև սանիտարալուսավորական աշխատանքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 238)։ |