Jump to content

Հայաստանի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի տնտեսություն
ԱրժույթՀայկական դրամ
Առևտրային կազմակերպություններԱԱԳ, ԵՏՄ, ԱՀԿ
Վիճակագրություն
Բնակչություն2,991,200 (2024 հունվար)
ՀՆԱ $24,218 միլիոն (2023)
ՀՆԱ-ի աճ +8.3% (2023)
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով $8,170 (2023) $52,733 (PPP, 2022)
Գնաճ (ՍԳԻ)2.0% (2023)
Աղքատության շեմից ցածր բնակչությունDecrease 24.8% (2022)
Ջինիի գործակից27.9 (2022)
ԳործազրկությունDecrease13.5% (2022)
Արտաքին
Արտահանում$8,415 (2023)
Արտահանվող ապրանքներպղինձի հանքաքար, ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, ոսկու փոշի, ֆեռոմոլիբդեն, ալյումինե փայլաթիթեղ
Արտանհանման հիմնական գործընկերներՌուսաստան Ռուսաստան 40.4%
ԱՄԷ ԱՄԷ 26.6%
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 5.1%
Հոնկոնգ Հոնկոնգ 8.0%
Նիդերլանդներ Նիդերլանդներ 2.8%
(2023)
Ներկրում$12,308 միլիոն (2023)
Ներկրվող ապրանքներբնական գազ, նավթ և նավթամթերք, դեղամիջոցներ, հումք, մեքենաներ ու սարքավորումներ
Ներկրման հիմնական գործընկերներՌուսաստան Ռուսաստան 32.3%
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 13.5%
Գերմանիա Գերմանիա 4.0%
Իտալիա Իտալիա 2.9%
Թուրքիա Թուրքիա 2.8%
(2023)
Օտարերկրյա ուղղակի ներդրումենրի ծավալ$443 մլն (2023)
Պետական ֆինանսներ
Պետական պարտք ՀՆԱ֊ի 50.5% (2023)
Եկամուտ2.4 տրիլիոն դրամ (2023)
Ծախսեր2.6 տրիլիոն դրամ (2023)
Արտաքին պաշարներ$3,606 մլն (2023 դեկտեմբեր)

Հայաստանը գտնվում է Ասիայի արևմտյան մասում, հյուսիսում և արևելքում սահմանակից է Վրաստանի և Ադրբեջանի հետ, արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Թուրքիայի և Իրանի հետ։

Խորհրդային Միության փլուզման հաջորդած մի քանի տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն զգալի անկում ապրեց, ինչը պայմանավորված էր ինչպես ԽՍՀՄ փլուզմամբ առաջացած տնտեսական դժվարություններով, արդյունաբերության ու գյուղատնտեսության անկմամբ, արտագաղթով, այնպես էլ Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությամբ, հարևան Թուրքիայի հետ փակ սահմաններով և այլ հանգամանքներով։  Այդ ժամանակաշրջանում Հայաստանի ՀՆԱ-ն տատանվում էր 1-2 միլիարդ ԱՄՆ դոլարի միջակայքում։ Հայաստանի տնտեսական վիճակը բարելավվեց հաջորդող տասնամյակում։ 2000-ականներին Հայաստանը գրանցում էր ՀՆԱ-ի տարեկան երկնիշ աճ, ինչի շնորհիվ երկիրն առաջ անցավ ԱՊՀ ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի համադրելի երկրներից։ 2000-2008 թվականներին Հայաստանի դոլարային ՀՆԱ-ն աճել է ավելի քան 6 անգամ՝ 1.9 միլիարդ ԱՄՆ դոլարից հասնելով 11.7 միլիարդ դոլարի (պայմանավորված նաև ազգային արժույթի արժևորմամբ)՝ աշխարհում բարելավելով իր դիրքը շուրջ 30 տեղով[1]։ 2023 թվականին ՀՆԱ-ն կազմել է 9.5 տրիլիոն դրամ կամ 24.2 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2022 թվականի 8.5 տրիլիոն դրամի կամ 19.5 մլրդ ԱՄՆ դոլարի փոխարեն[2]։

Հայաստանի մեկ շնչին ընկնող եկամտի ցուցանիշը անկախացումից ի վեր շարունակել է աճել (անկում է գրանցվել 2009 և 2016 թվականներին)՝ 2018 թվականին գերազանցելով 4000 ԱՄՆ դոլարի սահմանը և դրանով իսկ միջինից ցածր եկամուտներ ունեցող երկրների շարքից տեղափոխվելով միջինից բարձր եկամուտներ ունեցող երկրների շարք՝ համաձայն Համաշխարհային բանկի դասակարգման[3]։

Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքներն են պղնձի հանքաքարը, ծխախոտը, ոգելից խմիչքները և ոսկին։ Հայաստանը հիմնականում ներմուծում է բնական գազ, նավթ և նավթամթերք, դեղամիջոցներ, հումք, մեքենաներ ու սարքավորումներ։

Հայաստանի արժույթը հայկական դրամն է, որը շրջանառության մեջ է դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ից։ Ազգային արժույթի թողարկման բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի կենտրոնական բանկին։

Հայաստանի կենտրոնական բանկը վարում է ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն, ինչը համահունչ է ազատականացված կապիտալի հաշվի գործարքների և անկախ դրամավարկային քաղաքականության իրականացման սկզբունքներին։

«Heritage» հիմնադրամի կողմից Տնտեսական ազատության ինդեքսի 2020 թվականի զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ տեղը և դասակարգվել որպես «հիմնականում ազատ»՝ բարելավելով իր դիրքը 13 կետով։ Սա ԵԱՏՄ և ԵՄ տնտեսություններից շատերի (Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Բելգիա և այլ երկրներ) համեմատ բավական բարձր ցուցանիշ է։ Համաշխարհային մրցունակության ինդեքսի 2019 թվականի զեկույցում Հայաստանը 141 տնտեսություններից 69-րդ տեղում է[4]։

Համախառն ներքին արդյունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՆԱ-ի իրական ծավալի փոփոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի իրական ՀՆԱ փոփոխությունը տարեկան կտրվածքով 1993-2023 թվականների համար
Աղքատության ցուցանիշը Հայաստանում՝ ըստ մարզերի և Երևան քաղաքի, 2021

Հայաստանի տնտեսությունը 2000-ականնների ընթացքում դրսևորել է կայուն աճի վարքագիծ։ Այս ժամանակահատվածում գերազանցապես գրանցվել են միջին աճի երկնիշ ցուցանիշներ։ Տնտեսության գրեթե բոլոր հատվածները նպաստել են 2004-2008 թվականների ընթացքում մեծացող միջին աճին (11.6%), hատկապես նկատելի է եղել շինարարության աճի բարձր տեմպը, որն ապահովել է 2008 թվականի ՀՆԱ-ի աճի 39.1%-ը և ՀՆԱ-ի կառուցվածքում դրա տեսակարար կշիռն աճել է մինչև 25.3%[5]:

Սակայն, գլոբալ տնտեսական ճգնաժամը հարվածեց նաև Հայաստանի տնտեսությանը։ Ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը, արտաքին պահանջարկի և կապիտալ հոսքերի ծավալների անկման էֆեկտը սկսեց զգացվել 2008 թվականի չորրորդ եռամսյակից։ Ներդրումները նվազում էին մեծացող տեմպով, իսկ բնակելի շենքերի շինարարության հատվածն ամենամեծ տուժողը հանդիսացավ տնտեսական միջավայրի կտրուկ փոփոխության արդյունքում։ 2009 թվականի արդյունքներով խոր անկում արձանագրվեց՝ ամենամեծ անկումը 1991-ից ի վեր։ Համաշխարհային բանկի կանխատեսած իրական ՀՆԱ-ի 11% անկման դիմաց 2009 թվականին գրանցվեց 14.1% անկում, որին սկսեց հաջորդել դանդաղ վերականգնում՝ սկսած 2010 թվականից (ՀՆԱ՝ 2.2%):

2020 թվականին Հայաստանի տնտեսությունը կրել է միմյանց հաջորդած երկու շոկերի՝ կորոնավիրուսային համավարակի և ռազմական դրության ազդեցությունները։ Համավարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացված միջոցառումների, տարեվերջի ռազմական դրության և դրանց հաջորդած անորոշությունների բարձր մակարդակի պայմաններում 2020 թվականին Հայաստանում արձանագրվել է 7.4% անկում։

2022 թվականի Հայաստանի տնտեսության համար դրական շոկային ազդեցություն է ունեցել Ռուս-Ուկրաինական պատերազմը։ Պատերազմի հետևանքով դեպի Հայաստան կապիտալի և աշխատուժի ներհոսքը, ինչպես նաև Հայաստանից Ռուսաստան արտահանման աճը, որը հիմնականում տեղի է ունեցել վերաարտահանման հաշվին, նպաստել են Հայաստանի տնտեսության 12.6% աճին։

2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 9,453.2 մլրդ դրամ կամ 24 մլրդ ԱՄՆ դոլար, բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել էր 3,189,115 դրամ կամ 8,126 դոլար[2]։

ՀՆԱ-ի արտադրության կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-2023 թվականների միջին տվյալներով Հայաստանի տնտեսությունում ստեղծված ավելացված արժեքի 14.2%-ն ապահովում է գյուղատնտեսությունը, 11.4%-ը` առևտրի ոլորտը, 10.6%-ը՝ մշակող արդյունաբերությունը, շուրջ 8%-ը ապահովում է շինարարության ոլորտը իսկ հնգյակը եզրափակում է անշարժ գույքի հետ կապված գործունեությունը՝ 8.0%-ով[6]։

