Կարմիր ջրիմուռներ (լատին․՝ Rhodophyta), ջրիմուռների բաժին։ Բազմաբջիջ կամ միաբջիջ օրգանիզմներ են։ Լինում են մուգ կարմիր, վարդագույն, դեղնավուն, պղնձակապտավուն գույնի, որը պայմանավորված է քրոմատոֆորներում պարունակվող d քլորոֆիլ (կանաչ), R-ֆիկո-էրիթրին (կարմիր) և R-ֆիկոցիան (կապտականաչ) պիգմենտներով։ Կարմիր ջրիմուռների մարմինը թելաձև է, թիթեղանման, երբեմն հատվածավորված է ցողունի և տերևանման օրգանների։ Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհով։ Զարգացման ընթացքում բնորոշ առանձնահատկություն է շարժական մտրակավոր փուլերի բացակայությունը և ինքնատիպ սեռական պրոցեսը։ Արական սեռական օրգաններում գոյանում են ոչ շարժունակ բջիջներ, որոնք ջրի միջոցով շարժվում են դեպի իգական սեռական օրգանները՝ կարպոգոնները։ Հայտնի է 600 ցեղ, 3750 տեսակ։ Ապրում են հիմնականում ծովերում, սակավ՝ քաղցրահամ ջրերում, հողում։ Բրածո ձևերը գտնվել են կավճի հասակի նստվածքներում։ Առանձին տեսակներից ագար-ագար, ագարոիդ են ստանում, պորֆիրա տեսակն օգտագործվում է որպես սնունդ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 335)։