Կովկասյան հովվաշուն
Կովկասյան հովվաշուն | |
---|---|
Տեսակ | շան ցեղատեսակ |
Այլ անուններ | Կովկասյան հովվաշուն |
Բնաշխարհ | ԽՍՀՄ |
Առանձնահատկություններ | |
Զանգված արու | 50-70 կգ |
Զանգված էգ | 45 կգ |
Հասակ արու | 68-75 սմ |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Կովկասյան հովվաշուն, ընտանի շան ցեղատեսակ։
Ցեղատեսակի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կովկասյան հովվաշունը շների հինավուրց ցեղատեսակ է, որը գոյություն ունի արդեն 2000 տարուց ավելի[1]։ Ծագել է կովկասյան հինավուրց շներից։ Հիմնականում տարածված է եղել Կովկասի լեռնային և նախալեռնային շրջաններում։
Ցեղատեսակը կազմավորվել է ոչ միայն բնական ընտրությամբ, այլ նաև կովկասյան ազգերի ավանդույթների ազդեցությամբ։ Սկզբնապես գործածվել են որպես հովվաշուն և տան պահապան։
Խոշոր չափի շների օգտագործման մասին առաջին հիշատակությունները վերաբերում են մթա I դարին, երբ հայոց արքա Տիգրան Բ Մեծ-ի զորաբանակում մասսայական բնույթ էր կրում դրանց կիրառումը։
Կովկասյան հովվաշան ծագման վերաբերյալ կա երկու վարկած։ Դրանցից մեկն այն է, որ այս շները առաջացել են Տիբեթյան շներից և նրանց մասին հիշատակվում է մթա 1121 թվականին։ Ըստ երկրորդ վարկածի, այս ցեղատեսակի հայրենիքը Ուրարտուն է[2]։ Կան շան պատկերներ, որոնք շատ նման են Կովկասյան հովվաշանը և որոնք ըստ երևույթին պահպանել են Ուրարտուի քաղաքներն ու ամրոցները։ Մթա VII դարում Ուրարտուի ծաղկման շրջանն էր և կարելի է ենթադրել, որ Կովկասյան հովվաշները արդեն իսկ գոյություն են ունեցել Կովկասում։
1765 թվականին Կովկասյան հովվաշները որպես պարեկային շներ, գործածվել են թուրքական բանակում։ Ռուսաստանի կողմից Կովկասի գրավման ժամանակ, հրամանատարության կողմից հատուկ հրամանով Կովկասյան հովվաշները ընդգրկվեցին պարեկային ծառայության՝ բոլոր ամրոցներում, որոնք գտնվում էին մարտական գործողությունների թատերաբեմում։
Ցեղատեսակի վրա աշխատանքները սկսվել են դեռևս 1920-ական թվականներին՝ ԽՍՀՄ-ում։
Ընդհանուր բնութագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ցեղատեսակի շներին հատուկ է ֆիզիկական ուժը, որի պատճառով հաճախ նրանց անվանում են գայլխեղդ կամ գելխեղդ (ռուս.` волкодав): Ինքնավստահ են և անվախ։ Ունեն զարգացած լսողություն և տեսողություն։ Համառ են, խիզախ ու վճռական։ Անծանոթներին չեն վստահում և հաճախ նրանց տեսնելիս դառնում են ագրեսիվ և չենթարկվող։ Երկարակյաց են, սակայն հակված են ճարպակալելուն և սրտի հետ կապված խնդիրներ ունենալուն։ Դիմացկունությունը թույլ է տալիս, որպեսզի ապրեն և աշխատեն համարյա բոլոր կլիմայական գոտիներում։ Մազածածկը խիտ է, կան երկարամազ, միջանկյալ և կարճամազ ենթատեսակներ։ Համարվում է խոշոր ցեղատեսակներից մեկը։
Ստանդարտների համաձայն, այս ցեղատեսակի ականջները կտրում են, քանի որ բնույթով լինելով ոչխարապահ, նրանք կարող են պաշտպանել հոտը գայլերից և այլ գիշատիչներից, ուստի կռվի ժամանակ բնազդաբար պաշտպանում են ականջները, որոնք նրա ամենացավոտ կողմն են։ Շան փոքրիկ ձագի ականջները կտրելու սովորույթը տարածված էր հին հովիվների մոտ` նկատի ունենալով հետագայում նրանց ընդհարումը գիշատիչների հետ։ Սակայն այժմ այդ սովորույթը հազվադեպ է կիրառվում։
Կովկասյան հովվաշան մնդավի բարձրությունը լինում է 68-75 սմ (արու) և 64 սմ (էգ), քաշը՝ 50-70 կգ (արու) և 45 կգ (էգ)։ Գույնը հիմնականում գորշ (գայլային), կան նաև շիկագույն, սպիտակ և այլ գույների։
Մեծ մասսայականություն է վայելում Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Դաղստանում, ինչպես նաև կովկասյան այլ ժողովուրդների շրջանում։ Ունի մի քանի ենթատեսակներ՝ վրացական, հայկական և այլն։ Ցեղատեսակի հայկական ենթատեսակներից է Կարսի հովվաշունը, որն արդեն իսկ դիտվում է որպես առանձին ցեղատեսակ՝ Հայկական գամփռ կամ պարզապես Գամփռ անվանումով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասյան հովվաշուն» հոդվածին։ |
|