ՀՆԱ-ի արտադրությունը  ըստ ՏԳՏԴ խմբ․ 2 դասակարգման (ընթացիկ գներով, մլն դրամ/տոկոսներով ընդամենի նկատմամբ)[6]
2019 2020 2021 2022 2023
Համախառն ներքին արդյունք (շուկայական գներով) 6,543,322 100.0 6,181,903 100.0 6,991,778 100.0 8,501,436 100.0 9,453,175 100.0
Մշակող արդյունաբերություն 766,321 11.7 763,150 12.3 771,304 11.0 961,111 11.3 998,040 10.6
Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն 754,158 11.5 701,634 11.3 793,116 11.3 881,866 10.4 801,777 8.5
Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում 762,888 11.7 669,965 10.8 770,436 11.0 985,388 11.6 1,200,626 12.7
Անշարժ գույքի հետ կապված գործունեություն 511,656 7.8 429,054 6.9 525,253 7.5 672,230 7.9 794,926 8.4
Շինարարություն 415,445 6.3 427,067 6.9 455,201 6.5 578,581 6.8 654,083 6.9
Ֆինանսական և ապահովագրական գործունեություն 395,158 6.0 430,476 7.0 416,144 6.0 680,902 8.0 701,220 7.4
Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում 301,324 4.6 333,840 5.4 474,051 6.8 466,978 5.5 524,799 5.6
Պետական կառավարում և պաշտպանություն,պարտադիր սոցիալական ապահովագրություն 294,714 4.5 346,828 5.6 356,835 5.1 403,109 4.7 507,151 5.4
Մշակույթ, զվարճություններ և հանգիստ 363,340 5.6 304,970 4.9 217,431 3.1 216,955 2.6 272,671 2.9
Տեղեկատվություն և կապ 218,430 3.3 235,247 3.8 258,845 3.7 385,638 4.5 508,475 5.4
Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում 212,868 3.3 239,210 3.9 386,785 5.5 321,277 3.8 278,825 2.9
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում 205,511 3.1 202,365 3.3 202,361 2.9 255,239 3.0 244,997 2.6
Կրթություն 164,240 2.5 173,965 2.8 190,012 2.7 209,241 2.5 239,262 2.5
Փոխադրումներ և պահեստային տնտեսություն 208,051 3.2 147,721 2.4 214,482 3.1 318,036 3.7 363,226 3.8
Կացության և հանրային սննդի կազմակերպում 123,527 1.9 69,333 1.1 106,665 1.5 164,877 1.9 215,924 2.3
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն 77,818 1.2 66,216 1.1 83,325 1.2 100,925 1.2 146,588 1.6
Սպասարկման այլ ծառայություններ 46,274 0.7 43,201 0.7 46,135 0.7 54,292 0.6 58,776 0.6
Վարչարարական և օժանդակ գործունեություն 61,238 0.9 37,760 0.6 48,731 0.7 60,860 0.7 81,273 0.9
Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում 33,828 0.5 26,027 0.4 27,685 0.4 33,096 0.4 33,692 0.4
Տնային տնտեսությունների գործունեություն որպես գործատու,տնային տնտեսություններում չտարբերակված ապրանքների և ծառայությունների արտադրություն սեփական սպառման համար 2,984 0.0 2,745 0.0 2,779 0.0 3,021 0.0 3,137 0.0

ՀՆԱ-ի ծախսային կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ՀՆԱ-ի ծախսային կառուցվածքում մեծ է սպառման կշիռը․ 2012-2023 թվականներին միջինում տարեկան ՀՆԱ 77.4%-ը ձևավորվում էր տնային տնտեսությունների և 12.7%-ը պետական հիմնարկների վերջնական սպառման ծախսերի հաշվին[6]։

ՀՀ ՀՆԱ ծախսային կառուցվածքը, 2019-2023 թվականներին

Տնտեսության ոլորտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության կարևո­րագույն ոլորտներից մեկն է։ 2014-2023 թվականների միջին տվյալներով այն ապահովել է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 13.4%-ը։ 2022 թվականին գյուղատնտեսության հաշվին ապահովվել է երկրի համախառն ներքին արդյունքի 10.4%-ը, իսկ 2023 թվականին՝ 8.4%-ը։

2022 թվականի տվյալներով Հայաստանում զբաղվածների 22%-ն ընդգրկված է գյուղատնտեսության ոլորտում[7]։

Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2023 թվականին կազմել է 948.0 միլիարդ դրամ, որի 52.8%-ը (500.4 միլիարդ դրամ) ձևավորվել է անասնաբուծական, 47.2%-ը (447.6 միլիարդ դրամ)՝ բուսաբուծական արտադրանքից[8]։

2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչության 36.0%-ը (1.07 միլիոն մարդ) բնակվում է գյուղական բնակավայրերում։ Վերջին տարիներին այս ցուցանիշը նվազման միտում ունի, մասնավորապես 2012-2021 թվականներին գյուղերում բնակչության թիվը նվազել է 3.0%-ով կամ շուրջ 31 հազարով[9]։

2021 թվականին ագրոպարենային ոլորտի (կենդանական ու բուսական ծագման արտադրանք, պատրաստի սննդի արտադրանք) մասնաբաժինն արտահանման ընդհանուր ծավալի մեջ կազմել է 30.5% (918.4 մլն ԱՄՆ դոլար)[8]։

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի հիմնական մարտահրավերներից և խնդիրներից են արտադրողականության և արդյունաբերության ցածր մակարդակը, մշակվող հողերի ցածր տեսակարար կշիռը, թույլ զարգացած ենթակառուցվածքները, գյուղատնտեսական գործունեության ավանդական մեթոդների և տեխնոլոգիաների լայնածավալ կիրառությունը և այլն[10]։ Օրինակ, Հայաստանում առկա 445.6 հազ․ հա վարելահողերից 2018 թվականին նպատակային օգտագործվել է ընդամենը 242.8 հազ․ հա կամ շուրջ 54.5%, որը բավական ցածր ցուցանիշ է այսպիսի սակավահող երկրի համար։

Արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՀ արդյունաբերության հիմնական ցուցանիշները, 2018-2022թթ[11]
2018 2019 2020 2021 2022
Արդյունաբերության մասնաբաժինն ավելացված արժեքում, % 20.3 21.0 22.3 22.3 20.6
Արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում, % 18.1 18.6 20.0 19.8 18.5
Արդյունաբերական արտադրանքի ծավալը, մլրդ. դրամ 1,937.5 2,091.5 2,101.1 2,419.4 2,750.2
Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, նախորդ տարվա նկատմամբ, % 104.2 108.8 100.6 103.7 108.7
Արդյունաբերողների արտադրանքի գների ինդեքսը, նախորդ տարվա նկատմամբ, % 101.6 100.5 102.4 109.9 102.6
Հիմնական արտադրական միջոցները (տարեվերջին, ըստ սկզբնական արժեքի), մլրդ. դրամ 3,397. 4 3,547. 5 3,669.6 3,924.0 4,203.9
Աշխատողների միջին տարեկան թվաքանակը, 1 000 մարդ 91.0 102.1 104.4 104.1 104.1
նախորդ տարվա նկատմամբ, % 109.6 112.1 102.9 99.7 99.9
Միջին ամսական անվանական աշխատավարձը, դրամ 205,337 213,712 210,580 223,431 237,224

Մշակող արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019-2023 թվականների միջին տվյալներով մշակող արդյունաբերությունն ապահովել  է Հայաստանի համախառն ներքին արդյունքի շուրջ 11.5%-ը։ 2023 թվականին մշակող արդյունաբերության հաշվին ապահովվել է երկրի համախառն ներքին արդյունքի 11.1%-ը։

2022 թվականի տվյալներով Հայաստանում զբաղվածների շուրջ 10.1%-ն ընդգրկված է մշակող արդյունաբերության ոլորտում[7]։

2023 թվականին մշակող արդյունաբերության արտադրանքի արտադրության ծավալը կազմել է 1,970 մլրդ դրամ կամ ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 71%-ը[12]։

2023 թվականին Հայաստանում մշակող արդյունաբերության մեջ ամենամեծ կշիռն ունեցել է սննդամթերքի արտադրությունը՝ 34%, որին հաջորդում են այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը (12%), ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը (12%), ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը (9%) և հիմնային մետաղների արտադրություն (7%)[12]։

Մշակող արդյունաբերության արտադրանքի ավելի քան 30%-ը արտահանվում է (2023 թվականին արտահանվել է 33%-ը՝ 2022 թվականի 31%-ի փոխարեն)։

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում կառավարությունը նպատակադրում է շարունակաբար զարգացնել արդյունաբերությունը, օրինակ մշակող արդյունաբերության հարաբերությունը ՀՆԱ նկատմամբ դարձնելով 15%։ Իսկ արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտներ են սահմանված Ոսկերչություն և ադամանդագործությունը, Թեթև արդյունաբերությունը (սնունդ, տեքստիլ և այլն), Ծանր արդյունաբերությունը (լեռնամետալուրգիա, քիմիա), Սարքաշինությունը (սարքեր, մեքենաներ, արևային տեխնոլոգիաներ) և Դեղագործությունը[13]։

2023թ-ին ՀՀ-ում մշակող արդյունաբերության մեջ ամենամեծ կշիռն ունեցել է սննդամթերքի արտադրությունը, որին հաջորդել են այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն և խմիչքի արտադրությունը։[12]

Հանքագործական արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքագործական արդյունաբերության ճյուղը էական դեր ունի երկրի ներդրումների, արտահանման կառուցվածքում, աշխատատեղերի ապահովման գործում։

2019-2023 թվականների միջին տվյալներով հանքագործական արդյունաբերությունն ապահովել  է Հայաստանի համախառն ներքին արդյունքի շուրջ 3․9%-ը։ 2023 թվականին հանքագործական արդյունաբերության հաշվին ապահովվել է երկրի համախառն ներքին արդյունքի 2.9%-ը։

