Jump to content

Հայերն Իրաքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-իրաքական հարաբերություններ
Իրաք և Հայաստան

Իրաք

Հայաստան

Հայերն Իրաքում (արաբ․՝ أرمنيون عراقيون‎‎ - իրաքահայեր) հայտնվել են տակավին 7-12-րդ դարերից՝ Աբբասյան խալիֆայության ժամանակ, և Բասրայում ու Բաղդադում հիմնել իրենց համայնքները։ Հետագայում գաղութն ստվարացավ հատկապես Իրանի շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթի հետևանքով տեղահանված և ջալալիների հալածանքներից փախած հայերի հաշվին։ Իրաքի հայ գաղութը նկատելիորեն աճեց հատկապես Մեծ եղեռնից հետո, երբ այստեղ ապաստան գտան մոտ 100.000 գաղթականներ։ 1922 թվականից հայերն այստեղ արդեն ունեին հոգևոր թեմ։

21-րդ դարի սկզբին իրաքահայերի թիվը 20.000 էր։ Նրանք հիմնականում բնակվում էին Բաղդադում, Բասրայում, Մոսուլում, Քիրքուքում։ ԱՄՆ-ի` Իրաք ներխուժելուց հետո հայերի մեծ մասն արտագաղթել է։Ներկայումս Իրաքում ապրում է 5000 հայ։Առավելապես զբաղվում են արհեստներով և առևտրով, կան նաև բժիշկներ, ճարտարագետներ, պետական ծառայողներ։ Մոսուլում գործող մեքենանորոգման 5 խոշոր գործարաններից 4-ը պատկանել են հայերին։

Հայ երեխաները Բաղդադում (1918)

Բաղդադի հայերի հասարակական կյանքը կազմակերպում են մշակութային, բարեգործական, մարզական միությունները։ Լույս է տեսնում Հայոց առաջնորդարանի «Հաղորդագրություն» պարբերաթերթը։ Իրաքում գործում են 10 առաքելական եկեղեցիներ, որոնցից առաջինը՝ Սուրբ Աստվածածինը, կառուցվել է Բաղդադում 1640 թվականին։ Այն ուխտավայր է ոչ միայն հայերի, այլև տեղի մյուս քրիստոնյաների համար։

Բաղդադում գործում են ազգային Սրբոց թարգմանչաց-Սվաճյան, Հայ ազգային, Հայոց դպրոց վարժարանները։ Համայնքի մշակութային կյանքը ձևավորվել է 1920-ական թվականներից։ Աշխույժ է եղել հատկապես թատերական և երաժշտական կյանքը։

Սուրբ Աստվածածին եկեղեցի

Բասրայի հայ համայնքի գոյության մասին գրավոր տեղեկությունը վերաբերվում է 1222 թվականին, երբ քաղաքում և նրա շրջակայքում բնակվող հայերի թիվը հաշվի առնելով՝ այնտեղ հիմնվել է հոգևոր թեմ։ 1924 թվականին Բասրայում և շրջակայքում կար 2422 հայ, 1967 թվականին՝ մոտ 4000։ Բասրահայ համայնքի մասն են կազմում Բասրայից 7 կմ հեռու գտնվող Մարգիլի հայերը։ Համայնքը ղեկավարում է 3 հոգուց կազմված թաղային խորհուրդը, որը պատասխանատու է Ազգային Կենտրոնական վարչությանը։

Բասրայի սուրբ Աստվածածին եկեղեցի կառուցվել է 1736 թվականին։ 1910 թվականին հիմնվել է «Վարդանանց վարժարանը», որը միավորել է (1964 թվականից) Բասրայի «Ղարիբյան» (1923) և Մարգիլի «Ազգային» (1931) վարժարանները։ Մշակութային և մարզական կյանքը ղեկավարում է հայ երկսեռ երիտասարդաց միությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։