2023 թվականին հանքագործական արդյունաբերության արտադրանքի արտադրության ծավալը կազմել է 463 մլրդ դրամ կամ ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 16.6%-ը[12]։

2020 թվականին մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների հաշվարկած հարկերը և վճարները կազմել են Հայաստանի պետական բյուջեի եկամուտների 3.2%-ը (49.3 մլրդ դրամ)։ Ընդ որում այս ընկերությունների կողմից հաշվարկված ընդհանուր հարկերի և վճարների կեսից ավելին՝ 25.2 մլրդ դրամի չափով, բաժին է հասնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որին հետևում են «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն (16.6 մլրդ դրամ) և «Թեղուտ» ՓԲԸ-ն (4.6 մլրդ դրամ)[14]։

Հայաստանում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի ավելի քան 95%-ը բաժին է հասնում մետաղական հանքաքարի արդյունահանմանը, մնացյալը՝ այլ ճյուղերին և հանքագործական արդյունաբերության հարակից գործունեությանը։ Արդյունահանվող հիմնական մետաղական օգտակար հանածոներն են պղինձը, մոլիբդենն ու ոսկին։ Հանրապետության լեռնամետալուրգիական համալիրի համար վերջնական արտադրանքը հիմնականում խտանյութերն են՝ պղնձի, մոլիբդենի, ցինկի, որոշ դեպքերում` ոսկու և արծաթի բարձր պարունակությամբ։

Հայաստանի մետաղական օգտակար հանածոների թվում առկա են  7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 24 ոսկու և ոսկի-բազմամետաղային, 2 բազմամետաղային, 1 մոլիբդենային, 1 ալյումինահանքային, 1 մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտի, 3 երկաթահանքային հանքավայրեր[15]։

Ներկա պահին ամենախոշոր հանքը  շահագործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) և գտնվում է Քաջարանում (Սյունիքի մարզ)։ Սա պղնձամոլիբդենային հանքավայր է, որի շահագործումը սկսվել է 20-րդ դարի կեսերին, իսկ այս պահին այն ապահովում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ընդհանուր արդյունքի ավելի քան կեսը[16]։

Թեղուտը (պղինձ-մոլիբդենի հանք Լոռու մարզում), որի շահագործումը սկսվել է 2014 թվականին, արտադրության ծավալով Քաջարանի ապահոված ծավալից քիչ է, իսկ մյուսն Ամուլսարն է (ոսկեբեր քվարցիտներ, Վայոց ձորի մարզ)` ցածր պարունակության, խոշոր ծավալների հանքավայր, որն այժմ շինարարության փուլում է։ Վերջինիս՝ շահագործման փուլում տարեկան արտադրողականությունը կազմելու է 10 մլն տոննա հանքաքար։ Հանքի շահագործումը տևելու է 10 տարի։

Հանրապետության տարածքում առկա են օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ընթացքում առաջացող թափոնների կուտակման 21 պոչամբարներ, որոնց ծավալներն անցնում են մի քանի մլն. խմ-ից և զբաղեցնում են մոտ 700 հա ընդհանուր մակերես։ Ներկայումս պոչամբարներում կուտակված օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման արդյունքում առաջացած արտադրական թափոնները չեն օգտագործվում, չնայած դրանք պարունակում են մեծ քանակությամբ բազմամետաղներ։

Հայաստանում հանքագործական արդյունաբերության հիմնական խնդիրներից և մարտահրավերներից են հանքերի գործունեության և վերամշակման աշխատանքների հետևանքով օդի ու ջրի զգալի շարունակական աղտոտվածությունը, հանքերի տեղամասերի, պոչամբարների վերականգնման և մելիորացիայի համար անհրաժեշտ ծրագրերի և ֆինանսական միջոցների բացակայությունը, պոչամբարների փլվելու կամ վթարվելու վտանգները՝ բարձր սեյսմիկ ռիսկերի, հողի անկայունության հետ կապված ընդհանուր ռիսկի պայմաններում, բնապահպանական  օրենքների և կանոնակարգերի պատշաճ ձևով չիրականացվելը[17]։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019-2023 թվականների միջին տվյալներով էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը ( այդ թվում՝ էլեկտրաէներգիայի արտադրություն, փոխանցում և բաշխում) ապահովել  է Հայաստանի համախառն ներքին արդյունքի շուրջ 3.0%-ը։ 2023 թվականին այս ճյուղի հաշվին ապահովվել է երկրի համախառն ներքին արդյունքի 2.6%-ը։

2022 թվականի տվյալներով Հայաստանում զբաղվածների 1.7%-ն կամ շուրջ 19,600 մարդ ընդգրկված էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում[7]։

2023 թվականին ճյուղի արտադրանքի արտադրության ծավալը կազմել է  շուրջ 320 մլրդ դրամ կամ ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 11.5%-ը[8]։

Շինարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՀ շինարարության հիմնական ցուցանիշները, 2018-2022թթ․ (ընթացիկ գներով, մլն. դրամ)[7]
2018 2019 2020 2021 2022
Հիմնական միջոցների գործարկումը 307,050.6 250,577.8 201,409.3 309,846.6 404,370.9
Շինարարության ծավալը, ընդամենը

այդ թվում՝

435,803.9 450,806.7 433,517.5 510,937.4 597,101.6
շինմոնտաժային աշխատանքներ 378,109.7 387,033.0 382,921.5 432,800.9 526,598.1
սարքավորանքներ, գործիքներ, գույք 44,742.2 44,544.0 25,163.6 50,450.1 52,109.6
այլ կապիտալ ծախսեր 12,952.0 19,229.7 25,432.4 27,686.4 18,393.9
Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսի գործարկումը, քմ 290,937 288,625 304,201 494,554 501,345

2019-2023 թվականների միջին տվյալներով շինարարության ոլորտը ապահովել  է Հայաստանի համախառն ներքին արդյունքի շուրջ 6.7%-ը։

2022 թվականի տվյալներով Հայաստանում զբաղվածների 8.6%-ը կամ շուրջ 97,200 մարդ ընդգրկված էր շինարարության ոլորտում[7]։

Շինարարության ոլորտը Հայաստանի երկնիշ տնտեսական աճի շարժիչ ուժն է հանդիսացել 2000-ական թվականների սկզբից մինչև 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամն ընկած ժամանակահատվածում։ Ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում միջինում կազմել է մոտ 25%։ Նմանատիպ աճը հիմնականում պայմանավորված է եղել խոշորամասշտաբ բնակարանաշինությամբ (օրինակ Հյուսիսային Պողոտան), ենթակառուցվածքային և պետական այլ նախագծերով։ Այս աճը բավականին արհեստական բնույթ ուներ և չէր առաջնորդվում շուկայում առկա պահանջարկով։ Երևան քաղաքի կենտրոնում կառուցապատվել էին թանկարժեք բնակելի շենքեր, որոնք մնացել են անավարտ կամ ամբողջությամբ վաճառված չեն մինչ օրս։ Այս իրավիճակը կարելի է բնորոշել «առաջարկով առաջնորդվող» շինարարության աճ։ Միևնույն ժամանակ այդ տարիներին ի հայտ եկան մեծ թվով շինարարական ընկերություններ, որոնք իրականացնում էին եզակի նախագծեր։ Պետությունը չուներ մշակված ստանդարտներ և գործում էին ոլորտային շատ թույլ իրավակարգավորումներ։ Այս ամենի հետևանքով այս ընկերություններից շատերը սնանկացան, իսկ նրանց նախագծերը մնացին անավարտ։ Սահմանափակ թվով ընկերություններ կարողացան հաղթահարել այդ ճգնաժամը[18]։

2008-2020 թվականներին ՀՆԱ-ի կառուցվածքում շինարարության դերը հետզհետե նվազում էր։ Չնայած որոշակի փոքր աճ նկատելի էր շինարարության ավելացված արժեքի ծավալներում, օրինակ 2015-ին, 2017-ին, 2019-ին, սակայն այդ աճը զիջում է ՀՆԱ-ի աճին, ուստի և շինարարության կշիռը շարունակում է նվազել[19]։

2015 թվականին ՀՀ կառավարությունը մեկնարկեց շինարարության ոլորտի աջակցությունը, երբ ներկայացվեց հիփոթեքային վարկերի տոկոսների հետվերադարձի մեխանիզմը՝ ի հաշիվ վարկառուի վճարած եկամտային հարկի։ Միաժամանակ պետության կողմից մեկնարկեցին մի քանի սոցիալական բնակարանային շինարարության ծրագրեր։ Այս քայլերի արդյունքում հաջորդող տարիների ընթացքում բնակարնների վաճառքի թիվը աճեց մի քանի անգամ և առաջին անգամ գերազանցեց մինչ ճգնաժամային 2007 թվականի ցուցանիշը[18]։

Առևտուր և այլ ծառայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
2023թ-ին ՀՀ ծառայությունների ոլորտի 21%-ը բաժին է հասել բանկերի գործունեությանը, որին հաջորդել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեությունը (15%), տրանսպորտային ծառայությունները (13%) և շահումով խաղերի կազմակերպումը (8%)։

Առևտուրը և ծառայությունները հանդիսանում են Հայաստանի տնտեսական աճին նպաստող հիմնական ճյուղերից։

2019-2023 թվականների միջին տվյալներով առևտուրն ապահովել է Հայաստանի համախառն ներքին արդյունքի շուրջ 11.6%-ը, իսկ ծառայությունները՝ 43.4%-ը, ընդ որում 2023 թվականի ՀՆԱ արտադրության կառուցվածքում ծառայություններից ամենամեծ կշիռը ունի անշարժ գույքի հետ կապված գործունեությունը (8.3%)։

2012 թվականի տվյալներով Հայաստանում զբաղվածների կեսից ավելին (56%) կամ շուրջ 636,200 մարդ ընդգրկված էր առևտրի և ծառայությունների ոլորտում, ներառյալ պետական կառավարում, կրթություն, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում ոլորտում զբաղված շուրջ 265,100 աշխատող[7]։

Առևտրի շրջանառության մեջ ընդգրկվում են մանրածախ ու մեծածախ առևտրի շրջանառությունը և ավտոմեքենաների վաճառքը։ Մանրածախ առևտրաշրջանառությանը միջինում (2018-2022) բաժին է հասնում ընդհանուր առևտրաշրջանառության 44.6%-ը, մեծածախ առևտրին՝ 51.2-ը իսկ ավտոմեքենաների վաճառքին՝ 4.1%-ը[9]։

Հայաստանի ծառայությունների ոլորտում ամենատարածված ճյուղերն են զվարճության և հանգստի հետ կապված գործունեությունը, որին հաջորդում են ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, տեղեկատվությունը և կապը, փոխադրումները և վերջապես կացության ու հանրային սննդի կազմակերպումը։

Արտաքին հատված

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին առևտուր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականին Հայաստանի ապրանքային արտահանումը կազմել է շուրջ 13 մլրդ ԱՄՆ դոլար իսկ ներմուծումը մոտ 9 մլրդ ԱՄՆ դոլար։[9] 2023 թվականին Հայաստանի արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 57.8%-ով, իսկ 2022 թվականին` 1.8 անգամ։ Այս երկու տարիների կտրուկ աճերը մեծապես պայմանավորված էին դեպի Ռուսաստան վերաարտահանման աճով[20]։ Դեպի Ռուսաստան Հայաստանի արտահանման/վերաարտահանման հնարավորությունները ընդլայնվել են ռուս-ուկրաինական պատերազմի բռնկումից հետո, երբ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի ներմուծման հնարավորությունները սահմանափակվեցին։

2022 և 2023 թվականներին Հայաստանի արտահանումը կտրուկ աճել է, մեծապես պայմանավորված դեպի Ռուսաստան ապրանքների վերաարտահանման աճով:

Հայաստանը հիմնականում ներմուծում է բնական գազ, նավթ և նավթամթերք, դեղամիջոցներ, հումք, մեքենաներ ու սարքավորումներ։ 2017-2021 թվականների տվյալներով բնական գազի ներմուծումը կազմել է միջին տարեկան 420 մլն ԱՄՆ դոլար (ընդհանուր ներմուծամն 8.9%) իսկ նավթի ու նավթամթերքի ներմուծումը՝ միջին տարեկան 286 մլն ԱՄՆ դոլար (6%)։ 2023 թվականին Հայաստան ներմուծվող ամենախոշոր ապրանքատեսակը ոսկին էր (1.4 մլրդ ԱՄՆ դոլար կամ ընդհանուր ներմուծման 11.4%-ը), որին հետևում է մարդատար ավտոմեքենաների (1.1 մլրդ ԱՄՆ դոլար կամ ընդհանուր ներմուծման 8.9%-ը) և հեռախոսների (714 մլն ԱՄՆ դոլար կամ ընդհանուր ներմուծման 5.9%-ը) ներմուծումը։

Հայաստանը հիմնականում արտահանում է պղինձ, ծխախոտ, կոնյակ, ոսկու փոշի և ալյումինե փայլաթիթեղ։ 2017-2021 թվականների տվյալներով պղնձի արտահանումը կազմել է միջին տարեկան 611 մլն ԱՄՆ դոլար (ընդհանուր արտահանման 24.5%) իսկ ծխախոտի արտահանումը՝ միջին տարեկան 249 մլն ԱՄՆ դոլար (10%)։ 2023 թվականին Հայաստանի արտահանման ամենախոշոր ապրանքատեսակը ոսկին էր (1.8 մլրդ ԱՄՆ դոլար կամ ընդհանուր արտահանման 21.6%-ը), որին հետևում է ադամանդի (589 մլն ԱՄՆ դոլար կամ ընդհանուր արտահանման 7%-ը) և հեռախոսների (535 մլն ԱՄՆ դոլար կամ ընդհանուր արտահանման 6.4%-ը) արտահանումը։

Հայաստանը հիմնականում ներմուծում է Ռուսաստանից (2023 թվականին ընդհանուր ներմուծման 32.3%-ը) և Չինաստանից (2023 թվականին ընդհանուր ներմուծման 13.5%-ը)։ Հայաստանը հիմնականում արտահանում է դեպի Ռուսաստան (2023 թվականին ընդհանուր արտահանման 40.4%-ը):

Անդամակցությունը ԵԱՏՄ-ին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով, որը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում։ ԵԱՏՄ-ն ստեղծվել է Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա։

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին հայտարարել է Մաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու Հայաստանի Հանրապետության որոշման մասին։ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 2-ին[21]։

2015 թվականի օգոստոսի 12-ից ԵԱՏՄ անդամ է նաև դարձել Ղրղզական Հանրապետությունը։

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը ենթադրում է պետության ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժ միության ներքին շուկայում։ Միևնույն ժամանակ դա նշանակում է, որ պետությունը պետք է որդեգրի միության միասնական արտաքին առևտրային քաղաքականությունը, այսինքն օրինակ փոխվում է երրորդ երկրների հետ սակագնային քաղաքականությունը, ինչի արդյունքում օրինակ ներմուծումը երրորդ երկրներից կարող է թանկանալ։

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը որոշները տեսնում էին որպես նոր հնարավարությունների աղբյուր Հայաստանի համար․ իշխանությունները նշում էին, որ անդամակցությունը լայն շուկա է բացելու առաջին հերթին հայ արտահանողների համար և խթանելու է տեղական արտադրությունը։ Նրանք, ովքեր դեմ էին արտահայտվում անդամակցությանը, հիմնականում համարում էին, որ այդպիսով Հայաստանը կմեծացնի տնտեսական և քաղաքական կախվածությունը Ռուսաստանից։

ԵԱՏՄ-ին միանալու առաջին տարին՝ 2015 թվականին, Հայաստանում մի շարք տնտեսական ցուցանիշներ անկում արձանագրեցին․ տնտեսական աճը կազմել է 3.2% (իսկ 2016 թվականին նվազել մինչև 0.2%), դեպի Ռուսաստան արտահանումը 2014 թվականի համեմատ կրճատվել է ավելի քան 20%-ով։ Սա հիմնականում պայմանավորված էր 2015 թվականին Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացման հետ, որը իր հերթին գլխավորապես պայմանավորված էր այս երկրի նկատմամբ արևմուտքի կիրառած պատժամիջոցներով, ինչպես նաև նավթի միջազգային գների անկմամբ։ Հայաստանի իշխանություններն այս առիթով հայտարարում են, որ հայաստանյան տնտեսության վիճակն ավելի վատ կլիներ, եթե չանդամակցեր ԵԱՏՄ-ին[22]։

Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ապրանքաշրջանառությունն 2016 թվականին աճել է 15.3%-ով, այդ թվում` ՌԴ-ի հետ` 15․1%-ով, Բելառուսի Հանրապետության հետ 15.4%-ով, Ղազախստանի Հանրապետության հետ` 46․7%-ով, Ղրղզստանի Հանրապետության հետ 2.1 անգամ[23]։ Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2016 թվականին աճել է 53%-ով, դեպի երրորդ երկրներ արտահանումը աճել է 13%-ով, իսկ բարձր տեխնոլոգիական արտահանման մասնաբաժինը հասել է ընդհանուր ծավալի 12%-ի (ԵԱՏՄ կտրվածքով այց ցուցանիշը կազմել է 8.8%): ԵԱՏՄ ներքին շուկա հայկական ապրանքների արտահանումը արտահանման ընդհանուր ծավալում ավելացել է 15․9%-ից 22%[24]։

Հայաստանի տնտեսության վրա ԵԱՏՄ-ի անդամակցությունը արտահայտվել է երրորդ երկրներից ներմուծման թանկացման մեջ։ Ուսումնասիրելով ըստ ԵԱՏՄ հարմոնիզացված համակարգի քառանիշ մակարդակի Հայաստանի 2015 թվականի ներմուծումը` տեսնում ենք, որ 1361 ապրանքային խմբերից ամենախոշոր հինգը կազմում են ընդհանուր ներմուծման 40 %-ը։ Ամենամեծ երկու խմբերի համար ԵԱՏՄ երկրներն են հանդիսանում խոշոր ներմուծողներ, մինչդեռ հաջորդ երեք խմբերի համար պատկերը ամբողջովին տարբեր է։ Ինչպես ցույց է տրված աղյուսակում` առևտրային հարաբերությունները Հայաստանի ու ԵԱՏՄ երկրների միչև արդեն նպաստավոր էին։ Որպես Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) անդամ Հայաստանը վարում էր բավականին ազատական առևտրային քաղաքականություն։ 2015 թվականի դրությամբ միջին դրույքաչափը ազգերի առավել բարենպաստության ռեժիմի կիրառմամբ 6.1 տոկոս էր։ ԵԱՏՄ անդամ դառնալով Հայաստանը ստիպված է կիրառել ավելի բարձր մաքսային դրույքաչափեր, ինչը կարող է հանգեցնել ներմուծվող ապրանքների գների աճի։

Հայաստանի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխությունը ներմուծվող հինգ ամենախոշոր ապրանքախմբերի համար` ըստ ԵԱՏՄ-ի հարմոնիզացված համակարգի քառանիշ մակարդակի[25]
ԵԱՏՄ անդամ երկրներ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ
ՀՀ ներմուծման մեջ մասնաբաժինը, 2015թ․ Սակագին, % ՀՀ ներմուծման մեջ մասնաբաժինը, 2015թ․ Սակագին, %
2015 2022 2015 2022
Նավթային գազ 85.4% 0 0 14.6% 0 5
Նավթ 70.2% 0 0 29.8% 0 5
Մարդատար ավտոմեքենա 16.0% 10 0 83.9% 10 0-25
Դեղամիջոցներ 6.0% 0 0 94.0% 0 3-6.5[26]
Ադամանդ 12.9% 0 0 87.1% 0 0-15[27]

ԵՄ «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՄ-ի կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը» (GSP+) մաքսային արտոնությունների համակարգ է, որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով։

2008 թվականի վերջին Հայաստանը պաշտոնապես դիմել է Եվրոպական Հանձնաժողովին և 2009 թվականի հունվարի 1-ից օգտվում էր ԵՄ կողմից տրամադրվող GSP+ արտոնությունների համակարգից։ 2014 թվականի հունվարի 1-ից Եվրոպական Հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է ԵՄ վերանայված «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմի նոր փուլում[28]։

«GSP+» համակարգից օգտվելու նախապայման է հանդիսանում մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, բնապահպանությանը և արդյունավետ կառավարմանն առնչվող 27 միջազգային կոնվենցիաների արդյունավետ իրականացման ընթացքը երկրում։

ԵՄ կանոնակարգի համաձայն՝ երկիրը դուրս է գալիս «GSP+» համակարգի շահառուների ցանկից, եթե Համաշխարհային Բանկի կողմից 3 հաջորդական տարի անընդմեջ դասակարգվել է որպես բարձր եկամուտ կամ միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն։ Միևնույն ժամանակ, համաձայն կանոնակարգի, երկրին տրվում է մեկ տարի անցումային շրջան, որի ընթացքում երկիը շարունակում է օգտվել է արտոնյալ առևտրային ռեժիմից։

Հայաստանը 2017 թվականին, 2018 թվականին և 2019 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով դասվում էր միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքին և 2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանը այլևս չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։

Հայաստանում կիրառվում է ԵՄ երկու առևտրային ռեժիմ՝ «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմը և «Ազգերի առավել բարենպաստության ռեժիմը» (MFN)՝ բոլոր այն ապրանքների համար, որոնք դուրս էին մնում «GSP+» համակարգից։  «GSP+»-ից դուրս գալուց հետո հայկական ծագման բոլոր ապրանքները ԵՄ ներմուծելիս Հայաստանն օգտվելու է ԵՄ «Ազգերի առավել բարենպաստության ռեժիմից», ինչի արդյունքում սակագնային դրույքները փոփոխության կենթարկվեն։

«GSP+» ռեժիմով Հայաստանից ԵՄ արտահանման ենթակա ապրանքների մեջ խոշոր կշիռ ունեցող ապրանքներից են ֆերոմոլիբդենը, հագուստեղենը, ալյումինե փայլաթիթեղը, սիգարետը, խմիչքը։ Առանձին ապրանքների մասով, օրինակ՝ ալյումինե փայլաթիթեղ, հագուստեղեն, սիգարետ և խմիչք, սակագնային դրույքների փոփոխությունները կարող են էական ազդեցություն ունենալ։ Իսկ, օրինակ, հիմնական արտահանման կշիռ կազմող պղնձի մասով ազդեցություն չի լինի։

Առևտրի ռեժիմների սակագները[29]
Սակագին MFN GSP+
Պղնձի խտանյութ 0% 0%
Ֆերոմոլիբդեն 2.7% 0%
Ալյումինե փայլաթիթեղ 7.5% 0%
Հագուստեղեն 12% 0%
Ադամանդ 0% 0%
Ցինկ 0% 0%
Սիգարետ 26% 0%
Խմիչք Միջին սակագին՝ 15.06% 0%

Համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի գնահատականների՝ արտոնյալ առևտրային ռեժիմի կիրառման դադարեցման արդյունքում Հայաստանի արտահանումը դեպի ԵՄ հավանաբար կնվազի 56.8 մլն ԱՄՆ դոլարով իսկ Հայաստանի ընդհանուր արտահանումը՝ 54.8 մլն ԱՄՆ դոլարով և ազդեցությունը ընդհանուր արտահանման վրա այդպիսով զգալի չի լինի[29]։

Ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասով, բացի «GSP+» ռեժիմի արտոնությունների վերացումից, սպասվում է նաև ԱՄՆ կողմից սակագների բարձրացում։ ԱՄՆ Առևտրի դեպարտամենտը 2020 թվականի մայիսի 4-ին հրապարակել է նախնական որոշումը Հայաստանից ալյումինե փայլաթիթեղ արտահանող «Ռուսալ Արմենալ» ընկերության վերաբերյալ՝ կապված վերջինիս կողմից խտրական գների կիրառման (դեմպինգ) հետ։ Որոշման վերջնական հաստատվելու դեպքում ամերիկյան շուկայում առկա հայկական ալյումինե փայլաթիթեղների սպառումը կկասեցվի իսկ ընկերությունը կվճարի տուգանք։ Հայաստանից արտահանվող ալյումինե փայլաթիթեղի շուրջ 30%-ը ուղղվում է ԱՄՆ։ Նշված երկու հիմնական շուկաներում առևտրի պայմանների խստացման պարագայում մեծանում է արտահանման առավելագույն նվազման հավանականությունը մինչև 110 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Այնուամենայիվ, տարբեր գնահատականներով, առկա են դեպի այլ երկրներ արտահանման հնարավորություններ, ինչպես նաև ալյումինի բարձր միջազգային գների պահպանման պարագայում շահույթների որոշակի ճշգրտման հաշվին դեպի ԵՄ ալյումինե փայլաթիթեղի արտահանման վրա ազդեցության որոշակի չեզոքացում[29]։

2021 թվականին թուրքական ծագման ապրանքների էմբարգո

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հոկտեմբերին Հայաստանի կառավարության որոշմամբ 2021 թվականի հունվարից վեց ամսով արգելվել է թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծումը Հայաստան[30]։

Արգելքի կիրառումը կապված էր Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին Թուրքիայի աջակցության հետ[31]։

Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին։ Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխարգելվում է նաև թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան։

Ժամանակավոր արգելքը չէր տարածվում հետևյալ դեպքերում[30]՝

  • «վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների վրա,
  • այն ապրանքների վրա, որոնց մասով մատակարարման պայմանագրերը կնքվել են մինչև 2020-ի հոկտեմբերի 20-ը,
  • այն ապրանքների վրամ,որոնք նախատեսված են հաճախորդների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում իրականացնելու համար,
  • Հայաստանում մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների վրա,
  • Հայաստանից այլ երկրներ հետագա արտահանման ենթակա (այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ) ԱՏԳ ԱԱ 07 (բանջարեղեն), 08 (մրգեր) ապրանքային խմբերին դասվող ապրանքների ներմուծման վրա։

Վեցամսյա ժամկետի լրացումից հետո՝ 2021 թվականի հունիսին, արգելքը երկարաձգվեց ևս վեց ամսով։

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը 2021 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնեց, որ միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն[32]

Վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների նկատմամբ արգելքն ունեցել է դրական և բացասական տնտեսական հետևանքներ։ Դրական հետևանքներից են մի շարք նոր հիմնված կամ ընդլայնված արտադրությունները թեթև արդյունաբերության, շինանյութերի և կահույքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում, սակայն էմբարգոյի գլխավոր բացասական հետևանքն է գնաճի վրա էական ազդեցությունը, ինչը դրսևորվել է հատկապես լայն սպառման մի շարք ապրանքախմբերի վրա։ Քիչ չեն նաև մեր գործարարների կողմից դիմումներն ու խնդրանքները թուրքական ապրանքների ներմուծման վրա եղած արգելանքը հանելու մասին։

Այս տարվա ընթացքում մի շարք տնտեսվարողներ ձեռնամուխ են եղել թուրքականին փոխարինող ապրանքների արտադրությանը։ Դրսևորվելու է հետևողականություն, որպեսզի նման ընկերությունների կենսունակությունն ու մրցունակությունն ապահովվի նոր պայմաններում՝ անհրաժեշտության դեպքում օժանդակելով վերջիններիս հավելյալ գործիքակազմով։

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացմամբ փոխադարձության սկզբունքով ակնկալվում է, որ հայկական ապրանքների արտահանման համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ։

Ժամանակավոր արգելքի կիրառումից հետո 2021 թվականի հունվար-սեպտեմբերին Թուրքիայից ներմուծումը կրճատվել է 70%-ով, ընդ որում կրճատվել է ինչպես ժամանակավոր արգելված (-91.1%-ով), այնպես էլ թույլատրելի ապրանքների ներմուծումը (-40%-ով)։ 2021 թվականի հունվար-սեպտեմբերին Թուրքիայից ներմուծվել է շուրջ 8.3 մլն ԱՄՆ դոլարի արգելված ապրանք, որոնց թվում պլաստմասայից խողովակներ (16%), բնահող, հանքաքար լվալու, աղալու, խառնելու սարքեր (15%), անձեռոցիկ, սանիտարահիգիենիկ ու կենցաղային նշանակության այլ թղթի տեսակներ (6%) և այլն[33]։

Ֆինանսական հատված

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական ֆինանսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական ծախսեր և եկամուտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
2008-2023 թվականներին, Հայաստանի Հանրապետության պետական ծախսերը միջինում կազմում էին երկրի ՀՆԱ 27%-ը։[34]
Հայաստանի պետական բյուջեի ծախսերի մեջ ամենամեծ կշիռը ունեն սոցիալական պաշտպանությանն ուղղվող ծախսերը, որոնց հետևում են պաշտպանության և ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտներին ուղղվող ծախսերը։[34]

2008-2023 թվականներին, Հայաստանի Հանրապետության պետական ծախսերը միջինում կազմում էին երկրի ՀՆԱ 27%-ը։ 2007 թվականին սկիզբ առած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով պետական ծախսերը աճել են՝ 2009 թվականին կազմելով ՀՆԱ 30%-ը (2007 թվականին կազմում էր 20%)։ Պետական ծախսերի ևս մեկ նման կտրուկ աճ գրանցվել է 2020 թվականին COVID-19-ի համավարակի և ռազմական դրության հետևանքով։

2023 թվականին Հայաստանի պետական բյուջեի ծախսերը կազմել են 2.5 տրիլիոն դրամ։ Հայաստանի պետական բյուջեի ծախսերի կառուցվածում ամենամեծ կշիռն ունեն սոցիալական պշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը (կենսաթոշակներ, նպաստներ)։ 2019-2023 թվականների տվյալներով սոցիալական պաշտպանությանն է ուղղել ընդհանուր պետական ծախսերի միջինում 29%-ը[34]։

2023 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 359 միլիարդ դրամ։ Պակասուրդը կազմել է շուրջ 189 միլիարդ դրամ։

2023 թվականի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատուն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը պետական բյուջե է փոխանցել շուրջ 71 միլիարդ դրամի հարկեր[35]։

2023թ-ի առաջին 10 խոշոր հարկ վճարողները և նրանց կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի մեծությունները
Հարկատուի անվանումը Գտնվելու վայրը Վճարված հարկերը (մլն դրամ)
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» Սյունիք 70,882
«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» Երևան 55,287
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» Երևան 48,556
«ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ» Երևան 46,111
«ՓՐԻԹԻ ՈՒԵՅ» Երևան 33,291
«ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» Երևան 26,493
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» Երևան 25,719
«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» Երևան 24,866
«ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» Երևան 23,705
«ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» Երևան 22,696

Պետական պարտք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականից մինչ 2008 թվականը Հայաստանի Հանրապետության կառավարության պարտք / ՀՆԱ ցուցանիշն աստիճանաբար նվազել է՝ 39.8%-ից հասնելով 14.9%-ի, որին Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի դանդաղ աճին զուգահեռ նպաստել է նաև այդ ժամանակահատվածում դրամի արժևորումը և ՀՆԱ-ի երկնիշ աճի տեմպը։

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով Կառավարության պարտք / ՀՆԱ ցուցանիշը 2009 թվականից կտրուկ աճ արձանագրեց՝ 2008 թվականի 14.9% դիմաց կազմելով 34.6%՝ այդպիսով աճելով 19.7-ը տոկոսային կետով։ Պարտք/ՀՆԱ հարաբերակցության զգալի աճի գործում մեծ էր նաև փոխարժեքի դերը, որը 2009 թվականին արժեզրկվել է մոտ 23.2%-ով։ Եթե չլիներ փոխարժեքի արժեզրկումը, 2009 թվականին կառավարության պարտքի աճը կկազմեր մոտ 11.2 տոկոսային կետ՝ 19.7-ի փոխարեն[36]։

Կառավարության պարտքի մակարդակի աճին զուգահեռ փոխվել է նաև դրա կառուցվածքը։ 2009 թվականին տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ներգրավված պետական պարտքի զգալի մասը արտաքին պարտք էր, ինչի արդյունքում կտրուկ վատթարացել է պարտքի պորտֆելը. 2008- 2009 թվականներին արտաքին պարտքի կշիռը 81.0%-ից դարձել է 85.8%՝ հանգեցնելով փոխարժեքի ռիսկի աճին[36]։

Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի ծավալի աճի տեմպն արագացավ նաև 2014 թվականին տեղի ունեցած արտաքին տնտեսական շոկերի (Ռուսաստանի Դաշնության նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառում) պայմաններում  դրամի արժեզրկման, ինչպես նաև փոխառու միջոցների հաշվին պակասուրդի զուտ ֆինանսավորման ծավալների աճի արդյունքում, և 2017 թվականի տարեվերջին Կառավարության պարտք / ՀՆԱ ցուցանիշը կազմեց 53.7%, ինչը պատմական առավելագույն էր մինչ այդ թվականը ընկած ժամանակահատվածի համար։

2017 թվականին ընդունվել և 2018 թվականից ուժի մեջ են մտել նոր հարկաբյուջետային կաննոներ։

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հարկաբյուջետային կանոնների նոր համարգին համահունչ 2018 թվականին Կառավարության պարտք / ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 2.4 տոկոսային կետով` կազմելով 51.3%[37]:

2020 թվականին COVID-19 hամավարակի և Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած ֆինանսական կարիքի բավարարման անհրաժեշտությամբ պայմանավորված տեղի է ունեցել պետական բյուջեի պակասուրդի աճ, որը կազմել է շուրջ 334.0 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի 5.4%-ը՝ նախորդ տարվա համեմատ աճելով 4.4 տոկոսային կետով։ ՀՆԱ անկումը, պետական բյուջեի պակասուրդի ավելացումը, ինչպես նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը հանգեցրել են Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի բեռի ավելացմանը, որը կազմել է ՀՆԱ-ի 63.5%՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 13.4 տոկոսային կետով և հատելով հարկաբյուջետային կանոններով սահմանված 60% սահմանային շեմը։ Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճին ամենաշատը հավասարապես նպաստել են տնտեսական անկումը և փոխարժեքի արժեզրկումը՝ 3.9-ական տոկոսային կետ[38]։

2023 թվականի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտքը կազմել է 4,572 մլրդ դրամ, ինչը այդ տարվա ՀՆԱ-ի 48.1%-ն է (2022-ին` 46.7%, իսկ 2021-ին՝ 60.2%): Ընդ որում, 4,572 մլրդ պարտքի ընդհանուր գումարի 52.7%-ը կկազմի արտաքին պարտքը, իսկ 47.3%-ը՝ ներքին պարտքը[39]։ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառուցվածքում նկատվում է ներքին պարտքի մասնաբաժնի ավելացում։

Արտաքին պարտքն աստիճանաբար ներքինով փոխարինելու դեպքում նվազում է պետական պարտքի պորտֆելի ռիսկայնությունը, հատկապես արտարժութային ռիսկերը։ Հաշվի առնելով այն, որ արտաքին աղբյուրներից ստացվող վարկային միջոցների արտոնյալությունը գնալով նվազում է, ինչպես նաև ներքին պարտքի կազմում արդեն իսկ առկա են մինչև 30 տարի մարման ժամկետով պարտատոմսեր, ապա ներքին պարտքի կշռի աստիճանական ավելացումը դրական է անդրադառնում նաև վերաֆինանսավորման ռիսկի ցուցանիշի վրա[37]։

2023 թվականի տարեվերջի դրությամբ կառավարության արտաքին վարկերի գծով պարտքի 28.5%-ը բաժին է ընկել Ասիական Զարգացման բանկին, 25.0%-ը՝ Համաշխարհային Բանկին (Զարգացման Միջազգային Ընկերակցություն ու Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկ), որին հետևում է Եվրասիական Զարգացման Բանկը (14.8%)։ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի միջին կշռված անվանական տոկոսադրույքը կազմել է 7.0%: 2023 թվականին կառավարության պարտքի սպասարկման ծախսերը (տոկոսավճարներ) կազմել են ՀՆԱ-ի 2.7%-ը[39]։

Բյուջետային գործընթաց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքները կազմակերպում է կառավարությունը[40]։

Պետական մարմինները կազմում և Հայաստանի Ֆինանսների նախարարություն են ներկայացնում իրենց ոլորտային միջնաժամկետ ծախսերի ծրագրերը։ Ֆինանսների նախարարությունը մշակում է պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը և ներկայացնում է այն կառավարությանը։ Առաջիկա երեք տարվա՝ Հայաստանի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (այլ կերպ՝ միջնաժամկետ ծախսերի ծրագիր կամ ՄԺԾԾ) ծառայում է հիմք՝ պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար։

Կառավարությունը քննարկում և մինչև ընթացիկ տարվա հուլիսի 10-ը հաստատում է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Կառավարությունը հրապարակում, ինչպես նաև Ազգային ժողով է ներկայացնում՝ ի գիտություն, միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 20-ը։

Առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակման փուլն սկսվում է ոչ ուշ, քան Հայաստանի կառավարության կողմից Հայաստանի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հաստատման օրը։

Պետական մարմիններն առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը (որտեղ ցույց է տրվում կապն առաջիկա երեք տարվա պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հետ և ընդգծվում են առաջիկա երեք տարվա պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նկատմամբ բոլոր զգալի շեղումները), իսկ դոտացիայի գումարները հաշվարկող մարմինը՝ դոտացիայի գումարի՝ ըստ առանձին համայնքների բաշխումը սահմանված ժամկետում ներկայացնում են Ֆինանսների նախարարություն։

Բյուջետային ֆինանսավորման հայտերի, արտաքին ու ներքին պարտավորությունների և հաջորդ տարում կանխատեսվող մուտքերի հիման վրա Ֆինանսների նախարարությունը կազմում է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը և ներկայացնում կառավարություն։ Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը՝ ներառյալ նաև Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված Հայաստանի կենտրոնական բանկի կապիտալ ներդրումների ծրագիրը և ծախսերի նախահաշիվը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ։ Հայաստանում բյուջետային տարին սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից և ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին։

Հայաստանում պետական բյուջեն ընդունում է Ազգային ժողովը՝ Կառավարության ներկայացմամբ[41]։

Հարկաբյուջետային կանոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության հարկաբյուջետային կանոնների ներկա համակարգը գործարկվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ բյուջետային համակարգի մասին և Պետական պարտքի մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումն­եր կատարող օրենքների, ինչպես նաև են ՀՀ Կառավարության՝ 2018 թվականի օգոստոսի 23-ի N 942-Ն որոշման ընդունմամբ։ Կանոնների համակարգը ներառում է ծախսային կանոններ, որոնք ուժի մեջ են մտնում պարտքի սահմանված շեմերը գերազանցելիս։ Մասնավորապես․

  • Երբ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է 40%-ը, պետական բյուջեի կապիտալ ծախսերը չպետք է փոքր լինեն բյուջեի պակասուրդից։
  • Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության՝ 50-60% միջակայքում գտնվելու դեպքում, ընթացիկ առաջնային ծախսերի աճի տեմպը սահմանափակվում է նախորդ 7 տարիների ՀՆԱ-ների միջին աճով, ինչպես նաև հաջորդ տարում կազմվող պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում կառավարությունը ներկայացնում է միջոցառումների ծրագիր՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծը 5 տարիների ընթացքում 50 տոկոսից նվազեցնելու համար։
  • Երբ Կառավարության պարտքը գերազանցում է ՀՆԱ 60%-ը, ընթացիկ առաջնային ծախսերի աճի տեմպը սահմանափակվում է նախորդ 7 տարիների ՀՆԱ-ների միջին աճից 0.5 տոկոսային կետով նվազեցված ցուցանիշով, ընթացիկ ծախսերը սահմանափակվում են հարկերի և տուրքերի մեծությամբ, ինչպես նաև Կառավարությունը Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների քննարկմանը ներկայացնում է միջոցառումների ծրագիր՝ ՀՆԱ նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծը 5 տարիների ընթացքում 60 տոկոսից նվազեցնելու համար։
  • Ներկայացված սահմանափակումները չեն գործում կառավարության որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերում՝ ելնելով խոշորածավալ տարերային և տեխնածին աղետների, պատերազմական գործողությունների, տնտեսությունը խաղաղ ժամանակաշրջանից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տնտեսական ցնցման հանգամանքներով պայմանավորված բացասական տնտեսական զարգացումների պարագայում։

Հայաստանի տնտեսությունը COVID-19-ի պայմաններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

COVID-19-ի առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է 2020 թվականի մարտի 1-ին,  մարտի 16-ին կառավարությունը հայտարարել է արտակարգ իրավիճակ, որը երկարաձգել է մի քանի անգամ։  

Համավարակի դեմ արդյունավետ պայքարելու նպատակով և արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ 2020 թվականի մարտի 24-ին տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ կիրառվեցին (բացառությամբ (A) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն, (B) Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում, (C10) Սննդամթերքի արտադրություն, (C11) Խմիչքի արտադրություն, (C17.22) Սանիտարահիգիենիկ և կենցաղային նշանակության թղթե արտադրատեսակների արտադրություն, (C20.4) Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն, (C21) Հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրություն, (C24) Հիմնական մետաղների արտադրություն և այլ գործունեության տեսակների)։ Երկրում սահմանված արտակարգ դրության և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ կիրառված վերոնշյալ սահմանափակումների հետևանքով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թվականի ապրիլին գրանցել է 16.4% անկում։

Մայիսի 3-ին վերացվել են հագուստի արտադրության նկատմամբ սահմանափակումները իսկ ապրիլի 12-ին՝ ծխախոտային արտադրատեսակների արտադրության նկատմամբ սահմանափակումները։

COVID-19-ի, ինչպես նաև դրան հաջորդած երկրորդ ցնցման՝ ռազմական դրության, արդյունքում Հայաստանի Հանրապետության տնտեսությունը 2020 թվականին արձանագրել է 7.4% անկում։ Տնտեսական անկումն առավելապես պայմանավորվել է ծառայությունների և շինարարության ճյուղերի ավելացված արժեքների նվազմամբ։ Տարվա ընթացքում Հայաստանի արտահանումը նվազել է 3.9%-ով իսկ ներմուծումը՝ 17.7%-ով։

Թեև ՀՆԱ իրական ծավալը  կրճատվել էր, «Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում» արձանագրվել էր ավելացված արժեքի 5.4% հավելաճ, ինչն ավելի քան 0.3%-ային կետով զսպել էր ՀՆԱ-ի անկումը[42]։ Բանկային համակարգի վրա COVID-19-ի/պատերազմի բացասական հետևանքներից մեկը չաշխատող ակտիվների (վարկերի) աճն էր։ 2021 թվականի փետրվարի վերջի դրությամբ չաշխատող ակտիվների («հսկվող», «ոչ ստանդարտ», «կասկածելի» դասերում ընդգրկված ակտիվների) կամ այսպես ասած «դասակարգված վարկերի» մասնաբաժինը առևտրային բանկերի ընդհանուր ակտիվների կառուցվածքում հասել էր 7.01%-ի, ինչն ամենաբարձր ցուցանիշն էր 2017 թվականի տարեսկզբից ի վեր։

ՀՆԱ անկումը, պետական բյուջեի պակասուրդի ավելացումը՝ պայմանավորված համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած ֆինանսական կարիքների բավարարման անհրաժեշտությամբ, ինչպես նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը հանգեցրել են Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի բեռի ավելացմանը, որը կազմել է ՀՆԱ-ի 63.5%՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 13.4 տոկոսային կետով և հատելով հարկաբյուջետային կանոններով սահմանված 60% սահմանային շեմը։

Չնայած 2016-2020 թվականների ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը դեպի Հայաստան շարունակաբար նվազել է, սակայն 2020 թվականին անկման տեմպն էականորեն արագացել էր՝ հասնելով շուրջ 16%-ի։ 2020 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը (ՕՈՒՆ) կազմել է շուրջ $500 մլն, ինչը մոտ 16%-ով ավելի քիչ է, քան 2019 թվականին և 30%-ով ավելի քիչ քան 2015 թվականին[43]։

Համավարակի հետևանքներով պայմանավորված թույլ պահանջարկի պատճառով 2020 թվականի ընթացքում երկրում պահպանվել էր ցածր գնաճային միջավայր։ 12-ամսյա գնաճն իր թիրախային մակարդակին (4%) մոտեցնելու նպատակով, ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է վարել խթանող դրամավարկային քաղաքականություն։ Հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ավելացվել է խթանման չափը՝ աստիճանաբար իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքն ընդհանուր հաշվով 1.25 տոկոսային կետով։ Դեկտեմբերին, երբ արտաքին հատվածից սպասվող գնաճային ազդեցությունների և արժութային շուկայում դրամի արժեզրկման դրսևորումների պայմաններում կանխատեսվում էր գնաճի և գնաճային սպասումների որոշակի արագացում, ԿԲ-ն մեծ քայլով՝ 1.0 տոկոսային կետով բարձրացրել է տոկոսադրույքը և սահմանել 5.25%: Արդյունքում, 12-ամսյա գնաճը տարվա ընթացքում աստիճանաբար, իսկ տարեվերջին մեծ չափով ավելացել է՝ դեկտեմբերին հասնելով նպատակային ցուցանիշին բավականին մոտ՝ 3.7%[44]:

COVID-19 համավարակի տարածման բացասական ազդեցությունները կանխելու, ինչպես նաև հետագա վերականգնումը խթանելու համար, Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2020 թվականին իրականացրել է 164.8 մլրդ դրամ ընդհանուր գումարի կամ ՀՆԱ-ի 2.7%-ը չափով ծրագրեր՝ հետևյալ հիմնական ուղղություններով[34]

  • 26.0 մլրդ դրամ՝ սոցիալական աջակցության ծրագրերի գծով,
  • 32.4 մլրդ դրամ՝ տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով,
  • 36.4 մլրդ դրամ (ներառյալ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը)՝ առողջապահական ազդեցությունների մեղմման նպատակով,
  • բացի այդ, կառավարության հակաճգնաժամային արձագանքը ներառել է նաև շահութահարկի կանխավճարի գծով հիմնարար փոփոխությունները, որոնց միջոցով աջակցություն է ցուցաբերվել շահութահարկ վճարող տնտեսավարող սուբյեկտներին շրջանառու ֆինանսական միջոցների հետ կապված խնդիրների լուծման նպատակով, որի ընդհանուր ծավալը սկզբնական շրջանում գնահատված 65 մլրդ դրամի փոխարեն ներկայումս գնահատվում է շուրջ 70 մլրդ դրամի չափ (որից տնտեսության մեջ թողնված շահութահարկի կանխավճարները 2020 թվականին կազմել են մոտ 52.0 մլրդ դրամ)։

COVID-19 համավարակի տարածման կանխարգելման առողջապահական ազդեցությունների մեղմման նպատակով կառավարությունն իրականացրել է նաև լրացուցիչ առողջապահական ծախսեր, որոնց ծավալը 2020 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է մոտ 36.4 մլրդ դրամ (ներառյալ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը)։

Հիմնական ցուցանիշներ (1993-2022)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ աղյուսակում ներկայացված են մի շարք հիմնական տնտեսական ցուցանիշներ 1993-2022 թվականների համար[45]։

Տարի Անվանական ՀՆԱ (մլրդ ԱՄՆ դոլար) 1 շնչի հաշվով ՀՆԱ (ԱՄՆ դոլար) ՀՆԱ իրական փոփոխություն (%) Գնաճ, միջին (%) Գործազրկության մակարդակ (%) Կառավարության պարտք (ՀՆԱ-ի նկատմամբ %-ով) Ընթացիկ հաշվի հաշվեկշիռ (ՀՆԱ-ի նկատմամբ %-ով)
2022 15.1 5,083.2 4.5 5.8 18.3 60.1 (4.0)
2021 13.6 4,594.9 6.5 6.9 18.5 62.2 (2.9)
2020 12.6 4,267.5 (7.4) 1.2 18.0 63.5 (3.8)
2019 13.6 4,596.9 7.6 1.4 18.3 50.1 (7.4)
2018 12.5 4,196.0 5.2 2.5 19.0 51.2 (7.0)
2017 11.5 3,868.9 7.5 1.0 17.8 53.7 (1.5)
2016 10.5 3,524.0 0.2 (1.4) 18.0 51.9 (1.0)
2015 10.6 3,529.0 3.3 3.7 18.5 44.1 (2.7)
2014 11.6 3,889.0 3.6 3.0 17.6 39.4 (7.8)
2013 11.1 3,732.0 3.4 5.8 16.2 36.3 (7.3)
2012 10.6 3,575.5 7.1 2.5 17.3 35.6 (10.0)
2011 10.1 3,417.2 4.7 7.7 18.4 35.7 (10.4)
2010 9.3 3,121.8 2.2 7.3 19.0 33.8 (13.6)
2009 8.6 2,911.8 (14.2) 3.5 18.7 34.1 (16.5)
2008 11.7 3,913.4 6.9 9.0 16.4 14.6 (14.2)
2007 9.2 3,079.0 13.7 4.6 28.7 14.3 (7.4)
2006 6.4 2,128.2 13.2 3.4 27.8 16.2 (2.4)
2005 4.9 1,628.1 14.1 0.7 31.2 20.5 (2.5)
2004 3.6 1,180.4 10.5 5.9 31.6 26.4 (2.2)
2003 2.8 923.4 14.1 4.5 31.2 33.0 (6.2)
2002 2.4 779.1 14.8 1.8 35.3 38.2 (6.2)
2001 2.1 692.3 9.5 3.1 38.4 38.1 (10.4)
2000 1.9 620.6 5.9 (0.8) n/a 39.6 (15.8)
1999 1.8 597.2 3.2 0.6 n/a 39.2 (16.9)
1998 1.9 608.4 6.3 8.7 n/a 45.2 (22.0)
1997 1.6 521.9 3.4 14.0 n/a 46.5 (19.3)
1996 1.6 503.8 5.2 18.7 n/a 40.8 (18.2)
1995 1.3 399.6 8.0 176.7 n/a n/a (17.0)
1994 0.6 197.0 5.4 5,273.4 n/a n/a 3.8
1993 0.8 247.9 (14.1) 3,731.8 n/a n/a (6.0)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑ 2017» (PDF). evconsulting.com. EV consulting. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 09/01/2022-ին.
  2. 2,0 2,1 «Հայաստանի ազգային հաշիվներ». armstat.am. Հայաստանի վիճակագրական կոմիտե. Վերցված է 28/05/2024-ին.
  3. «World Bank database». data.worldbank.org. World Bank. Վերցված է 09/01/2022-ին.
  4. [anif.am «Հայաստանի տնտեսությունը»]. anif.am. Armenian National Interests Fund (ANIF). Վերցված է 09/01/2022-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  5. «ՄԱՍ 1. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ ՈՒ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐԸ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2008-2010թթ» (PDF). armstat.am. Հայաստանի վիճակագրական կոմիտե. Վերցված է 26/12/2021-ին.
  6. 6,0 6,1 6,2 «ՀՀ ՎԿ տվյալների բազա, Ազգային հաշիվներ». armstat.am. ՀՀ Վիճակագրական կոմիտե. Վերցված է 28/05/2024-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2023». armstat.am. ՀՀ Վիճակագրական կոմիտե. Վերցված է 01/06/2024-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2023 թվականի հունվար-դեկտեմբերին». armstat.am. ՀՀ Վիճակագրական կոմիտե. Վերցված է 01/06/2024-ին.
  9. 9,0 9,1 9,2 «ArmStatBank տվյալների բազա». armstat.am. ՀՀ Վիճակագրական կոմիտե. Վերցված է 01/06/2024-ին.
  10. «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թթ․ ռազմավարության համառոտագիր» (PDF). mineconomy.am. Վերցված է 26/12/2021-ին.
  11. «Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2023 (ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ)» (PDF). armstat.am. ՀՀ Վիճակագրական կոմիտե. Վերցված է 01/06/2024-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշներն ըստ տնտեսական գործունեության երկնիշ դասակարգման 2023 թվականի հունվար-դեկտեմբերին» (PDF). armstat.am. ՀՀ Վիճակագրական կոմիտե. Վերցված է 03/06/2024-ին.
  13. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիր» (PDF). gov.am. ՀՀ կառավարություն. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 28/12/2021-ին.
  14. «Մետաղական հանքարդյունաբերության հարկումը․ Հայաստան և այլ երկրներ». acses.am. ACSES վերլուծական կենտրոն. Վերցված է 28/12/2021-ին.
  15. «Բնական պաշարներ․ ընդհանուր տեղեկություններ». minenergy.am. ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և Բնական պաշարների նախարարություն. Վերցված է 29/12/2021-ին.
  16. «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի նկարագիր». eiti.am. Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն. Վերցված է 29/12/2021-ին.
  17. «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան» (PDF). eiti.am. Վերցված է 29/12/2021-ին.
  18. 18,0 18,1 «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ, ԹԵ՞ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» (PDF). evconsulting.com. EV consulting. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 29/12/2021-ին.
  19. «Շինարարության ոլորտի առանձնահատկությունները և 2020թ․ տնտեսական աճը». ameriaadvisory.am. Ամերիա խորհրդատվական ընկերություն. Վերցված է 29/12/2021-ին.
  20. «Հայաստանից ՌԴ արտահանման 215 տոկոս աճի 187 տոկոսն ապահովել է վերաարտահանումը». armenpress.am. Վերցված է 30/07/2024-ին.
  21. «Միջազգային կազմակերպություններ». mfa.am. ՀՀ Արտաքին գործերի նախարար. Վերցված է 09/01/2022-ին.
  22. Հերգնյան, Սեդա (02/02/2018). «ԵԱՏՄ-ին միանալուց հետո. Հայաստանի երեք տարվա տնտեսական զարգացումները». hetq.am. Հետք. Վերցված է 09/01/2022-ին.
  23. «Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության առաջին երկու տարիների արդյունքները». mineceonomy.am. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 09/01/2022-ին.
  24. «Ամփոփվել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության առաջին երկու տարվա արդյունքները». eurasiancommission.org. Վերցված է 09/01/2022-ին.
  25. Օգտագործված են ՀՀ Մաքսային Միության տվյալների բազան (2015)` ներմուծման հետ կապված տվյալների համար, «Հայաստանի Հանրա­պետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը`անցումային շրջանի վերաբերյալ տեղեկության համար, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշումը ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի մասին` դրույքաչափերի վերաբերյալ տեղեկությունների համար:
  26. Որոշ ենթախմբերի համար 2% մաքսատուրքի դրույքաչափ կներդրվի 2018 թվականին։ Բոլոր ենթախմբերի համար ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը կտատանվեն 2-4% սահմաններում 2019 թվականին և ԵԱՏՄ միասնական արտաքին մաքսային դրույքաչափը ուժի մեջ կմտնի 2020 թվականին։
  27. 10% 2015 թվականին ամենամեծ մասնաբաժինը ունեցող ենթախմբի համար։ Այդ ենթախմբի համար ներկայիս 0% դրույքաչափը կդառնա 3% 2019 թվականին և 6% 2020 թվականին մինչև 10% միասնական մաքսային դրույքաչափի ուժի մեջ մտնելը 2021 թվականից։
  28. «ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմ». mineconomy.am. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն. Վերցված է 03/01/2022-ին.
  29. 29,0 29,1 29,2 «Գնաճի հաշվետվություն/ 4 (2021թ․)» (PDF). cba.am. ՀՀ Կենտրոնական բանկ. Վերցված է 03/01/2022-ին.(չաշխատող հղում)
  30. 30,0 30,1 «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔԻ ՄԱՍԻՆ». arlis.am. «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ. Վերցված է 03/01/2022-ին.
  31. «ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա». gov.am. ՀՀ Կառավարություն. Վերցված է 03/01/2022-ին.
  32. «Հայտարարություն». ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջ. Վերցված է 03/01/2022-ին.
  33. «Թուրքական ծագման ապրանքների հայկական էմբարգոն թվերով (մաս 1)». acses.am. ACSES վերլուծական կենտրոն. Վերցված է 09/01/2022-ին.
  34. 34,0 34,1 34,2 34,3 «Պետական բյուջեի տարեկան հաշվետվություններ». minfin.am. ՀՀ Ֆինանսներին նախարարություն. Վերցված է 28/07/2024-ին.
  35. «Ցանկ` առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում վճարված հարկերի մեծությունների (2023թ․ չորրորդ եռամսյակ)». src.am. ՀՀ Պետական եկամուտների կոմիտե. Վերցված է 28/07/2024-ին.
  36. 36,0 36,1 «2020 ԹՎԱԿԱՆԻ ՇՈԿԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԻ ՎՐԱ» (PDF). luys.am. Լույս հիմնադրամ. Վերցված է 06/01/2022-ին.
  37. 37,0 37,1 «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ». arlis.am. Վերցված է 05/01/2022-ին.
  38. «ՀՀ կառավարության 2021 թվականի բյուջետային ուղերձ- բացատրագիր». minfin.am. ՀՀ ֆինանսների նախարարություն. Վերցված է 05/01/2022-ին.
  39. 39,0 39,1 «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման վերլուծություն». minfin.am. ՀՀ ֆինանսների նախարարություն. 2024թ. Վերցված է 28/07/2024-ին.
  40. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենք». arlis.am. «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ. Վերցված է 05/01/2022-ին.
  41. ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենք». arlis.am. Վերցված է 05/01/2022-ին.
  42. «Հայաստանի բանկային համակարգը COVID-19-ի համավարակի և պատերազմի պայմաններում». acses.am. ACSES վերլուծական կենտրոն. Վերցված է 09/01/2022-ին.
  43. «COVID-19-ի և արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով ներդրումների անկման տեմպն արագացել է». acses.am. ACSES վերլուծական կենտրոն. Վերցված է 09/01/2022-ին.
  44. «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2020թ. 1-ին եռ. - 2020թ. 4-րդ եռ.)» (PDF). cba.am. ՀՀ Կենտրոնական բանկ. Վերցված է 09/01/2022-ին.
  45. «Report for Selected Countries and Subjects». imf.org. Վերցված է 25/12/2021-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն